Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆԱշնան առաջին տաքուպաղ օրերի մեջ մտովի ամբարում եմ լիաբեռն ու բարի իմ ամառը, որ Տիրոջ կենդանագիր պատկերով՝ Դաստառակով լուսագծված Միջերկրյածովյա պտույտ էր. նախ՝ Պոեզիայի միջազգային փառատոնն էր Ջենովայում (որտեղ գտնվող ս. Բարդուղիմեոս հայկական եկեղեցում սրբորեն պահպանվում է այն), ապա Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոնի» (որ Դաստառակի ճակատագրի և խորհրդի պատումն է) շնորհանդեսն էր Բեյրութում: Եվ ոչինչ պատահական չէ՝ Ջենովայի փառատոնը առիթ էր՝ Ցեղասպանության զանգերը հայերեն բանաստեղծություններով հնչեցնելու, իսկ Լիբանանի հայկական գաղութում ուղղակի անկարելի էր լինել Ցեղասպանության թեմայից դուրս: Զուգահեռ՝ անցած տարի լույս տեսած «Մի ճամպրուկ ճակատագիր» արձակ ժողովածուիս մի տեսակ չհայտարարված շնորհանդեսը եղավ Բեյրութում: Բանաստեղծություններիս նոր գիրքն է այլևս համբերահատ սպասում լույս աշխարհ գալուն, սպառնալով անընդհատ շարունակվել՝ ընդհուպ մինչև հրատարակության վերջին երկվայրկյանը:
Օրերս լույս կտեսնի գիտական մենագրությունս՝ «Փիլիսոփայական և գեղագիտական միտքը 13-14-րդ դդ. հայ քերականության մեկնություններում»: Բառացիորեն այս օրերին նաև ավարտեցի մի սքանչելի ուղեգրության փոխադրությունն արևմտահայերենից՝ անգլիացի արձակագիր Ֆիլիպ Մարսդընի «Հանդիպման վայրը»:
Ի լրումն՝ ասեմ, որ սիրով սպասում եմ մեր մշակութային կյանքի պայծառ մի իրադարձության՝ «Գրական տապանի» ամենամյա մեկնարկին՝ գրական բարեկամության, գաղափարների և բանավեճերի տոնին:
Գրական և գիտական, ահա, այսպիսի ընթացքը, սակայն, դարձյալ ամեն ինչ չի կլանում: Քաղաքական լրագրությամբ չզբաղվելու որոշումս պարբերաբար խախտելով՝ երբեք չեմ կարողանա ապրել ինքնին ստեղծագործական կյանքով, և ինչ էլ լինի, կշարունակեմ ժամանակի վիշապին զոհ մատուցելու պես մտքիս խորախորքերը մղել զուտ գրական տեքստերը, որովհետև մտածումներ կան, որ իրենց ժանրն են պահանջում՝ առնվազն քաղաքական սարկազմ կամ հրապարակախոսություն:
Անհնար է, որ իրականությունն արհամարհելով՝ մեկուսանաս քո գրի հետ, որովհետև Բառը կխզի մտերմությունը: Եվ ուրեմն՝ մտքիս հարահոսի մեջ պայթող պատկերներն են՝ հայոց սահմաններին մոտեցած մահահոտ պատերազմը, հայկական առանցքի շուրջ պտտվող աշխարհաքաղաքական (և հատկապես՝ թուրք-քուրդ-ռուսական) զարգացումների անկռահելի քմայքները, սահմանադրական փոփոխությունների պարտադրանքի ստվերը, Հայաստան երկրի ապագան դառնատեսիլ սպառնալիքի տակ դրած, այլևս փախեփախի նմանվող արտագաղթը, մի բուռ ապազգային օրիշխանների հիվանդագին անկշտության հետևանքով հույսի ու հացի կարոտ մնացած մեծամասնության ՝ այլևս միայն Աստծուն ապավինելը, ընդհանրապես Երկրագնդի ճակատագիրը…
Իրականության հետ այս և այլ առերեսումներն են, երևի, որ այլացվելով արտացոլվում են գրի մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։