Պատիժ / Արմենուհի ՍԻՍՅԱՆ

Արմենուհի Սիսյան– 1 –

Հիմա արդեն չգիտեմ` երա՞զ էր, թե՞ իրականություն, որովհետև երազի ու իրականության զանազանումը հիմնավորապես խառնված է ինձ համար. երազը կարծես թե առավել իրական ընթացք է, քան արթմնի իրողությունը, կամ ո՞վ է ասել, թե աչքը բաց վիճակում կյանքն առավել կարևոր է, քան նույն կյանքը` աչքը փակ: Երկուսն էլ մեր կյանքն են հավասարապես, ու մե՛նք ենք ապրում այն: Ճիշտը որ ասեմ, հիմա ինձ համար բոլորովին նշանակություն չունի: Մարդիկ, չգիտես ինչու, կյանքում միշտ նսեմացնում են այն ամենն, ինչ իրականում մեծ իմաստ ունի, կարևոր է և ունեցած ողջ ուժը, եռանդն ու միտքը կենտրոնացնում այնպիսի բաների վրա, որոնք, վերջին հաշվով, դառնում են զրո, փոշի… Չգիտեմ՝ ինչու է այդպես և ոչ էլ իմ գործն է քննել դրանք: Իմանայի` ապրած կլինեի ուրիշ կերպ: Ես էլ նույն չիմացողներից եմ, այլապես իմաց կանեի գոնե մտերիմներիս, ազնիվ խոսք, ահա, ապացույց՝ իմ կյանքը. ինձ համար հո կփոխեի որևէ բան, կապրեի ուրիշ կերպ…
Դատավարությունս արդեն երկար ժամանակ է ընթանում: Հոգնել եմ, ձանձրացել ու սպառվել անորոշությունից: Ըստ երկրային ժամանակի` երևի քառասուն կամ հիսուն տարի: Մի քանի անգամ, ընդ որում՝ տարբեր տարածաչափություններում, լսվել է իմ գործը, բայց վճռորոշ ելք չի ունեցել: Պաշտպանս ասում է` դա իմ օգտին է, նշանակում է` չկա այնպիսի մի բան, որի համար դատավճիռս միանշանակ կայացնեն ի վնաս ինձ ու գործս փակեն: Արդարների գործը միշտ երկար է քննվում: Սա, անշուշտ, հուսադրող է վերերկրային սպասումների անորոշ ընթացքի համար: Պաշտպանս ջանք չի խնայում ինձ արդարացնելու համար, բայց մեկ էլ տեսար` այնպիսի մի կորած-մոլորած, աննշան թվացող փաստ ու դեպք է մեջտեղ հանվում իմ կյանքից, որ ապշած եմ մնում. որտեղի՞ց են գտնում: Փաստորեն, ամեն, ամեն բան, այստեղ` վերևում, իմացվում է, անգամ այն, ինչ չեմ արել, բայց մտածել եմ. անհայտ ոչինչ չի մնում: Ու յուրաքանչյուր այդպիսի անգամ գործը թողնվում է կիսատ, հետա­ձգվում կրկնակի լսման կամ հանձնվում այլ տարածությունների… Ես այլևս ուժ չունեմ նորից ու նորից սպասելու: Ամեն այդպիսի անգամ մնում եմ անորոշության առջև: Նախավերջին դատական լսման ժամանակ պաշտպանս առաջ քաշեց իմ` մեղսակիր չլինելու թեկնածությունը` վկայաբանելով բազում արարքներիս ուսումնասիրված փաստերը: Լսող ատենակալները պահանջեցին հոգեբույժի լիարժեք եզրակացություն իմ մտավոր ու հոգեկան առողջության վերաբերյալ: Դրա մանրակրկիտ ուսումնասիրության համար դարձյալ ժամանակ է հարկավոր և ահա խնդրեմ, նորից իմ գործը հետաձգվեց: Ես, իհարկե, հասկանում եմ դրա պատճառը. որոշ ժամանակ առաջ եղել է համանման մի դեպք. դատապաշտպանն արդեն շահելիս է եղել իր հաճախորդի անմեղսակիր լինելու գործը, սակայն վերջին պահին պարզվել է, որ մեղադրյալը պարզապես անմեղսունակ է` մտավոր տհաս…
Ի դեպ, դատապաշտպաններն այստեղ հազվադեպ են շահում գործ: Անշուշտ, կապ ունի նաև, թե ում մոտ կընկնես, ինչ հմտության դատապաշտպան կզբաղվի քո գործով: Իմ գործն ինչ-որ երկար քննեցին ու ինձ համար արդեն միևինույն է. էլ չեմ դիմանում, էլ համբերություն չկա: «Համբերությունը կյանք է»,-ասվում էր ներքևում: Ես մի փոքրիկ ուղղում կմտցնեի` «Համբերությունը երկրային կյանք է», որովհետև այստեղ, ինչպես երևում է, ես չունեմ դրանից և ոչ էլ, ճիշտն ասած, կցանկանայի նորից ունենալ… Տեսնենք, թե ինչ կվճռեն ինձ համար:
Այս անգամ պաշտպանս ինձ հուսադրող ոչինչ չունի:
– Քո դեմ բազմաթիվ սերունդների փաստարկներ կան բերված:
Հարցը լրջացել է:
Վարույթը, որպես վերջնական, ընթանում է իմ ներկայությամբ: Փաստեր հնչեցին ոմն Եվա անունով իմ հեռավոր նախնուհու մասին, որին ոչ մի կերպ տեղը չեմ բերում: Նշվեց նաև, որ նրա մեղքը ժառանգաբար փոխանցվել է իմ արյան մեջ, և դա ինքնին նշանակում է, որ ես պոտենցիալ հանցագործ եմ: Վատ կանխազգացումը սկսեց տանջել ինձ: Ու՞ր էին մինչև հիմա նման մեղադրանքները: Առ այսօր մանրակրկիտ ուսումնասիրվում էր, թե ինչ եմ արել, ինչ չեմ արել, ինչ եմ ուզել անել, ինչ չեմ ուզել, ուր եմ եղել, ում հետ եմ եղել: Չէ՛, սա արդեն բացահայտ սադրանք է: Չե՞ք կամենում ինձ ավելի լավ տարածքներ ուղարկել, այդպես էլ ասե՜ք: Ի՞նչ է, ուրիշ էլ ոչինչ չկա՞ր ինձ վրա բարդելու: Եվա՞ն ով է, ի՞նչ գործ ունի ինձ հետ… Այո՜, երկու անգամ ընդհատել եմ հղիությունս: (Ես միայն մեկի մասին նշեցի, իսկ նրանք երկուսի մասին էլ գիտեին): Երկու անգամն էլ չուզելով եմ գնացել բժշկի. հանգամանքներն են այդպես դասավորվել: Ես դեռ այն ժամանակ էլ խորապես զղջացել եմ ու տառապել արարքիս համար, բայց, ի՞նչ արած, երիտասարդ տարիքում սխալներ շատ ենք գործում. մինչև մեր մաշկը չի խորշոմում ու կնճիռները չեն ակոսում մեր դեմքը, չենք գիտակցում սխալները: Բացի այդ, կլինի արդեն մի քանի հազարամյակ, ինչ կանայք տքնաջան հետևողականությամբ իրենցից սերմանում են Երկրում, ասես վախենում են սպառվեն ռեսուրսները ու պակասի մարդու տեսակը, բայց միևնույն է, այն չի վերանում: Երկու մարդ այս կողմ, երկու մարդ այն կողմ, չեմ կարծում, որ դա վճռորոշ դեր ունենար մարդկության համար:
Չէ‘, սրանք, երևում է, պարզապես չեն ուզում, որ ես գտնվեմ այն մյուս` առավել բարձր տարածքներում: Խոսում են ինչ-որ հաջորդ անգամվա մասին: Հավանաբար, մրցակցությունն է բարձր, ու այդ պատճառով ընտրությունը` խիստ: Բայց իմ թեկնածությունը, համենայն դեպս, վերջիններից չէ: Պետք չէ հուսահատվել: Սպասել է պետք: Ուրիշ ճար չունեմ էլ: Ես այլևս ի վիճակի չեմ ինչ-որ բան լսելու: Պաշտպանս էլի ինչ-որ բան ասաց, բողոքեց, բայց բողոքարկումը չընդունվեց:
Նիստը շուտով կավարտվի: Ատենակալները շշուկով խորհրդակցում են: Հետո սարսափելի լռություն է տիրում: Ես արդեն շատ վատ եմ զգում: Ասես ինքս ինձնից անջատվում եմ, զատվում: Ինձ սկսում եմ զգալ հեղուկ տարածության մեջ: Ինչ-որ անորոշ ընթացք ինձ իր մեջ է առնում: Լսվում է դատավճիռը.
«Հանուն Գերագույն արդարության.
հաշվի առնելով մեղադրյալի հանցավոր անցյալը` Եվայից եկող և վերը շարադրված մի քանի զանցանքները` դատարանը վճռում է մեղադրյալին դատապարտել կյանքի` նորից ծնվելու կարգով»: Ես անգիտակից ընկնում եմ: Այլևս ոչինչ ի վիճակի չեմ ընկալելու:

– 2 –
Լսվում է մանկան ճիչ, հետո անընդմեջ լաց: Այդ լացը իմ կոկորդից է դուրս գալիս:

One thought on “Պատիժ / Արմենուհի ՍԻՍՅԱՆ

  1. Վայելքով կարդացի կայքում դրված Սիսյանի բանաստեղծությունները, իսկ պարզվեց,որ արձակը նույնքան հրաշալի է…Շնորհակալություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։