Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Գագիկ ԴԱՎԹՅԱՆՎԱՍՆ ԼՈՒՅՍԻ
ԵՎ ԽԱՂԱՂ ԴԱՐԵՐԻ
Տե՛ր,
քաղցր պահիր աչքդ մեզ վրա,
դավանավորն ենք մենք քո հավատի,
Տե՛ր,
յուղ մի քսիր սրտին այսապաշտ
և զարմը վատի հատիր արմատից…

Հալածիր, Գթա՛ծ,
տեղատարափը ցավ ու վշտերի,
քողը խավարի ու շուքը մահվան
երկնքից վանիր,
խափանիր, Արդա՛ր,
կորստյան խորհուրդն ամբարիշտների
և թունոտ լեզուն
կպցրու քիմքին ամբարտավանի…

Հսկիր ոճրարար մտքերը նրանց
և նրանց հանդեպ եղիր աններում,
խճճիր, Վերի՛ն, ոտքերը նրանց
իրենց հորինած որոգայթներում
և զորությունը ցուցանիր նրանց
քո տերունական հրաշք մականի,

Տե՛ր,
այնպես արա, որ ցնդեն հավետ
աղբյուրները մեր ողբ ու կականի…

Տե՛ր, բարի գիշեր,
խաղաղ գիշեր ենք ուզում քեզանից,
որ վտակները մեր երազների
խառնվեն իրար ու դառնան գետեր,
որ խորշակահար տոհմածառը մեր
ընձյուղ տա կրկին ափունքին նրանց,
և ընձյուղներին
մշտնջենական Լույսը բողբոջի
գիշերվա մեջ, Տե՛ր,
Լույսը խափանված,
Լույսը վիրավոր ու սմբակահար,
Լույսը որպես գիր
ու որպես աղոթք ու որպես ցորյան,
Լույսը որպես սեր,
Լույսը որպես խիղճ ու որպես մանուկ,
և ուզում ենք, որ անվրդով լինի
առավոտը մեր հանապազօրյա…

Տե՛ր,
բերկրություն տուր մեզ այնքան տարի,
որքան աշխարհում տեսել ենք չարիք,
տուր Խաղաղություն մեզ այնքան դարեր,
որքան աշխարհում Լույս ենք արարել:

Ա՜Խ, ԻՄ ԱՎԱԳՆԵՐ, Ա՜Խ, ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐ…

Ա՜խ, իմ միամիտ, իմ հավատավոր,
ա՜խ, իմ հեռավոր, մերձավոր պապեր…

Ա՜խ, քանի անգամ, քանի հելուզակ,
քանի՜ – քանիսիդ աչքերն են կապել,
քանի՜ – քանիսն են
սնախոսությամբ անառաքինի
մեր հացը լափել,
քանի՜ – քանիսն են
հավատարմության սուտ երդումներով
մեր գինին ըմպել,
սակայն թիկունքն են ցույց տվել իրենց,
երբ մեր երկինքն է մի փոքր ամպել…

Ա՜խ, քանի՜ – քանի թշվառականի
փառքով ու պատվով իր տունն եք ճամփել,
քանի անզորի, քանի հզորի
փրկության համար նժույգ եք թամբել,
և քանի՜ – քանի
օտարականի ծվատող ցավով
քանի գիշեր եք անքուն տառապել,
քանի կեղծավոր դրացու համար
քանի օվկիանոս արյուն եք թափել,
իսկ նրանք անգամ մեզ չեն ճանաչել,
չեն էլ հառաչել,
երբ շառաչել է մեր գլխից վերև
հողմը մահաբեր…

Ա՜խ, իմ միամիտ, մանկամիտ պապեր,
իմ հեռավորներ, իմ մերձավորներ,
ա՜խ, իմ ավագներ,
ա՜խ, իմ… զավակներ,
ա՜խ, կայեններով լիքն այս աշխարհում
դեռ ինչքան պիտի դուք մնաք… Աբել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։