ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԵՐ՝ ՍԻՐԵՐԳՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱՆԻ

Տիեզերական սեր

Այսօր ընթերցողի գրասեղանին է Սամվել Մարգարյանի սիրային ստեղծագործությունների ընտրանին՝ «Տիեզերական սեր» գիրքը, որտեղ զետեղված են հեղինակի լավագույն ստեղծագործությունները՝ գրված վերջին տասնամյակներին: Գիրքը եզրափակվում է «Տիեզերական սեր» բանաստեղծությունների նոր շարքով, որը աչքի է ընկնում հարուստ բովանդակությամբ, հետաքրքիր, թարմ ասելիքով:
«Տիեզերական սեր» գրքում բանաստեղծը նոր ուժգնությամբ է հնչեցնում սիրո քնարը, փառաբանում մարդկային հոգիները, սրտերը, երկինքն ու երկիրը, տիեզերական մարմինները շաղկապող սերը: Նա հույսով ու հավատով, վառ երազանքներով է դիտում տիեզերական հեռաստանները և համոզված է, որ տիեզերքում ապրում են աստվածատուր տաղանդով օժտված բանական մարդիկ, արարածներ: Տիեզերքում է բնակվում աստղային, հավերժական Սերը, որը գալիքում մի օր գալու է Երկիր մոլորակ և փրկելու է մարդկանց ախտերից ու աղետներից.
Դու կգաս սրտերը ցավերից փրկելու,//Աշխարհի վերքերը բուժելու դու կգաս,//Դու կգաս աշխարհի գարունը փրկելու,//Օ՜, հրաշք աստղուհի. Աստղային իմ երազ…
Առաջին սիրո զգացմունքներն անմոռաց են և անթառամ, դրանք լուսավորում են բանաստեղծի հոգին: Ահա ինչու բանաստեղծը բազմաթիվ գողտրիկ ստեղծագործություններ է նվիրել առաջին սիրուն: Այդ առումով հատկանշական է «Դու իմ առաջին կապույտ ներշնչանք» շարքը:
«Տիեզերական սեր» ժողովածուն ծայրեծայր սեր է՝ ցավագին կամ երանավետ, մաքուր կամ ցոփ, երազուն կամ իրապաշտ, բայց երգված անբռնազբոսիկ:
«Նյութն ուղղակի բանաստեղծի հոգուց է բխում: Սիրային ստեղծագործություններում և՛ ապրվածի անկեղծ խոստովանանքն ու ջերմությունը կա, և՛ չապրվածի անբաղդատելի թախիծը՝ բանաստեղծական մտածման ու ձևի հաճելի համադրության մեջ»,- գրքի առաջաբանում գրել է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը:
Շիրակցիներս, իրավամբ, կարող ենք հպարտանալ, որ հանձին Սամվել Մարգարյանի, այսօր ունենք շնորհաշատ մի բանաստեղծ, որը շարունակում և հարստացնում է մեր սիրերգակ մեծ բանաստեղծների ստեղծագործական գեղեցիկ ավանդույթները:

Թամարա ՄԵԼԻՔՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։