ԱՐԹՆԱՑԵՔ ԿՈՐՍՏԻ ԹՄԲԻՐԻՑ, ՎԱՂՆ ՈՒՇ Է ԼԻՆԵԼՈՒ…
Հուսահատությունը մեզ չի փրկի, բաց արեք ձեր միտքն ու հոգին, 420 հազար քառակուսի կիլոմետր տարածք կորցնելուց հետո հայը պետք է վերանար երկրի երեսից, բայց նա ապրում է և շարունակելու է ապրել: Մեր ընդհանրական ազգային անպատասխանատվության արդյունքում կանգնեցինք հերթական կորստի առաջ: Բանակը զինելու փոխարեն ի՞նչ արեցին երկրի պատասխանատու այրերը, օր ու մեջ թշնամու դիպուկահարները մի երիտասարդի դիակ էին ուղարկում՝ մեզ սթափեցնելու համար, բայց ո՞վ էր մտածում այդ մասին, կարծես աշխարհի վերջն էր, անձնական հարստություն էին միայն կուտակում… ՄԵՆՔ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆՔ դուրս գալու 44-օրյա ազգակործան աղետի ջլատումներից: Այո՛, անսպասելի էր այն ամենը, ինչ կատարվեց հայոց ազգի հետ, արթնացե՛ք ցավի, կորուստների, դավաճանությունների, մանկամիտ բերանբացությունների, հայրենասիրության կոչերի տակ աթոռներ որոնողների, ազգի ողնաշարը ջարդել փորձողների, երեսուն արծաթով ծախվածների, լրատվական լաց ու կոծերի, ազգային արժանապատվությունը գետնով տվողների տհաճ մրցավազքից ու հուսահատ թմբիրից, որ ազգովի վերականգնենք և համախմբենք մեր ուժերը՝ նոր դիմադրությունների, զոհվածների, անհետ կորածների, հաշմանդամների մայրերին ու նոր սերնդին պարտվողականության անելանելիության մեջ չթողնելու վճռականությամբ: Պատերազմը ավեր է, նախապատրաստվել է պետք ամեն օր, բանակից գողանալն ու սեփական դղյակներ հյուսելը ազգի այսօրվա պարտությունն է… Ազգը քանի՞ անգամ կարող է գենոցիդի ենթարկվել ու մնալ անհաղորդ իր պաշտպանությանը, էլ ի՜նչ լեզվով ասեմ, հայոց ազգ… Առաջնորդներդ էլ պիտի ազգային մտածողության հզորներ լինեն, ոչ թե գերտերությունների կամակատարներ, արժեք է ՀԱՅՐԵՆԻՔԸ, այդ զգացողության տերերն ընկան մարտի դաշտում հաղթանակ տանողի կամքով ու հպարտությամբ, մտածելով, որ հայրենիքը պաշտպանում են արյունով, իսկ արյան դոնորներն անկազմակերպ ու անմիաբան էին… Ինչևէ, մեր հոգևոր անհուսությունը մեր մահն է, մի՛ վերադարձրեք 1915 թվականի ազգովի մեռնելու հոգեբանությունը, թշնամին հենց դրան է ձգտում իր լրտեսների միջոցով, որոնք վխտում են մեր շուրջբոլորը… Սթափվենք, նոր սխալներ չգործենք, մեր առջև գերտերությունների հզոր բանակներ են կանգնած իրենց պետությունների ապագա շահերի համար, վտանգը որսի է ելել մեր դեմ, մեր շատ կարևոր տարածքի դեմ, թուրքը Իգդիրը լցրել է զորքով, աչքներդ բաց արեք, Սևրի պայմանագիրն է առջևում՝ թուրքական պետության մահը, թշնամին չի քնում, իսկ դուք այս ի՞նչ ենք անում: Այս պատերազմում պարտվեցինք բոլորս ու թե հաղթանակ տանեինք, բոլորով էինք տանելու: Համախմբվելու փոխարեն այս ի՞նչ ներքին ատելություն է, ո՞ւր է գիտակից հայը, ո՞վ է մեր փրկության երաշխավորը, ոչ ոք թուրքի ճանապարհը չփակեց… Այս զինադադարը մեզ վերականգնվելու հնարավորություն է տալիս, ոչ թե թիկունքն էլ պարտության մատնելու: Ավերակների վրա ինչպե՞ս եք թագավորելու, գահի՛ մուրացկաններ, արթնացեք, խելքի բերեք երկիրը, ու թե բան կլինի բաժանելու՝ նոր սերնդին ապրելու ճար արեք, հետո կբաժանեք: Աշխարհը ոչ մեկին չի մնացել ու չի մնալու: