Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

 

ԼՈՒՅՍԻ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ
1.
Գիշեր է`
երկիրս գլուխը դրել է
արճճե բարձին…
իմ հիշողության սերմնացանները
պոռնկաբարո այս պատերազմի
սերմերն են տանում`
գցելու հողին
անմարդաբնակ խղճի տարածքի…

2.
Գիշեր է`
հրանոթները երկինք են նետում
նզովք արճճե,
ու դավերն ամուլ այրվում,
մոխրանում են
բիբլիացեղ հողին,
ուր ժամանակը, հիշատակության իր
տարածքներին,
մի գեղեցիկ օր
(ես հաստատ գիտեմ)
կռիվ կունենա
Ապաշխարության Նորոգումի հետ…

3.
Գիշեր է`
երկիրս գլուխը դրել է
արնոտ երախին,
տղերքն ընկնում են հերոսի մահով,
տղերքը, որ ծաղիկ էին,
երազ էին, խինդ…
Ու տաք է այնքան Մահ Իմացյալի
շապիկը նորից` այնքան բաղձալի,
որ հավերժության սառած բիբերում
արևներ հագած մի խենթ պատանի
ձեռքը պարզել է, որ նորից բռնի
բոլոր գույները ծիածանների…

4.
Գիշեր է`
Երկիրս գլուխը դրել է լեռ
քարի մի չոր,
ու սխրանքներից ծաղկել են նորից
քունքերը նրա…
Վաղը պատմության
դասագրքերը կխմբագրեն
էջերով բոսոր,
վաղը կշողամ ցնծության ժամին`
իբրև Հաղթության բարձունքից պոկված լույսի ծնծղա…

***
Կմտապահեմ ես պատերազմն այս
ձեր սխրանքների մեծ կտավներին,
որ ներկում էիք կյանքերով վառման
արշալույսների մահ-թերթիկներին…
Ձեր աչքերից թռած աղավնիներին
կպահեմ հոգու իմ տանիքի տակ
ու կկերակրեմ ամեն առավոտ
այն տաք հիշողությամբ,
որ դաղձի բույրով մի օր քսվել էր
ձեր հագի փոշոտ կամուֆլյաժներին…
Կմտապահեմ ես պատերազմն այս
իմ հպարտության
մեծ վիտրաժներին…

***
Ինձ տվեք ձեր ձեռքերը`
որ դրանցով ջնարակեմ
գրադե գիշերներում
թափառող շշունջներն
անաստված Աստծո
ու պահեմ աչքերիս կանաչ բների մեջ,
որ ամեն օր ծաղկեք իմ
տաք երգերում…
Ինձ տվեք ձեր ձեռքերը,
որ ծոցումս քարացած ելևէջների մեջ
ես պահեմ անեղծ վառոդաբույրն այն,
որով օծեցիք այս պատերազմի
մարմինը ստերջ,
որ այս դժոխքը
մի քիչ աստվածանա…
Ինձ տվեք ձեր ձեռքերը,
որ սեղմեմ կոկորդումս
սառած-մնացած
լեռքարե ցավն այն,
որ հավաքեցի մայրերի ծոցերից
ես այս առավոտ,
երբ ձեր անունները փողփողում էին
իմ բախտի վրա…
Ինձ տվեք ձեր ձեռքերը,
որ գրկեմ դրանցով ձեր
կյանքերն հմա,
որ հագցրեցիք դուք մատնեմատին
իմ խաղաղության`
իբրև ադամանդ…

***
…Սակայն, ո´վ Աստված,
սա իմ երկիրն է`
իր բախտի դուռը
այս երազախաբ տանդեմի դիմաց
նորից լայն բացած,
քշվա՜ծ, օտարվա՜ծ
երկնային բոլոր հաճություններից,
լռությունների սուրսայր դաշույնով
երիցս խոցված…
…Սա իմ երկի՛րն է`
աշխարհը Արցախ,
որ ազատության
պատերազմն այս նոր
մի օր կստիպի աշխարհին պատմել
ինքնափրկումի խաչե բարբառով
ու արյամբ ներկված օրհասի ժամին
կգահավիժի Աստծո աչքերից
հավերժաբնակ իր հերոսների
նոր սխրանքներով…

***
Այն առավոտ, լույսի մի հին
կայարանում,
երբ դու քնած էիր սիրո
տաքուկ կրծքին,
երազներդ հանկարծ դարձան
հրե պատում,
ու արնահոտ բերեց մի
մոլորված քամի…

Ու մի լլկված մոլուցք` հողին քո
սրբազան
փռեց պատերազմի
հեշտանքները կարմիր,
ու ծփացին նորից
որդիներդ հազար,
որդիներդ` քամած
սխրանքների գինին…

Ու դաշտերից քո լույս,
արշալույսի միջով
Եկան, բազկիդ իջան հերոսները
փառքի,
ու քո կամքը` փակ դուռ,
հին ու գաղտնախորհուրդ,
բացվեց, որ աշխարհը
նորից ապշի…

…Մի առավոտ,
լույսի զնգուն կայարանում,
երբ շեփորվեն նորից մանուկներդ
բյուր-բյուր
երանաբույր հողիդ խաղաղությամբ,
ես իմ ղողանջները
կհասցնեմ Աստծուն`
ծածանելով ճամփիս
Մահերն Իմացյալ`
անուն առ անուն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.