ՆԱԽՆԱԴԱՐԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ / Սամվել Կոսյան

Հայերիս համար խորապես հասկանալի է եզդի ժողովրդի ողբերգությունը: Աշխարհն ականատեսն է Հյուսիսային Իրաքում եզդիների հանդեպ իրականացվող ցեղասպանությանը, համարյա նույն` 1915 թ. ձեռագրով: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Իրաքի եզդիաբնակ Շանգալի մարզում բնակչության այն հատվածի նկատմամբ, ովքեր չեն համաձայնում հավատափոխ լինել և իսլամ ընդունել, իսկական սպանդ է իրականացնում: Հազարավոր եզդիներ փրկվելու ակնկալիքով տեղահանվել, սարերում են, շատերի վիճակն օրհասական է: Թել – Աֆար քաղաքում գտնվող համակենտրոնացման ճամբարում եզդիական գյուղերից ավելի քան 3000 կին պատանդ է պահվում: Սինջարում ծայրահեղականները հասցրել են 300 եզդի տղամարդու մահապատժի ենթարկել: 80 տղամարդու սպանել են Կոջո գյուղում ու 135 կնոջ գերության են տարել Թել – Աֆար: Ավերածությունների, կոտորածների, տեղահանության տվյալները լիարժեք չեն: Շարունակվում են երեխաներ զոհվել, կանայք գերեվարվել և բռնաբարվել, տղամարդիկ գլխատվել, տարեցներ տանջամահ լինել… Իսկը նախնադար 21-րդ դարում:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» հռչակած ծայրահեղականներն այն նույն ահբեկիչներն են, որոնք Թուրքիայի հովանավորությամբ գրավեցին սիրիական հայաբնակ Քեսաբը: Սրանք այն «ժողովրդավարներն» են, որոնք ԱՄՆ-ի, Եվրոմիության և այլոց ֆինանսավորմամբ ու հովանավորությամբ փորձում էին և փորձում են Ասադի ռեժիմը տապալել: Իրենց հովանավորյալների հաշվին զինվելով և սիրիական կառավարական զորքերի դեմ մարտնչելով մարտական փորձ կուտակելով, տիրապետելով ահռելի ֆինանսական միջոցների, նրանք աշխարհին իրենց մասին հայտարարեցին հունիսի 10-ին` իրաքյան Մոսուլ քաղաքը գրավելով, այլատյացությամբ, անհանդուրժողականությամբ, դաժանությամբ ու ցինիզմով գերազանցելով անգամ Ալ-Քաիդային, թեև նրանցից շատերն իրենց Ալ-Քաիդայի հետևորդներ են համարում: Բազմակի ստանդարտներով առաջնորդվող աշխարհն այս անգամ էլ վրիպեց: Ահաբեկիչներին ժողովրդավարներ պիտակելով, հերթական արմատական իսլամիզմի չարորակ ուռուցքը պատվաստելով տարածաշրջանի առանց այդ էլ հիվանդ օրգանիզմին: Եվ ակնկալվող ժողովրդավարությունը կերպարանափոխվեց իսլամական խալիֆայության, որը փորձում է իր մետաստազները տարածել ոչ միայն Սիրիայի արևելքի և Իրաքի հյուսիսի գրավյալ տարածքներում, այլև Եվրոպայում, Ամերիկայում և ընդհանրապես աշխարհով մեկ: Ըստ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Ֆրեդերիկ Անսելի` «Իսլամական պետության» ի հայտ գալը պատահական չէր, պարզապես մինչև վերջին դեպքերը այն վարպետորեն քողարկված էր Սիրիայում ընթացող դաժան պատերազմով: Շատերը իսլամիստներին համարում են Ալ-Քաիդայի ճյուղավորումը Մերձավոր Արևելքում, սակայն Անսելը գտնում է, որ թեև ծայրահեղ իսլամիստների մի մասն, իրոք, պաշտպանում է Ալ-Քաիդայի իսլամիստական գաղափարախոսությունը, սակայն, նրանց միջև կարևոր տարբերություն կա. իսլամիստները նպատակաուղղված են տարածքային պետության կառուցմամբ, երբ Ալ-Քաիդան, հակառակը, գործում է ցրված, թելադրված այս կամ այն միջավայրի պայմաններով և հնարավորություններով (Սուդան, Եմեն, Աֆղանստան, Պակիստան և այլն): Իսլամիստները համարում են, որ զավթյալ տարածքների վրա իրենց իշխանության հաստատումը հսկայաքանակ հավատացյալների համակեցության հաստատման առաջին քայլն է, ինչը, բնականաբար, այլ տարածքներ զավթելու հավակնություններ է ենթադրում, նոր արյունահեղություններ, պատերազմներ և հազարավոր անմեղ զոհեր: Աշխարհը թեև ուշացած, փորձում է ուղղել սխալը: Ամերիկյան օդուժը սկսել է հարվածներ հասցնել իսլամիստների ռազմական հենակետերին, որին ի պատասխան, իսլամիստները ցուցադրաբար գլխատելով ամերիկացի լրագրողին, հասկացրին, որ մտադիր չեն նահանջել, և պայքարն առջևում է: Լիբանանյան շիական շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը այս խմբավորմանը բնորոշել է որպես «աճող հրեշ»: Նրա խոսքով, «Իսլամական պետությունը» սահմաններ չի ճանաչում: Դա իրական վտանգ է և սարսափ շատ երկրների ու իշխանությունների համար, քանի որ այս կազմակերպության առավելությունը Ալ-Քաիդայի վահաբական գաղափարների հետևորդների հավաքագրման ունակությունն է»: Ապա շարունակում է. «Այդ վտանգը չի ճանաչում ո՛չ շիաներին, ո՛չ սուննիներին, ո՛չ մուսուլմաններին, ո՛չ քրիստոնյաներին, ո՛չ դրուզներին, ո՛չ արաբներին և ո՛չ էլ քրդերին: Այդ հրեշն աճում է և ընդլայնվում»: Քաղաքակիրթ աշխարհն արդյո՞ք գնահատում է իրական վտանգը: Արդյո՞ք եզդիների ողբերգությունը կարող է աշխարհի կողմնորոշումը փոխել: Պատասխանը միանշանակ չէ: Դժվար է գուշակել՝ շահերի խաչմերուկում աշխարհի հզորները վաղը ո՛ր ուղղությունը կընտրեն: Ակնհայտն այն է, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունն արժանիորեն չի դատապարտվել, աշխարհում իրականացվող ցեղասպանությունների շղթան երկարելու է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։