ՄԻ՛
1.
Բարձր մի՛ եղիր.-
Ամպերը խենթ պար կբռնեն շուրջդ
Եվ կքրքջան ձգտումիդ վրա,
Հարվածել կուզեն
Մահշունչ կայծակի
լախտով ահարկու,
Որ… փոշիանաս,
Ու վերը մնա միայն իրենց:
2.
Արագ մի՛ գնա.-
Հանդիպակաց քամին
Քեզ դեռ
Ետ հրել կուզի,
Որ դու ուշանաս
Ու տեղ չհասնես:
Քամին` այս պաղշունչ քամին,
Անխղճության տիպն է կործանիչ:
3.
Բարձր մի՛ խոսիր.-
Ամեն ինչ լսող ականջի համար
Անախորժ է այնպես
Բասդ բնական:
Ականջը խոսքդ կհասցնի լեզվին,
¥Աստված ի՜նչ անի,
Եվ դու ի՜նչ անես¤,
Լեզուն կփոխի խոսքերդ բոլոր,
Որ աչքերն էլ քեզ ընդմիշտ տեսնեն
Տխուր ու մոլոր:
4.
Կրակ մի՛ եղիր.-
Իրենց այրվելու հիվանդոտ վախից
Քեզ մարել կուզեն,
Որ գոյությունն իրենց
Մի քի՜չ էլ քարշ տան:
5.
Հպարտ մի՛ եղիր.-
Նվաստությունը
Չարսիրտ նախանձով
Դանդաղ կփորի
Քո ոտքերի տակ.
Ընկնել կլինի,
Վեր ելնել` բնավ:
Զգուշությունը քեզ
Պահապան կարգիր,
Անզգուշությունդ
Փորձանք չդառնա`
Բանականությամբ
Ապրող քո սրտի
Ու կյանքիդ համար:
6.
Արյունդ երբեք սիրել չփորձես,
Դավաճանության մերանը, գիտցիր,
Կպչո՜ւն է այնպես,
Կպավ` պոկ չի գա,
Արյուն չունեցար`
Ինչո՜վ պիտ ապրես:
Ինքդ քո ձեռքում
Հավաքած պահիր,
Լսիր ինքդ քեզ,
Լսի՜ր ինքդ քեզ…
ԱՐԵԳՑԻՆԵՐ
Հեռու տարավ ինձ փնտրումի ոգին,
Բայց ներկա եք միշտ
իմ հոգու խորքում,-
Բախտահարվածի դժնդակ ժամին
Ձեր գոյությամբ եմ ցավերս հերքում:
Եվ թե լինեի շշից թռած ջին,
Անգութ ոսոխաց վառող կրակ ջեռ,-
Թև՜ կդառնայի մեր Թաթուլ քաջին,
Տեսանող աչքեր, և արյուն անմեռ:
Սակայն մարդ եմ ես մի սովորական,
Կենաց ու մահու հավերժ գուպարում,-
Ինձ էլ է այրում էն կեռ լուսնկան,
Իմ սրտում էլ է ժանտ մահը պարում:
Ես խոնարհվում եմ Աստծո ամեն օր
Արեգցի կաթոտ օրորոցներին,
Մինչև որ դառնամ ծաղիկ թախծօրոր`
Հավերժ խոնարհված
սուրբ շիրիմներին:
…Եվ դուք էլ, եթե մղումով ազնիվ
Գորովանք շաղեք իմ գերեզմանին,
Ի՜նչ երջանկություն` ինձ գիշեր ու տիվ
Մոր գիրկ կլինի հավերժ Արտենին:
***
…Եվ ծիրանենուն
Կարոտաբաղձի
Գորովանքով ջերմ`
Գրկել է ամուր
Խաղողի որթը:
…Թե հայը հային
Նրանց պես
Սիրե՜ր….
***
Կարող է, ինչ խոսք, ինֆարկտը ինձ
Չփնտրի, սակայն հանկարծ և գտնի
Այնպես դյուրությամբ ու անակնկալ,
Ինչպես շանթն է հարվածում ժայռին,
Հովվին ու ծառին, օդում սուրացող
Թռչնանց թևերին…..
Ի՜նչ կա որ… ինձ էլ կարող է զարկել
Ինչ-որ մեքենա, անսիրտ, անհոգի
Անիվների տակ երազս ճզմել,
Թողնել մարմինս` անշունչ, անհոգի:
Դժվար չէ, հարկավ, որ խլի կյանքս
Հիվանդություն մի` անբուժ ու անճար,
Կամ կույր մի դիպված`
ապրելու ջանքս
Դարձնի զրո` խեղճ ու անհնար….
Սակայն ես դեռ
կամ` հավասարապես,
Որպես ծառա մի` ճիշտ երեք տիրոջ.
Մեկը` կյանքն է, մյուսն էլ` մահը,
Եվ… երրորդը` ե՛ս…
Բանաստեղծ Լևոն Միրիջանյանի
անթառամ հիշատակին
Ծովդ թողած խռովքի մեջ` դու գնացիր,
Ո՞ւր գնացիր
անակնկալ, անժամանակ,
Իմանայիր` կապարե
ցավ մեզ թողեցիր,
Եվ մորմոքի անքուն մի գետ`
մեր կրծքի տակ:
Սակայն գո՜ւցե աստվածային
պարտեզի մեջ,
Չարենցի ու Սևակի հետ շրջում ես դու,
Զրուցում եք ոգեղենից`
երկար, անվերջ,
Արժևորում` ամենքդ ձեր լույսով հոգու:
Դու` հոգեբուխ «Երգի հովիվ…»,
երգով անանց
Պանծացրիր հանճարեղին,
նոր ու նորից….
Քո «Ով սիրուն…» երգը մի օր
քեզնից գնաց`
Սեր ըմպելու ժողովրդի անհուն սրտից:
Եղար որդի` երկու ազգի,
երկու մեծ տան,
Վայելելով անեղծ սերը ազգիդ անմեռ,
Երանելի՜, բաց է դուռը անմահության,
Բյուր շուրթերով կօրհնաբանվես
գալիքում դեռ:
Ծովդ մնաց խռովքի մեջ, երբ գնացիր,
Ժամանակը կխաղաղի՜ ծովդ խռով,
Մենք կունենանք հայոց
հեռուն անծայրածիր,
Մեզ հետ դու էլ` քո հրեղեն
խոսք ու բառով:
***
Ճշմարտությունն է
մերկանդամ մրսում,
ստի քամին է
վերածվել հողմի,
և նույնն է, ավա՜ղ,
ներսում թե դրսում:
Ձեր անցյալներին
Տերը ողորմի,-
ողորմած եղեք`
ազնվությանը
թույլ տվեք խոսի,
որ ես չմնամ
հորում քաոսի:
***
Թե չես գալու, ո՜ւմ դեմ
դուռս բաց պահեմ,
Առանց սիրո սիրտս երբեք չի ծաղկի,
Այս պատուհաս վիշտը հոգիս կձաղկի,
Թե չես գալու, ո՜ւմ դեմ
դուռս բաց պահեմ.
Ա՜խ, թող ինձ պես`
մարդ չկանգնի ցավի դեմ,
Սիրո վիշտը թող ոչ մի սիրտ չճեղքի,
Թե չես գալու, ո՜ւմ դեմ
դուռս բաց պահեմ,
Առանց սիրո` սիրտս երբեք չի ծաղկի:
***
Հայոց Ցավը չի մակարդվում,
Հոսում է գոռ, անդադար,
Ժամանակն էլ ճամփան նրա
Չի պատնեշում դարեդար:
Սակայն մենք միշտ ունեցել ենք
Ադամանդյա հնարներ,
Որ թե ուզենք` կրկին կգան
Մարտնչելու անվեհեր,
Ինչպես եկան 88-ի
Էն օրերին հույժ խառնակ,
Երբ թևում էր Կործանումը
Մեր սրբազան երկնի տակ:
….Միասնությո՛ւն, ընդունեցինք
Ծնունդը քո` անսակարկ,
Ընդունեցինք հպարտությամբ
Եվ հավատով բոցավառ,
Գուրգուրեցինք ծետ ու պետով
Անձնուրաց ու խանդավառ:
Միասնությո՛ւն, զգացինք մենք
Ուժդ, թափը կորովիդ,
Ճանաչեցինք ինքներս մեզ`
Դարձյալ, կրկին, նորովի:
Ուսանեցինք, որ չտրվենք
Երդումներին օտարի,
Մենք մեր գոյի տերը լինենք`
Անվերապահ, անթերի…
Սակայն, ավա՜ղ, մոռացանք քեզ
Ընչաքաղցի մոլուցքով,
Լվացվեցինք` տաք, վշտակեզ,
Մեկս մեկիս արցունքով…
Ինչո՞ւ, ինչո՜ւ չենք հասկանում,
Որ աշխարհում տմարդի
Կարող է լոկ միասնությամբ
Հայն իր Ցավը մակարդի….
***
Օտար ծառին մի ճյուղ եղար,
Օտար առվին խառնված ջուր,
Օտար երկնի հավքը եղար,
Օտար տանը` օջախի հուր:
Օտար արտի հասկը եղար,
Օտար արտում` ուժ ու ավյուն,
Օտար մեկի զովը եղար,
Օտար կյանքը պահող արյուն:
Ես` կորստիդ կրակի մեջ
Փոթոթվում եմ քանի՜ տարի,
Ես` սպասում դառած անվերջ.
Օտարը թող ու տուն արի:
***
Ես` մե՛րթ սլացիկ
բարդենուն նայում,
մե՛րթ էլ դեղձենուն`
ծաղկած, հմայուն,-
և արդ, վկայեմ`
ես ցավ չեմ ապրում
բարդենու համար,
ի՜նչ է թե` երբեք
չի պտղաբերում:
Օ՜, թե դեղձենին
իր ողջ ծաղկունքով
խինդ է ինձ բերում,
ապա բարդենին`
վերին ձգտելու
կամքով է գերում:
***
Տիեզերքում այս`
չէ՛, ոչինչ չկա
անմեռանելի.-
հապա էլ ինչո՜ւ
կյանքս ամպոտեմ
մեռնելու ահից:
Չէ՛, պիտի ապրեմ,
և ապրեմ այնպես,
որ մա՜հս մեռնի
ապրելուս… ահից:
***
Աշխարհից ոչինչ ե՛ս էլ չեմ տանի,
Ի՜նչ եմ թողնելու` մինչ արդ չգիտեմ,
Մեղավոր, մոլոր կանգնած եմ իմ դեմ,
Աշխարհից ոչինչ ե՛ս էլ չեմ տանի.
Եվ օրը վաղվա ինձ հետ ի՜նչ կանի,
Նրան կսիրե՞մ, թե՜ անհուն կատեմ,
Աշխարհից ոչինչ ե՛ս էլ չեմ տանի,
Ի՜նչ եմ թողնելու` մինչ արդ չգիտեմ:
***
Արա՛քս իմ, Արա՛քս,
Ինչո՜ւ ես գնում
Հողն այն արնախում,
Չէ՞ կաթի՜լ-կաթի՜լ
Պիտ կորչես օտար
Ծովի երախում:
Մնա՛, սիրելի՛ս,
Դու այստե՛ղ մնա,
Թող Հայոց համա՜ր
Սերդ ծովանա…
***
Անգթության հանդեսի եմ մասնակից,
Դժբախտության
խառնարանի` ես վկա,
Ո՜վ կլինի անդավաճան ուղեկից,
Երբ որ շուրջս շահից բացի բան չկա:
…Ցանկացաք ինձ
որպես կուլա` փշրել,
Հարվածեցիք, խփում եք դեռ` անխնա,
Անտունի պես` ո՜ւր ասեք չեմ գիշերել,
Այդ ինչպե՜ս է, որ չի
տեսնում ինձ էլ նա…
Չե՜ք հասկանում,
ես նյութից եմ պողպատի,
Վերջ չկա ինձ, վախճան չկա երբևէ,
Աշխարհակալ ցավը
անգամ ինձ պատի`
Միևնույնն է` Ոգիս պիտի արևե….
***
Հա՛յր իմ, քեզանից
Տարիքով վաղուց
Արդեն մեծ եմ, մեծ.
Եվ երբ մեկմեկու
ԱՅԴՏԵՂ հանդիպենք,
Ես ո՞նց դիմեմ քեզ,
Եվ կամ էլ ինձ` դու…