Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ
Այստեղ իմ ցեղի սերմերն են պահվում՝
Որպես վաստակի քրտնակաթիլներ,
Սերունդներն այստեղ միշտ հողն են բահում
Այն ազնվությամբ, որ մոր կաթինն է։

Երբ աստվածները նոր էին բարն ու
Բանը արտոնում մեզ՝ որպես ընծա,
Իմ ցեղն իր ամեն, ամեն բարբառում՝
Որպես հաց՝ Տիրոջ ձեռքերով հնձած,

Իր խոսք ու գիրն էր արդեն ամբարում
Եվ ուներ արդեն պատմության հնձան՝
Ծնունդից ի մահ, մահից համբառնում,
Ու կյանքի՛,
կյանքի՛,
կյանքի՛
համառում։

ՀԱՅԱՍՏԱՆ

Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ (ազդականչ` Երկաթ) Մինասյանին

Փուշ ու տատասկ՝ քո սրտի մեջ.
Ու մի փամփուշտ, կենտ մի փամփուշտ,
Քեզ լուր բերեց քո տղերքից
Լուռ, տարաժամ ժամի մի ուշ,
Թե ախպերդ դաշտում կռվի
Աչքը փակել ու մահի դեմ
Սիրտը բացած՝ մինչև Քռի
Սահման ափն է հասել արդեն
Իր սև ձիով, որ Արտաշես
Թագավորին արծիվ եղավ
Մի անգամ, երբ
Խորամանկել ուզեց նրան
Կեռ թշնամին
Անարդարերթ։

ՀԱՅԱՍՏԱՆ
Այստեղ նոր խոսքը
Մոռացնել չի տալիս նախորդը,
Որովհետև այստեղ ձայնն է ապրելու նշանը,
Ու լռությունը՝ մահվան։
Այստեղ միշտ ավելի ուժեղ ցավը
Մոռացնել է տվել ավելի թույլը,
Ու նոր վերքն է եղել ապրելու նշանը։

ՀԱՅԱՍՏԱՆ
Երգասությունն է մնում լեզվից լոկ,
Ինչպես մարդկանցից՝ հին ճամփաներին
Երևի միայն հոգիներ, որոնք
Չունեն այլևս կարիքը բառի,
Որոնք Ճամփորդի հավակնորդներ են,
Ճանապարհների հովանավորներ,
Որոնք մի կյանքում ճանապարհող են,
Իսկ մյուս կյանքում՝ դիմավորողներ…

ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանով է ճանապարհն անցել
Երկնքից Երկիր,
Երբ Աստված մարդուն կյանքն արեց շնորհ
Ու տվեց նրան երազը Ցանքի և ուժը Հերկի
Ու Գիտելիքին դարձրեց Հաղորդ:
Մարդը բավիղում իր անփակ Վերքի
Դեռ դեգերում է աշխարհում Անբան,
Բայց Գիրն հուշում է, որ Երկրից Երկինք
Հայաստանո՛վ է
Ետդարձի
Ճամփան։

ՀԱՅԱՍՏԱՆ
Վարքն ապրողի դեռ հեռու է, ավա՜ղ,
Ննջեցյալների կյանքից անավարտ,
Բայց հայրենիքն իմ, Երկնքից կախված,
Դեռ պատանում է
Հոգի ու Հավատ:
Աշխարհը վաղո՜ւց դարձել է ավարտ,
Մի՛ մոռացիր, որ դու միշտ քո տանն ես,
Երկինքը վաղո՜ւց, վաղո՜ւց էր ավար,
Ուր էլ որ գնաս,
Միշտ Հայաստա՛ն է։

ՀԱՅԱՍՏԱՆ
Ես մտածում եմ մեն-մի Հայաստան՝
Տանս չափ, բոլո՛ր հայերի համար,
Համառ օրենքով, երկնքով վստահ,
Ստահակվածի խոհերից ազատ,
Տանիքների տակ՝ առնական ուսեր,
Ու սեր մանկածին, տիեզրի Նորմարդ,
Արդարության հետ նաև արու սեր՝
Ուսելու համար գրերը հուսատ։
Ուսելու համար գրերը հուսատ
Ես մտածում եմ մեն-մի Հայաստան,
Ստահակվածի խոսքերից ազատ,
Տանս չափ, բոլո՛ր ազգերի համար…

ՀԱՅԱՍՏԱՆ
Քո զավակները՝
Լեռներդ, դեռ կան,
Դեռ ո՛չ մի, ո՛չ մի
Քայլ չեն ընկրկել,
Նրանց պարն, ինչպես
Պատումդ երկար,
Տիեզերքն է ողջ
Ուզում ընդգրկել
Ու կրքից ազատ,
Գրքերիդ ճամփով
Քեզ փրկե՜լ,
Փրկե՜լ։
Քո զավակները՝
Լեռներդ, դեռ կան,
Քեզ, որպես մանուկ,
Բարուրել են ու
Գրկե՜լ են,
Գրկե՜լ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.