ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՊՐԻԶՄԱՅՈՎ / Մերի ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

20895567 Без названия

Ցեղասպանություն եզրույթն առաջ եկավ 1915 թվականին և մնաց որպես չփակված վերք հայ ժողովրդի համար: Գրականության մեջ անդրադարձը տարբեր ժամանակներում տարբեր տեսանկյունից է դիտարկվել` զինված պայքարից (Ֆրանց Վերֆել «Մուսա լեռան քառասուն օրը»), ականատեսի վկայությունից («Դանթեական առասպել») երկրորդ սերնդի վկայություններ` Վահե Քաչա, Հովհաննես Շիրազ, Մուշեղ Գալշոյան. Եղեռնի հետևանքների մասին` Շահան Շահնուր, Վազգեն Շուշանյան, Զարեհ Որբունի, Համաստեղ, Վահե Հայկ: Հայ մարդը երևակվում է օտար միջավայրի բարքերի և քաղաքակրթության յուրացմամբ, տեսանելի ու անտես բարդույթներով: Շատ գրողներ, թեմա ընտրելով անցյալն ու ներկան հավասարապես, ուծացման վտանգի դեմ կարևորում էին ազգային ոգին բորբոք պահելու պայմանը, հայ ոգին որոնող ու վերհանող գրականության ստեղծումը, որը կօգներ սփյուռքահայ զանգվածին` ճանաչելու իրեն, իր պատմությունը, ազգային ինքնությունը, և կջանար պահպանել այն:

Վերջին ժամանակներում արդեն գրականության մեջ այս ցավալի իրադարձության այնպիսի հետևանքների մասին է խոսվում, որոնք նախկինում չէին կանխատեսվել: Այլևս արդիական չէ մինչ Եղեռն ու Եղեռնից տուժած հայի կյանքի նկարագրությունը, թուրքական վայրագություններն այլևս անվանում չունեն: Բնականաբար, այս սերունդը Եղեռնի փաստն անցկացրեց իր կենսագրության պրիզմայով. որքանով կարող է այն անդրադառնալ իր ճակատագրի վրա և ինչ հետևանք կունենա հաջորդ սերունդների վրա: Հատկանշականն այն է, որ այս մոտեցմանը հանդիպում ենք և՛ հայ, և՛ թուրք գրողների մոտ:

Թուրք գրաքննադատ Օմեր Թուրքեշն ասում է. «Անցյալը ահա ինչքան ժամանակ է` բաց չի թողնում Թուրքիայի հասարակության օձիքը»1:

Եղեռնի թեմային և դրա գնահատմանն անդրադարձավ Էլիֆ Շաֆաքը. «Այն գիտելիքը, որը մեզ չի բարձրացնելու վեր, շատ ավելի վատ է, քան տգիտությունը: Ի՞նչ է հիշողությունը: Եթե ցանկանում ենք կառչել ժամանակի այն վաղանցիկ պահերից, որոնք թանկ են մեզ համար, հիշողություններն օրհնություն կարող են լինել, բայց ինչպե՞ս վարվես, երբ անցյալում տեղի ունեցած իրողությունների մասին որևէ հուշ քեզ կարող է միայն ցավ ու ամոթանք պատճառել: Հիշողությունը կարող է անեծք դառնալ, երբ ուզում ես, սակայն չես կարողանում մոռանալ: Նման հոգեբանական իրավիճակում նույնիսկ ամենաազնիվ անհատը կարող է փորձել մոռացության տալ կատարվածը, քանի որ իրականության հետ նա չի կարող համակերպվել: Իսկ երբ նա հեռանում է կոնկրետ այն միջավայրից, որն ինչ-որ չափով կամ ինչ-որ ձևով կարող էր նրան հիշեցնել այդ անցյալը, ի վերջո, կարողանում է, կամ թվում է այդպես, որ հասել է մի ապահով իրավիճակի, ինչը կա՛մ ինքնախաբեություն է, կա՛մ էլ կամովին ձեռք բերած ամնեզիա: Իսկ այդ անբնական վիճակում չես կարող երկար մնալ: Հիշողությունը նաև մի բան է, որ մեր ջանքերից անկախ գրանցվում ու մշտական տեղ է զբաղեցնում մեր ուղեղներում, և մի օր, անսպասելիորեն, իր սեփական կամքով կարող է հայտնվել ուղեղի մեկ այլ անկյունից»:

Էրջյումենթ Ջենգիզի հերոսն ասում է. «Հայրենիքի հանդեպ հավատարմությունն այդպես չի լինում, կոմիսա՛ր բեյ: Ամբողջ աշխարհի հանդեպ արած դաժանությունները թաքցնել, ոչ ոքի խնդիրներին ականջ չդնել, անընդհատ ինքներդ ձեզ գովաբանել… Վստա՛հ եղեք, ոչ մի ազգ նման մտածողությամբ ապագա չի ունենա»2:

Ահա թե որն է ժամանակակից գրողների համար առանցքային թեման. գրական կերպարի խոր հոգեբանական կաթված, որի հանգուցալուծումը փակուղի է մտնում, քանի որ սխալը անցյալում է կատարվել, և մնում է միայն դիմակայել դրա հետևանքներին: Մարկ Արենն ասում է. «Կողքից գուցե այնքան էլ հասկանալի չէ… թե մենք ինչո՞ւ ենք պայքարում Ցեղասպանության ճանաչման համար: Զոհերին դա, մեկ է, կենդանություն չի տա: Բայց դա թույլ կտա կենդանի մնալ ուրիշ ազգերի»3:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» վիպակում թուրք Մուստաֆա Ղազին` ամբողջ էությամբ հայերին ատող, նրանց հանդեպ վրիժառության ոգով լցված մարդը հանկարծ պարզում է, որ հայ է: Մարկ Արենը ցավն անցկացնում է թուրքի երակներով, որ զգա իր մաշկի վրա և վերջում, նամակը սխալ հասցեատիրոջ տալով, հասկացնում է թուրքերին, որ Մուստաֆան միակը չէր, դեռ շատ թուրքացած հայեր կան: Սրանով պատժելով բոլորին, որ յուրաքանչյուրն իր հոգու խորքում տանջվի կասկածի որդից. արդյոք ո՞վ եմ ես:

Նման պատժի արժանացրեց նաև Աղասի Այվազյանը Մազխարին իր «Աչքը ծոծրակին» պիեսում, որտեղ հերոսը, հայտնաբերելով, որ հայ է, չհամակերպվեց ճշմարտության հետ ու խելագարվեց, իսկ Մուստաֆան գնաց ծնողների շիրիմները գտնելու: Մազխարի մեջ դաստիարակությունը հաղթեց գեներին, Մուստաֆայի մեջ գեները հաղթեցին սկզբունքներին:

Էրջյումենթ Ջենգիզի «Կլառնետահարը» վեպում թուրք Օսմանն ու հայ Գևորգը մանկության ընկերներ են: Ճակատագրի քմահաճույքով նրանց ճանապարհները հատվում են ու բաժանվում, ճակատագիր մեծության քմահաճույքով էլ նրանց արյունով խառնված ընկերությունը արձագանքում է տարիներ հետո: Հանգամանքների բերումով Օսմանի որդուն Գևորգն է մեծացնում` որպես հայ, նրանց ընտանիքը, Եղեռնից մազապուրծ ու խեղված, հանգրվանում է ԱՄՆ-ում:

Ահա Գևորգի թոռը` Պարգևը, որն իրեն հայ էր կարծում, ապրում էր Հայկական հարցի լուծման մոլուցքով և իր համայնքին, ընտանիքին այս տառապանքը պատճառած թուրքերից հաշիվ պահանջող, սառնասիրտ մտածող մարդկանց, իդեալիստ հայերի կարիք ուներ:

Օսմանը, որ տարիներ առաջ երաժշտական շրջագայության էր մեկնել ԱՄՆ և չէր վերադարձել Թուրքիա, սպանվում է հայ վրիժառուների, այն է` Պարգևի համախոհների ձեռքով. փաստորեն թեկուզ անուղղակիորեն, բայց Պարգևն ինքն իր ձեռքով սպանում է պապին: Վեպում հայ կերպարները շատ քիչ են և ոչ խորքային, պատումը թուրք երաժիշտ Օսմանի կյանքի մասին է, թուրքական և ամերիկյան մշակույթների, սակայն վիպական գործողությունների դրամատիկական հանգույցն այլ է, և դրա հանգուցալուծումը հայ-թուրք հարաբերություններն են ու Եղեռնի հետևանքները, որ դարձան մարդկային մտածելակերպի խեղման և կյանքի ներդաշնակության խաթարման պատճառ:

Ենթատեքստում նույն գաղափարն է` յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր սխալների համար և ոչ միայն իր, այլև նախնիների: Երբ Օսմանն ասում է` ինքը կապ չունի Եղեռնի հետ, քանի որ նույնիսկ Թուրքիայում չի եղել, Պարգևի համար դա արդարացում չէր, և ի՞նչ. ակամա վրեժխնդիր եղավ իր իսկ ծնողից և այսուհետ ստիպված է լինելու ապրել այդ մեծ մեղքն ուսերին… Սա կոչ է Թուրքիային և թուրք ժողովրդին` ուղիղ նայել պատմական իրադարձություններին:

Մուստաֆան այնքան համոզված էր իր գաղափարների մեջ, որ դաստիարակել էր որդուն շատ ավելի մոլեռանդ հայատյաց, քան ինքն է, և հիմա, եթե նա ինքնամոռաց փնտրում է ծնողների գերեզմանը իր հոգու փրկության համար, ապա ի՞նչ էր լինելու որդու հետ…

Մարկ Արենի հերոսուհին ասում է. «Ես գիտեմ այդ հիմնախնդրի մասին, բայց դրանում ոչ ամենն է այդպես պարզ: Բայց նույնիսկ եթե այդպես էլ է, այդտեղ ի՞նչ կապ ունենք ես ու դու: Չէ՞ որ անձամբ ես ոչ ոքի չարիք չեմ պատճառել»4:

Իսկ Օսմանն ասում է. «Որդիս, ի՞նչ տարբերություն, բոլորս էլ աստծո զավակներն ենք, նույն օդն ենք շնչում, նույն ջուրը խմում, նույն ցավն ու ուրախությունն ունենք»:

Համարյա նույն կերպ են ուղղորդում մարդկությանը և՛ հայ, և՛ թուրք հեղինակները: Մարկ Արենի կարծիքով` դժվար է, երբ ասում են` հայրդ, ծնողդ մարդասպան է, և դու պարտավոր ես համաձայնել այդ դատավճռի հետ: Գուցե անցնի որոշ ժամանակ, և հետագա սերունդն ընդունի:

Էրջյումենթ Ջենգիզի կոչը ևս մարդասիրական է. «Հե՜յ, ունկնդիրնե՛ր, մարդկության բոլոր խնդիրները, մտահոգությունները միմյանց են նման, ինչպես և ուրախությունն ու երջանկությունը. ամեն մարդ իր դիմացինի վիճակն զգում է իր հոգու խորքում, այդ ամենը լավագույն ձևով կարող է երաժշտությունը պատմել, մարդն այն պահից ի վեր, երբ հասկանում է` կյանքն անցողիկ է, կյանք կոչվողի գաղտնիքները բացահայտելու համար հնարավոր ամեն բան անում է…»:

Կադիրեի և Դանիելի կոչը, Օսմանի խոսքերը կոչ են համայն մարդկությանը. մեր ապրած լավ կամ վատ ամեն ինչ իր պատասխանն է ունենում այս կյանքում, բայց եթե նախկինում ապրածդ տառապանքի համար վրեժ լուծելու մասին մտածելով ապրես, կյանքն էլ ձեռքիցդ բաց կթողնես:

Շատ ավելի հեշտ է սխալ գործել և դրա համար պատասխան տալ, սակայն երբ մեղքիդ համար ուրիշներն են պատասխան տալիս` որդիներդ, թոռներդ, նրանց ուսերին ես դնում մեղքիդ պատասխանատվությունը, աններելի է, անձնական նկրտումները հետագայում անդրադառնալու են նրանց կյանքի ու ճակատագրի վրա, և իրենք անզոր են լինելու ուղի գտնել և ներդաշնակ ապրել, քանի որ անցյալը ետ բերել և սխալներն ուղղել հնարավոր չէ: Բայց կա մի փաստ, որով հարկավոր է առաջնորդվել` լավագույն գնահատված անցյալը ապագայի բանալին է: Մարկ Արենի ու Էրջյումենթ Ջենգիզի կոչը հենց դա է` սթափվե՛ք, մարդի՛կ, ամեն արարքից առաջ մեկ քայլ առաջ մտածեք: Խաղաղությունն աշխարհի յուրաքանչյուր ժամանակակցի ուսերին է դրված, մենք պատասխանատու ենք մեր որդիների առաջ:

Մեր հարևանների մասին Մարկ Արենն ասում է. «Ժամանակների և տարածությունների մեջ մոլորյալներ են: Իրենք իրենց համար միֆական պատմություն են հնարել և կառչում են իրենց հնարածից, ինչպես իրենց վերջին վարտիքից: Նրանք չեն հասկանում, որ եթե անցյալին կրակես հրացանից, ապագան քո վրա կկրակի թնդանոթից»:

Մարկ Արենն ավանտյուրիստական ոճով կարողանում է իրադարձություններին նայել բեկումնային լույսի տակ, այդպես է և «Վիլ-Էվրար»` Կոմիտասին նվիրված գրքում, որը բոլորիս հուզող հարցին` Կոմիտասի խելագարության և հնարավոր բուժման փաստին է նվիրված: Այս հարցը վերջերս շատ է քննարկվում, հետազոտողները փորձում են գտնել հիմնավորումներ և Կոմիտասին փրկել հենց կենդանության օրոք. ահա Մարկ Արենի գրչի տակ աննշան թվացող մի փոքրիկ փաստ փրկում է Կոմիտասին, դա օգտակարության զգացողությունն է, մարդն իր մեջ ուժ է գտնում ապրելու այն դեպքում, երբ համոզված է, որ շրջապատն իր կարիքն ունի: Կոմիտասն իր ողջ գիտակցական ու անձնական կյանքը նվիրում է հայրենիին, ու երբ այդ հայրենին մորթվում է աչքի առաջ, բնականաբար, այլևս չէր կարող ապրել, իսկ օրիորդ Իզաբելի` ոչ այնքան հմուտ հոգեբույժի հնարքը հրաշք է գործում. մարդուն օգնելու, իր երաժշտության անհրաժեշտության միտքը վերակենդանացնում է Կոմիտասին:

Հեղինակի ոճը հայ գրականության մեջ առանձնանում է հենց սրանով` կյանքում եղած մանրուքներն են հրաշքներ գործում: Օրենքներն ու կարգերը ստեղծել են մարդիկ, իսկ այն, ինչ Աստված է տվել մարդուն, երբեք չի մեռնում, երբեմն աննկատ է մնում: Պետք է տեսնել և զգալ այնպիսի մի բան, որի մասին երգելու ցանկություն է առաջանում: Ոչ թե խոսել, քննարկել, վերապատմել, այլ հենց երգել: Պետք է գտնել Հրաշալին Առօրեականի մեջ: Նկարագրել ներքին այդ իրադարձությունը հասկանալի լեզվով և հասանելի դարձնել բոլորին: Քաղաքակրթության նավը դանդաղ ստանում է Տիտանիկի ուրվագիծը: Ըստ այդմ էլ` հավատին պետք է հատկացվի շատ կարևոր դեր: Նրա պատասխանատվությունը դուրս է գալիս եկեղեցու, մզկիթի, սինագոգի պատերից, քանի որ կրոնների միջև առկա միջնորմները մինչև երկինք չեն հասնում5:

—————————————-

  1. http://www.ysu.am/files/03R_Melkonyan.pdf
  2. Էրջյումենթ Ջենգիզ «Կլառնետահարը», Երևան, 2017, էջ 150:
  3. https://www.vnews.am/culture/es-mark-arenn-em/?fbclid=IwAR2RJ42vQzpDtV49CDv-3tMb_auH3mupi3CLHd3goLGBuvo0hWTJaLaM_Z4
  4. Մարկ Արեն, «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը», Երևան, 2015, էջ 42:
  5. https://www.vnews.am/culture/es-mark-arenn-em/?fbclid=IwAR2RJ42vQzpDtV49CDv-3tMb_auH3mupi3CLHd3goLGBuvo0hWTJaLaM_Z4

One thought on “ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՊՐԻԶՄԱՅՈՎ / Մերի ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

  1. Հարգելի Տիկին Մ.Մախսուդյան,
    Մարկ Արենի վեպի հիմնական կոնֆլիկտը, այսպես ասած` մեխը, առանց որի գրական գործը չէր կայանա, մեղմ ասած վերցված է ծագումով հրեա ռուս կինոռեժիսոր Պավել Լունգինի` 1992թ. նկարահանված Луна-Парк ֆիլմից, որտեղ գլխավոր հերոսը` կատաղի, երդվյալ հրեատյաց մի երիտասարդ անսպասելիորեն պարզում է, որ իր հայրը հրեա է… Ֆիլմը նկարվել է Մ.Արենի վեպի տպագրությունից շատ առաջ… Հետևությունները և հատկապես երևույթի ճիշտ գնահատությունը թողնում եմ ձեզ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։