Օ, մեծն Բուդդա,
Գարունը տարավ
Ներա պատկերը
Բալենու ճյուղերից։
Տոշինարի Հանակի
Այգաբացին անցավ իր ամենօրյա ծեսին. պատուհանագոգին դրված հացի կիսաչոր խմորագնդերից մեկը վերցրեց, բռի մեջ փշրեց ու նետեց դուրս. ճնճղուկները խմբով ծածկեցին ու սկսեցին կտցել: Նա քարանում էր երկրորդ հարկի պատշգամբում, որովհետև իր շարժումներից կենդանիները խրտնում էին. հենց ձեռքը մեկնում էր, որ մշրի՝ թռչունները միահամուռ փախչում էին մոտակա բալենու ճյուղերին: Հետո ամենահամարձակները հատ-հատ վերադառնում էին, ու նրանց հետևում էին խմբերը:
Նրանք չեն վստահում ինձ,- մտածեց Տոշինարին:
…Չորս տարի առաջ ծնողներին հայտարարեց, որ ինքն այլևս նախկինը չէ (վստահ էր՝ դրանում նրանք համոզվել էին), ապրելու է առանձնության և մենության մեջ, քանզի իրեն համարում է հիկիկոմորիներին բախտակից:
Իր մենության առաջին ամիսներին բացահայտեց թռչուններին կերակրելու կերպը, բայց երեխայի պես նեղսրտում և վիրավորվում էր նրանց վախվորած պահվածքից:
Ժամանակի հետ համակերպվեց. իրեն վստահելու ոչ մի հիմք չունեին, չէ՞ որ անցորդներից մեկը մուրացկանին ողորմություն տալով արագ հեռանում է, եթե մոտենում ու ցանկանում է խոսքի բռնվել, շատ դեպքերում մուրացկանը վիրավորվում և անգամ կոպտում է. ինչպես կենդանիները չեն վստահում իր կտրուկ շարժումներին, այնպես էլ մուրացկանը՝ մարդկանց բառին:
Նա մշրում էր խմորագնդիկն ու մտածում, որ ինքը Բարձրյալին վստահում է, բայց քիչ է խոսում Նրա հետ. եթե մի օր Նա պատասխանի ինձ, ես չեմ վստահի ձայնին. ահից սրտաճաք կլինեմ ու կնեղանամ…
Միտքը զվարճալի թվաց, վերջապես նետեց փշրտուքը, որն արդեն լցվել էր մաշկաճեղքերում: Ձեռքերը մաքրելու համար զարկեց իրար, որոնք ապտակի ձայն հանեցին. ատելի այդ հնչյունը ինքնամփոփվելու առաջին կապանքն էր սրտին դրել, գուցե դրանից առաջ ուրիշները նույնպես եղել էին, սակայն չէին պահպանվել հիշողությունում:
Նա յուրաքանչյուր հնչյունի ականջ էր դնում, ձգտում վերլուծել դրա նշանակությունը, հատկապես ուշադիր էր այն հնչյունների նկատմամբ, որոնք լսում, բայց չէր տեսնում:
Այս սովորությանը ենթարկվեց մոտավորապես վեց տարեկանում, երբ կողքի սենյակից եկող ապտակի շառաչն իրեն ցնցեց, հետևեց մոր թաքցրած հեծկլտոցը, նաև հոր խռպոտ ու ցածրաձայն հոխորտանքը:
Տոշինարին գիշերներն արթնանում ու լսում էր թափառող շների հաչոց-ոռնոցները, գզվռտոցն ու երբեմն նրանցից մեկի վայնասունը, որն ինչպես սկսվում, այնպես էլ կտրուկ դադարում էր: Այդ պահերին նա պատկերացնում էր, ավելի ճիշտ՝ հորինում էր կատարվելիքը. ոհմակների պայքար, վիրավոր շուն, վերջինիս վայնասունը կտրվել է, քանի որ նրան հոշոտում էին ինչ-որ մեկի պատուհանի տակ՝ Մուսասինո քաղաքում:
Իր ներսի փոփոխությունը ապրեց պատանության տարիներին՝ Հանամի տոնին, երբ ծաղկման շարժումը հասել էր իրենց քաղաքն, ու սակուրայի ծաղկունքին նվիրված տոնակատարությունների ուրախ ալիք էր բարձրացրել: Ամեն տարի մարտին տեսել էր սակուրայի ծաղիկները, բայց այդ գարնանը երկու տարանջատում էր հասկանալու. նայել մի բանի, սակայն չմարսել ու աչքի ոսպնյակներից խորք չտանել, մյուս դեպքում՝ նկատել, պատկերը ներսում զգալ ու ամբողջ հոգևոր աշխարհով հրճվել. ունեցած ապրումը խնամել և հասնել զմայլանքի աստիճանին:
Տոշինարին տրվել էր զմայլանքին: Հետևող օրերում սակավաթիվ ծանոթների հետ անդադար դրանից էր խոսում, կարծես այնպիսի հրաշքի էր ականատես, որ դժվար թե իրեն հավատան, և ստիպված էր իր ապրումը մանրամասնությամբ նկարագրել:
Իր հասակակիցներից շատ ավելի վաղ էր հասունացել: Նրբորեն համեմատություններ էր ընտրում սրտի զմայլքը արտաբերելու համար: Մի անգամ, երբ կրկին ընկել էր բնությանը երկրպագելու նկարագրությունների մեջ, ավագ դպրոցի դասընկերներից Ակիրա Տանաբեն, որին իր մտերիմն էր համարում, ասաց.
– Այնքան նուրբ ես խոսում, որ չեմ զարմանա, եթե պարզվի՝ ազատ ժամերիդ շյուղերով տաք գուլպաներ ես գործում, մրսկանի պես, ու դա կանացի գործ է, ինչը քեզ դուր է գալիս: Իկեբանայի՜ մրցույթին մասնակցի՛ր,- ոգևորված աղջիկների խնդմնդոցից՝ բացականչեց Ակիրան և միանալով ծիծաղողների խմբին՝ հեռացավ:
Տոշինարին ամոթից կարմրել էր, դավաճանության համն այդքան մոտիկից չէր զգացել, ձեռքերը բռունցքվել էին, հանկարծ շնչառություն լսեց, արագ շրջվեց և տեսավ իրենից երկու դասարան փոքր Սեցուկոյին, նե ժպտալով ցույց տվեց ցանկապատի մոտ բարձրացող բալենին, երկուսով լուռ քայլեցին դեպի ծառը: Ինքը արտաքնապես զայրացած էր, բայց մի անհաղթահարելի մղումով հետևեց աղջնակին, իսկ ներսում շարունակում էր սակուրան ծաղկել:
…Իրեն չեն հասկանալու. ապտակի շառաչաձայնից հետո սա երկրորդ միջադեպն էր, որն ավելի հաստացրեց դրսից զատող իր կեղևն, ու զգաց, որ անհայտ ուժը մենության պարանը գցել է պարանոցն ու քաշում է հոգու խորքերը:
Հասարակությունից անջատվելու և մենությանը ծառայելու մյուս կապանքը հնչյունները ունկնդրելու իր ունակության հետ էր պայմանավորված: Սկզբում ապտակի ձայնից հուսահատության ալիք արտադրվեց, այնուհետև՝ զզվանքի: Իր լսողությունն այնքան զգայուն էր, որ նույնիսկ առնում էր դիմացը կանգնած մարդու օրգանիզմի կենսական աշխատանքից եկող ձայնային ալիքները. կոկորդով անցնող ջրի կլկլոցը, ստամոքսում մարսվող սննդից գռգռոցը… Սա սրտխառնոց էր առաջացնում և հավաքույթներից փախչելու մղում. ասես նրան արգելված էր մարդկանց երկու քայլից ավելի մոտ գտնվելը:
Դեռ ավագ դպրոցում ուսանելու տարիներին ձեռնարկեց իր տեսության շարադրանքը. արագընթաց աշխարհ, որտեղ մարդիկ չեն նկատում իրենց շուրջը, սպառողական շուկան պողպատյա անկյունակներով երկրաչափական մոդելի հիմնակմախք է անցկացնում մարդու չորս կողմն ու անցնում նրա հյութերը քամելուն: Եռանկյունի, քառակուսի, շրջանաձև, դա արդեն կախված է տվյալ մարդու աշխարհագրական որոշակի նրբություններից, եթե նա շրջան է գծելու և կրկին վերադառնալու է տուն, ուրեմն այդ շրջանը պետք է պահպանի շուկայի կանոնները, իսկ հիմնակմախքից դուրս այլ մասնիկներ չպարունակի, որպեսզի հնար չունենա թափանցելու իր հոգու խորքն ու նոր աշխարհներ բացահայտի:
Մարդիկ կորցրել են բառի նկատմամբ ակնածանքը, այսինքն՝ իրենք նյութից են դեպի բառը գալիս, հետզհետե միայն նյութն են տեսնելու, իսկ դրան ստեղծած բառը չիմանան… ու սրանց հեշտ է վերահսկելը, այսինքն՝ մարդկանց ներսից հանելու են հորինելու ջիղը։
Հատկապես նոր ժամանակներին պատկանող շտապող մարդը միօրինակ տեսողություն է ձեռք բերել (սկզբում կառավարման համակարգից ներարկվելով, այնուհետև՝ սերնդեսերունդ ձեռքբերովի), տեխնոկրատ մարդը ամիսներով, նույնիսկ տարիներով երկնքին չի նայել, որովհետև իր տեսողությունը համակերպվել և կարծրացել է իրեն տրված քառակուսի միավորին. ուղիղ առջևը, այդ ուղիղն էլ իր հերթին ոչ մի «ավելորդ» հեռավորություն կամ «կողմնակի» բան չի ընկալում, պարզապես չի ընդունում. Տոշինարին համոզված էր, եթե մարդը դրանից դուրս հայացք նետի, հնարավոր է, անակնկալի գա, խուճապի մատնվի. ինքնասպանություն գործի:
Իսկ ինքը դիմացավ և արժանացավ բնության օրհնությանը…
***
Տոշինարին, փակվելով 23 քառակուսի տրամագծով բնակարանում, ավանդություններ էր ուսումնասիրում, սա միտքը արթուն էր պահում, բայց ամենակարևորը՝ օգնելու էր իր երազած երեք բառերը հայտնաբերելուն:
Յուրաքանչյուր հիկիկոմորի պարտավոր է մահվանից առաջ երեք բառ թողնելու ավելի երիտասարդին, ով նոր է ոտք դրել վայրէջքի կածանին: Այդ մի քանի բառը, որոնք վերածնվելուց առաջ ավանդում էին փորձառու (եթե այս բնորոշումը համահունչ է) հիկիկոմորիները՝ յուրահատուկ նշաններ էին. մենությանը ծառայող հետնորդները դրանք օգտագործում էին որպես բանալիներ նախկինի մտավոր գաղտնիքները բացահայտելու համար: Եռամիտ բառերով երբեմն ստացվում էր մանրամասնությամբ վերարտադրել մյուսի մտքերն ու անգամ ապրած տեղանքի իրերը և ենթադրել նրա պատուհանից բացվող տեսարանն ու պաշտամունքային ծառատեսակը, որովհետև ցանկացած հիկիկոմորի տուն էր վարձում որևէ ծառի նայող դիրքից: Համենայնդեպս, Տոշինարին լսել էր այդ մասին դեռ պատանության տարիներից, գուցե դրանք լեգենդներ էին, իրեն ավելի շատ հետաքրքրում էր կտակ-բառերում ներամփոփ թաքուցյալ աշխարհը:
Փոխանցվող բառերը սրբագույնս պահպանվում էին եկող սերնդի կողմից, եթե արժանանում էին դրան, ապա մի օր դուռը թակում էր անծանոթն ու հանձնում սրբազնախոսք ծրարը…
Նրան դեռ չէր վիճակվել հիկիկոմորիների սերնդից ստանալ օրհնված բառերը, չնայած հինգերորդ տարվա շեմն էր կտրում: Այս հինգ տարիների ընթացքում երբևէ ոտք չէր դրել բնակարանից դուրս, բացարձակ արտաշխարհային երևույթ ներս չէր թողել, որպեսզի չայլանդակվի իր անդորրը, միայն պատուհանի պատկերներն էին նրան դիմավորում, ինչպես սովորական ընտանիքներում հեռուստացույցի գոյությունը: Հինգշաբթիներին սննդամթերքի առաքիչն էր այցելում, ու երբեմն փոստատան ծառայողը պատվիրված գրքերն էր բերում: Նրանք դռան շեմից ներս չէին մտնում, քանզի բոլորը տեղեկանում էին, որ հիկիկոմորիի բնակարան են գնալու, գիտեին՝ ավելորդ հարցերից նրանք վիրավորվում են: Իսկ Տոշինարին չէր նայում նրանց երեսին, որպեսզի աչքն-աչքի մեջ մտերմության կայծեր չստեղծեր: Նա դուռը բացում, մթերքներով փաթեթը կամ գրքի կապոցը վերցնում էր միայն առջևի ոտքերին հետևելով: Երբեմն նկարելով վերստեղծում էր տեսած հազարավոր կոշիկները: Տոշինարին չգիտեր, որ դրանք զարմանալիորեն նման էին կրողների երեսներին:
Վերջին ամիսներին ընկղմվել էր Յուկի-օննա (ձմեռային կին, ձմեռային աղջիկ, գիշերվա դուստր…) բազմաթիվ անուններով կերպարի ավանդության վերլուծությամբ: Յուկի-օննան մի տեղ վհուկի կերպարանքով էր ներկայացվում, մեկ ուրիշ գրքում հիշատակվում էր ներա ճերմակ վարսերն ու տղամարդկանց օգնելու պատրաստակամությունը, կամ հակառակը՝ ճանապարհորդներին ձնաբքի մեջ խեղդելու դաժանությունը:
Իր կապվածությունն այս կերպարի հետ ձնհալի օրերին պարզվեց, երբ պատուհանը կիսաբաց թողել և փակ աչքերով կլլում էր ձյան շերտերից մաքրվող հնչյունները: Հալոցքի տարաբնույթ հնչյունները խաղաղեցնում էին նրա հոգին և թախծի նուրբ երանգներ էին հաղորդում: Քիչ անց աչքերը բացեց, և ուշադրությունը գրավեց ջրափոսը, որի երեսը պատվել էր սառույցի բարակ շերտով. անհայտ գեղեցկություն կար սառցակեղևում…
Մարտի սկիզբն էր, սառցաշունչ գիշերներին ջրափոսը ամրացնում էր իր վերին մաշկը, սակայն թափառական շները տեղն արել էին և առավոտյան վազվզում էին վրայով, դնչով հարվածելով կոտրում դեռ թույլ սառույցն ու ջուր էին խմում:
Տոշինարին անսովոր զգացմամբ էր լցվել դեպի ջրափոսը, ասես այդ դյուրազգաց և զգայուն սառցե եղյամը Յուկի-օննան է, և ինքն իրեն պաշտպանելու համար է գիշերները գործում սարդոստայնի նրբությամբ մակերեսը:
Դռան թակոցից ցնցվեց, սննդամթերք առաքողի օրը չէր, ոչ էլ նոր գիրք էր պատվիրել: Մի՞թե…
Նա սառել-մնացել է. կարծես չի ցանկանում լսել հակառակ կողմից եկող հագուստի շրշյունն ու դռան փականի ձայնը, խոնարհվում է գրքի վրա, որպեսզի մարմնացնի սպասման հնչյունները, թվում է՝ մանրահատակը ճմռվում է առաջացող ոտնաթաթերից, նա ավելի է կռանում խոսքերի վրա` «Սոգի անունով պոետը վկայում է իր հանդիպումը Յուկի-օննային Էտիգոյի մարզում…», եթե հասցնի էջի բառերից կարդալ, գուցե իր ներսի խռովքը հանդարտվի: Տոշինարին մոտեցողին չի տեսնում, քանզի թիկունքը դեպի դուռն արած՝ շունչը պահել, սպասում է: Անծանոթը, դռնից պատուհան ընկած տարածությունը կտրելով, թիկունքից շնչեց պարանոցին ավարտվող ողի վրա. սպասման հմայությունը հօդս էր ցնդում ու տեղի էր տալիս սարսափին, թղթի բառերը լողում էին Տոշինարիի աչքերը մրմռացնող ջրի մեջ: «Սոգին նկարագրում է Յուկի-օննային ամբողջովին ճերմակագույն, գրեթե թափանցիկ մարմնով, հալչող սառույցի թույլ առկայծումներով, անասելի հրաշագեղ…»: Սովորական լրաբերը շեմից ներս չի անցնում, նա դրանում համոզվել է: Նա չի շրջվում անծանոթին ընդառաջ, առանց դրա էլ գիտի՝ ինչ-որ մի տեղ հիկիկոմորի է մահացել ու ընտրյալ բառերն իրեն է արժանացրել:
…Ծրարը վաղուց գրասեղանին է, ինքը միայն աչքի տակով էր նայել ծրարը դնող ձեռքին, որը սառցակտորի պես թափանցիկ ու նուրբ կազմություն ուներ…
Թղթին գրված էր՝ «արեգակ», «բալենի», «կին»:
Նա այնքան շշմած էր, որ չորս անգամ վերոհիշյալ բառերն արտագրեց ուրիշ թղթերին, սակայն ոչինչ չէր փոխվում, իրեն խռովված բառը չէր այլափոխվում. կի՞ն,- շուրթերով արտաբերեց Տոշինարին:
Ինչպե՞ս կարող էր հիկիկոմորին նման բառ թողնել, որպես սուրբ պատվիրան: Չէ՞ որ գայթակղություն առաջացնող խոսք է, որն իրենից նոր բառեր է ծնելու:
Տոշինարին մատները խցկեց գլխի խառնիխուռն մազերի մեջ. այն էլ այս օրերին,- մտածեց նա, երբ իր միտքը ալեկոծված էր այդ ձմեռային կնոջ անիծյալ ավանդությունից: Բառերի հեղինակն ինչպե՞ս էր կանխազգացել իր ներսում բնավորված տառապանքը…
Նայեց թղթի ներքևում գրված տարեթվերին՝ 1997-2019, ահա՛, այն ամենը, ինչը նյութականացնում էր մահացած հիկիկոմորիի իրական լինելը. ոչ մի անուն կամ տեղեկություն, դա հավիտյանս գաղտնիք էր մնալու: Նշված տարեթվերը հաշված էր նրա մեկուսանալուց հետո, այդ օրվանից էր համարվում հիկիկոմորիների վերածնունդը, երբ իրենք իրենց զատել են արտաքնայինից:
Ուրեմն քսաներկու տարվա ինքնապարփակված մտածողը, որը գրեթե Բուդդայի խաղաղությանն էր հասել՝ իրեն թողնում է կին բա՞ռը:
Տոշինարին գիշերը աչք չփակեց, ժամանակ առ ժամանակ անկողնուց ոստնում, գրասեղանից վերցնում էր ծրարն ու համոզվում բառի գոյությանը. այն էլ լուսնի ծորուն շողի ներքո 女 հիերոգլիֆը մարմնանում, իգական կերպարանք էր ստանում, քանզի այս հիերոգլիֆը նկարված է երկրպագություն կատարող ծնկած կնոջ տեսքով…
***
女 հիերոգլիֆի ներսում:
Սակուրան աճել էր փոքր լուսամուտի բերանով: Արևին խանգարում էին երկաթի մանր ճաղերն ու իրար շուրթի հենված տերևները, և բոլորի մանրությունը կարծես նպատակ ուներ փչացնելու մյուս կողմում երևացող պատկերը, սակայն կեսօրվա ճառագայթներն առատորեն թափանցում էին սենյակի մեջ:
Տոշինարին սկսեց արևից սնվել, ժամերով կանգնում էր լուսամուտի մոտ, գլուխն այնպես էր հենում, որպեսզի ճառագայթները ուղիղ երեսին ընկնեին: Փակ կոպերը տաքանում էին՝ գույները շաղ էին գալիս ներսում, դրանցից որոշակի պատկերներ էր գտնում: Առաջին օրերին չէր կարողանում գտնել ձև, որից փախչող գույները կլցվեին կառուցվածքի մեջ: Ինչն էր շատ՝ ժամանակը, մի քանի ամսից քայլ առ քայլ մոտենում էր իր ուզածին. բառերը ավանդած հիկիկոմորիի ապրելակերպին, հիմա աղոտ նշմարվում էր բառերի գծագիրը, լույսն էր խիտ, բայց դա էլ շտկվեց, մինչ արևին դեմ տալը՝ աչքերը պինդ ճզմում էր, այնպես, որ մթնեին, դրանից էին ճառագայթները առանց կուրացնելու, թեթևորեն ներս սողում:
Դժվարը առջևում էր, սակայն հաճույքն ու վերանալու ձգտումը հուսահատվելու շանս չէին թողնում, մանավանդ հեռատես ճարտարապետին հատուկ կառուցելու մոլուցքը այնքան գրավիչ էր, որ շոշափում էր առարկաների անկյունները:
Մնում էր սենյակը կարգի բերեր, բառ-գծագրում երևում էր կոմոդն իր հայելիով, դե հայելին հեչ,- մտածեց, լույսից շատ ունի, կպատի դա, բայց բազմոցը, կողքի պահարանն ու վրայի բոնսայը, ու հանկարծ՝ նե՞…
Կտրուկ դադարեցրեց հիկիկոմորիին գտնելու մտավոր կառուցումը: Հոգնած գլուխը, որտեղ արևայրուքի պատճառով մանրաձկների վտառ էր ցատկոտում, հենեց դաստակներին և քուն մտավ:
***
Տոշինարիի մտքում հաճախակի էին դարձել անցած տարիների և օրերի վերարտադրությունը: Այսինքն՝ այն օրերի ավելցուկ փշուրներն էին երևակվում, որոնց վրայով կյանքը հոսել ու չէր նկատել. ապրել էր, առանց հաշիվ տալու, քանզի ցանկացած ապրում օրերից մի օր հաշիվ է պարտադրելու:
Մինչ տասը տարեկան, գարնան դեմ մաշկին ճեղքեր էին առաջանում, ամբողջ մարմինը պատռվում էր, երբ հերթական անգամ մայրը հիվանդանոց էր տարել, սինտո քահանա կար սպասարկման սրահում, նայելով մորն ասել էր.
– Մի՛ անհանգստացեք, ամեն տարի նրանից նոր ու կատարյալ մարդ է ծնվում:
– Չե՛մ ցանկանում. միայն ներա ներսից եմ ուզում ծնվել…- ցածրաձայն ասաց Տոշինարին պատուհանի մոտ կանգնած, ասես հենց այդ երեկո, երբ առջևի սակուրայից մեղմ շվվոց էր գալիս, երկու տասնամյակ անց պետք է պատասխաներ ծերունուն:
Հուշերն արթնացել և իրենից պատասխաններ էին պահանջում, հատկապես այնտեղ, որտեղ ինքը լռել էր…
Սա էլ որերորդ անգամ էր իրեն բռնացնում հնավորված ինչ-որ մեկին բարձրաձայն պատասխանելիս, անսպասելի էր ստացվում. միտքը պրկվում, օձի նման գալարվում էր գլխի մեջ և հարկ էր, որ նիզակի պես ազատ բացվեր…
Առավոտյան, կրկին մտավորված, հառվել էր ջրափոսին. եղյամի տակ նշմարում էր ձմեռվա դուստր Յուկի-օննայի մեղմ ժպիտը… հանկարծ բալենու պուրակից չորս-հինգ շուն գզվռտվելով վազեցին դեպի ջրափոսը և սկսեցին կոտրել այն: Տոշինարին բացեց պատուհանն ու զայրույթից պոռթկաց: Շները անակնկալի եկան, զգուշավոր դիրք բռնեցին, բայց տեսնելով անվտանգ տարածությունը՝ շարունակեցին կոխկրտել սառույցն ու լակելով հագեցնել ծարավը:
Իր անկարողությունից թևաթափ, երեսը շրջեց տեսարանից, արցունքները ինքնաբերաբար հոսեցին, ասես իր աչքի առջև սիրած կնոջն էին բռնաբարում, մինչդեռ ինքը ոչինչ չէր ձեռնարկում…
Բացեց գիրքն ու նայելով ականատեսներից մեկի արած Յուկի-օննայի փորագրանկարին՝ օրագրում նշեց.
«Ներան երբևէ չեմ ընկալի ավանդական կիմոնոյով, մի տեսակ հոգին փախչում է ներանից. մարմինը ճզմում՝ զսպաշապիկի է վերածվում, ո՛չ, ճնշում խեղճացնում է ներա հրաշքը… հագուստը ներան չի սազում, գուցե հոգևոր բաղադրիչի է վերածվում, սակայն ներա մարմնից մի փրթիկ պետք է բաց մնա ու շնչի»:
Երևի ինձ ու Յուկի-օննային վիճակված է բառերի աշխարհում գտնել միմյանց, սակայն իմ մենության անդորրը չպիտի՛ խախտվի,- մտածեց Տոշինարին:
***
Տոշինարին արթնանում է երազից, այսինքն՝ գիշերվա մի հատվածի վեր է թռնում, կարծես նույն պահին իր արթնացումը անակնկալի է բերում ինչ-որ մեկին, որը ցանկանում է փախչել սենյակից: Օտարի ներկայության զգացողություն է լցվում սիրտը, վստահ է, որ անծանոթը խավար անկյուններից մեկում է: Դանդաղ բարձրանում է անկողնուց, փորձում հնարավորինս անաղմուկ հասնել պատուհանին, ոտնաթաթերի տակ մանրահատակը ճռճռում է. պատուհանափեղկը փակում ու քաշվում է կողքի. այս անգամ ինքն է անցնում ստվերոտ անկյունն ու զգում, թե ինչպես է մանրահատակը կրկին ճռճռում, քիչ անց լռություն է իջնում: Այդ գիշեր հասկանում է, որ երազներ կան, երբ այնտեղից թափանցում են, և անակնկալ արթնացումը բռնացնում է եկվորներին, կա՛մ նորից ես ննջում, որը շատերն են անում, և ուրվածինները կարողանում են հետ լցվել երազի մեջ, կա՛մ պետք է հաղթես նիրհդ ու պատուհանը բացես, որ այնկողմայինները դուրս գան ու լուծվեն խավարին…
«Երբե՛ք լամպը չվառես, երբե՛ք, գուցե ինչ-որ տեսնելու լինես քեզ սպանի, դա քեզ կսպանի՛»:
Սա էր Յուկի-օննայի մասին տեղեկություններ թողածների խորհուրդը:
Ինքը, ելքեր թողնելու փոխարեն և հակառակ խորհուրդներին, պատուհանը փակել և չէր քնել:
Խորհրդավոր երազը նրան հանգիստ չէր տալիս, օրվա ընթացքում վերադառնում էր պրպտելու տրամադրությունն ու ձգտում էր հիշել երազն՝ իր բոլոր մկաններով, միս- արյունով…
Մինչդեռ միայն զգացողություն է տակը մնում, որն էլ տագնապով է լցնում սիրտը. ասես օդի քաղցը շարունակ մի հարց էր մտքում կառուցում. ո՞վ էր դրել «արեգակ», «բալենի», «կին» բառերը իր սեղանին:
Այս հարցը հասցնում էր խելացնորության. իր կամքից անկախ ներան տեղավորում էր իր շուրջը, պատուհանի մոտ կանգնած զգում էր իր ուսին հենված ներա քաշն ու շնչառությունը, եթե ինքը ոտքի էր, ապա նե սենյակի միակ աթոռին էր կամ անկողնում պառկած, ուրեմն, առարկաներն են ներան ծնում,- մտածեց Տոշինարին,- երբ հասնեմ դատարկության կատարյալ զգացողությանը՝ նե կչքանա:
Վառեց լուսամփոփը, նստեց գրասեղանի առջև, բացեց օրագիրն ու նշեց.
«Վերջերս գիշերվա կեսին ծարավից արթնանում եմ, բայց ձեռքերս չեմ կարողանում շարժել, որովհետև ընդարմացած են. քնածս ժամանակ ձեռքերս ձգվում են դեպի գլխավերևս և իրենց արյունը միզելով ցած՝ ցանկանում են չորանալ: Նրանք մարմնիս դեռևս միակ անդամներն են, որ փորձում են ինքնասպանվել, ինձ թվում է, եթե հաջողվի նրանց, հետևելու են մյուսները, և անդամներս, մահվան տենչով տոգորված, կնետվեն դեպի արթուն ուղեղս…»:
Գրչածայրը ձիգ սեղմեց հիերոգլիֆի վերջին մասնիկին, թուղթը ծակվեց, և թանաքը հոսեց ճերմակին. այս ամբողջ օրագրից ընդամենը երեք բառ էր առանձնացնելու և պահպանելու, գուցե այստեղից էլ չլինեն դրանք, հնարավոր է՝ օրերից մի օր պատուհանից նայելիս ծագեն սրտում:
Այնուամենայնիվ, եռյակը գրելուց առաջ վերացնելու է օրագիրը. հիկիկոմորին չպետք է հուշերի գիրք պահպանի:
Ճշմարիտ մենակյացը միայն հին հուշերն է վերաիմաստավորում, երբեք մատղաշ ապրումներին տուրք չի տալիս, մինչդեռ Յուկի-օննան…
***
Անակնկալ բացահայտումը՝ երազի վերհուշը, ակնթարթորեն պատկերվեց. բուգակոյի ներկայացման պես գրեթե մանրամասն դանդաղկոտությամբ հառնում է երազի արարածը, որ եկել ու կանգնել էր սենյակում, միայն դիմագծերն են մնում անհայտ:
Նե վազում էր ծովափի երկայնքով թռչող ճայերի ներքո, երեսը վեր պարզած, թևերը բացված, նե նմանակում է թռչուններին ու չնայելով ոտքերի տակի պնդությանը՝ համարյա կատարելության է հասցնելու իր թռիչքը. վարսերը թռչում էին բարձրացող կրնկի ուղղությամբ՝ բացվում, ծածանվում ու կրկին վերադառնալով՝ ցիրուցան փաթաթվում էին պարանոցով-երեսին, ասես մի նկարիչ շտապում էր վրձնել ներա վազք-փախուստը դեպի կտավի սահմանը, որտեղից նե կատարելու է իր վերջին ցատկն ու այլևս չդիպչի հողին:
Ինքը՝ Տոշինարին, կռանում, շոշափում է ներա ոտնահետքը, ափը դնում է փոսիկի մեջ, որը հետզհետև ջրով է լցվում, ու քիչ անց ալիքը գալիս ողողում է իրեն, բայց ինքը ամուր կառչած է մնում՝ ձեռքը ներա հետքին, և փորձում է պահպանել ջնջվելուց…
Նե ծովի նման զուսպ հավաքում է իր ալիքները Տոշինարիի ափերից. նրա հուշերից, մտապատկերներից, տեղանքներից, որտեղ երկուսով զվարճացել էին. նե մասնիկ առ մասնիկ իրեն հանում է Տոշինարիի ներսից…
Տոշինարին հայացքը դարձրեց պատուհանին, որտեղ մի ճանճ էր տզզալով զարկվում ապակուն. սրան բաց կթողնեմ, որ հայտնի ՆՐԱՆՑ, ես դեռ ողջ եմ, և զուր են սպասում այդ երեք բառին: Վեր կացավ, գնաց լուսամուտը բացեց, վերադարձավ գրասեղանի մոտ, դրսից մարտյան սառը հով լցվեց. նրա մարմնով մանր ու հաճելի դող անցավ:
«Ես անհատ եմ», գրեց օրագրում ու ասես սրտից քար նետելով՝ մտածեց.- գոնե ես փնտրել եմ…: Միտքն իրեն գոտեպնդեց, և միակը լինելու զգացումը, խորը շնչի հետ իջնելով թոքերը, ջերմացրեց որովայնը: Վերջապես համարձակվելով շրջվեց դռան մոտ կանգնած մերկ ու ամոթխած Սեցուկոյի կողմն ու շշնջաց.
– Դու չպե՛տք է գնաս, այլևս չեմ փորձի քեզ բացահայտել…
Մերկ կնոջ մարմինը (մանավանդ՝ կծկված) նման է իր հոգուն. Սեցուկոյի մերկությունը նուրբ էր:
女 հիերոգլիֆն իր պոչը խաղացրեց անդունդի պռնկին ու սողաց խավարի մեջ:
Տոշինարին նիրհեց:
***
…Ավանդության մեջ ասվում է. եթե Յուկի-օննա երևակվում է մենակյացին, ժամանակ անց նրա տուն է այցելում անասելի գեղեցկատես մի օրիորդ, որը դառնում է մենակյացի կինը: Նե հոգ է տանում ամուսնուն, դաստիրակում է իրենց երեխաներին: Եթե ամուսինը պատահաբար կամ միտումնավոր ներխուժում է կնոջ հոգու խորքերը և անցյալից հարցեր տալով պարզում է, որ իր կինը հենց Յուկի-օննան է, նե ստիպված է լքել տղամարդուն՝ հավիտյանս…
Ծանոթագրություններ. Հիկիկոմորի – մարդիկ, որոնք հրաժարվում են սոցիալական կյանքից ու տարբեր պատճառներով ձգտում են ծայրահեղ մեկուսացման, մենակության: Նմանատիպ մարդիկ լինում են նաև ԱՄՆ–ում, որտեղ նրանց անվանում են «basement dwellers», որը նշանակում է նկուղային բնակիչներ, և Եվրոպայում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց անվանում են Նի-նի սերունդ (NEET):
Հանամի (ճապ.՝ 花見, «ծաղկի դիտում») – ծաղիկների անցողիկ գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական տոն։
Յուկի-օննա – ճապոնական առասպելաբանության մեջ վերերկրային իգական կերպար, դարերի խորքից նե ներկայանում է վհուկի, իգադևի տեսքով, հաճախ նաև գեղեցկատես հարսնացուի, և այլն: Նե հայտնի է իր հազարավոր անուններով և կերպարանքներով, ներա մասին տեսիլքների բազմաթիվ վկայություններ են պահպանվել ճապոնական դիցաբանությունում, նաև անհատների հուշերում:
Բուգակո – ճապոնական ավանդական թատերարվեստի ճյուղերից: