Թուրքիայի արտգործնախարար Աhմեթ Դավութօղլուի՝ Հայաստան այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային թուրքական առաջատար հեռուստատեսություններն ու կայքերն անդրադարձան րոպեներ անց՝ «Դավութօղլուն Երևանում՝ սառը ցնցուղ» վերտառությամբ: Որքանով էր Դավութօղլուն ազդված դրանից, դժվար է գուշակել, բայց որ այցը իրադարձային չէր և այդպես էլ իրադարձային չդարձավ, ակնհայտ է: Ռուբեն Մելքոնյանը փաստում է. «Թուրքական կողմը հետագայում իր հռետորաբանության մեջ կնշի, որ ցանկանում է բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատել և, որպես դրա առհավատչյա, կնշի նաև այս հանդիպումը»: Գաղտնիք չէ, Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայություններից` զրո խնդիր հարևանների հետ ծրագիրը ոչ միայն հաջողություն չարձանագրեց, այլև` Սիրիայի դեպքերից հետո, սնանկ դուրս եկավ: Միաժամանակ, ըստ թուրքագետ Ա. Իսպիրյանի՝ «Այսօր Թուրքիայի թիվ մեկ խնդիրը Հայոց ցեղասպանության մոտեցող տարելիցին հայ-թուրքական հարաբերություններում իբրև առաջընթաց նկատվող իմիտացիան է»: Թերևս այս հանգամանքներով պիտի պայմանավորել այդ երկրի օրաթերթերում`«Միլիեթ», «Աքշամ», «Սաբահ», «Հուրիեթ» և այլն, փորձերը Դավութօղլուի այցը ներկայացնել որպես Թուրքիայի համար խոշոր անակնկալ, բացառիկ շանս հայկական կողմին՝ բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները, բացելու հայ-թուրքական սահմանը: Լրատվամիջոցների վերլուծաբանները ենթադրում են, որ Ահմեթ Դավութօղլուի այցը մեծ նշանակություն ունի՝ այն անվանելով «առաջին դիվանագիտական ալիքը 2009 թ. ստորագրված արձանագրություններից հետո»: Արձանագրությունների պատմությունն արդեն իսկ հուշում է, որ գոնե առայժմ չափազանց անհեռանկարային է հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը: Միաժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, Թուրքիան, անշուշտ, ուզում է ինչ-որ կեցվածք ընդունել, իր ներկայության մասին հաղորդագրություն տարածել, դրանով հանդերձ չցանկանալով կամ հարմար չգտնելով իրատեսորեն գնահատել իրականությունը և թարմ ազդակներ հաղորդել արդեն աշխարհին հոգնեցնող իր դիվանագիտությանը: «Աքշամը» նշում է, որ թուրք արտգործնախարարը նախապայմաններով զինված է գնում Հայաստան, և գլխավոր նախապայմանն այն է, որ «եթե հայկական կողմը զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի հարակից առնվազն երկու շրջանից, ապա թուրքական կողմը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը»: «Սաբահ»-ն էլ Դավութօղլուի այցից առաջ տպագրում է, իբր, հայկական կողմն արդեն իր պաշտոնական համաձայնությունը տվել է երկու շրջանների վերադարձի հետ կապված: Թուրքական լրատվամիջոցների այսօրինակ աժիոտաժը համահունչ է թուրքական դիվանագիտությանը և հիմնականում ներքին լսարանին է ուղղված՝ միաժամանակ փորձ անելով ստուգել «հայկական ռեակցիան»: Երևանում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Դավութօղլուի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումից հետո վերջինիս հայտարարությունը կրկին հավաստեց, որ հայկական կողմի «ռեակցիան» անփոփոխ է. «Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանի, ուստի թուրքական կողմի փորձերը դա կապակցել այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել, ապարդյուն են և անիմաստ»:
Կասկածից դուրս է՝ Թուրքիան Դավութօղլուի այցը փորձելու է օգտագործել միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր «ժողովրդավար» դեմքը ցույց տալու համար, երբ իրականում ամբողջ մտածողությամբ դեռ 20-րդ դարասկզբում է և ոչ միայն չի հրաժարվել պանթուրքիստական քաղաքականությունից, այլև նախկինի պես հակահայկականությունը թուրքերի հոգեկերտվածքի բաղադրիչն է: Թուրքիայի` նախապայմաններով առաջնորդվելու ոճը, գոնե առայժմ հնարավոր չէ խմբագրել, ինչի լավագույն վկայությունը այս երկրի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հայտարարությունն է, որ «մի քանի գրոշ առևտրի համար չեն պատրաստվում հայ-թուրքական սահմանը բացել»: Այնպես որ, արտգործնախարարի այս այցն էլ կմնա առավելապես քարոզչական ոլորտում՝ կրկին հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հեռանկարը թողնելով անորոշության մեջ: