ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծուհի
ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

ՙԳրա­կան թեր­թը՚ միա­նում է շնորհավորանքին

 

Ե՛Վ ԿԱ, Ե՛Վ ՉԿԱ
Եվ կա…
Կա հավատարիմ մի հեռացում
Միջօրեի հալվող շոգի նման,
Որ բերում է իր հետ մի մեղմ, բարի
Հանգստություն`
Լուսաբացի ցողը վրան:
Եվ կա հավատարիմ մի մոռացում,
Որ ջոկում է
Մաքուր երկնքից փոշիացած տիղմը:
Եվ կա հավերժական մի քուն,
Որ մեզ ճոճում է միշտ
Իր մշուշի փափուկ օրորոցում:
Եվ կա մեզնից հետո ապրող մի հուշ,
Որի համար պետք է
Տագնապահար դողալ,
Որի համար պետք է
Ճշմարիտը սիրել
Եվ անմեղը փրկել,
Թեկուզ դրա համար
Խարազանով ծեծվել:
Որի համար պետք է
Մաքուր-մաքուր մնալ:

Էլ չկան…
Էլ չկան աշխարհում ստվերներ,
Կախվել են մետաքսե փնջերը,
Աստղերը դարձել արևներ,
Հալվել է, կորել է գիշերը:
Հանգիստ չէ անգիշեր աշխարհը,
Կարոտով սև գույնը շոյում են,-
Անկողի՞նը…
Հմա՞յքը…
Կի՞նը…
Եվ մարդիկ տագնապով ճչում են.
Տարե՛ք ձեզ արևները բոլոր,
Թողեք մեզ մե՛ր արևը միայն…
Գեղեցիկ և՛ բարի, և՛ հզոր…
Ե՛վ ցերեկ,
Ե՛վ գիշերը անձայն:

***
Աղջնակ էր փոքրիկ`
Փափլիկ իր մատներով
Ծաղիկներ էր շոյում:

Դառավ հասուն աղջիկ`
Գույների լույս խաղով
Ծովեր էր փոթորկում:

Հիմա մի ծեր մայրիկ`
Լցված դեռ հույսերով,
Սպասում է որդուն:

***
Հառաչանքները,
Քարին փաթաթված,
Թափվել են ձորը,
Գետաբերանին լրիվ չհասած`
Մարել երազը:
Ես, որ չգիտեմ կառչել ոչ ոքից,
Ժպտում եմ թաքուն,
Ուզում եմ ճչալ հպարտությունից,
Ոչ ոք չի տեսնում:

***
Արևահարված արևի բույրից`
Բարձերը իրենց գինով են զգում,
Արևածագը իմ մահճակալից
Իջնող խավարն է փափկորեն ծամում:

Եվ ամբողջ գիշեր մութը քամելով՝
Ես տրորեցի բուրմունքն արևի,
Աշխարհն աշխարհ է միայն արևով,
Որ հավասար է նայում բոլորին:

***
Կարոտս ինչպե՞ս վերանորոգեմ,
Երբ մաշվել է քո
Ոտնահետքերից:
Եվ ճիչը սիրո
Կախված աստղերից՝
Ես տիեզերքը ո՞նց թափահարեմ,
Որ արևները
Չբախվեն իրար:
Սիրո թելերը`
Գույնզգույն, անծայր,
Ես ինչպե՞ս մանեմ, որ չխճճվեն,
Եվ ումո՞վ գործեմ
Կարոտիս ճամփան,
Որ արևները իրար չբախվեն:

***
Դու ծխում ես…
Ուրախ լինես թե խռոված,
Գինովացած թե լրջացած,
Դու ծխում ես…
Երբ քայլում ենք մենք միասին,
Կամ լինում ես դու առանձին,
Դու ծխում ես…
Եվ քեզ այնպես ես ձևացնում,
Իբր հոգուտ վիշտն ես ցրում,
Դու ծխում ես…
Անգամ դու քեզ չհասկանալով,
Լավ ու վատի մոռացումով
Դու ծխում ես…
Ինչ-որ մի տեղ երևի քեզ
Ուզում ես, որ խորն հաստատես:
Ասում եմ` չէ՛,
Ծխելով չեն ցրում վիշտը,
Հեռու վանում տառապանքը,
Ինքդ քո մեջ պալան-պալան
Զուր խեղդում ես ժամանակը:

ՇՈՒՇԱՆՆԵՐ
Ճերմակ շուշանները
ճերմակ ճայերի պես
Կթռչեն, ա˜խ, հիմա ու կդառնան անտես:

Թողե՛ք, թողե՛ք խաղաղ
շուշաններին ճերմակ,
Նրանք այրվել գիտեն
ճշմարտության համար:

Իսկ թե ցանկանում եք
սեր տալ նրանց շնչին,
Ճայերի պես թեթև
կանգնեք նրանց կողքին:

***
Քամին առագաստով
նավակները տարավ…
Թե ինձ դու խաբում ես,
ծաղիկներո՛վ խաբիր,
Ժպիտներով, երգով և
լռությամբ խաբիր:
Ցուրտ օրերին թռչունները
միշտ չվում են հարավ…

Գարունը չվերջացած`
խոր աշունը եկավ…
Թե սիրում ես դու ինձ,
քնքուշ ու նուրբ սիրիր,
Թեկուզ թիթեռի պես,
մեղմ ու բարի սիրիր:
Հիվանդ ոտքի ցավից
առողջ սիրտը մեռավ…

Սերը չի թարգմանվում
ոչ մի օտար լեզվով…
Թե ինձ շա՛տ ես սիրում,
մի քիչ գաղտնի պահիր,
Անհուն քո կարոտի խորությունը ծածկիր:
Լեռնակողերի մեջ ծառն
ապրում է երգով…

***
Շուրջս մաքուր,
Ճերմակ հագած,
Ճերմակ կապած,
Լցված բարի խղճմտանքով`
Ներս ու դուրս են անում մարդիկ:
Անուժ, անօգնական
Հայացքով կապել եմ
առաստաղը մահճակալիս,
Ես հզոր եմ, ուժեղ և անպարտ,
Ինչի՞ց են լալիս գունատ մատներս.
Ապրել` չապրելու հարևանությամբ
Անցնում է օրս:
Թե կարողանամ փշրել մարմինս
Եվ տեսնեմ` ո՞վ է ներսից ինձ տանջում,
Քույրաբար կասեմ,
Թե դու հզոր ես արևից, լույսից,
Տար ինձ, ուր կուզես,
Խառնիր աշխարհին,
Միայն իմացիր` զորեղ եմ, անպարտ`
Հողի, ջրի պես:
Ինձ մի թաթախիր անզորության մեջ:
Դու ինձ տանջողն ես,
Բայց ես քո տերն եմ
Եվ քեզ չեմ նայում որպես ստրուկի,
Փաղաքշում եմ` ոնց հարազատիս,
Խնայիր դու ինձ:

***
Ես, ցավիս ճիչը խեղդելով մթնում,
Ժպիտ եմ ցանում անցնող ճամփեքին,
Իմ հիվանդ շունը երբ լաց է լինում,
Ես նախանձում եմ նրա մորմոքին…

Մարդիկ անտարբեր, հարբած օրերով,
Իրենց հոգսերն են հիշում շարունակ,
Իսկ ես, հարդարված կոկիկ շորերով,
Հոգուս խռովքը միշտ պահում եմ փակ…

Ինձ տանջող ցավը միշտ
պահում եմ փակ.
Հանկարծ չտրտմի մի ծանոթ հայացք…

ԾՈՎԱՑԱԾ ՀՈՒՇԵՐ
Հուշերս, գիտե՞ք,
Օրերի նման վառ ու անձրևոտ,
Մանկան հայացքով,
Փունջ-փունջ ծաղկունքի
Ցողոտ գույներով,
Բուրմունքով հացի,
Անցած գիշերվա լուռ տառապանքով,
Հուշերս այնպես վառ ու կենդանի,
Կարծես անցյալ չեն:
Ապրող ներկայի ակնթարթի պես
Ձուլվում են իմ մեջ,
Ինչպես մոր կրծքին
Սեղմված մանուկ:
Կամ լեռան կողից
Նոր ծաղկող արև,
Որի տարածքում
Հիմարություն է խավար փնտրելը,
Տառապանք ու ցավ`
Որքան որ լույսն է:
Քեռիս ասում էր
Հազալով անվերջ,
Իմ խելառ քեռին`
Լույսի բանաստեղծ
Պարույր Սևակը.
«Լավ սերը, ջա՛նս,
Հուշերի ծով է,
Քաջ լողորդ չեղար,
Է՛հ, բարդ է բանդ»:
Եվ ես նախանձոտ նայում եմ, գիտե՞ք,
Նապաստակների հուլունք աչքերին,
Որոնք չեն հիշում
Եվ չեն ճանաչում
Իրենց կեր տվող միակ տիրոջը:
Իսկ ես ի՞նչ անեմ,
Ջրի տեղ միայն հուշեր եմ խմում,
Հացի տեղ միայն
Անցածն եմ ծամում,
Եվ չեմ հավատում, որ մարդը իրավ
Ապրում է միայն
Ուտել-խմելով:
Ա՛յ, եթե հիմա իմ դուռը բացես,
Կարոտի ցավից իրոք կճչան
Մաքուր մնացած գիրք ու մոխրաման:
Ա՛յ, հիմա եթե իմ դուռը բացես,
Դու չզարմանաս,
Որ ես անտարբեր
Կնայեմ պատին,
Որովհետև ինձ այնպես կթվա,
Որ դու իմ տանից չես էլ գնացել:

ԽԱՌԸ ԵՐԱԶ

Ցավի բևեռները սեղմվելով
Ճզմում են հասարակածի
փոքրիկ ուրախությունը,
Ամեն վայրկյան
երկրագունդը տապակելով,
Ակոսելով` գլորվում են արցունքի ջրերը:

Շանթերի կրակներից
այրվում են ծառերը:
Զինվորները հանգիստ
ննջում են վրաններում,
Լեռներին ուզում են
հավասարվել տափարակները,
Ծերերը հոգեվարքի մեջ
նորից են սիրահարվում:

Անլեզվակ զանգի ղողանջներից
Սարսուռով է լցվում լռության ձայնը,
Ես վեր եմ թռչում գիշերվա երազներից
Ու գրկում ագահաբար
պատուհանի լույսը:

– Ոսկեծամի՛կ արև,
Չհարբես թմրադեղով,
Տաքուկ այս երկիրը
Պահի՛ր իմ ջերմ սիրով:

***
Փրկի՛ր ինձ, փրկի՛ր
Այս տառապանքից,
Այս մղձավանջից,
Այսքան խոր նստած
Մարդու հավատից:
Տե՛ս, ինձ տանջում են,
Տե՛ս, ինձ մաշում են,
Նորից ու նորից
Ես հավատում եմ:
Փրկի՛ր ինձ, փրկի՛ր
Անհավատների
Այս երամներից,
Որոնք լավ գիտեն
Հավատի գինը,
Բայց հավատ չունեն,
Կարող են հոգիդ
Ժպտալով տանջել:
Տո՛ւր ինձ, գիտե՞ս ինչ,
Անհավատների
Հավատից մի քիչ,
Որ տառապանքի
Այս ծանրությունից
Ես թեթևանամ
Եվ կարողանամ
Հարմարվել այնպես,
Ոչ թե կորցնեմ
Հավատն իմ այս սուրբ,
Այլ կարևորը
Հիմա ամենից`
Անհավատներին հավատի բերեմ:

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Ամեն մեկի համար
Դատաստանի օր կա,-
Թլվատ մտքերի
Թլվատ լեզուները
Չեն հիշում այդ օրը:

Ես ծնունդով ծառ եմ`
Թափահարվող, ճկուն,-
Ինչքան քար են գցում,
Վայր է ընկնում նորից:

Ինձ պահելու համար
Արմատներս շոյի՛ր,
Տերևաթափ չզգամ,
Որ բողբոջեմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։