Անպայման հնչում է, իմացնել ու զգացնել է տալիս: Կենցաղում, առօրյա փոխհարաբերություններում դյուրին է կողմնորոշվելը՝ ծիծեռնակները ցածրերում են թռչում, ուրեմն, անձրև պիտի գա, ջերմախտից առաջ սարսուռ է անցնում մարմնով, չափ ու ձև անցած շողոքորթն անպայման մի խարդավանք դյութում է, թերևս նաև պարտք խնդրելու, չվերադարձնելու մտադրությամբ, անսպասելի կամ տևական ժամանակ չհնչած հեռախոսազանգին հետևելու է նույնաբնույթ խնդիրք, այսպես շարունակ…
Կենսափորձով իմաստնացած մարդիկ անմիջապես զանազանում են սպասվելիքը, դեմն առնելու քայլեր ձեռնարկում՝ ճիշտ ժամանակին և տեղին, և հակազդումը բնական է ու խելամիտ:
Շատ ավելի բարդ, խորունկ է երկրի ներքին ու արտաքին հարաբերությունների, քաղաքականության պարագային: Իսկ ինչքան ավելի փորձառու և խելամիտ է ընդհանուր ղեկավարությունը, նույնքան համարժեք են կանխարգելող քայլերը, համապատասխան գործողությունները: Եվ դա՛ է հենց իշխանությունների կարևորագույն խնդիրներից մեկը, հիմնականը:
Կուսակցությունների ինկուբատորային բազմացման հետևանքներով մտահոգ անձինք ժամանակին հիմնավորել, շեշտել են իրենց տագնապը: Ուշադրություն չդարձրին, և ահավասիկ. նորաթուխների շարքերը համալրող մասնատվողների առկայությունը համարյա ամայացրեց քաղաքական դաշտը, քաղաքական շարժում, ներգործություն, կուսակցական առօրյա, հսկողություն, հակադրում և հակազդում կոչվող ըմբռնումները ձևափոխվեցին դեկորատիվ հանրահավաքների, շարունակական ասուլիսների, հանրային ելույթների՝ հար ու նման միմյանց, առանց գաղափարական հստակ հիմքի, առանց նվազագույն իսկ ազդեցության (ուստիև՝ անհեռանկար), լոկ գոյության հավաստում արձանագրող իրողությունների: Էկրանը վերածվեց զրուցող կամ մենախոսող «գլուխների» ցուցապաստառի: Թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր ասպարեզներում: Սեփականաշնորհումների անհամակարգ մարաթոնը, չունկնդրելով ծավալվող ահազանգերը, հանգեցրեց կամայականությունների, տնտեսվարության բազմապատկումների, անհասկանալի փոխհարաբերությունների՝ սեփականաշնորհամետ կամ հակառակ դրսևորումները դարձնելով ածանցյալ ֆոն, հարակից ծափ-ծլնգոց կամ հայհոյանք-բամբասանք: Պատեհապաշտ, քսու, միաժամանակ ինքնասիրահարված «սուբյեկտներին» պաշտոնների կարգելը վթարից վթար է տանում և դեռ տանելո՞ւ է: Ներքին քաղաքականության մեջ է՞լ քանի նմանօրինակ փորձանքներ կարելի է թվարկել. դատավարությունների ռեկորդային ձգձգումներ և ընդհատումներ, բնակչության տարրական սպասարկման խորխորատներ, չվճարվող աշխատավարձերի և նպաստների համապատկերի վրա չմուծվող վարձավճարներին հետևող դաժան միջոցներ… Եվ այլն:
Ներքին խոցերն ու կնճիռները դեռ ոչինչ: Հեշտ է ասելը, այնինչ մեր կյանքից են գնում անպտուղ և կարիքառատ տարիները, և հենց դրանք էլ մեծապես են ազդում մեր արտաքին փոխառնչումների վրա՝ միայն և միայն բացասաբար: Վարժվե՞լ ենք, ընտելացե՞լ, իսկ դրանից աղետաբեր ոչինչ չի լինի ենթադրել: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով չէ, առնվազն դիվիզիա է պետք՝ բոլոր խախտումները թեկուզև սոսկ արձանագրելու համար:
Փորձենք մտնել արտաքին հարաբերությունների մարզ: Ասացեք, խնդրեմ. է՞լ քանի տարի և դարից դար պիտի ձգվի Մինսկի խմբի առաքելությունը, քանի՞-քանի անգամ և աշխարհի է՞լ որ ծայրերում պիտի հանդիպեն երկու նախագահները, է՞լ քանի հին ու նոր անուն պիտի գա տարածաշրջան ու գնա: Չեմ կարծում, թե մեկնումեկը հստակ պատասխան ունի: Ասել, թե նման հիմնախնդիրները մեկ օրում կամ տարում չեն հարթվում, ասել է թե՝ ոչինչ չասել, առավել ևս՝ չանել… Ու մեկ էլ՝ որտեղից որտեղ, ինչպես և ինչի համար, հայ-թրքական հաշտեցման (առնվազն՝ տասը հարցական) երկկողմանի հանձնաժողով, մեկ կողմի անսքող լկտիությամբ, մյուս կողմի աչք ու սիրտ ծակող «պատկերաշարով»: Եվ փառք Բարձրյալին, որ եկածի պես էլ չքվեց անփառունակ-տխրահռչակ խմբակը, այլապես վթարներն անշրջադարձ կլինեին: Իսկ դրա հետ մեկտեղ՝ բաքուներից-ստամբուլներից հնչող սպառնանք ու հոխորտանք: Ասենք, թե դա արվում է զուտ «ներքին գործածության» համար, ընտրություններ են սպասվում այնտեղ: Իսկ եթե ոմն մինբաշի, իր յուզբաշիների գլուխն անցած, այլևայլ գայլերի հետ դաշնակցած, հանկարծ վճռի գործի անցնե՞լ: Ընտրաձայն ժողովելու կամ շատ պարզունակ անասնագողության ու թալանի համար՝ մի՞թե կարևոր է: Այո՛, քանիցս կրկնել են առաջին դեմքերը՝ սուր բարձրացնողը սրից էլ կընկնի, իսկ քանի որ կռվողը զինվորն է, նորանոր մատաղ կյանքե՞ր պիտի զոհ գնան: Բացի դրանից՝ ի՞նչ հիմքի վրա է սարքված այդ հարայը, ի՞նչ ուժ է թիկունք կանգնել ջախջախված, դրոշ ու դիակ մարտի դաշտում թողած բանակներին: Ավելին՝ մարտական պատրաստությունն ու ոգին նախկի՞նն են մեր զորագնդերում… Մեկ անգամ վարած, դաշտ ու այգի հեղեղած ջրի ճանապարհին հուսալի ամբարտակ են կանգնեցնում և ոչ թե բավարարվում ջրի մակարդակի և խորության պարբերական չափումներով:
Հնուց եկած, դարերի մեջ փորձված-ստուգված ճշմարտություններ էին սրանք և ոչ ամենևին առանձին հրապարակագրի կարծիք և ահազանգ:
1 փետրվարի, 2002 թ.,
«Գրական թերթ»
Ռոբերտ Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՄՆ, Լոս Անջելես
Եթե աշխարհում չլիներ Սաքսոնա Գրամմատիկան և չլիներ նաև Շեքսպիր, ապա դարձյալ աշխարհի վրա կլիներ «Համլետ», ապա դարձյալ աշխարհի արգանդից կծնվեր «Համլետը», ապա դարձյալ աշխարհի վրա կկախվեր «լինել, թե՞ չլինելու» առեղծվածը:
Եղե՞լ է «Համլետը»… Կա՞… Կլինի՞…
Պատասխանը չփնտրենք Շեքսպիրի ողբերգության մեջ, այլ մեր` յուրաքանչյուրիս: Մեզանից յուրաքանչյուրը կարող էր լինել «Համլետ»: Կարող է լինել: Կա: Կլինի… Եվ եղավ այդ «Համլետը»: Նա ապրեց մեզ հետ, մեր կողքին, մեր օրերում…
Պատանեկան տարիներից մինչև իր կյանքի վերջը «Դանիայի իշխան Համլետը» միշտ նրա հետ էր, միշտ նրա հավատարիմ, անբաժան ընկերը: Նա «Համլետի» հետ քայլում էր փողոցներով, «Համլետի» հետ մտնում թատրոն, համերգասրահ, սրճարան, մտնում էր խմբագրատուն, հեռուստատեսություն, համալսարան, ամենուր…
Ես նրան, իրոք, միշտ պատկերացրել եմ մեր ժամանակների «Համլետին», որը խղճի ու ճշմարտության ասպետի արժանապատիվ կյանքով ապրեց իր ողջ կյանքը:
Նա իր հետ ծնեց իր «Համլետին», նա իր հետ տարավ իր «Համլետին»՝ ԱՐՄԵՆ ԱՐՇԱՎԻՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, նույն ինքը՝ մեր օրերի «Համլետը»…
…Դու եղար հանրության ակտիվ ներկայացուցիչներից մեկը՝ մշտապես գտնվելով իրադարձությունների կիզակետում: Հատկապես գործունյա և արդյունավետ էր քո գործունեությունն արցախյան շարժման տարիներին՝ «Ղարաբաղ» կոմիտեի առաջին կազմի անդամ, սումգայիթյան ոճրագործությունն իրականացրած ադրբեջանական ելուզակների հանցանքը մերկացնող և ներկայացնող, քաղաքական բանտարկյալների իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար:
Քո քաղաքացիական դիրքորոշումը մշտապես եղել է կայուն, անփոփոխ, անշահախնդիր և արդարամիտ: Քո երկու մասնագիտություններին՝ հրապարակախոսությանը և գեղարվեստական թարգմանությանը նվիրվեցիր ամբողջությամբ, սիրով, մեծագույն պատասխանատվությամբ… Մարդու երևակայությունից դուրս է մնում այն ամենը, երբ թվարկել միայն թարգմանված գրքերի ցանկը: Հեշտ է ասել, երեսունից ավելի ռուս դասական և ժամանակակից հեղինակներ՝ Ալեքսանդր Պուշկին, Ֆեոդոր Դոստոևսկի, Անտոն Չեխով, Ալեքսեյ Կուպրին, Իսահակ Բաբել, Միխայիլ Բուլգակով, Վասիլի Շուկշին, Վասիլի Բելով, Ալեքսանդր Սոլժենիցին, Անատոլի Ռիբակով, Յուլիան Սեմյոնով, Ալեքսեյ Տոլստոյ… և այսպես երեսուն ռուս հանրահայտ գրողներ:
Նա ստեղծեց թարգմանական իր դպրոցը: Չկա նախադեպը, որը կարող էր այդպիսի բեղմնավոր և արգասավոր գործունեություն ծավալել թարգմանության բնագավառում… Ռուս դասական ու ժամանակակից հեղինակների երկերի համարժեք ու հիմնարար թարգմանություն դնել հայ ընթերցողի սեղանին՝ իրոք երևակայությունից դուրս է…
13.000 էջ հաստափոր հատորներ թարգմանել անառարկելի բարձրարվեստ ու հարուստ բառամթերքով, ամենախստապահանջ ընթերցողին լիարժեք բավարարելու ամենաբարձր պահանջով, իրոք երևակայությունից դուրս է…
Եվ, այդ բոլորը մի կարճ կյանքի ընթացքում…
Աշխարհի ճանաչման հարցը Արմեն Հովհաննիսյանի համար միշտ էլ եղել է բացահայտման ու միջանցիկ գործողությունների մի շղթա, այն կարմիր ու կարևոր թելը իր ապրած ողջ կյանքի ընթացքում… Զայրույթը խեղդում էր տաղանդավոր հային, թե ինչպես թուրքական լոբիզմը առաջընթաց էր արձանագրում ամենուր… Արմեն Հովհաննիսյանի հզոր գրիչը դարձյալ չէր խոնարհվում Անկարայի ու Բաքվի ծրագրերի իրականացման խնդրում: Բլոկադայի էր ենթարկվում մի ողջ պետություն: Հայ ժողովուրդը զրկվում էր դրսից ցորեն ու բենզին ներկրելու հնարավորությունից: Իսկ աշխարհի հզորները աչքերը փակել էին…
Դու տեսար անարդար աշխարհի դեմքը, այս աշխարհի ուժեղների անտարբեր վերաբերմունքը քո փոքրիկ երկրի նկատմամբ… Դու, ամեն անգամ երբ գնում էիր Ղարաբաղ, գնում էիր մարդկանց հույս ներշնչելու համար, հավատ ներշնչելու համար, ու համոզված էիր, որ արդարությունը գալու է, որ քո զինվորը անպայման հաղթելու է…
Դա քո նորօրյա աղոթքն էր ու երազանքը…
Մեծ հումանիստի՝ Արմեն Հովհաննիսյանի աչքի առաջ ժապավենի նման անցնում էին քսաներորդ դարի վերջի լարված իրադարձությունները, բայց նրա հոգսը Հայաստանն ու Ղարաբաղն էր, արյունաքամ և ուժասպառ եղած Սպիտակն ու Գյումրին, տագնապալի ժամանակներ ապրող իր երկիրը, իր ժողովուրդը, իր Հայաստանը…
Այս ինչ անարդար ժամանակներ են… Դա քո տառապանքն էր… Դա քո նորօրյա բողոքն ու ողբերգությունն էր…