Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Մեղրիի միջանցքի
բացումը՝ Թուրքիայի ծավալապաշտական ծրագրի սկիզբ
Մենք այս պատերազմում ծանր պարտություն կրեցինք, ինչի պատճառները բազմաթիվ էին՝ հիմնական և երկրորդական: Առաջին հայացքից կարող է թվալ, թե հաղթանակած թշնամիները հասան իրենց նպատակին, բայց դա այդպես չէ: Ադրբեջանի նպատակն էր ետ գրավել «իր կորցրած տարածքները», լիովին հայաթափել Արցախը, վերաբնակեցնել թուրքերով: Սակայն լուրջ առավելության հասնելով՝ որոշեցին իրականացնել նաև իրենց համաթյուրքական վաղեմի երազանքը, այն է՝ ճանապարհ բացել Սյունիքով, Նախիջևանով միանալ Ադրբեջանին, այնուհետև` Միջին Ասիա և Չինաստանի հյուսիս: Դա Թուրքիայի դարավոր հեքիաթային երազանքն է, ինչին խանգարում են հայերը: Սակայն այդ ծրագրերը դեռևս լիովին չեն իրականացվել, քանի որ մեր հարևան Ռուսաստանն էլ ուներ իր ծրագիրը, և նրան ձեռք չէր տալիս Արցախի վերջնական հայաթափումն ու թրքացումը:
Եվ, ահա, բացահայտ ռազմական գործողություններով իր նպատակին չհասնելով՝ Թուրքիան չհրաժարվեց իր զավթողական ծրագրերից: Նա անմիջապես փոխեց իր մարտավարությունը՝ առայժմ խաղաղ ճանապարհով ներթափանցել Հայաստանի Հանրապետության տարածք, ստեղծել «տնտեսական և բարեկամական հարաբերություններ», գրավել տնտեսությունն ու ներքին շուկան և խաղաղ ճանապարհով գրավել երկիրը: Ասենք, որ թուրքերն ունեն այդ փորձը: Եթե մի 10-15 տարի առաջ վրացիներին ասեիր այդ վտանգի մասին, բնակչության գերակշիռ մասին չէիր կարող համոզել, որ աստիճանաբար տնտեսական կախվածության մեջ ընկնելով Թուրքիայից՝ կարող է դառնալ նրա մի վիլայեթը: Եվ քանի որ դրա իրականացմանը նպաստում էին նրանց իշխանավորները, հետևաբար վտանգը կանխազգող փոքրամասնությունները չէին կարող կանխել այն: Արդյունքում այսօր վրաց ժողովուրդը կանգնած է այդ վտանգի առջև և եթե չգիտակցեն ու չպայքարեն, Թուրքիան կհասնի իր նպատակին:
Հիմա նույն վտանգի առջև կանգնած ենք մենք, քանի որ մեր իշխանությունները նույնպես, գիտակցաբար թե անգիտակցաբար, գնում են նույն ճանապարհով: Մեղրիով միջանցքի բացումը, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը և մնացած մի շարք սուտ բարեկամ-հարևանական հարաբերությունների հաստատումը մեզ ևս տանելու են նույն ճանապարհով, ինչ վրացիներին: Սակայն մեր վիճակն ավելի դաժան ու ցավալի է լինելու, քանի որ մեր ֆիզիկական գոյությունը թուրքերի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում՝ կորցրած Հայրենիքը վերադարձնելու անհրաժեշտություն ունենք: Դա լավ է գիտակցում նաև թուրքը՝ տեսնելով, որ իր գործած հակամարդկային հանցագործությունից հարյուր տարի հետո էլ հայերը չեն մոռանում այն, և քանի դեռ հավաքական հայություն գոյություն ունի, պետք է ձգտի վերականգնել իր կորուստը: Այդ պատճառով էլ, եթե վրացիներին «ոչնչացնելու է» տնտեսապես ու բարոյապես, ապա մեզ՝ ֆիզիկապես: Դրա հստակ ապացույցն է քառասունչորսօրյա վերջին պատերազմը, որի ընթացքում անմարդկային դաժանությամբ խախտվեցին ընդունված բոլոր միջազգային նորմերը՝ օգտագործվելով ՄԱԿ-ի կողմից արգելված զինատեսակներ, հրթիռակոծելով, ռմբակոծելով ու հրետակոծելով ոչ միայն ռազմական ամրություններն ու մարտական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, սպանելով ոչ միայն զինվորներին, այլև կտրելով անպաշտպան ծերունիների, կանանց ու երեխաների գլուխները: Եվ հրադադար հաստատելուց հետո էլ շարունակում են ոտնձգությունները հայկական բնակավայրերի նկատմամբ, ավերում իրենց անցած տարածքների եկեղեցիներն ու պատմական հուշարձանները՝ աշխատելով ջնջել հայկական հետքը, ինչպես արեցին Նախիջևանում:
Այս ամենը շատ պարզ ու տեսանելի է, սակայն մեր իշխանությունները կարծես չեն գիտակցում կամ, որ ավելի վատ է, գիտակցում են, բայց ազգային շահերին ծառայելու փոխարեն, ծառայում են ինչ-որ ուժերի ու իրականացնում նրանց ծրագրերը: Մանկապարտեզի երեխայի համար էլ պարզ է, թե ով է թուրքը: Այդ մասին արտահայտվել են ոչ միայն հայ մեծերը, այլև բազմաթիվ այլազգի մտավորականներ:
Ով չի հասկանում, որ թուրքերը հերթական խորամանկ խաղն են ուզում խաղալ մեզ հետ՝ աշխատելով ցանկացած եղանակով ներթափանցել հանրապետության տարածք, ոտքներին տեղ անել, որպեսզի հետո հեշտ լինի նաև քայլ անել, ապա՝ քայլեր: Չնայած հայ իշխանավորներից շատերը չեն գիտակցում կամ իրենց չհասկացողի տեղ են դնում, բայց ով չգիտի, որ եթե թուրքին ճանապարհ տանք Մեղրիով, իսկ մեզ համար բացվի Նախիջևանով անցնող երկաթուղին, նրանք հանգիստ անցուդարձ են անելու, իսկ մեր գնացքները քարկոծվելու են այնտեղի թուրք բնակչության կողմից, անիրական դարձնելու երթևեկությունը: Չէ՞ որ մեր գնացքները դեռևս խորհրդային ժամանակներում չէին կարողանում անվտանգ անցնել այդ տեղով: Պարզ է նաև, որ Սյունիք թափանցելով՝ թուրքերի ախորժակը բացվելու է: Նրանք հստակ նպատակ ունեն և երբեք չեն հրաժարվի «Ալթայների վրա արշավելու» ծրագրից: Նրանք միշտ պատրաստ են լինելու առաջին իսկ անհրաժեշտության դեպքում Սյունիքը կտրել ՀՀ բուն տարածքից և լայնացնել իրենց ճանապարհը:
Չգիտես ինչու, մեր թշնամիները միշտ համառորեն հետապնդում են իրենց նպատակներին, իսկ մենք անընդհատ մոռանում ենք, որ թշնամին երբեք բարեկամ չի դառնա, եթե մեզ հետ տարածքային կամ այլ խնդիրներ ունի: Ինչպե՞ս կարող է թուրքը, որը գազանաբար ոչնչացրել է մի ժողովրդի, տիրել նրա պատմական Հայրենիքին ու ազգային հարստություններին, հանկարծ բարեկամ դառնալ: Կամ ինչպես կարող է թուրքի կողմից ցեղասպանված ժողովուրդը նրան իրեն բարեկամ համարել: Իսկ մեր իշխանությունները համառորեն աշխատում են իրականացնել թշնամի թուրքի ու մյուսների ազգային շահերին համապատասխանող միջոցառումները:
Մի կառավարություն, որի համար թուրքը կարող է հայ ազգի բարեկամը լինել, ապազգային է և իրավունք չունի առաջնորդելու այդ ազգին:
Հատկապես, որ երեսուն տարվա ընթացքում, հասկանալի պատճառներով, մի սերունդ է դաստիարակվել, որի մեծամասնության համար ազգային մտածողությունը ծիծաղելի ու «քյարթու» հասկացողություն է: Ինչպես առաջին, մեծ առաջնորդն է ասել՝ հայրենասիրությունը նրանց համար կեղծ կատեգորիա է:
