Թեև Հայաստանի Առաջին Հանրապետությունում ստեղծվել էր Լուսավորության նախարարություն (նախարար` Նիկոլ Աղբալյան), սակայն կառավարությունը զուրկ էր ֆինանսական միջոցներից, և ծխական դպրոցները գտնվում էին Էջմիածնի հոգևոր կառավարության հսկողության ներքո: Ուսուցիչների նշանակումը, վարձատրումը, դպրոցական պարապմունքների ստուգումը և հսկողությունը կատարում էր Էջմիածնի հոգևոր կառավարությունն իր առաջնորդարանների միջոցով: Համատարած սով էր տիրում գյուղերում, շատերը մեկնում էին հեռավոր շրջաններից հացահատիկ (գարի, ցորեն, կորեկ) ճարելու: Սարդարապատի շրջանի բնակչությունը, գաղթած վայրերից վերադառնալով, տեսավ, որ թուրքերը ոչ միայն չէին հնձել հասուն արտերը, այլև ճղակոտոր էին արել շատ այգիներ (գաղթը տեղի էր ունեցել 1918-ի տարեսկզբին, Սարդարապատի շրջանում թուրքական բանակի առաջխաղացման հետևանքով. խմբ.): Շատ այգետերեր, սովից դրդված, մի քանի փութ ցորենով իրենց այգիները մեկ տարով վարձակալության են հանձնում: Այնպիսի սով էր սկսվել շրջանում, որ նույնիսկ շներին ու կատուներին մորթել, կերել էին: Գյուղերում մարդիկ անասունների նման դաշտերում, այգիներում խոտ էին ուտում: Բազմաթիվ մահացության դեպքեր էին տեղի ունենում: Մոլլաբայազետը (ներկայումս` Բամբակաշատ գյուղ), որ ուներ 2000 շնչից ավելի բնակչություն, աննկարագրելի սովի պատճառով կորցրեց իր բնակչության կեսից ավելին: Այդպես էլ` մյուս գյուղերում: Մի հանգամանք ժողովրդին փրկեց սովից. չհնձված դաշտերում հասունացած հասկերից հացահատիկը թափվել էր փխրուն հողին, և այդ տարի ցորենի ու գարու առատ բերք էր բռնել: Ժողովուրդն իր արտերից ձեռք բերած բերքով որոշ չափով ապահովեց իրեն հացով:
Հայկական Առաջին Հանրապետության Լուսավորության նախարարությունը, համաձայնության գալով ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հետ, ուսուցիչներին ապահովեց մի շարք մթերքներով` որպես նպաստ տալով ցորեն, գարի, կորեկ, սպիտակ ալյուր, ձվի փոշի, կակաո, շաքար:
1919 թ. սեպտեմբերի 1-ից վերահաստատվեցի Մոլլաբայազետի դպրոցում` ավագ ուսուցչի պաշտոնով: Դպրոցը դարձրի չորսդասյա, ինչի համար ինձ օգնական ուսուցիչ նշանակվեց նույն գյուղի բնակիչ, Երևանի Պուշկինի դպրոցի շրջանավարտ Եգոր Միրզոյանը: Մինչև կեսօր դպրոցի շենքը տրամադրված էր իմ պարապմունքներին, կեսօրից հետո այստեղ դաս էին առնում գյուղում բնակություն հաստատած, թուրքական ջարդերից մահապուրծ գաղթական երեխաները: Հայաստանի կառավարության հրավերով Անգլիան, Ամերիկան և Ֆրանսիան մեր մի շարք քաղաքներում` Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, հիմնել էին իրենց նպաստամատույց կոմիտեները, որոնք որբանոցներ էին պահում և նպաստներ էին բաշխում գաղթականներին: 1919 թ. աշնանից նպաստներ տրվեցին նաև ուսուցիչներին, ինչպես նաև որոշ կենսամթերքներ` աշակերտության նախաճաշի համար: Ստանում էինք հացահատիկ, սպիտակ ալյուր, կարագ, յուղ, ձվի փոշի, խտացրած կաթ, կակաո, հին հագուստներ: Ամեն օր դպրոցում հատուկ հարմարանքների միջոցով, աշակերտների թվին համապատասխան, հաց էր թխվում և կակաոյի ու ձվածեղի հետ երրորդ դասից հետո բաշխվում աշակերտությանը: Հոգաբարձուները հերթական կարգով օգնում և հսկում էին նախաճաշի պատրաստումն ու բաշխումը: Աշակերտներին տրվող նման օգնությունը շարունակվեց մինչև ուսումնական տարվա վերջ, այսինքն` 1920 թ. մայիս, իսկ ուսուցիչներինը` մինչև օգոստոսի վերջ:
1920 թ. Թուրքիան, որը, երիտթուրքերին տապալելուց հետո, ղեկավարում էր Մուստաֆա Քեմալ փաշան, հիմք ընդունելով Բրեստի պայմանագիրը` մի նոր բանակ է կազմում Էրզրումում` Քյարիմ Կարաբեքիր փաշայի հրամանատարությամբ` Հայաստանի վրա հարձակվելու նպատակով: Նույն տարվա ամռանը Հայաստանի ազգային կառավարությունը հարձակում սկսեց Իգդիրի գավառում կենտրոնացած թուրքական զորախմբերի վրա: Բանակին օգնում էին նաև Սարդարապատի շրջանի աշխարհազորը և սասունցիները, որոնք բնակություն էին հաստատել Արագածի փեշերին: Ես նույնպես մասնակցեցի այդ արշավանքին` որպես աշխարհազորի կազմակերպիչներից մեկը: Երկու ամիս Իգդիրի գավառին տիրելուց հետո նահանջեցինք` չկարողանալով դիմագրավել թուրքական բազմաքանակ բանակին, ու կրկին վերադարձանք Արաքսի ձախ ափը: 1920 թ. հոկտեմբերին սկսվեց թուրքերի երկրորդ հարձակումը Սարդարապատի շրջանի վրա: Մեծ ջանքերով ժողովրդական աշխարհազորը բանակի փոքրաթիվ վաշտերի հետ կարողացավ ոչ միայն դիմադրել, այլև ետ շպրտել թուրքերին Արաքսի աջ ափը` փրկելով շրջանը մեծ աղետից:
Գեղամ Եգորի Սարգսյանի հուշագրությունից հատվածը ներկայացրեց թոռնուհին` Հասմիկ Սարգսյանը
Հ. Գ.
Գեղամ Եգորի Սարգսյանը ծնվել է 1895 թ. սեպտեմբերի 9-ին Ախտայի շրջանի Ալափարս գյուղում: 1908 թ. ընդունվել է Երևանի Թեմական դպրոց: 1916 թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան: 1916 թ. նոյեմբերից հանձն է առել Սարդարապատի շրջանի Մոլլաբայազետ գյուղի դպրոցի ավագ ուսուցչի պաշտոնը: 1917 թ. հոկտեմբերին, փակելով դպրոցը, զորահավաքի է ենթարկվել և մեկնել բանակ, մասնակցել Սարդարապատի պաշտպանական կռիվներին:
Գ. Սարգսյանի` Հրազդանի շրջանի գյուղերում ծավալած լուսավորչական աշխատանքի շնորհիվ 1924-25-26 ուս. տարիներին դպրոցական մի քանի շենքեր են կառուցվել և վերակառուցվել: 1925-ին Ախտայում հիմնադրել է Գյուղերիտ յոթնամյա դպրոցը: 1926 թ. նշանակվել է Երևանի Նորքի դպրոցի վարիչ: Իր ջանքերով 1924 թ. հիմնվել են Հայաստանում առաջին հաշվապահական դասընթացները: 1936 թ.-ից աշխատել է Ապարանի տասնամյա դպրոցում:
1937 թ. կեղծ մատնագրի հիման վրա կալանավորվել է, աքսորվել Հեռավոր Արևելքի, Մագադանի աքսորականների ճամբարներ` առանց հիմնական մեղադրանքի` որպես խորհրդային կարգերի համար «կասկածելի անձնավորություն»: Աքսորում անցկացրել է տաժանակրության 7 տարի` հայտնվելով մի շարք մահվան ճամբարներում և կորցնելով առողջությունը: 1942 թ. մայիսին աքսորից ազատվել է, որպես զինծառայող աշխատել է Ուրալի զիվորական գործարաններում: 1944-ին վերադարձել է Հայաստան:
1954 թ. պաշտոնական որոշմամբ` դատվածությունն ապօրինի է եղել, ներկայացված մեղադրանքը չեղյալ է համարվել, և Գեղամ Սարգսյանը լիովին արդարացվել է: Մահացել է 1987 թվականին, 92 տարեկան հասակում` մինչև վերջ պահպանելով պայծառ միտքն ու աշխարհին ուղղված լուսավոր հայացքը: