Հայաստան
Ընթածիրը քո մի՞թե վերջացավ,
Անցավ երկինքը քո գլխից արդեն.
Դեմ է առել քեզ մի ստերջացավ,
Ծավոտ լեռներդ մաշվե՜լ ու հա՜րթ են։
Հուսահատությունն՝ իբրև յաթաղան,
Տաղանդը մտքիդ կտրում է փերթ-փերթ,
Երթդ կանգնել է, ու ներկադ դաղված
Թախանձում է քեզ, կաղկանձում՝ վրե՛ժ,
Որ սպանվում են հպարտությո՛ւն, սե՛ր,
Սերտաճած լքման ցավին, որ փուչ է,
Ու չեղավ մեկը, որ շուրթ չքսեր
Զեռացող ստի աղին քարկճեղ:
Արդեն սառչում է արևդ թեքված,
Ճեղքված լեռներդ մաշվե՜լ ու հա՜րթ են,
Բայց մայրերդ դեռ վառում են կանթեղ՝
Անթեղելու քո լույսը, որ ե՛տ գաս,
Ե՛տ գաս կասկածից, Կասկածից մահեղ:
Հայաստան
Էս անկուշտները չոքել են բկիդ՝
Հոգիդ հանեցին, հողերդ կերան,
Աստված մեր հոգին սրանցից փրկի,
Քամեցին կյանքդ երակ առ երակ,
Կարկուտ բերեցին ածուիդ վրա,
Ու պանդուխտներդ գնացին, չեկան,
Կորցրել ես դու և՛ հույս, և՛ հավատ.
Չրթում են սերմդ, խժռում են հատ-հատ:
Հայաստան
Ես կամաց-կամաց մոռանում եմ քեզ.
Երևի ես էլ պիտի հեռանամ
Դաշտերն անանուն, քո հողը գրկեմ
Ու մնամ այդպես ու այդպես մնամ
Երկինքների տակ, որ տեղյակ չեղան
Իմ վերջանալուն:
Բայց ջանալու եմ,
Դեռ ջանալու եմ,
Որ դարձյալ չելնես դու զոհասեղան,
Չգնաս-կորչես ոտի տակ նրանց,
Ովքեր քո որդուն տանում են սահման՝
Կրակի բերան՝
Քեզ խլխլելով,
Քեզ թալանելով նրանից մաս-մաս։
Հայաստան
Մարդը չփոխվեց, ու տիեզերքն էլ
Դեռ պտտվում է առանցքի շուրջն իր,
Սերը, միմիայն սերն է քո զենքը,
Որ պիտի հյուսես մարդու անուրջին
Հյուլերով Լեզվիդ՝ յոթ լուսատարի
Մեզանից հեռու, ուր ձայնդ՝ երգող,
Պատճառ կդառնա կյանքի ու սիրո՝
Աստղերի վրա՝ մեկ-մեկ ու հերթով։
Հայաստան
Տե՛ր, ազատի՛ր
Հայաստանն անարժաններից,
Որ մենք գրո՛վ մեր ապրենք, որը հենց քոնն է,
Որ փորձության օրերի տխուր ժամերին
Չմարմրեն մեր վերջին հույսերը գոնե:
Տե՛ր, Հայաստանն ազատի՛ր դրուժաններից,
Խուժանից ու բիրտ ուժից, գույժից ու տույժից,
Եվ տուր հնար, որ հայի սահմանն այնտեղ լինի, ուր
Նրա հոգին է հիմա աստանդական ու տխուր։
Հայաստան
Դանդաղ հոգնում են իմ հոգու երկրում
Աշխատանք,
Տաղանդ ու Զոհաբերում,
Արնաքամվում է հոգին լուռ Մարդու
Եվ Հույսը, Հույսը էլ չի համբերում,
Թե դարձյալ քեզ տեր կկանգնենք, Երկի՛ր՝
Կհեգենք Խոսքը քո Անվերջացած,
Որ պիտի դարձյա՛լ անողոք հերքի
Հուսահատության ամեն ստերջացավ։
Հայաստան
Երազանքներիդ վե՛րջ տուր,
Հայաստա՛ն,
Ժամն է, գաղտնագեն զե՛նքդ ստեղծիր
Եվ վարիչներիդ, որ մոլախտ, հուսատ՝
Քեզ լոկ խոսքեր են ստում երգեցիկ,
Ցո՛ւյց տուր հայացքդ՝ փայլով սուր-բահի,
Ե՛տ առ նրանցից ոսկե թագ ու խույր
Եվ հուսավառման մի խրոխտ պահի,
Որքան էլ լինի արևդ տխուր,
Ա՛ռ արշալույսի թուրը ճակատիդ
Ու ձեռքդ թո՛ւրն առ քո Դավթի կրկին,
Մինչև որ տերը երկինքը քանդի
Նրանց գլխին, որ տրվել են կրքին
Սպանելու, ստի։
Հայաստան
Վաղուց երկիրն իմ լույս է անթեղում
Ու ապրում՝ որպես Աստծո մի գավառ,
Ո՜ւր էր, թե նրա ավիշը բեղուն
Հավատն հասցներ աստղին միգավառ։
Նա քավարան է ընդհանուր հոգու,
Ու աստղաճամփի հուժկու թիավար,
Աղոթքն այստեղ միշտ ճամփա է հոգում
Դեպի Շրջածիր ու դեպի Հավատ։
Այստեղ փթթում է անեզրական վարդ՝
Բույրով եդեմի, գույնով կենսադեղ,
Այստեղ մեռնում են և՛ մահ, և՛ ավարտ,
Անմահանում են՝ ապրելով այստեղ: