Պատերազմ է: Կռիվ է գոյության: Հայրենական պատերազմ է սրբազան: Մենք հաղթելու ենք մեր բանակի բազկի, մտքի, սրտի, ոգեղեն կամքի զորությամբ:
Աշխա՛րհ, քեզ հետ կամ առանց քեզ հաղթելու ենք: Դուք սպասում եք, որ տեսնեք՝ ով արնաքամ կլինի ու կհանձնվի առաջինը, որ ռինգ-բեմում արյունոտ կանգնեք հաղթողի կողքին և հռչակեք նոր սահմաններ, նոր աշխարհակարգ, խղճահարություն բեմադրեք ու եղբայրություն խաղաք և պայմաններ թելադրեք ու այնպես գծեք սահմանները, որ վերքը խոցի պես միշտ արնահոսի, երբ ձեր շահը հանկարծ պակասի:
Իսկ պատմությունը ճոճանակի կանոնով և կամ տիեզերական մեկ այլ օրենքով կրկնվել է սիրում ու հիմա 1920-2020 թվականների պարբերությունը եկել, մահ է սփռում, կյանքեր է լափում, իսկ մենք, ուզենք թե չուզենք, պիտի շարունակենք մեր պատմական առաքելությունը՝ ապավինելով ինքներս մեզ և ապրենք՝ շրջապատված թշնամիներով:
Մեր հույսը մենք ենք, ու վե՛րջ: Մեր պաշտպանը մենք ենք, ու վե՛րջ: Մեզ բարձրացնողը մենք ենք, ու վե՛րջ: Նոր ցեղասպանություն թույլ չենք տալու, և վե՛րջ:
Դժվար է հավատալ, բայց ոչ միայն մեզ, այլև աշխարհին է պետք հաղթող Հայաստան: Մենք թուրքին դիմակայող, նրա էությունը բացահայտող այն լակմուսն ենք, որը ամեն փորձի ժամանակ կարմիրով է ներկվում նահատակների: Ծերացող մարդկության համար, ամեն ազգի համար ընդունելի է մեր արյունը, մենք ենք կրողը նախասկզբնական գենի և սա նախանձ ու ատելության հասկանալի ու անհասկանալի ալիքներ է ծնում սինքլոր մեծ ու փոքրերի մոտ: Սա է եղելությունը, ու դրա համար հաղթելու ենք աստվածային մեր էությամբ:
Հաղթելո՛ւ ենք:
– Թխում են, թող թխեն, հողե՛մ դրանց գլոխը, հեչ էլ չեմ վախում,- ասում էր Հադրութից մի կին,- մեկ է, իմ տունը չեմ թողնելու:
– Գնա՛, տղա՛ս, պաշտպանիր հող հայրենին,- ասում էր երիտասարդ մայրը որդուն, իր առաջնեկին, իր միակին: Եվ նրա ձայնի դողից սարսռում էր օդը, և հողն էր երերում թշնամու ոտքերի տակ:
Ո՜վ սուրբ Մայր, դու նժարին դրեցիր որդուդ կյանքն ու հայրենիքը և չբաժանեցիր, չմասնատեցիր, ընտրեցիր երկուսին էլ:
Մենք արդեն հաղթել ենք, որովհետև անցյալը, ներկան ու ապագան մեկտեղվեցին մի ակնթարթում, մի կոչում, մի կռվում, որը իր մեջ առավ պապերին, հայրերին ու որդիներին, նաև հրեղեն դուստրերին կամավոր գրվող:
Հաղթելո՛ւ ենք: Այս են վանկարկում մանուկները, զինվորները, մայրերը, քաղաքներն ու գյուղերը, ողջ հայությունը և անմահների բանակը երկնքից: Ոգին զարթնել է, ոգին է տանում բոլորիս կռիվ: Այս ու մնացած օրերի մասին, չէ՛, ողբ ու արցունքով չի գրվելու, մեր հերոսներն են դա պահանջում, մեր նահատակներն են դա մեզ պատգամում:
Արցախը Հայաստանի ողնաշարն է: Հողը, ինչպես մարմնի վերքը, սպիացել ու շնչում է արդեն 30 տարի միավորվելով մայր հայրենիքին: Եվ առասպելական Հայկի պես կռվում է ազատ ապրելու, ինքնուրույն քայլելու համար, որպես հինավուրց ազգ ու երկիր, հող ու սրբավայր, մատուռ ու խաչքար:
Հաղթելո՛ւ ենք: Ոչ նրա համար, որ հաղթողներին չեն դատում և կամ այլ մի հռետորաբանության համար կամ աշխարհի ուժեղների աչքին երևալու համար, այլ այն բանի համար, որ ինքն իրեն հաղթելը ամենադժվար կռիվն է մարդու համար միշտ էլ եղել, իսկ եթե ողջ ազգն է հաղթում անմիասնության բարդույթը, սոցիալական, քաղաքական, անձնական և հորինովի ու ներմուծված այլ արգելքներ, ուրեմն կարող է հաղթել ցանկացած թշնամու:
Արտաքինով փոխված գազանի դիմակը պատռեց հայ ժողովուրդը, աշխա՛րհ, քեզ համար ենք կռիվ տալիս, որ քո տուն չմտնի հանկարծ, երբ քնած լինես: Արթնացի՛ր: Իրականությունը առանց գույների տես, գունափոխվա՛ծ աշխարհ:
Հաղթելո՛ւ ենք: Խրամատի անքուն զինվորն է մեր հավատը, հրամանատարն ու կամավորն է մեր հույսը, իմ ու բոլորիս որդիներն են կենդանի պատնեշը մեր սահմանների:
Այս թռիչքաձև զարգացող տեխնիկայի դարում, երբ կյանքը համակարգչային խաղի կանոններով է զարգանում, երբ պատերազմում օպերատորն է ղեկավարում կամիկաձեների կրակային ու հետախուզական պոտենցիալը և զինվորը թիրախն է այդ կիբեռ-կռվի, և թվում է՝ մարդն անելիք չունի մեքենայացված պատերազմում, սակայն մենք ականատեսն եք մեր տղաների անպատմելի սխրանքների, անձնազոհ նոր հերոսական արարքների, որոնք այսօր փառքով են զարդարում հայոց նորագույն պատմության էջերը:
Ինչ էլ լինի, մենք արդեն հաղթել ենք: Հաղթել է համայն հայությունը, ոգեղեն հերոս զինվորներն ու սպաները, մայրերն ու ամեն օր ծնվող այն մանուկները, որ պիտի ապրեն ու կերտեն նոր Հայաստանը, միացյալ ու անկախ, հզոր Հայաստանը: