– Կաղա՛նդ Պապ, կներես, որ զրույցը հեռահար է, երևի գիտես ինչու:
– Հիմա ամեն ինչն է հեռահար:
– Ամեն ինչը` ի՞նչը:
– Սիրելը, ատելը, քնելը, ուտելը, մի խոսքով, ամեն ինչը:
– Հո կորոնավիուսով չե՞ս վարակվել: Թեստ հանձնե՞լ ես: Որ Հայաստան մտար, թեստավորելու են, պատասխանը դրական եղավ, մինչև հին Նոր տարի մեկուսացնելու են: Առանց առաքելությունդ կատարելու վերադառնալու ես:
– Դրական չի լինի:
– Ի՞նչ գիտես:
– Պինդ եմ, առողջ եմ, եռանդով լիքը:
– Էդ վարակն առանց ախտանիշների էլ է լինում: Դու էլ, տարիքդ հաշվի առնելով, ռիսկի խմբում ես ու հնարավոր է…
– Ի՞նչ ես ակնարկում…
– Ընդամենը, որ դիմակը չմոռանաս:
– Ուրիշ թեմա չունե՞ս:
– Ասացիր՝ աշխարհում հիմա ամեն ինչ հեռահար է:
– Էլի եմ ասում:
– Բա ո՞նց է, թուրքերն այնքան մոտեցան Արցախին, որ նույնիսկ հայերը տեղ-տեղ ստիպված էին նահանջել:
– Ասածս նախիրին չէր վերաբերում:
– Խոսքս թուրքերի մասին է:
– Հա,՛ էլի…
– Որ նախիր են, ինչո՞ւ աշխարհում տասնյակ ազդեցիկ նախրապաններից ոչ մեկը չփորձեց նախիրը ետ քշել:
– Երբեմն նախիրն ու նախրապանը նույն ջուրն են խմում: Նախրապանները զգուշանում են, որ նախիրը հանկարծ ջուրը չպղտորի:
– Բայց գոռում-գոռգոռում էին, որ նախիրը ետ կանգնի:
– Մինչև մահակը ձեռքդ չառնես, գոռալով անասունի վրա չես ազդի:
– Բայց ոչ մեկը մահակ չվերցրեց:
– Որ իրենց ընդհանուր ջուրը չպղտորվի: Խոսքս ընդհանուր շահի մասին է:
– Արդարություն չկա՞:
– Քաղաքականության մեջ արդարությունն ընդամենը վիճակախաղ է:
– Որ վիճակախաղ է, ո՞նց է, որ ամեն անգամ շահողները նույնն են:
– Քաղաքական վիճակախաղում շահում է, ով ուժեղ է:
– Բա թույլերը…
– Խաղում են, որ ուժեղները հաղթեն:
– Չեղավ, Կաղա՛նդ Պապ… Նախրի դեմը չառնես՝ սրբություն չի թողնի:
– Դեմն առնելու ուրիշ ձև էլի կա:
– Ո՞նց:
– Առաջը շատ խոտ պիտի լցնես, ոնց որ ռուսներն արեցին:
– Ռուսները մեր հողերը տվեցին:
– Ռուսների համար մեր հողերը միշտ էլ խոտ են եղել:
– Թուրքերի ախորժակը փուչիկի պես ինչքան փչես, մեծանում է… Սյունիք են ուզում, Սևանում լողանալ են ուզում:
– Ճիշտ է, որ փուչիկն ինչքան փչես` կմեծանա, բայց չափն անցար` պայթում է:
– Դրանց փուչիկն իրենց կաշվի պես պինդ է:
– Ամեն ինչի չափն անցար, ի վերջո պայթում է:
– Ենթադրո՞ւմ ես, թե՞ հավատում, որ դրանց փուչիկն էլ է պայթելու:
– Իմ խոսքը խոսք է:
– Երանի շուտ պայթեր:
– Վռազողի կինը տղա չի բերում:
– Պա՛պ, երևի այս տարի քեզ համար էլ լավ չլինի: Ամեն ինչ խառնվել է իրար, Ամանորի լույսերի փոխարեն ամենուր անորոշության լամպերն են, ժողովուրդը բաժանվել է սպիտակների ու սևերի, հայրենասերների ու դավաճանների, կեսը վարչապետի հրաժարականն է պահանջում, կեսը պաշտպանում է վարչապետին, ընկճախտը մառախուղի պես իջել, մարդկանց աչքերից խլել է ապագայի լույսը: Զոհվածներ, անհետ կորածներ, գերիներ…
– Չշարունակես:
– Հրապարակում էլ տոնածառ չի լինելու: Այնպես որ, այս տարի երևի չգաս, ոչ մեկը տոնի ու ուրախության տրամադրություն չունի:
– Բա երեխանե՞րը: Պետք չէ մեծերի ձախողումները երեխաների ուսերին բարդել: Ոչ մեկն րավունք չունի երեխաներից խլել իրենց ուրախությունը: Միայն նրանց երջանկություն պարգևելով է հնարավոր նահանջ տարվա նահանջը կանգնեցնել: Պայծառատես չեմ, բայց վստահ եմ՝ պատմությունը չի կրկնվելու ազերիների ու թուրքերի սցենարով:
– Լավատես ես, Պա՛պ… Ո՞ր հայը չէր ուզի Հայաստանը հուսահատության ու աշխարհի հոգսերից ազատված տեսնել:
– Էլի կրկնե՞մ, որ վռազողի կինը տղա չի բերում: Քո սերունդը հնարավոր է չտեսնի, բայց պահն այնքան էլ հեռու չէ, երբ ազերիների ու թուրքերի աստղը կմարի, և չարիքի կայսրությունը կկործանվի:
– Էդ ո՞նց, Պա՛պ, ի՞նչ գիտես, որ մենք չգիտենք:
– Չարենցն է ասել, որ հայերի փրկությունը իրենց հավաքական ուժի մեջ է:
– Կարդացե՞լ ես:
– Բոլորին էլ կարդում եմ, նույնիսկ սկսնակներին: Պիտի համախմբվել, պիտի զինվել, պիտի հզորանալ: Նվնվոցով առաջ չես գնա, հուսահատությունը հաղթանակի դրոշ չի լինի: Պիտի ապավինել սեփական ուժերին ու Աստծո շնորհած առաքելությանը:
– Նույնը ասում ենք, կրկնում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում:
– Առանց հավատի՝ խոսքը քամի է: Պիտի գործել արածիդ նկատմամբ հավատ ունենալով, ոչ թե լույսի առաջն ընկնել, այլ՝ լույսի հետևից գնալ, որ ստվերները չխանգարեն: Գուցե ձեր սերնդի համար դժվար լինի, շատերն ընչաքաղցությունն ու ագահությունը երկրորդ մաշկ են դարձրել, բայց երեխաները կհասցնեն հայի երազանքն իրականություն դարձնել: Այնպես որ, գալու եմ և երեխաներին ուրախություն ու հավատ եմ բերելու:
– Իմանաս, ո՛նց եմ ուզում, Պա՛պ, որ հրապարակում տոնածառի փոխարեն քո լավատեսությունը երեխաներին իր շուրջը հավաքի:
– Մի՛ ուզիր, հավատա: Ամեն ինչ առջևում է… Մինչ հանդիպում:
Զրուցեց Սամվել ԿՈՍՅԱՆԸ
ՀԵՌԱՀԱՐ ԶՐՈՒՅՑ ԿԱՂԱՆԴ ՊԱՊԻ ՀԵՏ, ՏԱՐԵՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ / Սամվել ԿՈՍՅԱՆ
