ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, գրականագետ
ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
1.
Համբերությո՛ւն տուր ինձ, Տե՛ր, որ խմորս գա.
Թեժանում է օր օրի թոնիրը կյանքի,
Պետք էր ապրել այնպես, որ ոչ ոք չիմանար,
Թե ինչպես ինձ մատնեցի մարմնի վտանգին,
Թե ինչպես ինձ զիջեցին կյանքի վտանգին
Հայրումայրս՝ Աստըծու կամքով միացած
Որբեր՝ իրար ձեռք բռնած կարոտով կյանքի,
Որ չարևեց, չկապեց յոթգույն ծիածան:
Նրանք եկան, գնացին. ես եմ հուշն իրենց,
Ու նրանց կյանքն եմ ապրում` իմից ուշացած,
Ու չգիտեմ, չգիտեմ՝ ինչ ցավ ինձ տիրեց,
Որ խոսքս համն իր փոխեց, դարձավ հուշացավ
Ու չի ուզում` հաց դառնա, երբ աշխարհում դեռ
Առնում է Հացը հոգի, ու Հոգին՝ թևեր:
7 մայիսի, 2020 թ., Երևան
2.
Առնում է Հացը հոգի, ու Հոգին՝ թևեր.
Թե ինչ հեշտ է հոգին իր մարմինը թողնում,
Հասկացա, երբ իմ Գիրը երկաթագիրն էր,
Որ հոգուն չէր մոռանում աշխարհիկ տողում:
Գիրն այդ մայրս ինձ թողեց, երբ որ ձմեռվա
Արևադարձ էր, ինքն էլ Վեր Դարձավ ի Տեր,
Չիմացա, թե ես ինչպես օրն այդ չմեռա,
Բայց պարզից էլ պարզ էր, որ նա հաստատ գիտեր,
Թե ում է ինձ թողնում, ու ինքն առ Ում գնում՝
Դարձած հոգի ողջ մարմնով, սրտին` ծանր քար,
Որ ես աչքս կխեղդեմ արցունքոտ քնում,
Մինչև Տիրոջ սուրհանդակ հրեշտակը գա,
Բացի Գիրն այդ, աչքերս, սիրտս՝ հուշագամ,
Ու իմ հոգին, որ եղավ մարմընիս վկան:
7 մայիսի, 2020 թ., Երևան
3.
Ու իմ հոգին, որ եղավ մարմընիս վկան,
Թևեր կառնի, որ ճախրի Դարձի ճամփեքով.
Աստված դարձյալ մեկ էլ ե՞րբ, ե՞րբ ինձ թույլ կտա
Դառնալ հոգի իրական՝ տիրալույս բեկոր,
Ե՞րբ կբռնեն ձեռքերս բույլ հրեշտակներ
Ու ինձ կասեն` դո՛ւրս արի քո նյութի միջից.
Կյանքն ավարտվեց, ու թեև աշխարհը թանկ էր,
Արդեն խոսքիդ փոխարեն լսվել է մի Ճիչ՝
Նոր մայրացած Արգանդից` «Չունե՛ս ժամանակ,
Սպառեցիր քեզ տրված պաշարը Խոսքի,
Ինչ ասացիր-չասացիր, այդքանն էր համակ,
Գնա-Ապրիր դարձյալ քո հորնումոր կողքին.
Կարճ է կյանքն այս. նա՝ որպես երկնքի հուշը,
Ուզում է միշտ դեպի ԿՅԱՆՔ ճանապարհ հուշել»:
8 մայիսի, 2020 թ., Երևան
4.
Ուզում է միշտ դեպի ԿՅԱՆՔ ճանապարհ հուշել
Տերը, որ մեզ ազատի էս ցավուդարդից.
Խոստացել է մեր ապրած կյանքն այս հանդուրժել՝
Պայմանով, որ երկյուղենք Երկնքի Դատից։
Երևի թե կյանքը այս քիչ էր, որ արթուն
Ու աներկյուղ կանգնեինք մեր Տիրոջ առաջ,
Դրա համար ենք վայ թե իրար կյանք ուտում,
Հետո նստում իրար դեմ խուլ, լալահառաչ:
Դրա համար ենք մեկ-մեկ ելնում մեր դռնից՝
Չիմանալով՝ ինչ դուռ ենք փնտրում ակամա.
Ոնց որ հոգին ուզենա՝ թև առնի, թռչի,
Աշխարհից ու ամենքից թողնի-հեռանա,
Գնա-հասնի Երկնքի պատանին մետաքս՝
Այնտեղ, ուր տաք է հոգին, ու մարմինն է տաք:
11 մայիսի, 2020 թ., Երևան
5.
Այնտեղ, ուր տաք է հոգին, ու մարմինն է տաք,
Տերն է երկնում հավերժի խայծերն անհամար,
Նա շռայլում է մարդկանց խոսք ու ժամանակ
Ու ձևեր է շռայլում՝ սիրելու իրար,
Որ գիտենան և՛ տիրել, և՛ գերվել անդարձ,
Որ դառնան հայր, մայր, ընկեր, սիրած, ազգական,
Որ սրտերը բաց պահեն խոսքերով արդար,
Առնչությունը մարդու ու հողի զգան.
Չէ՞ որ նույնն ես՝ ծա՞ռ, թե՞ պապ՝ տոհմածառ էտող.
Ստեղծվածք ես այնպիսի, որ և ստեղծես,
Ապրես ծնվելդ նախքան ու մահից հետո
Ու հավատդ հավաստես, աղանդդ եղծես
Ու երազես այն երկրում, այն երկնքի տակ,
Ուր նորն է միշտ ըղձալի, ու միշտ հինն է թանկ:
13 մայիսի, 2020 թ., Երևան
6.
Ուր նորն է միշտ ըղձալի, ու միշտ հինն է թանկ,
Տերն է հյուսում ԴաՆուԹո, Տղա թե Աղջիկ,
Այնտեղ չկա հուշանկում, խառնակման վտանգ,
Ու սրտի զարկն է պահում բնազդը խղճի:
Բայց ո՞ւր են մեզ ուղղորդում օրենքներն այս գայթ,
Անպտղության գարունն այս՝ դիմակավորված,
Այս հաբերը կասկածի՝ ծագումով անհայտ,
Նպատակն այս փորհացի՝ դատարկվող օրվա:
…Ու վարակն է խցանում սրտերի խեցին.
Մարդկանց միջև վարկածն է փոխադարձ մահվան,
Բայց դեռ Աղջիկն ու Տղան կելնեն Ուղեծիր
Բեղմնավորման ու Սիրո Ծեսով հնավանդ,
Ու ԱՐարում, ԱՆԴաստան՝ նիշով Գ՝ երեք`
ԱՐ Գ ԱՆԴ բառը կմեկնեն՝ որպես տիեզերք:
15 մայիսի, 2020 թ.
7.
ԱՐ Գ ԱՆԴ բառը կմեկնեն՝ որպես տիեզերք,
Արարման վայր Երեքի՝ հոր, մոր ու պտղի,
Ուր հոսում են սերմ, քրտինք, ու լինում է բերք,
Երբ Ընտրյալը Ի Վերուստ դառնում է Հղի:
Հայր են ծնվում՝ արարեն, ու մայր, որ ծնեն.
Ով հորն իր չի ճանաչում, սա չի իմանա,
Ինչքան էլ իր գոմերում խոզերը ցնկնեն,
Ինչքան էլ որ խառնակվի, ու կցվի-մնա:
Մեր Հայրն է մեր ականջին մեր մոր արգանդում
Մեր ովությունն ասում, որ աշխարհ այդ կերպ գանք,
Իսկ եթե մեկն այդ հուշն ու պայմանն է քանդում,
Կվաստակի լափաման ու միայն շան կյանք,
Չի հասկանա, թե ինչու էլ իր կողքին չեն
Երեքը՝ հայրն ու մայրը, որդին՝ կյանքի սերմ:
16 մայիսի, 2020 թ.
8.
Երեքը՝ հայրն ու մայրը, որդին՝ կյանքի սերմ,
Մի կյանք մեզ հետ են՝ փոքր-ինչ ավել կամ պակաս,
Բայց ո՜ւր էր թե մեկը մեր ականջին ասեր,
Թե ինչու են դռները մեր առջև փակված:
Տերը նյութիս մեջ կյանք է սերմանում, հոգում՝
Հասու լինեմ վայելքին, խոսքին ու գյուտին,
Որ ի վերջո կարենամ տեր լինել հոգուս
Ու դիմանամ մեղքերի քարակարկուտին:
Լեզվի բնազդն ու տարազն ինձ պահում են, բայց
Անբնության պարապն է թաքուն դարպասում,
Ու աչքերս չեմ փակում մինչև լուսաբաց,
Որ մի հնար, ելք գտնեմ գիշերվա պասում,
Բայց ուր նայում եմ, ավա՜ղ, մի թաքուն կարգով
Դռներին նույն կնիքն է՝ «Մուտքը՝ դիմակով»:
21 մայիսի, 2020 թ.
9.
Դռներին նույն կնիքն է՝ «Մուտքը՝ դիմակով»,
Ամեն դռան ետևում՝ դիմակված դեմքեր,
Ու չգիտեմ, թե ներսում մեկը մեծարգո
Միտքն իր ուղի՞ղ է պահել, թե՞ արդեն թեքել:
Դռներ… դեմքեր… դիմակներ… ու դեռ չգիտեմ՝
Մենք ախտի՞ց ենք փախչում, թե՞…
տուրք տալիս աղտին.
Դիմակի տակ մեկի սուս ու երկար քիթն է,
Որ խոթում է կյանքիս մեջ, խոսքիս ու բախտիս:
Բայց ի հայտ է ամեն ինչ. Երկնքի Ընծան
Սրտազարկ է արձակել Կույսի արգանդում,
Ծնել Մարմին ու Հոգի, դարձըրել հնձան
Խոսքի, որ էր նախքան ես, որ էր նախքան դուք,
Որ գրված է միայն մի՛, մի՛ դռան վրա`
Դռներ շատ կան, բայց մեկն է տանում դեպի Կյանք:
22 մայիսի, 2020 թ., Երևան
10.
Դռներ շատ կան, բայց մեկն է տանում դեպի Կյանք,
Ու այդ մեկը կբացվի, նախ եթե… բախես,
Եվ ում կյանքը աշխարհում անԿյանք է ներկա,
Նրա հոգին իր մարմնին չի կարող հաղթել:
…Սակայն ի՜նչ եմ երազում, երբ հիմա այստեղ
Դիմակները հայացքն են իմ վարագուրել,
Որ կորցընեմ Երկնքի ետադարձ հասցեն,
Ու ինձ թվա` հենց ե՛ս եմ, հենց ե՛ս եմ կույրը:
Բեմը լիքն է. այծամարդ դիմակահանդես,
Ու ոռնոցն է ծածանում վեցգույն դրոշներ,
Տե՜ր, պատվիրանն ո՞ւր է քո` «Պիտի և… ատե՜ս»,
Քո փոխարեն սրանք են ուզում որոշել:
Բայց մարմինն ի՞նչ անի, որ փաստի Կյանքը Քո,
Ու որ Հոգին չապրի սոսկ մարմընի կամքով:
30 մայիսի, 2020 թ., Ջաջուռ
11.
Ու որ Հոգին չապրի սոսկ մարմընի կամքով,
Տե՛ր, ուզում եմ Քո Գրով իմ գիրը դակել,
Հաճույքներում դյուրին է կորսըվել, քան Քո
Կռվի դաշտը իջնելով՝ Կյանքը վաստակել:
Էլ սեռն անսեր է այստեղ, սերն օրըստօրե
Ավելի է վախենում կամքն իր հավաստել,
Ժողովվել է մորեխը, որ կնքի օրենք,
Որ մեզ ընդդեմ մեր կամքի պիտի պատվաստեն
Վախեր, որոնց կճղակներն ամեն անկյունից
Երբ ուզեն, մեզ բեմ հրեն, իսկ երբ կամենան,
Քշեն դեպի ետնաբեմ՝ վերջին անկումի՝
Վարագույրի ետևում թողնելով մենակ:
…Բայց դեռ հույս կա, որ միտքը հասնի հանգումին,
Ու որ Ոգին դեռ զորի Կյանքին մերձենալ:
2 հունիսի, 2020 թ., Երևան
12.
Ու որ Ոգին դեռ զորի Կյանքին մերձենալ
Սարդոստայնում ՝ օրենքի թելերով հյուսված,
Ես աղոթում եմ առ Տեր, ու թող կեցցեն այն
Մարդիկ, ովքեր քայլում են՝ Երկիրը ուսած:
Մնացյալքը, խառնելով երես ու դիմակ,
Քայլ են անում դեպի նույն ամանը կերի,
Որ միշտ դնում են քաղցած մեր հոգու դիմաց,
Որ վախենանք վեր նայել Տիրոջ աչքերին:
Սակայն առյուծն առյուծ է՝ էգ լինի թե որձ,
Ու Երկիրն է սահմանում մռնչուն խոսքի,
Որ ամեն մի վաչկատուն, անպորտ ամեն օձ
Սողահետքն իր չթողնի մեր Գրքի կողին,
Ու թե հիշենք, որ հոգին դեռ պիտի հառնի,
Չենք պղտորի ակունքը գետ կտրող առվի:
2 հունիսի, 11 հունիսի միջև, 2020 թ., Երևան
13.
Չենք պղտորի ակունքը գետ կտրող առվի,
Որ տիեզրի խորքում դեռ պիտի ծովանա,
Տերը տվեց մեզ մի կյանք՝ փոքրիկ մի առիթ,
Որ իմանանք՝ ով ենք մենք, ու թե ով է Նա:
Ուզում ենք այդ առվի հետ կտրել ու անցնել
Կյանքի գետն ու միշտ սնել առվակն այդ ուժեղ
Ու անընդհատ հաստատել մեր Երկրի հասցեն
Ու այլայլված աշխարհին մի ճամփա հուշել:
Բայց աշխարհը խաղում է դիմակահանդես,
Կճղակներով դուռ բախում կեսլուրջ-կեսկատակ,
Ու մի թաքուն հուշարար՝ պոզերով անտես,
Ստիպում է՝ իր գրած դերերը կարդանք:
Իսկ ես Գիրն եմ հիշում այն՝ երկաթին, քարին.
Այս է մարմինը խոսքիս. կերեք, որ հառնի:
11 հունիսի, 2020 թ., Երևան
14.
Այս է մարմինը խոսքիս. կերեք, որ հառնի,
Գիր է՝ հոգու պահպանակ, հաց՝ մի կյանք հունցած,
Թեժ է թոնիրը Տիրոջ, ու որ չվառի
Հացս, ձեռքն իմ այրեցի՝ նրան երկարած:
Ու բաժանում եմ հիմա փշրանք առ փշրանք,
Ինչ որ տվեց ինձ կյանքս խոնարհ հացթուխի,
Մինչև որ գա մեր ժամը, ու մենք էլ գնանք՝
Նորոգելով մեր նախնյաց երկնադարձ ուղին:
Ես ծնվել եմ Ծնողից ու դարձել ծնող,
Ինձնից ծնվածն էլ արդեն ծնող է հասուն,
Ու ո՛չ երազ է սա սին ու ո՛չ էլ ցնորք,
Որ ես նման եմ հորս ու իմ Տեր Աստծուն:
Բայց դեռ կիսատ է խոսքս, անհայտ՝ ապագան.
Համբերությո՛ւն տուր ինձ, Տե՛ր, որ խմորս գա:
13 հունիսի, 2020 թ., Երևան
ՊՍԱԿ
Համբերությո՛ւն տուր ինձ, Տե՛ր, որ խմորս գա.
Առնում է Հացը հոգի, ու Հոգին՝ թևեր.
Ու իմ հոգին, որ եղավ մարմընիս վկան,
Ուզում է միշտ դեպի ԿՅԱՆՔ ճանապարհ հուշել.
Այնտեղ, ուր տաք է հոգին, ու մարմինն է տաք,
Ուր նորն է միշտ ըղձալի, ու միշտ հինն է թանկ,
ԱՐԳԱՆԴ բառը կմեկնեն՝ որպես տիեզերք,
Երեքը՝ հայրն ու մայրը, որդին՝ կյանքի սերմ:
Դռներին նույն կնիքն է՝ «Մուտքը՝ դիմակով»,
Դռներ շատ կան, բայց մեկն է տանում դեպի Կյանք,
Ու որ Հոգին չապրի սոսկ մարմընի կամքով,
Ու որ Ոգին դեռ զորի Կյանքին մերձենալ,
Չենք պղտորի ակունքը գետ կտրող առվի.
Այս է մարմինը խոսքիս. կերեք, որ հառնի: