Ապրում են մի տան մեջ` ենթակա նույն կանոններին ու ճակատագրին/ Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ

1024px-Levon-SahakyanՍամվել ԿՈՍՅԱՆ – Ձեր խորհրդածություններում գրել եք. «Անսահման ազատությունը ծնում է բռնակալին»: Արդյոք ազատությունը կարո՞ղ է անսահման կամ քիչ լինել:

Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ – 2018 թվականի հեղափոխությունից առաջ Հայաստանում ավելորդ ազատությունը ծնունդ տվեց բավական թվով բռնակալների և արտոնյալների, ու նրանք, ունենալով որոշակի ցուցումներ, ստացան անկաշկանդ գործելու հնարավորություն ու անպատիժ ճնշում, շահագործում էին բարեհոգի և օրինապահ ազգակիցներին: Կարծում եմ` դժվար չէ կռահել, թե որտեղից էր գալիս նրանց «համարձակությունը»:

Սահմանադրական օրենքները լավն են թղթի վրա, բայց կյանքում գործում են մատնեմատի, պատեհապաշտության, շահամոլության օրենքները: Անսահման ազատ էր և Լյուդովիկոս 14-րդը, որն ասաց, թե օրենքն ինքն է: Իմ կարծիքով, իրավական հասարակության մեջ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա օրենքի տված ազատությունը, որպեսզի այն անսահման կամ քիչ չլինի:

 

Ս. Կ. – Լինելով ՀԳՄ  Սյունիքի բաժանմունքի նախագահ` բնականաբար, ավելի քաջատեղյակ եք մարզի գրական անցուդարձին: Կա՞ անցուդարձ, և պահպանվո՞ւմ են Սյունիքին հատկանշական գրական ավանդույթները:

Լ. Ս. – Այո՛, պահպանվում են Սյունիքի գրական ավանդույթները: Գուցե ստեղծագործողների թվաքանակով զիջենք Շիրակի, Լոռու մարզերին ու Երևանին, սակայն որակական առումով մրցունակ ենք, կանք ու կլինենք: 1934 թվականից մինչ այսօր Սյունիքն ունեցել է երեսունմեկ ՀԳՄ անդամ: Գործող անդամները ինն են, ու նրանցից վեցը ապրում է Երևանում: Բաժանմունքի գրասենյակը, որ անվանակոչել ենք «Գրօջախ», գտնվում է Գորիս քաղաքի մշակույթի տանը: Անցած երկու տարիների ընթացքում կազմակերպել ենք տասնհինգ միջոցառում` հրավիրելով Սյունիքի բոլոր ստեղծագործողներին, կամեցողներին: Համագործակցում ենք Հայաստանի գրողների միության, տեղական իշխանությունների և գրականասեր անհատների հետ: Մարզում կան 50-ից ավելի ստեղծագործողներ: Նրանցից շատերն ունեն տպագրված գրքեր: Անց են կացվում շնորհանդեսներ, գրքի քննարկումներ: Գրադարաններին հեղինակները նվիրաբերում են իրենց գրքերը: Ունենք ՀԳՄ անդամ դառնալու թեկնածուներ, խոստումնալից երիտասարդներ: Կարծում եմ, որ մարդկանց ու մշակութային կենտրոնների վիճակների բարելավմանը զուգահեռ գրական անցուդարձն ավելի կաշխուժանա:

 

Ս. Կ. – Ի՞նչ եք կարծում, նոր կորոնավիրուսի պանդեմիան մշակութային անդրադարձ կունենա՞, ինչպես նախկինում աշխարհին պատուհասած մալարիան և ժանտախտը:

Լ. Ս. – Իհարկե, կունենա: Կորոնավիրուս կոչեցյալ հրեշը հուշում է մարդկանց, որ նրանք ապրում են մի տան մեջ` ենթակա նույն կանոններին ու ճակատագրին: Եվս մեկ անգամ ընդգծվում է այն հանգամանքը, որ ոչ մի կրոն ու լեզու արտոնյալ չի դարձնում ամենեցուն ու չի փրկում վտանգներից: Մարդկությունը դեռ շատ ու շատ բաներ իրենց տեղը դնելու, ինքնաճանաչման և ինքնադաստիարակման պարտականություններ ունի: Ու լավ է, որ սա մեր իմացության շրջանակում է, և հույսը կա:

Տերը տարերքներով և համաճարակներով ժամանակ առ ժամանակ զգոնության է կոչում մարդուն: Եկեք պահպանենք անվտանգության կանոններն ու հետևենք, որ դա անեն նաև մեր երեխաները, բախտախնդիրներն ու չկամեցողները, և հուսանք, որ ունենալու ենք ամենակալ Տիրոջ ողորմածությունը մեր գլխին:

 

Ս. Կ. – Վերջերս լրացավ Ձեր 65-ամյակը: Տարիքը թվաբանությո՞ւն է, թե՞ մարդկային համակեցության սովորական պահանջ:

Լ. Ս. – Ճիշտն ասած, հոգիս հերքում է 65 տարեկան լինելու իրողությունը, սակայն մարմինս համակերպվել է փաստին:

Տարիքն ինձ հուշում է, որ ավարտեմ կիսատ գործերս, բարեհոգաբար վերաբերվեմ իմ շրջապատին, ճշտեմ արած-չարածիս սահմանները, ինձ միշտ մղեմ երկրորդ պլան, պատասխանեմ մահվան գործակալի հարցերին ու ամենավերջից առաջ տպագրված տեսնեմ իմ գիրք-գրոցը: Երևի թե տարիքը թվաբանություն է շիրմաքարի վրա, իսկ կյանքում հարստություն է, վաստակած մարդու սեփականություն հանդիսացող հաճելի բեռ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.