Քանի՜-քանի գրողներ ՀԳՄ ծաղկաձորյան ստեղծագործական տան դիմացի կաղնուտը մտնելիս, ասես գավիթ-աղոթատանը, յուրօրինակ ինքնամաքրման ու խոստովանության զգացում են ապրել, նորից ընկղմվել գրվելիք վեպի, պատմվածքի, պոեմի, բանաստեղծության տողերի մեջ…
Մաքրավան գյուղ տանող արահետի շուրջբոլորը իր բույրով համակած Ծաղկունյաց բուսաշխարհը ուղեկիցներիս՝ ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանին և բնասեր Աշոտ Օհանյանին, նոր հիշողություններ, մտքեր էր թելադրում:
– Տես, մեկ ամիս առաջ միայն Թեղենիսի բարձրադիր վայրում էր աճել արևքուրիկը,- ասաց Աշոտը, որը դեղաբույսերի գիտակ է,- և հիմա բարձունքից ցած է իջել, ցուցադրում է իր փարթամությունն ու շքեղությունը: Իսկ այս մեկը կաթմերուկն է:
– Այո՛, մենք երեխա ժամանակ ուտում էինք նրա ցողունները, մեջը կաթ է,- հաստատեց Մովսեսը:
Ամեն քայլի վրա Մովսեսը որևէ գրողի հետ կապված դրվագ էր հիշում:
Ահա այս քարի վրա պառկել էր բանաստեղծ Հրաչյա Թամրազյանը, ասում էր, որ նախաքրիստոնեական ամրոցի պարսպի հետքեր են, գնացեք հնագետ բերեք, թող գա ու հաստատի, որ ես հին ամրոց եմ հայտնաբերել: Ես ու Լևոն Խեչոյանը փորձում ենք համոզել, որ դա սովորական ապառաժ է, բայց Հրաչյան իրենն էր պնդում: Պառկել է քարին ու տեղից չի շարժվում: Գրողների տուն իջանք: Նորից բարձրացանք. դեռ իր հայտնաբերած «պարսպապատի» վրա պառկած էր: Զոռով համոզեցինք, որ ինքը կգտնի իր ուզած հնագետին ու ցույց կտա «մեգալիթյան ամրոցի» հետքը:
Մովսեսը շուրջ 40 տարի է, ինչ ՀԳՄ ծաղկաձորյան ստեղծագործական տան տնօրենն է: Նրա ջանքերի շնորհիվ 90-ականների մութ տարիներին գրական օջախը փրկվել էր կործանումից: Համաճարակի ամիսներին կրկին նման վտանգի տակ էր հայտնվել գրողական այս օջախը, ու բավականին հնարամտություն էր պահանջվում տնօրենից, որ օջախը պահպանի գոյությունը:
Ամենուր անտառում անպատասխանատու որոշմամբ հայաստանյան օլիգարխները անտառը իրար մեջ բաժան-բաժան էին արել, ցանցապատնեշներ քաշել: Սակայն ուղեկիցներիս ուշադրության կենտրոնում տեսակ-տեսակ դեղաբույսերն են:
– Իսկ այս բույսը արջի չամիչ է կոչվում,- ասաց Աշոտը,- տարօրինակն այն է, որ գրքերում այս բույսի մասին ոչինչ չկա:
– Իսկ ինչո՞ւ են արջի չամիչ ասում,- հարցրի ես:
– Արջն է ուտում:
– Իսկ արջը գիտե՞, որ այստեղ նման բույս կա:
– Այո՛,- ասաց Մովսեսը,- արջերը հաճախ են գալիս չամիչ ուտելու:
Թփուտների մոտ երեք մետր տրամագծով խոտը տրորված էր:
– Ի՞նչ եք կարծում, եթե արջը եկել է ստուգելու իր սիրելի բույսը ու տեսնելով առատ բերքը՝ ուրախությունից թավալվել է խոտերի մեջ,- ասացի ես:
– Հնարավոր է,- համաձայնեց Աշոտը:
– Հիշում եմ, Հուսիկ Խանդամուրի հետ քայլում էինք այս արահետով,- կրկին գրողներից մի դրվագ հիշեց Մովսեսը,- քայլելիս պարբերաբար ցատկում էր: Հարցրի. «Հուսի՛կ, ինչո՞ւ ես ցատկում»: Ասաց. «Ամեն 13-րդին թռչում եմ քայլի վրայով, որովհետև 13-րդը ինձ դժբախտություն է բերում»:
Հուսիկը հումորեսկներ էր գրում: Նա մանկատներում դաժան ու ծանր կյանք էր ապրել: Միշտ հաշվում էր քայլերը, որ իր կյանքում դժբախտություն բերած 13-րդի տակ չմնա:
– Այդպես էլ միայնակ, 13-րդի տակ մահացավ,- ասաց Մովսեսը:
– Առավոտյան լիցքային վարժություններ անելիս ես էլ եմ անցնում 13-րդը,- խոստովանեցի ես:- Շատ հարցերում խոչընդոտների եմ հանդիպում, կարծում եմ, որ այդ թիվն է մեղավոր:
– Է՛հ, ո՞վ գիտի…- ասաց Աշոտը:
– Չե՞ք զարմանում,- ասացի ես,- որ այսքան բազմատեսակ, տարբեր հատկություններով, սովորություններով, բուրմունքով բույսերը իրար հետ ինչպե՞ս են համակցված ու ներդաշնակ ապրում:
– Ու ամեն մեկն առանձին կատարելություն է,- ասաց Աշոտը:
– Իսկ մարդիկ, օժտված տարբեր ունակություններով, բույսերի պես տարբեր են ու եզակի, սակայն բույսերի պես կատարյալ համակեցություն չեն կարողանում ստեղծել:
– Եթե բույսերից սովորեն, գուցե ավելի կատարյալ դառնան,- ասաց Մովսեսը:
– Այդ համակեցությունները այլ տիպի օրգանիզմներ են, որոնց ընդհանրական հատկությունները փոփոխվում են,- լրացրեց Աշոտը:- Հայկական լեռնաշխարհում 4200 բուսատեսակներ կան, որոնցից միայն 300-ն են դեղաբույսեր: Դրանցից 200-ը էնդեմիկ են ու միայն Հայկական լեռնաշխարհում են հանդիպում:
– Բայց դրանց լիարժեք օգտագործումը բավարար կլինի մարդկությանը՝ առողջ ապրելու համար,- ասաց Մովսեսը:
– Հայաստանն այս իմաստով դրախտային երկիր է, բնությունը տվել է այս հարստությունը, բայց արի տես, որ հիվանդությունների տարածմամբ մեր ժողովուրդը ամենավատ վիճակում է հայտնվել: Մեր լեռնաշխարհի դեղաբույսերի ըստ նպատակի օգտագործման դեպքում հնարավոր է կանխել բազում հիվանդություններ:
– Ինչքան գիտեմ,- ասաց Մովսեսը,- մեզ մոտ օգտագործվում է վայրի բուսաշխարհի օգտակար ռեսուրսների միայն 2-3 տոկոսը:
– Որպես հաստատումն ձեր խոսքերի՝ նշեմ հենց արցախյան «ժենհյալով հացի» գործոնը,- ասացի,- տասից ավելի վայրի բույսերի համադրումով ու նաև այդ հացի օգտագործումով է բացատրվում արցախցիների երկարակեցության ֆենոմենը:
– Ծաղկունյաց լեռները, որտեղ այժմ գտնվում ենք մենք, նրա բարերար արևը, մաքուր օդը և ալպիական մարգագետինների կուսական միջավայրը հնարավորություն են ստեղծում կազմել իր օգտակարությամբ յուրահատուկ և անկրկնելի բուսական թեյի փնջերը,- ասաց Աշոտը,- դրանք ուղղված են ամենատարբեր հիվանդությունների, ինչպիսիք են իմունային համակարգի կոփման, նյութափոխանակման, արյան շրջանառության կարգավորմանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ, մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից, նպաստում տարբեր հիվանդությունների կանխարգելմանը:
– Բայց այդ ամենը պետք է մատուցել բնակչությանը, համապատասխան աշխատանք տանել լրատվամիջոցներով,- ասացի ես,- ի վերջո, այդ ամենը կարելի է քաղաքակիրթ աշխարհին ներկայացնել որպես ազգային բրենդ և մատուցել հայկական երկու հանրապետությունները համաշխարհային շուկայում:
– Ես ու Աշոտ Օհանյանը ստեղծել ենք Ծաղկունյաց լեռների խոտաբույսերի բուժիչ թեյերի չորս փունջ, որոնք և առաջարկում ենք մեր ժողովրդին,- ասաց ՀԳՄ ծաղկաձորյան տան տնօրենը,- բոլոր դեղաբույսերը չէ, որ կարող են ներդաշնակել իրար հետ: Ակտիվ և պասիվ բույսերի միասնական փունջը կարող է վնասել առողջությանը: Այո՛, մեր կողմից առաջարկվող փնջերը ներառում են առույգացնող, կազդուրող, մաքրող և հանգստացնող չորս բալասան: Սակայն դրանց տարածմանը նպաստող քարոզչության պակասը խանգարում է մեր բնաշխարհի բարիքներից ժողովրդին օգտվելու հնարավորությունից: Տարօրինակն այն է, որ չափից դուրս քաղաքականացված լրատվամիջոցները խուսափում են այդ քարոզչությունից:
– Ցույց տվեք այդ փնջերը,- խնդրեցի ես:
– Ստեղծագործական տան ճեմասրահում ցուցադրված են:
Անտառում տարբեր հատվածներ հատվել են, և բնական միջավայրին անհարիր առանձնատներ, դղյակներ են կառուցել:
Հրազդանի հովիտ իջնելիս բարձրից հետաքրքիր տեսարան բացվեց: Հինգհարկանի տները կողք կողքի շարվել, լցրել են ամայի բլուրների միջի հարթությունը:
– Ժամանակին այդ թաղամասի տեղում, որտեղ տներն են, հրաշալի ցորեն էր աճում,- ասաց Մովսեսը:- Բերրի հողատարածքներում են կառուցվել Չարենցավան, Գագարին քաղաքների գործարանները, բնակելի թաղամասերը…
– 70-ական թվականներին հեռուստահաղորդում էի պատրաստել, որտեղ փորձում էի կանխել այս բարեբեր հողատարածքի կառուցապատումը: Առաջարկում էի թաղամասը թեքությունների վրա կառուցել: Նման խնդիր կար նաև Արարատյան դաշտավայրում: Իմ «Հսկում է օբյեկտիվը» հեղինակային հաղորդաշարում քննադատեցի դեպի Արցախ ու Սյունիք տանող մայրուղու կառուցումը: Մեր սակավահող երկրում հազարավոր հեկտար բարեբեր հողեր մայրուղուն են տրամադրել: Ասացի, որ պետք է լեռնալանջերով տանեիք ճանապարհը, ռազմավարական ճանապարհը թուրքական սահմանից հեռու կլիներ: Ինձ պատասխանեցին, թե ավելի թանկ կնստեր կառույցը: Ես հաշվեցի ճանապարհի թանկությունն ու գրաված հողատարածքից ակնկալվող բերքը: Նույնիսկ համեմատել չես կարող:
– Դա խորհրդային ռեժիմի որոշումն էր՝ միութենական հանրապետություններին ամեն կերպ զրկել ինքնապահովման հնարավորություններից,- ասաց Աշոտը,- տվյալ դեպքում, որ մենք միշտ հացի խնդիր ունենանք և Ռուսիայից հաց մուրանք:
– Բայց եթե մեր քաղաքշինարարները այս լերկ լանջերը կառուցապատեն, ո՞վ պետք է խանգարի նրանց, կամ լերկ լանջերով տանեին ճանապարհը, ոչ ոք չէր համարձակվի մերժել,- առարկեցի ես:
– Բարձունքին տեսնո՞ւմ ես աշտարակը,- ասաց Մովսեսը,- այդ բլրին երկաթահանք պետք է բացեին, մոտ հարյուր մետր խորանային: Իսկ ստորոտին երևի Սևանա լճից սկիզբ առնող աղբյուրներն են, որտեղից խողովակներով դեպի Ծաղկաձոր, Աբովյանի ու Հրազդանի բնակելի թաղամասեր աղբրաջեր են մղվում: Այդ աղբյուրները կցամաքեին: Բավականին ջանքեր պահանջվեցին, որ թույլ չտանք երկաթահանքի շահագործումը:
Ձախ կողմում՝ բլրի հարթությունում, շինարարները հյուրանոցային համալիր էին կառուցում: Ասում են, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սեփականությունն է: Գուցե և հետաքրքիր դիրք ունի կառույցը, սակայն ինչքանով է տեղը որպես հյուրանոց հաջող ընտրված՝ կասկածելի է:
Վերջապես երևաց Մաքրավան գյուղը, որի մի ծայրում գերեզմանոցն ու վանական համալիրն են:
Հին մատուռի տեղում կաթողիկոս Մաշտոց Եղվարդեցու օրոք Գրիգոր Համզե Պահլավունին X դ. կառուցել է Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Սբ. Կաթողիկե եկեղեցին կառուցվել է XIII դարում: Իր չափերով և սյուների խոյակներով տպավորիչ է փլուզված գավիթը, որի տեղում, ըստ այն ուսումնասիրող հնագետների, մեհյան է եղել՝ Միհրի արձանով: Վանքում կա 38 խաչքար, որոնց մի մասը զարմացնում են իրենց չափերով:
Գեղաքանդակ խաչքարերի առատությունը վկայում է՝ ոսկե միջնադարում այստեղ հայությունը մշակութային և տնտեսական աշխույժ կյանքով է ապրել: Հետագայում ևս խաչքարեր են հայտնաբերվել: Արմատներով մաքրավանցի բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը պատմում է, որ մայրը՝ Հայկուհին, երազում մարդկանց է հանդիպել, որոնք ասել են, որ ճահճի մեջ երեք խաչքար կա, եթե հանել տաս, ապա պատերազմում եղբորդ ոչինչ չի պատահի: Թե ինչ կապ կար Հայկուհու երազում իրեն այցի եկած մարդկանց ու Երկրորդ համաշխարհայինի մասնակից մաքրավանցի Երջանիկի միջև, դժվար էր ասել: Հայրը՝ Գեղամը, ճահճի մեջ գտնում և հանում է երկու խաչքար: Հայկուհին ասում է՝ երրորդն էլ պետք է հանեք: Գեղամը կրկին ճահճուտ է մտնում, գտնում երրորդ քարը, և որդին՝ բանաստեղծ Երջանիկ Առաքելյանը, ողջ-առողջ, անվնաս վերադառնում է պատերազմից:
Վանական համալիրի երկու կողմերում վերանորոգողները սկսել են երկաթբետոնե հենապատեր կառուցել, որոնք եկեղեցիները պետք է պաշտպանեն հողի սահքից: Սակայն վերանորոգման աշխատանքները դադարեցվել են: Պարզվում է, համալիրի վերանորոգումը ստանձնել էր ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, խոստանալով 2019 թ. աշնանը ավարտել աշխատանքները, սակայն նախապես չծանոթանալով պահանջվող աշխատանքների ծավալին:
Լանջն ի վեր բարձրանալիս Մովսեսը պատմեց, որ Ծաղկաձորի պատանիների թիմով հաճախ էին գալիս մրցելու տեղի ֆուտբոլային թիմի հետ: Եթե 14-15 տարեկան ծաղկաձորցիները նույն գույնի շորերով էին, սպորտային կոշիկներով, ապա 20 և ավելի տարիքի մաքրավանցիները շալվարով ու սուր քթերով «ծիծակ» կոշիկներով էին: Երբ ծաղկաձորցիք գրավում էին մաքրավանցիների դարպասը, մեծահասակ տղաները իրենց «ծիծակ» կոշիկներով հարվածում էին պատանիների ոտքերին: Հաղթանակով, սակայն սոված վերադառնալիս իրենց թիմակից Ռուբենին խնդրում էին Մաքրավանում ապրող տատից հաց բերել, սակայն տատը մի կտոր չոր լավաշ էր դնում թոռան ձեռքը…
Հետո Մովսեսը ցույց տվեց մի լեռ, որի անունը Մենակ սար էր: Լեռան տակ Վերին Ախտա գյուղն էր:
Հիշում եմ, Ապիդունաշ տատս ասում էր. «Աղմաղանի յուղ ու մեղրը ով ուտի՝ նրան մահ չկա»:
Հրազդանի հովտի վրա իշխում էր Աժդահակ լեռը: Հրաբխի ժայթքման հետևանքով նրա խառնարանը լճի էր վերածվել: Աժդահակը հայոց դիցաբանության մեջ Մարաց թագավորի և վիշապի անունն է: Այստեղ գտնվող հինգհազարամյա վիշապաքարերը ջրերը պաշտպանող դեր ունեին: Աժի Դահականը (իժի Դահական) բռնակալ թագավոր է՝ Թոհակ անունով, որին հաղթում է Հրուդենը: Վիպերգը գրի է առել հայոց պատմահայր Խորենացին: «Տիգրան և Աժդահակ» վեպի հիմքում ամպրոպի աստծո և վիշապի կռվի առասպելն է, որը պատմականացվել է և կապվել Երվանդյան Տիգրան թագավորի (մ.թ.ա. 560-524 թթ.) անվան հետ: Ամպրոպային բարի աստվածը անձնավորվել է Տիգրան, իսկ վիշապ հրեշը՝ Մարաց թագավոր չար ու նենգ Աժդահակի կերպարում: Աժդահակը իրանյան Աժի Դահակա՝ Օձ Դահակա կամ հրեղեն օձ վիշապն է, Աժդահակի կնոջը՝ Անույշին, վեպն անվանում է «Մայր վիշապաց, իսկ նրա զարմերին՝ վիշապազուններ»:
Ետ ճանապարհը աջ ուղղությամբ գնացինք: Վերևից երևում էր Ծաղկաձորը: Ցավոք, այն գրավիչ չէ և չի համապատասխանում զբոսաշրջության այսօրվա պահանջներին: Չունի իր յուրահատուկ դեմքը: Այդ հարցում լուրջ բացթողումներ են թույլ տվել քաղաքի, շրջանի և հանրապետության ղեկավարները: Անճաշակ կառուցապատումները օր օրի ավելի են ազդում քաղաքի ընդհանուր տեսքի վրա: Քաղաքի այրերը պետք է առաջին հերթին մտածեն քաղաքի՝ որպես հանգստավայրի և զբոսաշրջային գրավչության կերպարի ստեղծման մասին և ըստ այդմ իրականացնեն կառուցապատումը:
Ծաղկաձորում 1840-ականներին մոլոկան աքսորականների են բնակեցրել: Քաղաքում նրանց փայտաշեն տներից միայն մեկն էր վերականգնված: Այն վերանորոգել է ճարտարապետ Բենիկը: Եթե վերականգնվեին մյուս նմանատիպ տները, դրանք գրավիչ կլիներին ռուս զբոսաշրջիկների համար: Նման տներից մեկում, օրինակ, Կեչառիսի փողոցի 41 տունը՝ իր շքեղ պատշգամբով, կարելի է ամբողջությամբ վերականգնել, տեղադրել մոլոկանների յուրօրինակ կենցաղը՝ ինքնաեռի թեյի մատուցմամբ: Ի վերջո, դա նաև այս բնակավայրի պատմության մի մասն է: Այդ տները յուրահատուկ մթնոլորտ կհաղորդեն քաղաքին: Կենտրոնում տեղ է գրավել բավականին անճաշակ ռեստորանային համալիրը, որը հին Երևանի հետ ոչ մի կապ չունի: «Կեչառիս», «Էրիվան» և մյուս ռեստորանները գրավել են մայթերը, մարդկանց ստիպել մեքենաների արանքներում քայլել:Քաղաքապետարանը դա չի՞ տեսնում, թե՞ դիտավորյալ աչք է փակում: Իմիջիայլոց, քաղաքապետ ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ թե այս կամ այն թեկնածուի ընտանեկան կապերի հզորությունը, այլ քաղաքային կյանքը կարգավորելու ունակությունը, կրթությունը: Ըստ երևույթին, մեր հանրությունը դեռևս չի կարող հաղթահարել կլանային այս խոչընդոտը, ուրեմն և նշանակումը պետք է կարտարվի իշխանության կողմից, անշուշտ, կիրառելով ընտրության համապատասխան համակարգ: Ուշադրության են արժանի ռեստորանների տարօրինակ անվանումները, ինչը հեռու է հայկական մթնոլորտ ստեղծելուց:
Ծաղկաձորում տեսա համարյա բոլոր օլիգարխների տները: Բոլորն էլ համապատասխանում են իրենց տերերի պատկերացումներին… Թերևս առանձնանում է «Մուլտի գրուպի» հյուրանոցային համալիրը: Սակայն այս շքեղությունը ոչ մի ընդհանուր բան չունի Ծաղկաձորի կերպարի հետ:
Բարձունքում թեմական առաջնորդարանի վերածված «Քոչինյանի տան» հարևանությամբ է գտնվում անտերության թողնված «Նահանգապետի տունը», որից շուրջ 500 մ իջնում են աստիճանները: Դրանք ժամանակին շքեղություն էին հաղորդում քաղաքին, որոնց վերականգնումն ու շահագործումը ևս հետաքրքիր մթնոլորտ կհաղորդեր քաղաքին: Աստիճանների մոտ, այգում տեղադրված են եղել Լենինի և Ստալինի արձանները: Երբ 1955-ին հանում էին Ստալինի արձանը, զորավար Անդրանիկի զինվորներից Կայծակ Անդրեասը, որը կարծել է, թե դա Անդրանիկի հուշարձանն է, մահակով հարձակվել է արձանը ցած բերող բանվորների վրա, մինչև նրան բացատրել են, որ այն զորավարի հետ ոչ մի կապ չունի: Հին ծաղկաձորցիները հիշում են 60-ականներին այստեղ հյուր եկած տաղանդավոր արձակագիր Վասիլի Գրոսմանին: Ծաղկաձորյան փողոցներով քայլում եմ մեծ գրողի հետքերով ու խոսում նրա հետ, համեմատում նրա տեսածն ու նկարագրածը և այսօրվա Ծաղկաձորը: Վասիլի Գրոսմանը իր «Բարին ընդ ձեզ, հայեր» գրքում էջեր է նվիրել ծաղկաձորյան կյանքին: Խելակորույս Անդրեասի մասին գրում է. «Նրա աչքերի մեջ բարություն և հոգնություն կա, անզուսպ զայրույթ և սարսափելի թախիծ, խոհուն միտք կա և անմիտ կատաղություն»: «Խելագար ծերունին պահանջում էր, որ ոսկեգույն փայլաթիթեղով պատած գիպսե Ստալինը կրկին վերադառնա Ծաղկաձոր: Մարդիկ ծիծաղում էին ծերունու վրա, նա խելագար էր»:
Քաղաքում չեն պահպանվել մի շարք շինություններ՝ ռուսական եկեղեցին, գրողների հին տունը, որտեղ սիրում էին ամառներն անցկացնել բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, Չարենցը, մյուս մեծ գրողները: Ի դեպ, Չարենցը եկել էր այդ տնից ընտանիքը տեղափոխելու Երևան, ճանապարհին ձերբակալում են պոետին:
Վերջապես, Ծաղկաձորը իր հետ մեր ժամանակներին է հասցրել հին ամրոցներ: Սակայն դրանց պահպանմանը զգալի վնաս են հասցրել այսօրվա կառույցները: Վիվասելի աշտարակը տեղադրվել է միջնաբերդում՝ խանգարելով հնագետների աշխատանքներին: Հավանաբար դա է եղել պատճառը, ինչպես և ֆինանսավորման բացակայությունը, որ դադարեցվել են պեղումները: