ԱՊՍՏԱՄԲ ՈՐԴԻՆԵՐԻ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ / Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Նրանք չէին գտել իրենց անցյալը դեռ հնօրյա ժամանակներից փոխանցվող առասպելներում ու տոհմածառեր չէին հայտնաբերել կղերական մատյանների մեջ: Չկար վկայություն առ այն, թե երբ և ո՛ր ժամանակներում էր կառուցվել քարե ծաղիկներ ու քարե եղևնիներ աճեցնող այս քաղաքը, որ ժամանակ առ ժամանակ օրորվում էր մարդկանց ոտքերի տակ, իսկ մարդիկ օրըստօրե անիծում էին ճահճամեգն ու արնածուծ տզրուկների ներկայությունը թունավոր: Հենց տների բակերում և կամ փողոցներում դրված նստարանների վրա ծանրումեծ բազմում էին կիսակենդան զառամյալներ, որ սպրդել էին երկրորդ մահվան ճիրաններից, քանզի դիմակայել էին ողբ համայնական, և՛ պատերազմ, և՛ ցեղասպանություն, և՛ ցեղասպանվողի անեծքն ակամա: Քուլա-քուլա ծխից դեղնավուն նրանց մարմինները, դուրս ցցված թիակներով, չոր ու շեղ հոդերով նրանց մարմինները ահավոր ճռճռում էին չնչին շարժում կատարելիս, և պատմում էին նրանք բազմահարուստ նավերի, ստրկության վաճառվող կանանց ու ազնվազարմ ստահակների մասին: Պատմում էին իրենց կյանքը չհաս` շռայլելով պալատական երազներ, որ իջել էին ջրափոսերում մերկ մանուկների վրա, ճահիճ չորացնող մարդասպանների ու ճգնախցերում անատամ ճգնավորների վրա: Որդան որդերն էին վխտում նրանց մտքերի մեջ, այնինչ պայծառ ու սուրբ էր հավատը, որ առ այս չէր հեռացել նրանց կիսակույր ակնագնդերից ու չէր լիացրել դատարկաձեռն սերունդների դատարկությունը:
Այս քաղաքը հառնել էր ոչնչից ու կառուցվել էր ամայությա՛ն վրա, քանզի ժահրաթաթախ ճահիճներ էին չորացրել նախապես, իսկ տենդով վառվռուն նրանց աչքերը տեսել էին հեռավոր ժամանակներ, որտեղ բարեհարմար տներ պիտի լինեին, և՛ քարը` սրբատաշ, և՛ ծաղիկներ փարթամ, և՛ մայրեր ստնտու: Այնինչ ճահիճները չէին ցամաքել իսպառ, քանզի արշավել էին խաչակրաց բարբարոսներ, արշավել էին բազմիցս` պարտադրելով ոգու ստրկությունն ու Աստծո Որդուն անաստված:
Դեղին փոթորիկներ…
Երբ մառախլադեմ բուքն էր չոքում գոց դռների առջև, երբ սառչում էր ջուրն աղքատության նկուղներում, և երբ հասունանում էր միմյանց աչքերի մեջ մերկ հավաստիացումներ գտնելու ակնթարթն անողոք, քաղաքը ճոճվում էր հանկարծ` սարսափածին ճիչերից պառակտվելով:
Անատամ շշուկներ…
Փողոցներում վխտում էին ծուռ ծայրանդամներով կանայք, որ սերվել էին կայտառ մայրերից, բայց Առողջապահության նախարարությունը հակաքաղցկեղային շիճուկ էր ներարկել իր երկրի մանկահասակ կույսերին` պետության բռունցքն իբրև երաշխիք օգտագործելով, և քայքայվել էր հիշողության սերմը նրանց հավիտյանս գոս արգանդներում, և գլխատվել էր արժանապատվությունն այրամարդու:
Ապա որտե՞ղ, որտե՛ղ պիտի կառուցվեին նրանց գերանակապ տները, որ երբեմն տեղաշարժվում էին հոսող հողերի պատճառով և կամ` փլուզվում անվերադարձ:
Սև մարգարեություն…
Ոսկեբեր ավազ որոնող երեխաներ:
Նրանք չափչփում էին քաղաքի փողոցներն օրնիբուն` հաճախ դեմ գնալով ծնողների ցանկությանն ու է՛լ առավել նախընտրելով հետնախորշեր, որ կենաց դասեր ունեին և կյանքի հակառակ կողմն էին ցուցադրում: Մանկահասակ խռովարարները հաճախ էին մոտենում «Կոշ» թաղամասին, որ շրջապատված էր բարձր պարիսպներով, իսկ բետոնե սյուների գագաթնամասերում սևին էին տալիս մետաղալարից պատրաստված փշակիտուկներ: Կյանքի հատակն էր, և հենց կյանքի հատակից էին բարձրանում երկու քառահարկ շենքեր, որ բաժանված էին շարք-շարք զինվորներով ու հեռու էին իրարից մոտ հիսուն մետր: Պատերը շարված էին սև, քամուց անտեսք բազալտով, իսկ պատուհանների վրա բնավ չէին փայլփլում ազատության բաղձանք հարուցող ձողեր, որ ճաղավանդակ են կոչվում: Աջակողմյան շենքում տղամարդ բանտարկյալներն էին, իսկ դեմ հանդիման կառույցից լսվում էին նուրբ-բարալիկ ճիչեր, որ լավագույնս բնորոշում էին այնտեղ բնակվողների սեռը: Լուսամուտների մոտ հավաքված կանայք ինչ-որ բառեր էին փոխանցում` դիմախաղ և ձեռնալեզու օգտագործելով, իսկ տղամարդիկ պատասխանում էին նրանց նույն կերպ: Ժամանակի ընթացքում մշակվել էր մունջ հաղորդակցության լեզու, որն, անշուշտ, նաև հայհոյանք ուներ: Այս ամենը անչափ գրավում էր սահմանամերձ տարածքներում խաղացող պատանիներին, բայց նրանք չէին առաջնորդվում զուտ հետաքրքրությամբ, որն իհարկե հագեցել էր ժամանակի ընթացքում, այլ այստեղ էին գալիս պարտք վճարողի պես, քանզի և՛ իրենց, և՛ այլ ընկերների շարքերում քիչ չէին այն տղաներն ու աղջիկները, որոնց ծնողները բանտարկվել էին դեռ վաղուց, և, ահա՛, ժամանակի թիապարտներն էին այստեղ` սև բազալտով ամուր այս պատերի ներսում:
Այդպես եղել էր միշտ:
Պառավներն ունեին հին-հին վկայություններ, որ իրենց տատ ու պապերից էին ժառանգել, և պնդում էին նրանք, թե բանտերը կառուցվել են բուն ճահիճների վրա, իսկ շրջակայքում որևէ բնակավայր չի գտնվել երբեք: Նրանց պատմությունները զուրկ չէին բանականությունից, իսկ բամբասանքը գունավորում էր սնամեջ ճշմարտություններ, որ հղի էին անսուտ ապացույցներով ու երբեք չէին հեռանում հարակից տներում բնակվող մարդկանց նիստուկացից: Մարդիկ պիղծ շշուկներ էին հայտնաբերում իրենց հացառատ պահարանների մեջ, և արցունքոտվում էին նրանց աչքերը վառոդահոտ ծխից, և նվվում էին նրանց երեխաները գիշերն ի լույս, քանզի սարդերը հյուսում էին սարսափ, իսկ սենյակներում առանձնահատուկ հնչեղ ոտնաձայները չէին լռում երբեք:
Մղձավանջ…
Ո՞վ պարգևեց նրանց գեշ գիշերներ, և ո՞ւմ զառանցանքն իջավ այս քաղաքի վրա, ընկնող տների և ասեղնափուշ եղևնիների վրա` հանկարծ բացահայտելով ապստամբ որդիների աղքատությունը:
Կգան այլ ժամանակներ, և կտարակուսեն որդիները` վկայության վերջին էջը բացահայտելով: Նրանք կճանաչեն իրենց նախնիների անճարակությունն ու կհասկանան ճշմարտություններ, որոնք կին ու տղամարդ հեռացնող բանտերից են սկզբնավորվել, բայց մարգարեական կատարումներ ունեն մինչև իսկ ապագա օրերում: Դեռ շատ առաջ, երբ Ոստան քաղաքը դեռ չէր կառուցվել չոր ճահիճների վրա, երբ բուքը գոյության հյութն էր քամում բարեբեր դաշտերից, իսկ ցրտահար դետերը երազում էին օղի ու անկողին, քառահարկ շենքերում բանտարկյալ կանայք ու տղամարդիկ թունելներ էին փորում` գիրկընդխառն հանդիպումներ երազելով: Երկու տարի անց նրանք արդեն հանդիպում էին իրենց նեղ ու ծուռ թունելներում և կենակցում էին` հողածեփ խորշերի մեջ մի կերպ մեկնվելով: Բայց անցան ամիսներ, և կանայք այլևս չէին կարողանում կոծկել իրենց հղիությունը, իսկ պահակները ծեծում էին նրանց` պատասխան պահանջելով:
Չար լեզուները վկայում են, թե խելագարվել են շատ ու շատ մարդիկ, հենց նրանք` ովքեր սիրո թունելներ փլուզելու հանդգնությունն էին որդեգրել, և զոդում էին պողպատե ճաղավանդակներ` բանտարկյալների հետագա մուտքն արգելափակելով: Եթե բանտերն էին Ոստան քաղաքի առաջին երկու շենքերը, ապա երրորդը մանկատունն էր, որ կառուցվեց իբրև վաղվա վկայություն, իսկ ապագան ծնեց ապստամբ որդիներ, որոնք չէին գտնում իրենց անցյալը հնօրյա առասպելներում, տոհմածառեր չէին հայտնաբերում եկեղեցական մատյանների մեջ ու շարունակ ձախողվում էին երկիր կառուցելիս:
Սիրո դիակառքեր…
Բոլոր այն ցեղերը և բոլոր այն ժողովուրդները, որոնք կործանումն են վաստակում այս արևի ներքո, նախ ունենում են մեծամեծ հաղթանակներ, որ տրվում են նրանց իբրև վերջնեկ ցնծություն, իբրև փառք անփառունակ, իբրև սգո դափնիներ, որ կմնան հետո` նրանց անհուշ շիրմաքարերի վրա` վկայելով ապստամբ որդիների աղքատությունը:

One thought on “ԱՊՍՏԱՄԲ ՈՐԴԻՆԵՐԻ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ / Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։