Ալիս
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանը՝ մեր այս փոքրիկ, բայց չքնաղ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ունի՞ մի մարզ, որ դարպաս չլինի, և ո՞րն է այդ մարզը: Երևի միայն Կոտայքի մարզն է, որ սահմանակից չէ մեր նախկին կամ ներկայիս թշնամիներին:
Դեռ ոչինչ, որ բոլոր կողմերում դարպասներ ունենք, դեռ մի պահ մոռանանք, որ դրանց վրա պետք է անվերջ չթուլացնենք մեր զգոնությունը, դեռ մի կողմ դնենք այն հարցը, թե ո՞վ է պահպանում մեր հարավային սահմանը, ո՞վ է հիմա Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնում, բայց մեր ամենաանպաշտպան տարածքը այժմ մեր սիրտն է և մեր պահվածքը: Այո՛, դեռ մի քայլ անգամ չարած, մենք անհաջողություն ենք կրում մեր կարևոր որոշումներն իրականություն դարձնելու ճամփին: Հենց այս պահին մեր ամբողջ ունեցած-չունեցածը, մեր ներսն ու դուրսը փռել ենք աշխարհի «սուփրային»… Մեր բոլոր բարեկամներն ու թշնամիները գիտեն մեր անատոմիան, մեր քրոնիկ և նոր զարգացող հիվանդությունները, մեր անցյալն ու ներկան… Մենք չենք զլանում աշխարհին հայտնել մեր ապագայի բոլոր ծրագրերը՝ դեռ ծրագիր չդարձած… 2019-ին հայտարարում էինք, որ 2020 թվականին կառուցելու ենք Արցախը Հայաստանին միացնող երրորդ ճանապարհը՝ Կապանից Հադրութ (150 կմ): Նույն 2019-ին հայտարարում էինք, որ էնպիսի զենքերի վրա ենք աշխատում, որ…
Այո՛, մեր հիվանդություններից ամենատխուրը բերանբացությունն է: Աշխարհում հիմա ոչ ոք չգիտի, թե 44-օրյա պատերազմում որքան մարդկային, տեխնիկայի և այլ կարգի կորուստներ կրեցին մեր թշնամիներն ու վարձկանները, իսկ մենք ամեն օր դեռ նորանոր անուններ ու կորուստներ ենք հրապարակում: Մեր ընդդիմադիրները՝ իրենց «ռեկվիզիտի ու աքսեսուարների» ողջ շքեղությամբ, ամեն օր զեկուցում են աշխարհին, թե մենք քանի դավաճան, քանի մեծ ու մանր սրիկա ունենք հանրապետությունում, քանի գրոշ արժի մեր մեծավորների ու փոքրավորների արտասանած յուրաքանչյուր խոսքը, ով քանի օր կդիմանա և ինչին, հանգիստ խղճով ու անմեղսունակի կերպարանքով շեշտադրում են, թե ո՛ր ամսին հարձակվի թշնամին. գուցե օ՞րն էլ ասեն, որ հանկարծ չսխալվի:
Չէ՛, մենք հազվագյուտ ազգ ենք…
Իսկ Սյունիքը, այո՛, մեր դարպասներից մեկն է ու ոչ միայն մեր… Մեր պատմության ամենահերոսական էջերից շատերը հենց այս դարպասի մասին են գրված: Րաֆֆին իր դիտարկումներից մեկում Կապանի մասին այսպես է խոսում. «Դարերով պատերազմելով ժամանակի և թշնամու բարբարոս ձեռքերի հետ՝ այդ ամրությունները դեռ պահպանել էին իրանց վեհությունը: Բայց նրանց բերանից լսում էր Բեկը մի խուլ բողոք, մի դառն նախատինք… «Մենք,- ասում էին այդ ավերակները, շատ անգամ պահեցինք ձեզ, շատ անգամ պահպանեցինք թշնամու հարվածներից, իսկ դուք այնքան թույլ գտնվեցաք, որ մեզ պահել չկարողացաք…»:
Կապանի յոթ բերդ-կողպեքներն ի՞նչ իմանային, որ այսօր վտանգված են նաև մեր օդային դարպասները…
Ժամանակն է, որ մեր խելքը, մեր որոշումները, մեր ծրագրերը ընդհատակ անցնեն և մնան յոթ կողպեքի տակ, ինչպես անում էին «Նեմեսիս»-ը և «ԱՍԱԼԱ»-ն, մեր բերաններին էլ կողպեք դնենք: Խոսենք միայն այն ժամանակ, երբ մարդակերից հազիվ մինչև մարդասպան հասած մեր դրացին ընդունակ դառնա հասկանալու մարդկային լեզուն:
ՆԱՆԵ
Հայրենի հողը չի կարող միայն մարզ լինել, անգամ՝ դարպաս կամ թիկունք. Հայրենիքը շոշափելիից ավելին է՝ հոգևոր ու կենդանի, սրտի պես տրոփող: Իսկ կենդանի էակն ամբողջություն է, ու նրան վտանգելը, էլ չասած՝ մասնատելն անպայման ցավոտ է՝ որ մասն էլ լինի:
Եվ Սյունիքն ամեն բանից առաջ նախ Հայրենիք է, դժբախտաբար, այսօր, այնուամենայնիվ, դարպաս դարձած… Կորուստների արդյունքում մենք վաղուց ենք արդեն շագրենու կաշվի պես կծկվել ու փոքրացել հող ու ժողովրդով, իսկ հիմա հասել ենք նրան, որ ոչ միայն Սյունիքը, այլև Հայաստանում գրեթե ամեն մարզ է դարպաս դարձել և այն էլ՝ կրնկի վրա բաց…
Որովհետև ինչ-որ մեկը եկավ, ո՛չ, ցավոք, ինքներս բերեցինք, եկավ ու ասաց՝ եթե չես եղել այնտեղ, ուրեմն ինչի՞դ է պետք, ասաց՝ դժգույն ու դժբախտ քաղաք… Իսկ եվրոպաներում, ամերիկաներում գիտե՞ք` ինչեր կան…
Ու եթե քաղաքը պետք չէ, գյուղերի մասին խոսելն արդեն ավելորդ է, խոտ ու թփի, քար ու կոշտի մասին՝ ավելորդ ու ավելորդ: Քանի՞ անգամ ես, ա՛յ, այն լեռը բարձրացել՝ ո՞չ մի. դե ուրեմն, տեսնենք ի՞նչ խելառ կգտնենք, որ եվրոպաներից, ամերիկաներից, շուք ու փայլից բան չի հասկանում ու տեր կկանգնի…
Եվ ուրեմն, եկեք զարմանանք, թե Ռուսաստանը, անապատային, տափաստանային երկրները, որ անծայրածիր «ավելորդ», ոտք չկպած և ուրեմն դժբախտից էլ դժբախտ, դժգույնից էլ դժգույն հողեր ունեն, «Էստի համեցեք» կանչելու փոխարեն, ինչո՞ւ են այլոց սահմաններին անկշտում ու ագահ հառված պահ որսում՝ իրենց բաժին պոկելու համար:
«Ինչի՞դ է պետք…». ահա այդպես ասվեց ու բաշխվեց մեր թանկը, հարազատը. բաշխվեց՝ աչքը մեր ունեցածին ու վերջին շնչին պահած դարավոր ոսոխին:
Եթե չես եղել այնտեղ…
Արևմտյան Հայաստանում քչերն են եղել, Լեռան ձյունոտ լանջերին միայն հայացքի կարոտով ու ջերմությամբ ենք փարվել, բայց երազով ենք ապրում, հարմար պահի, դարձի սպասումով: Էրգրի կորուստը չի մոռացվում, որովհետև հատված անդամի պես ամեն պահ նվվում է մեր հոգիների խորքերում… Արցախյան պատերազմների մասնակիցներից շատերն Արցախում չէին եղել, բայց շտապեցին օր առաջ հասնել ու իրենց կռիվը, անգամ կյանքը տալ, որովհետև հողի հետ մի էին հոգով, ու հողը կանչում էր, որովհետև հայրենի հողը հարազատ է, էլ չասած՝ հազարամյակներով, միշտ քոնը եղած, Բարձրյալի կողմից նվիրված հողը:
Եվ հողն իհարկե նաև տարածք է և որքան մեծ ու լայնարձակ, այնքան ավելի ապահով և ամուր: Ու լեռները, մե՛ր լեռները լեռ չեն միայն, բանակներ են, պահապաններ, թաքստոցներ, մոր ապահով գիրկ:
«Ձեզանից քանի՞սն է եղել…». այս և այլ գինեսյան ռեկորդի արժանի անհեթեթ հարցերի և հայտարարությունների մեջ խճճված՝ ազգովի փորձում ենք խելոք պատասխաններ գտնել, բացատրել, ձևակերպել. խելահեղվում ենք, մեզ պատեպատ տալիս, անզորությունից մեկմեկու դեմ չարանում, մինչդեռ ընդամենը պետք է…