Սև ու սգավոր տարի եղավ 2020-ը:
Քովիդն իր հերթին, աշնանից՝ պատերազմն իր հերթին, այդ ընթացքում պետական քարոզչության անհասկանալի, սնամեջ պարծենկոտությամբ ժողովրդին խաբելը, թե՝ հաջողությամբ ետ ենք մղում թշնամուն, այնինչ հազարներով մատաղ կյանքեր էին զոհասեղանին մատաղվում՝ անօրինակ սխրանքներով, բայց… ապարդյուն: Անըմբռնելի մի ձեռնածությամբ ամոթալի պարտությունն ընդունելն իր հերթին, տարածքների կորուստ, հարյուրավոր գերիներ, անհայտ կորածներ և անտերունչ տառապանք… Ո՞րն ասես: Սեպտեմբերի 27-ից ի վեր, ամեն օր, ամեն ժամ՝ կարկուտի պես տեղատարափ բոթ, գույժ, տագնապ, վիշտ, արցունք:
Այս ամենը բացահայտեց մեր երբևէ չերևացած, դեռ չգիտակցված ԵՍ-ի նոր դրսևորումներ ու կողմեր: Շատերը, նրանց թվում՝ մտերիմներ և նույնիսկ հարազատներ ու արյունակիցներ, հանկարծ հառնեցին իրենց հոգու և գիտակցության ողջ մերկությամբ՝ լավ ու վատ որակներով, որոնց մասին գուցե չէինք էլ իմանա և գիտակցի՝ մինչև մեր մահն ու Վերին դատաստանը, եթե չլիներ այս արհավիրքը:
Ցավալին այն է, որ մինչև այժմ չգիտակցված և համաժողովրդական աղետի ցնցումից միայն ի դերև եկած մեր նորորակ ինքնությունը, երևակվեց սև ու սպիտակի (չշփոթել Նիկոլի գունաբաժանման հետ) հակընդդեմ կողմերում: Ազգն ալեկոծվեց այնպես, ինչպես խորտակվող նավի երկու կողերի ալիքներն են միմյանց բախվում: Այդ բախումից առաջացել է ամենակուլ մի ջրապտույտ, որից եթե չխուսափենք, կործանվելու ենք: Ժողովուրդը դեռ մաքառում է՝ հենված տապալված կայմին, նավապետը կառչել է ղեկից՝ իրեն փրկելու հույսով, երկնակամարում ուղեցույց աստղեր չեն երևում, և աղմկալից այս քաոսում վերարթնանում է Քերթողահոր հոգի ծվատող Ողբը՝ սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախվում է ունայն կյանքի համար, ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում… առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ… Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած…
Մինչդեռ, քաղաքական հողմերն ավելի են արագացնում ջրապտույտի ուժը:
Վերջին հույսով աչքներս հառել ենք փրկօղակ նետողի: Միրաժով երևացող փրկօղակի վրա մե՛կ պարսկերեն, մե՛կ անգլերեն, մե՛կ ռուսերեն գրեր են երևում, հուսահատության մեջ մոռացնել տալով մերը՝ ամենափրկիչ Մեսրոպյանը:
Հուսով եմ, որ եկող տարում կսկսենք սերտել հայոց այբուբենը: