*
Ցեղասպանություն ապրած ժողովուրդը հարկ է իմանա՝ այսօրվա աշխարհը առանձնապես չի փոխվել, ավաղ, թուրքը մնում է նույն թուրքը։
Հայն էլ նույն միամիտ հայն է, որին չգիտես ինչու այլազգիները խորամանկ են կոչում։ Ռուսն էլ նույնն է, նա իր պատմությունը չի մոռանում, եթե թուրքը Օսմանյան կայսրությունն է հիշում, նա էլ՝ Ռուսականը։ Սա է ճշգրիտ ռազմաքաղաքական ժամացույցը և մեր ժամը, ապագան դուրս չէ դրանից։
*
Հայերը, ինչպես և որոշ ժողովուրդներ, չեն սիրում լսել դառը ճշմարտությունը, նրանց գայթակղում են գեղեցիկ սուտը, դյութիչ առասպելը և բարի ավարտով հեքիաթը։
*
Արդյո՞ք մենք մեզ ճանաչում ենք այնքան, որքան մեր թշնամիները։
Արդյո՞ք մեր թշնամիներին ճանաչում ենք այնքան, որքան իրենք իրենց։
Հավատա՞նք, որ հայի վերջին խելքը զիջում է ուրիշի սկզբի խելքին։
Հավատա՞նք, որ մենք աշխարհ կոչվածի վերաբերմունքից հուսահատվում ենք անընդհատ, քանզի ապրում ենք սին հույսերով, իսկ աշխարհը՝ պարզ իրականությամբ։
*
Ասվում է՝ դիվանագիտությունը հնարովի արվեստ է, արվեստի հնարավորություններն էլ՝ անսահման։
Ավաղ, մեզանում երբեմն բախտորոշ դիվանագիտությամբ զբաղվում են արվեստագետները՝ շփոթելով արվեստն ու դիվանագիտությունը։ Պարզվում է՝ դիվանագիտությունը իսկապես գիտություն է։
*
Իշխանությունները երբ վախենան ժողովրդին ժամանակին ասել ճշմարտությունը, կգրանցվի իրենց և ժողովրդի պարտությունը։
Պարտությունը հաղթահարելու ճանապարհը՝ ճանաչել թշնամու նենգության, բարեկամի սիրո սահմանները և, ամենակարևորը, ինչպես ասվել է մարդկանց համար, այդպես էլ ժողովրդի՝ ճանաչենք ինքներս մեզ։
*
Ժողովուրդները լարի վրայով քայլող լարախաղացի են նման, մե՛կ կարող է ընկնեն ամբոխավարության վիհը, մե՛կ թռչեն ազգ կոչվելու երկինք։
*
Երանի պետությունները մարդկանց պես սիրեն իրար։ Նրանք հարաբերվում են քարտեզի վրա ունեցած տարածքի, բյուջեի, զինանոցի հզորության և խմբակային ռազմաքաղաքական ուժի չափով։ Մարդկային որևէ հուզականություն հատուկ չէ նրանց։
*
Ցավալի է խոստովանել՝ մեր պետության խորհրդարանական կառավարությունը պարտվեց ավտորիտար, գիշատիչ լծակներ և ժամանակակից նոր տեխնիկական զինանոց օգտագործող երկու պետությունների։
Մեզանում մեկը մյուսին հավասարակշռող պետական ուժերն իրար ջլատեցին, հիմնականում բավարարվեցին իրենց թույլ իշխանությամբ։ Պատերազմի եզրին գտնվող պետությունը իրեն պահեց չարաճճի մանուկի պես՝ գլխավոր հրամանատարն իր վրա վերցրեց պարտության ողջ պատասխանատվությունը, մյուս պատասխանատուներն էլ պիտի խոստովանեն իրենց մեղքերը և այդ չափով խիզախեն որոշելու իրենց ապագան։
*
Պարադոքս է, այս դառը պատմության մեջ մեր կողմից միակ հաղթողը մեր զինվորն է, ոչ՝ բանակը, հաղթականը զինվորի ոգին էր, ոչ՝ ռազմական մարտավարությունը։ Տե՛ր, ողորմյա մեր զոհերին, փառք ընկածներին և ներկա ու ապագա մեր բանակին։