Բաքուն բոլոր հնարավոր և անգամ անհնարին միջոցներով փորձում է խափանել հրադադարի պահպանման հետաքննությունների միջազգային մեխանիզմի ներդրումը: Թեև այդ մեխանիզմի ներդրմանը կողմ են թե՛ եռանախագահները, թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ Հայաստանն ու միջազգային կառույցները, այդուհանդերձ, Ալիևի համար խնդիրը վերածվել է անհաղթահարելի պատնեշի: Փաստացի, Ալիևը դարձել է իր «հաղթական պատերազմի», «ռազմական դիվանագիտության» հռետորաբանության զոհը՝ ակամայից այրելով նահանջի բոլոր կամուրջները: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի համանախագահները Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կրկին վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և իրենց հանրությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե՛ պատերազմի, սակայն Ալիևի համար այս ուղղորդումներն ավելի դատապարտվածության ու ինքնակործանման հիշեցումներ են, որոնց նա, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, այլևս անկարող է դրական արձագանքել և չշարունակել իր որդեգրած ռազմատենչ, հայատյաց քաղաքականությունն ու իրականությանն անհարիր արկածախնդրությունը: Այս իրավիճակով է պայմանավորված, որ թեև Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի հերթական զեկույցում նշվում է, որ 2012-2016 թթ. ընթացքում Ադրբեջանի կողմից սպառազինության ներկրման ցուցանիշը 20 անգամ գերազանցել է Հայաստանի արձանագրած ցուցանիշին, այնուամենայնիվ, Ալիևը, տենդորեն շարունակում է սպառազինվել: Թե որքանով է միջազգային ինստիտուտի հայտարարությունը հավաստի, էական չէ, Ալիևը, գերի մնալով սեփական մեծապետական ցնորքներին, այլ կերպ չի կարող արդարացնել իր տարիների ագրեսիվ ռազմավարությունը, որը ներքաղաքական իրավիճակի սրացման պարագայում գնալով կորցնում է արդիականությունն ու ազդեցությունը: Իր դիրքն ամրապնդելու համար նա ստիպված է բոլոր ապօրինի միջոցներն օգտագործել՝ ղարաբաղաադրբեջանական շփան գծում իրադրությունը լարելու, նոր սադրանքներ հրահրելու համար: Առայժմ դժվար է կանխագուշակել՝ խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի նժարն է ավելի ծանր: Ալիևն այնքան է կորցրել իրականության զգացողությունը, հատել հոգեկան հավասարակշռության սահմանը, որ ինքնաբերաբար փորձում է սխալը նոր սխալով, հանցագործությունը նոր հանցագործություններով շտկել: Մի կողմից՝ աշխարհն արգելում է պատերազմել, սպառնալով պատժամիջոցներ կիրառել, մյուս կողմից՝ ստվարանում են Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման գործընթացները: Անցյալ տարվա ապրիլի 12-ին Եվրախորհրդարանի ղարաբաղյան նիստի վերաբերյալ լիագումար նիստի քննարկումներում եվրոպացի շատ պատգամավորներ՝ Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Կիպրոսից, երկար տարիների ընթացքում առաջին անգամ կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Միլիոնավոր դոլարներ ծախսելով պատմությունը խեղաթյուրելու քարոզչությանը՝ Բաքուն այսօր ստիպված է դիմակայելու ճշմարտությանը, որի ճնշումը ավազաթմբերի է վերածում ազերիների երազանքների ամրությունները: Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի կարծիքով, Արցախը Ադրբեջանի մաս չէ և երբեք չի լինի: «Անհրաժեշտ է վերջ տալ այնպես գործելուն, ասես իրականությունն այլ է: Եթե դու ագրեսիվ պատերազմ ես սկսում և պարտություն ես կրում, չի կարելի վերադառնալ նրան, ինչ կար մինչ այդ: Հակառակ դեպքում Կալինինգրադը մինչև հիմա Քյոնինգսբերգ կկոչվեր»,-ընդգծել է նա: ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին էլ հավելում է. «Միանգամայն հստակ է, որ ԼՂ-ն Ադրբեջան չէ ու Ադրբեջանի մաս դառնալ չի կարող: Նախորդ տարվա ապրիլից, երբ Ադրբեջանը փորձեց քայլեր ձեռնարկել հակառակ ուղղությամբ, մենք տեսանք, որ դա անհնար է, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինել չի կարող: Ղարաբաղը ինքնուրույն սուբյեկտ է, անկախ նրանից՝ ճանաչված է թե ոչ»: Եվ այսօրինակ մտայնության մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը գնալով ընդարձակվում է, մինչդեռ Ալիևը շարունակում է հայտարարել, որ երբեք չի հանդուրժելու հայկական երկրորդ պետության գոյությունը: Նրա մշտապես անօրինական, ոչ օրինաչափ գործողությունների եզրակացությունը մեկն է՝ բռնապետը կորցրել է իր արարքների արդյունքները կանխատեսելու ունակությունը՝ ամբողջովին ենթարկվելով անիրական զառանցանքների տրամաբանությանը: Լապշինի ձախողված գործողությունից հետո Ադրբեջանի դատախազությունը հիմա էլ փորձում է միջազգային հետախուզում հայտարարել դիտորդական առաքելությամբ Ստեփանակերտ այցելած Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ: Հերթական զավեշտը կնոջը առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելն է՝ երկրի իշխանությունն ընտանեկան խորհրդի վերածելով: Հաջորդը… Անհույս է, թե Ալիևին կհաջողվի քաղաքական խեղկատակի իմիջը փոխել: Նա կարծես այլ տարբերակ չունի, քան ահաբեկչությունը, շանտաժն ու սադրանքը, որովհետև ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու մնացած ռեսուրսներն այլևս արդյունավետ չեն:
Կարդալ նաեւ․․․
ՍՏԻ ՈՒ ԿԵՂԾԻՔԻ ՈՏՔԵՐԸ ԿԱՐՃ ԵՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Թուրքիայում հեղաշրջման փորձի առնչությամբ երկրի Էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի հայտարարությունն…
Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ
Գոնե հեքիաթում կարողանում ես թշնամուդ իսկական դեմքը ցույց տալ աշխարհին,…
ՓՐԿԵՆՔ ԾԱՂԿԱՁՈՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ նախաձեռնող խմբի անդամներս, դիմում ենք հայոց մտավորականությանը և…
