ԱՂՈԹՔԻ ԲԵԿՈՐՆԵՐ
ՀԱՆՈՒՆ ՀՈՐ
(օր երրորդ)
Օրը օրին անընդմեջ թեժ կռիվներ են:
Օրը օրին լարված հետևում ենք լուրերին.
Բոլորիս սիրտը Արցախի
թիրախավորված սիրտն է…
Երանի նրան, ով կռվելու պիտանի է:
Երանի նրան, ով զինվոր է ծնել:
Երանի նրան, ում արյունն առողջ է և
զինվորին արժանի…
Երանի…
Օրը երեկո է դառնում.-
Հողի մշակն ու շինականը, աշխատավորն ու
գործավորը խաղաղ օրերին վաստակած իր
տունն է գնում այս ժամին,
Իսկ իմ երկրում կռիվը շարունակվում է… և
հոգնել չկա.-
Տե՜ր Աստված, հոգնեցրու մեր թշնամուն իր
խելագար մոլուցքից,
Նրա վայրագ ախորժակին ոսկոր նետելու պես
իր խելագար առաջնորդին ու նրա
կապովի գիժ եղբորը նետիր՝
թող իրենք իրենց հոշոտեն…
սելջուկը՝ սելջուկին – ջոկ-ջոկ… մինչև
աշխարհի երեսից վերանան…
Իսկ իմ անդադար եղբայրներին ու որդիներին՝
Վաստակած ու հաղթած տուն բեր…
Որ նախ՝ ծաղիկներով բարուրենք մեր՝
արդեն անմահացած հերոսների
մարմինները, որ հրաժեշտի տաք արտասուքով
ջրենք նրանց մի բաժին հողը՝
էն մեեեծ ազատագրածից, ու որպես նշխար
պահ տանք նրանց մեր մայր հողին…
Եվ հետո…
Հետո միասին շենացնենք մեր ամբողջացած
ու միատանիք երկիրը Հայաստան,
Որի հողը՝ ընդարձակ ու ազատ. – այն, որ
մերն է եղել ի սկզբանե,
Մերը մնա մինչև աշխարհի ու
ժամանակների Քո սահմանած
անվախճանական բոլորումը…
և դրանից էլ անդին…
ԵՎ ՈՐԴՎՈ
(օր տասնմեկերորդ)
Ես բոլորից քիչ իրավունք ունեմ
մխիթարելու ընկած քաջերի մայրերին.-
Աղոթում եմ նրանց սրտի ամեն տրոփի
համար, և նրանց ծնած զավակները՝
բոլորինը անխտիր, իմն են, ի՛մը նաև…
Իմ սրտի մեջ դարձյալ մարտնչում են նրանք՝
հանուն իրենց արդե՛ն հաղթանակած լույսի,
Հանուն էն մեծ Սիրո, որ աշխարհում Արցախ
ծաղկի նորից հզոր Մե՛ր Հայրենիք…
Ես բոլորից էլ քիչ իրավունքը ունեմ…
Բայց ես ունեմ հզոր այդ Սերը մեծ,
Ու հենց այդ մեծ սիրով ես հայրերի առաջ
ծունկի պիտի իջնեմ ու աղոթեմ.
Ձեր որդիները մեր հույսի դուռն են բացել,
երկինքներից հիմա սաստում են մեզ.-
Մեր արցունքից հողում վարդեր պիտի աճեն՝
զրահապատ վարդեր ու վահաններ…
Ես բոլորից քիչ իրավունք ունեմ
մի ակնթարթ անգամ սասանելու.-
Զավակներիս հզոր ոգո՛վ, կամքո՛վ, զարկո՛վ,
Հաղթանակով՝ հաղթա՛ծ, հաղթո՛ղն ենք լինելու:
ԵՎ ՀՈԳՎՈՒՅՆ ՍՐԲՈ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ…
(օր տասներեքերորդ)
Տե՜ր Աստված, հաստատուն պահիր Հայոց
միասնական աշխարհիս սյուները,
Զորավորիր հայոց բանակս ու ամեն
հայորդու, որ սիրտն է հայրենիքիս.
Տե՛ր, ամենայն ժամ եղիր մեզ հետ
քո պահապան հրեշտակների զորքով –
Ամենուր՝ սահմանի՛ն թե՛ թիկունքում,
զորավիգ եղիր հայիս.
Պատժի՛ր չարիքի խելագար
առաջնորդներին, խորտակիր
նրանց զինվորներին ու վարձկաններին,-
Սա Քո լույսի որդիների սրբազան
պատերազմն է խավարի դեմ.
Հզորացրու իմ Արցախն ու Հայաստանը,
հեռու վանիր չարին, որ բոլոր դևերից դև է.
Կործանիր նրան վերջնականապես և
հաստատիր մեր եռագույնը՝
Սիրո ու հավատի, խելքի ու կամքի, մտքի ու
բազկի միասնությամբ զորացնելով մեզ.
Զենքերով՝ դիպուկ ու խոսքով՝ հաստատ,
կարգելով մեզ այս աշխարհի չարիքի և
կեղծիքի դեմ Քո վեմը հիմնավոր.
Եվ թող մեր բաղձալի հաղթանակով
Քո փառքը հաստատվի մեր աշխարհում
ու տարածվի ազգերին ամեն տեղ…
ԱՂՈԹՔԻՑ ԱՆԴԻՆ
1.
Բառերս քարեր են… մխիթարելու
բառեր չկան:
Քարերը կուլ եմ տալիս, որ խեղդվեմ…
Կներես ինձ, լո՜ւյս տղա, որ
քեզ բաժին հասավ էս պատերազմը՝
պարտադրված չարի զենքով ու զորքով…
Դու իմ հերո՛ս տղա,
ների՛ր ինձ, որ էդ բաժինդ իմը չեղավ…
ների՛ր, որ մորդ բաժինն էլ իմը չէ,
ամոթից կծկվել եմ…
իմ բաժինն էլ էս քարերն են, որ
ամեն ժամ կուլ եմ տալիս…
2.
Հուսալքությունը մե՛ղք է,
մեր կենսակորով վատնումներն՝ աններելի.
Արդար վրեժի մեջ զգայարանները
զսպվում են…
«Լեղի՞ կխմեք, կոկորդիլո՞ս կուտեք,
այդ ես էլ կանեմ…»…
Բայց մեր ոգու ուժը շա՛տ ավելին է.
ՄԵՆՔ հաղթելու ենք
տիեզերական չափումներով,
քանի որ սա
տիեզերական պատերազմ է՝
Հանուն լույսի՛, լույսը պղծող խավարի՛ դեմ.
Կեղծիքների դուռը պիտի փակվի հիմա՛
Մեր հիմնավո՛ր Հաղթանակո՛վ…
3.
Քեզ ինչքան էլ խոնարհվեմ՝ քիչ է, սրբազա՛ն
հող իմ հայրենի…
Իմ հերոսները քեզ պահեցին կյանք տալով,
իմ քույրերի ու եղբայրների զավակները
խառնվեցին քեզ.
Դու այն թանկն ես, որ
Աստծո երկնքի տակ ունեմ…
Դո՛ւ, որ Աստծո բնակության համար
բաց ես միշտ եղել, ամենաբացը
էս փակ աշխարհում…
Քեզ ուխտավորներիս՝ թեթև ու
պաշտպաններիդ ամուր ոտնահետքերն են
գուրգուրել՝ քո դաշտերի խոտերին ու
քո ժայռերին համբույրի պես դրոշմվելով…
Բայց քեզ տրորելու և պղծելու՝ միշտ աչքը
քեզ տնկած, նաև քո վերևի երկի՛նքն է ջանում
գողանալ քոչվոր թշնամին,
որի համար հողն ու փոշին մեկ է,
և փոշո՛ւց է ինքը՝ ուրեմնև փո՛շի պիտի դառնա…
Իմ սուրբ ու տառապած,
իմ արևախարկ ու արգասաբեր հող,
արցունքներովս հիմա լվանամ
ու փխրեցնեմ կոշտերդ,
որ կոկորդումս քարերի վերածված՝
կուլ տված բառերի նման լցվել են որովայնս
ու ծանրացնում են քայլս…
Խրվում եմ քո մեջ ծանրությունից…
Դիմացիր…
Դեռ թող՝ կոշտերդ արցունքներովս ջրդեղեմ…
ՏԵՐՈՒՆԱԿԱՆ
Հայր մեր, հայրաբար տեր եղիր իմ ազգին…
Աշխարհի շահն ու չքմեղությունն
այսօր էլ՝ ինչպես երեկ, իրար համազոր են,
ինչպես որ մեր թշնամու կեղծիքն ու
նենգությունն են համազոր,
Տե՛ր, նայիր իմ զինվորներին,
նրանց ազնիվ ու գեղեցիկ կերպարներին,
նրանց բարձր ճակատներին ու
վսեմ հայացքներին՝
հավատով ու սիրով լեցուն…
Ահա՛ Քո որդիները, Տե՜ր,
պաշտպանիր նրանց հատուկ՝ մեկ առ մեկ,
և հանուն նրանց ների՛ր ու փրկիր նաև
իմ ամբողջ ազգին, նաև՝ մեղքակիր,
իմ երկիրը մեծ՝ Արցախ Հայաստան…
Տե՜ր, ջլատող է այս պատերազմը, որ
միայն սովորական զենքի ու զորքի դեմ չէ,
այլ՝ աներևույթ դիվական սարքերի՝
հավերժական հուդայի մտքով կառավարվող…
Արդեն անհաշվելի օր ու գիշեր
պայթում են դրանք երկնքից՝
խաթարելով Քո կապույտ խաղաղությունը…
Տե՜ր, խաղաղություն հաստատիր մեր երկնքում
և Քո ամենազոր աջով
պահիր ու պահպանիր իմ երկիրն ու
հայոց սրբություններս այդ երկնքի տակ՝
հավիտյան…