Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ԵՐԿԱԹԵ ԿԱՄՔ, ՀՐԵ ՈԳԻ

 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց շփման գծի ողջ երկարությամբ՝ հրետանային, ավիացիոն ռմբակոծումներով: Թեև ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի առթիվ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ ուժերով Հայաստանին մեղադրում էին հարձակման նախապատրաստվելու մեջ, այնուամենայնիվ պարզ էր, որ հենց նրանք են պատրասվում հարձակման: Պարզունակ խաբեությամբ, ապատեղեկատվություն տարածելով՝ իրենց կարծիքով փորձում էին մոլորեցնել աշխարհին: Բայց և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխան խոսքը, և՛ հետագայում արդեն տարբեր կարծիքներ պարզաջրեցին, որ նրանք մոտ ժամանակներս պատրաստվում են հարձակման: Եվ ահա սեպտեմբերի 27-ի առավոտյան փորձեցին իրագործել իրենց մտադրությունը, նվաճել Արցախը և շարունակել իրենց ծրագրերը: Մեր բանակը, իհարկե, պատրաստ էր պատասխանելու և, ինչպես լրատվությունն է հավաստում, արժանի պատասխան է տալիս, և եթե շարունակվի, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է ասել, մեր պատասխանը շատ կոշտ կլինի:
Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր ելույթներում թաքնված է նվաճողականությունը: Հարյուրավոր տարիներ նրանք նվաճողական քաղաքականություն են իրականացրել և 21-րդ դարում՝ իբր քաղաքակիրթ ժամանակներում, նույն կերպ շարունակում են: Գիտեն, որ ամեն նման սրված իրավիճակում կլինեն նաև եվրոպական պետություններ, որոնք ինչ-որ պահի իրենց կողքին կկանգնեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական շահերը: Թուրքիան, այդ շահերը խաղարկելով, բազմիցս փորձել է, և հաճախ նրան հաջողվել է նվաճել հարևան պետությունները: Այսօր տեսնում ենք, թե ինչպես է Լիբիայի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի և տարբեր ուղղություններով սուր ճոճելով, այսպես ասած Լենկ-Թեմուր խաղալով, փնտրում իր հաջողությունները: Քաղաքակիրթ տարբեր երկրներից, Եվրոպայից, Ամերիկայից կիրթ զգուշացումներ լսում ենք, բայց Թուրքիան Թուրքիա է, թուրքը մնում է թուրք:
Երբ հետևում էի ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի շրջանակում իրականացված քննարկումներին, իմ մտքով անցնում էր, որ եթե Թուրքիան Միջերկրածովյան ավազանում բախումներ չսկսի, պիտի գտնի առավել թույլ տեղ իր ուժը ցուցադրելու նպատակով: Եվ ահա Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ իրականացնելուց հետո այսօր Արցախի նկատմամբ փորձում է նվաճողականություն իրագործել: Մեր սերունդը 80-90-ականներին տեսել է արցախյան պայքարը, իսկապես համաժողովրդական պայքարը, երբ երկրապահ զինվորները, բանակային ստորաբաժանումները արժանավայել և՛ պաշտպանվել են, և՛ հարձակվել, և՛ ազատա­գրել են Հայաստանի հողերը: Այս ամենը մեր սերնդի համար ընկալելի է և ճանաչելի: Այս սերնդի երիտասարդներին՝ Ապրիլյան, Հուլիսյան մարտերի մասնակիցներին, պետք չէ դասեր տալ. նրանք ունեն հսկա ներուժ, զինվորական հմտություններ, նրանք հայ ոգու կրողներն են:
Տա՛ Աստված, թշնամին հասկանա իր քթին եկած հարվածները, ժամանակին նահանջի և վերջ տա պատերազմի, ուժի, հզորության թևերով հարցերը լուծելու սին վստահությանը, և եթե հնարավոր է, դիվանագիտական ճանապարհով նստեն և կարողանան լեզու գտնել Հայաստանի, Արցախի հետ: Համավարակի այս օրերին պետք է գիտակցեին և առժամանակ դադարեցնեին պատերազմով հարցեր լուծելու մտադրությունը, բայց քաղաքակիրթ աշխարհը վերջապես պետք է ընկալի, որ թուրքերը քաղաքակիրթ լեզուն չեն հասկանում: Նրանք պատերազմի, ուժի թելադրանքով առժամանակ խելքի գալու սովոր պետություններ ու ղեկավարներ են: Եվրոպական և քաղաքակիրթ երկրների քաղաքագետների, պաշտոնյաների խոսքերը օդում կմնան, ու եթե Թուրքիան և Ադրբեջանը զգան, որ իրենք կարող են շարունակել և հաղթանակ ունենալ, շարունակելու են անկախ ամեն ինչից: Մեր երեխաներին դեռ մանկուց պիտի սերմանենք, որ ապրելով այսպիսի պետությունների հարևանությամբ՝ միշտ պիտի պատրաստ լինեն ցավալի անակնկալների և պատրաստ լինեն այդպիսի անակնկալները վերադարձնել կրկնակի ուժով, բումերանգի՛ ուժով: Մեր բանակը երեսուն տարի կազմավորվել, կազմավորվում է, զինվում է նորագույն տեխնիկայով, և վստահ եմ, որ մեր զինվորները, մեր սպաները իրենց հմտությամբ, խելքով, ճշգրիտ գործողություններով կցուցադրեն, թե որն է հայ զինվորի ոգին:
Ուզում եմ անդրադառնալ լրատվության ոլորտում առկա խնդիրներին: Շեշտեմ, որ Հայաստանում տեղեկատվական դաշտը գրեթե 20 տարի, այսպես ասած, ոչ լիարժեք է գործում. եթե կան երկրներ, որտեղ տեղեկատվությունը կանոնակարգվում է և՛ պետականորեն, և՛ հասարակական, և՛ այլ գործիքներով, ապա Հայաստանում ասես ամբողջ բեռն ընկնում է նախարարությունների լրատվականների ուսերին: Հաճախ եմ նկատում, որ մեր լրատվական կենտրոնները պաշտպանվողի դերում են: Ադրբեջանը, Թուրքիան կեղծ տեղեկություններ են տարածում աշխարհի բարձր ամբիոններից, և մենք անվերջ պաշտպանվում ենք: Կարծում եմ՝ տեղեկատվության լայն հնարավորություններ կան, և մենք դա պետք է կարողանանք օգտագործել և՛ պետականորեն, և՛ մասնավոր ընկերությունների միջոցով, տարբեր ուղիներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ունենք մեծ Սփյուռք: Պիտի կարողանանք օգտագործել տարբեր երկրների հետ կապերը, պետական պաշտոնական մակարդակով շփումները և նախահարձակ լինենք: Մենք պիտի կարողանանք հավաքել մեր ինֆորմացիոն ներուժը և իսկապես ուղղորդված ծրագրային աշխատանք տանենք պետական, հանրային և սեփական լրատվամիջոցների գործողություններով:
Ուզում եմ կոչ հղել ՀԳՄ անդամներին, սփյուռքահայ գրողներին, Արցախի գրողներին, տարբեր երկրների գրողներին, հատկապես այն երկրների, որոնց հետ մենք մշտապես ստեղծագործական կապերի մեջ ենք, որ իրենց ձայնը բարձրացնեն, հրապարակախոսության, գեղարվեստական գործերով, ցույցերով ի ցույց դնեն թուրքական տխեղծ ծրագրի իրական պատկերը: Միջազգային հարթակներում հարկ է միշտ հիշեցնել, որ Հայոց ցեղասպանությունը և Արցախի խնդիրը տրամաբանորեն կապված են, և սա թուրքական խաղ է, ծրագիր: Այս մասին պետք է մշտապես խոսվի: Ես պետք է շեշտեմ, որ մեր գեղարվեստական ստեղծագործությունները Արցախի պատերազմի վերաբերյալ, պիտի պետական աջակցությամբ հրատարակվեն: Պետական դրամա­շնորհները պետք է հատուկ ուղղորդվեն նաև այդ թեմաներով գրված գործերը հրատարակելուն և ոչ միայն հայերեն, այլև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և մի շարք այլ լեզուներով: Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի մշակույթի նախարարությունները առաջնահերթ իրենց ծրագրերում պետք է ներառեն այս գիծը, որպեսզի Արցախին վերաբերող խնդիրները մշտապես արծարծվեն: Համախմբվածությամբ այս չարիքի դեմը առնենք և կարողանանք պաշտպանել մեր սահմանները Հայաստանում, Արցախում: Կրկին կոչ եմ անում համախմբվելու ոչ միայն հայ գրողներին, այլև միջազգային գրողական կազմակերպություններին և գրողին վայել կեցվածք ունենալ, լինել ճշմարտության և խղճի կողմը, և կրկին հորդորում եմ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող և գործունեություն ծավալող գրողներին հրապարակախոսական, գեղարվեստական և այլ նյութերի, ինչպես նաև տեղեկատվական ակցիաների միջոցով աշխարհի հանրությանը պատմել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին ճշմարտությունը:
Հաջողություն եմ մաղթում մեր զինված ուժերին և համախմբում, ուժ, հավատ և հայկական աննվաճ, հաղթող ոգի:

Հ.Գ. Այս ելույթը ունեցել եմ սեպտեմբերի 27-ին ՖԲ-ում, և հետագա ռազմական գործողություններն ապացուցեցին, որ մեր բանակը մեր անցյալի, ներկայի բյուրեղյա հայելին է և արտացոլում է մեր ապրելու կամքը, խիզախությունը, և մի բռունցք դառնալով կարող ենք հաղթել տասնապատիկ մեծաքանակ՝ նվաճելու մղված թշնամական ուժերի։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։