ԱՐՁԱԿ ՏՐԻՈԼԵՏՆԵՐ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Նէ-ին

 

***

Որտե՞ղ ես հիմա:

Հիշո՞ւմ ես:

Մենք հազար տարի նույն դասարանում էինք սովորել, բայց միմյանց չէինք նկատել: Չնայած մատյանում մեր ազգանուններն իրար էին հաջորդում: Դա եղավ պատճառը, որ մի անգամ դասերից հետո միասին հերթապահենք: Ես թաց լաթով գրատախտակն էի սրբում, դու հատակն էիր ավլում: Պատահաբար շրջվեցի, ու քանի որ կռացած էիր, շրջազգեստիդ բացվածքից տեսա վարդի կոկոնի չափ փոքրիկ ծիծիկներդ: Դու զգացիր իմ հայացքը, ուղղվեցիր ու շիկնեցիր: Ես էլ շիկնեցի: Մենք միմյանց աչքերի մեջ նայեցինք: Միայն մի ակնթարթ:

Հիշո՞ւմ ես:

Հերթապահությունից հետո խնդրեցիր, որ քեզ տուն ուղեկցեմ ու դիտմամբ ամենաերկար ճանապարհն ընտրեցիր: Բայց թեկուզ աշխարհի ամենաերկար ճանապարհն ընտրեիր, ձեր շենքը Վարուժանի անվան դպրոցին շատ մոտ էր:

Հրաժեշտի պահին ասացիր.

– Վաղը դասի կգաս, չէ՞:

– Իհարկե՛,- ասացի:

Հասար շքամուտք, շրջվեցիր.

– Տե՛ս, չուշանաս:

– Չեմ ուշանա,- խոստացա…

Որտե՞ղ ես հիմա:

Հիշո՞ւմ ես:

 

***

Որտե՞ղ ես հիմա:

Հիշո՞ւմ ես:

Հաջորդ օր ես չթեյեցի էլ, շատ շուտ դպրոց հասա, բայց դու արդեն եկել, չգիտեմ Աստղիկին ինչ էիր ասել, նրա հետ տեղերը փոխել, տեղավորվել էիր իմ նստարանին:

Առաջին դասը հայ գրականություն էր, ուսուցիչը՝ մեր դասղեկը ընկեր Դեղձանիկն էր: Նա մտավ դասարան, տեղափոխությունը նկատեց, ոչինչ չասաց:

Հիշո՞ւմ ես:

Մենք վախենում էինք մեզ մատնել, ձևացնում էինք, որ միմյանց սրտերի տրոփյունը չենք զգում, ուշադիր ընկեր Դեղձանիկի վերլուծականն ենք լսում:

Թե ինչ էր ասում՝ չէինք հասկանում:

Որտե՞ղ ես հիմա:

Հիշո՞ւմ ես:

 

***

Որտե՞ղ ես հիմա:

Հիշո՞ւմ ես:

Մարմնամարզության դասից փախանք, Կիևյան կամրջի ջարդուփշուր աստիճաններով Հրազդանի ձոր իջանք: Ալիքներն իրենց խշշոցով, սաղարթները՝ սոսափով, հավատացնում էին, որ մենք աշխարհում մենակ ենք:

Մենք իրոք աշխարհում մեզ մենակ էինք զգում:

Այսինքն՝ իրար հետ:

Հիշո՞ւմ ես:

Մեկ դար, թերևս մեկ դարից էլ երկար տևած լռությունից հետո դու վերջապես հարցրիր.

– Չե՞ս ուզում ինձ համբուրել:

– Շատ եմ ուզում,- ասացի,- բայց չեմ համարձակվում:

Խաբեցի: Ուղղակի համբուրել չգիտեի, մինչ այդ ոչ մի աղջկա չէի համբուրել: Դու դպրոցական պալուսակը ուսիցդ իջեցրիր, համբուրեցիր նախ այտս, հետո՝ շուրթերս, ու լաց եղար:

Որտե՞ղ ես հիմա:

Հիշո՞ւմ ես…

 

***

Որտե՞ղ ես հիմա:

Հիշո՞ւմ ես…

Լսել, կարդացել էի, որ իմ տարիքի տղաները խելագարի պես են սիրահարվում, չէի պատկերացրել: Հիմա պատկերացրի: Ես խելագարի պես էի սիրահարվել: Գիշերային ժամերը ծորում, ծանրանում, ահավոր դանդաղ էին հոսում, իսկ դպրոցական վեց դասերը վայրկյանի պես քչքչում, անցնում էին:

Ճիշտ են ասում, որ աղջիկները տղաներից շուտ են մեծանում:

Հիշո՞ւմ ես…

– Սրանից հետո ես մաթեմատիկան եմ վատ սովորելու,- վճռեցիր,- դու՝ հայերենը:

– Ինչո՞ւ,- զարմացա:

– Որ դասերից հետ հանդիպենք, տետրերը փոխանակենք:

Դասերից հետո ես՝ մաթեմատիկայի, դու՝ հայերենի տետրով, հանդիպում էինք Թումանյանի՝ առափնյա պուրակում, բայց ոչ մի տետր էլ չէինք փոխանակում: Ես ուզում էի լռել, քեզ նայել: Դու ուզում էիր ինձ նայել, բայց անընդհատ խոսել: Այն ամենը, ինչ մտքովդ անցել էր հանդիպումից հանդիպում, ասում էիր: Ամենաչնչին մանրուքն ինձ ասելը շատ կարևոր էիր համարում:

– Որ ամուսնանանք, նախ տղա եմ ունենալու, քո անունն եմ դնելու:

– Ինչի՞ համար:

– Թող արար-աշխարհն իմանա, թե քեզ ինչքան եմ սիրում:

Որտե՞ղ ես հիմա:

Հիշո՞ւմ ես…

 

***

Որտե՞ղ ես հիմա:

Հիշո՞ւմ ես…

Ամառային արձակուրդը մոտենում էր:

Պուրակում երկու ափերիդ մեջ էիր առել ձեռքս, թիթեռնիկի թևերի պես դողդողում էիր:

Որ քեզ երեք ամիս չտեսնեմ, կգժվեմ:

Մինչև դպրոցում քեզ հանդիպելը մի գիշերն անգամ դժվար էր անցնում, երեք ամիսը ո՞նց պիտի անցներ:

Դու մայրիկիդ հետ՝ Գլենդել, մորաքրոջդ հյուր գնացիր, ես՝ Բյուրական, ամառային բանակումի:

Սկաուտների ամառային ճամբարում կարգապահությունը խիստ էր, գրեթե՝ զինվորական: Որպեսզի բջջայինով հետդ խոսեմ, մի ակնթարթ դեմքդ տեսնեմ, մտնում էի զուգարան, երկար փակվում: Սկսեցի խմբապետների կասկածը հարուցել:

Հիշո՞ւմ ես…

Դու էլ մորաքրոջդ տնից ազատ չէիր խոսում, անիմաստ նախադասություններ էիր ասում:

Հետո կապը վատացավ:

Օգոստոսի վերջին վերադարձանք Երևան, անմիջապես իրար զանգահարեցինք ու մեր պուրակում հանդիպեցինք:

– Ես երեք ամիս անընդհատ քո մասին եմ մտածել,- ասացիր:

– Ես էլ:

– Ու համոզվել եմ…

– Ի՞նչ:

– Որ քեզ չեմ սիրում:

– Ինչի՞:

– Իսկական սերը այսպիսին չի լինում:

– Բա ինչպիսի՞ն է լինում:

– Չգիտեմ: Եթե մենք իսկապես իրար սիրում ենք, այն աշխարհում կհանդիպենք:

Որտե՞ղ ես հիմա:

Հիշո՞ւմ ես…

 

***

Հիշո՞ւմ ես:

Ոչինչ էլ չեմ ուզում հիշես: Ուղղակի ուզում եմ իմանաս, որ հետո շատ գրքեր եմ կարդացել, կարդացել եմ «Ռոմեո և Ջուլիետը», «Սոս և Վարդիթերը», «Լեյլի և Մեջնունը», համոզվել եմ, որ իզուր եմ այդքան տառապել: Արտասովոր ոչինչ էլ չէր պատահել: Տատիկս այդ գրքերից ոչ մեկը չէր կարդացել, բայց իմ տառապանքը նկատում, ասում էր.

Առաջին սերը միշտ կուտ է գնում, բալա՛:

Ի՜նչ փույթ, քանի որ քեզ իսկապես եմ սիրել, իսկապես սիրում եմ ու մինչև կյանքիս վերջը պիտի սիրեմ, հավատում եմ՝ այն աշխարհում հանդիպելու ենք:

Չնայած՝ հանդերձյալ կյանքին չեմ հավատում:

Որտե՞ղ ես հիմա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։