«Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել,
Հայոց մեծ ազգին չե՞ք
ճանաչում»:
Խաչատուր Աբովյան
Ես չգիտեմ՝ ինչու ենք մոռանում համիդյան ջարդերը, 1915-1923-ը ձգված ցեղասպանությունը, ոչ հեռավոր անցյալում Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջան կոչված պետության ողջ տարածքում խողխողված մեր հայրենակիցներին, Արցախյան երկարամյա, Ապրիլյան, Տավուշյան պատերազմներն ու փորձում ենք հավատալ թուրքին: Մեծ հայրենասեր Գարեգին Նժդեհը մեզ զգուշացնում էր. ներել թուրքի մի սխալը, նշանակում է թույլ տալ, որ նա հայի նկատմամբ գործի տասը նոր սխալ: Վերջերս նորից կարդացի Ավ. Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին: Վերջինս հրաժեշտից առաջ հիշեցնում է, որ հայերն իրենց հույսը դնեն իրենց վրա և չխաբվեն թուրքին: Նույն միտքը կա Ֆրիտյոֆ Նանսենի «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» գրքում, որտեղ մեծ մարդասերը պատգամում է, որ հայն իր փրկության ուժը տեսնի միա՛յն իր մեջ:
Այս տարվա սեպտեմբերի 7-ին Լոնդոնում նստող Ադրբեջանի դեսպանը դիմել էր Քերոլայն Քոքսին, որպեսզի հայերին համոզի՝ իրենց վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Քոքսը պատասխանել էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, ինչպես որ Հայաստան է Նախիջևանը, ու Լեռնային Ղարաբաղը Կոսովոյի նման պետք է անկախություն ձեռք բերի: Նա հիշեցրել էր հատկապես 1920 թ. հայկական Շուշի քաղաքի ողջ բնակչության ոչնչացումը թուրքերի ձեռքով:
1991-ի մայիսին Հայաստան էր եկել «Նյու-Յորքեր» ամերիկյան հեղինակավոր ամսագրի թղթակից Ռոբերտ Քալոնը, որը Մոսկվայում հանդիպել էր Գորբաչովին, Բաքվում զրուցել Մութալիբովի հետ, հանդիպել Հայաստանի պետական այրերին, գիտնականներին, նաև՝ Սիլվա Կապուտիկյանին: Արդյունքում՝ տպագրել էր 20 էջանոց հայամետ հոդված՝ «Լեռնային Ղարաբաղ, Արմատներ», որտեղ գրում է, թե կոնֆլիկտի միակ ճիշտ բացատրությունն իրեն տվել է Սիլվա Կապուտիկյանը՝ հարցը տանելով դեպի արմատները: Ինչո՞ւ ենք մենք մոռանում, որ Արցախն իր անկախությունը հայտարարել է մինչև Խորհրդային Միության փլուզվելը և ոչ մի վայրկյան չի եղել նոր Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ ենք մոռանում, որ բոլոր օտարազգի հայագետները՝ անցյալի ու ներկայի, միաձայն արձանագրում են, որ Ղարաբաղի մելիքները երբեք չեն ենթարկվել որևէ մահմեդական պետության և ինքնակամ XIX դարի սկզբին, Արևելյան Հայաստանից էլ առաջ, մտել են Ռուսական կայսրության մեջ: Եթե Լենինը, հետո Ստալինը Քեմալ Աթաթուրքի պանթյուրքիստական պլանները բոլշևիկյան ձևով ներկայացնելու պատճառով Լեռնային, Դաշտային Արցախը, Նախիջևանի մարզը, Կարսի հսկայածավալ մարզը հանձնեցին Ադրբեջանին ու Թուրքիային, ապա հիմա չկա Խորհրդային Միությունը. ինչո՞ւ Արցախի անկախությունը չի ճանաչվում:
«Սասունցի Դավիթ» էպոսում կա մի դրվագ. Դավիթը վերաշինում է հոր Մարութա վանքը, սակայն պատերն ամեն օր քանդվում են: Վանքը կանգուն է մնում միայն, երբ նրա հիմքում դրվում է Դավթի սուրը: Այս է ավանդել մեզ մեր ժողովուրդը. երբեք վայր չդնել ինքնապաշտպանական սուրը: Հիշենք նաև Ավետարանի Հիսուսի պատգամը. «Սրով եկողը, սրով կընկնի»:
Մենք պետք է հաղթենք, մենք պարտավոր ենք հաղթել: Արաբական X դարի աղբյուրը վկայում է, որ Գևորգ Մարզպետունին 20 քաջերով հաղթել է Բեշիրի հզոր բանակին:
Ես աղոթում եմ ռազմաճակատում կռվող մեր քաջարի տղամարդկանց, կանանց, Արցախի գեղեցիկ, խաղաղասեր ու աշխատասեր բնակիչների համար:
Աշխարհի տարեգրություններում հազվադեպ երևույթ է, որ մի մարզից ծնվեին այդքան մեծատաղանդ զորահրամանատարներ, մարշալներ, գեներալներ, Խորհրդային Միության հերոսներ, վերջապես՝ ադմիրալ: Այս ճշմարտությունը մեզ հաղթանակելու ուժ է տալու:
Հ.Գ. Ներկայացնում ենք Ռենդ Մքնելլիի «Աշխարհի պատմական ատլասը»՝ հրատարակված ԱՄՆ-ում 1997-ին: Ք.ծ.ա. 120 թվականի քարտեզն է, որտեղ ներկա ամբողջ Ադրբեջանը Հայաստանի տարածքում է, և Թուրքիա ընդհանրապես գոյություն չունի: