Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

 

ՀԵՏԱԳԻԾ

Աներևույթ մի կետ է

իմ գրչածայրը,

որից ելնող ծաղիկը

հորիզոնի շո՜ւնչն է…

Ստվերիս պատուհանին հպվում է

մի ուրվական:

Գոյության առա՛նցքը:

Մի բազմակետ է

հետգրությունը իմ ճանապարհի:

Ո՞վ է իր քայլը

արմատի պես խրում

շնչառության մեջ հողի,

բուսնում` որպես ծաղիկ:

Ես հիշողության ծաղկամանից

պոկում եմ մի վարդ,

և հոգուս էջերին ճերմակ

գրառո՜ւմ է կատարում

Ապագայի բանաստեղծը…

Հուշերի մի շղթա է քարշ տալիս

Ճանապարհը,

թռչունները կտցահարում են

ստվերը երկնքի`

որպես պատառի՜կ հացի:

Երբեմն կրում եմ ես

Իմ ճանապարհը` որպես թիկնո՜ց:

Բանտի դռներից հոսում են

գետերը աղոթքի

և կարմիրով ներկում

աստիճանները`

ըմբռնումնե՜րը հասարակության:

Գիշերը հուշերի շուրթերից

ծաղիկ է քաղում:

Բևեռների արցո՛ւնքը:

Եվ վայրկյանների ջահերով

լուսավորվում են

պատարագները ցավի:

Ժամանակի ձեռքը

հղկում է հայացքը ճանապարհի`

որպես դիմաքանդակ:

Իմ և իմ միջև աճում է մի ծառ`

լո՜ւյսն հիշողության:

Թե տողն է հասցեն տիեզերքի,

դարձրու այն դեմքը

լռության, ոգու պայծառ

ճի՛չը,

ինքնամոտեցմա՜ն ծիրը…

Կողմնացույցից պոկված

սլա՜ք է կյանքս:

Ես քեզ մի բան պիտի ասեի:

Անսահմանի դեմքից

պոկում եմ մի բառ`

ծաղիկը երկնքի,

և դնում վերքիս`

որպես սպեղանի՜:

Իմ ժամանակը պատա՜նդ է:

Բանտարկյալի հույսը երկարո՜ւմ է

բուրող ստվերով խնձորենու:

Մանկան խորքից ճախրո՜ւմ է

հորիզոնը երազի:

Եվ խլրտում են սերմերը ոգու

Քարե կանչերում անդունդների:

Ժամանակի ձեռքից վերցնում եմ

լավաշն անեզրության

և կերակրո՜ւմ ճնճղուկներին:

Անհունի լռությունը

թարգմանում է մի ձեռք:

Եվ քայլերիս

դարպասնե՛րն ուտո՜ւմ են

ճրագները մութի:

Սիրո չարտաբերված

լռությո՜ւնն եմ ես:

Եվ թևերիս երկնքով

փաթաթվում են

քո ազդրերը հողմային:

Խելագարի պես

գրում եմ հիմա բիբով

ճանապարհի:

Եվ զանգահարում է բևեռից բևեռ

ոգին տարածության:

Փողոցի անկյունում`

կծկված անեզրություն,

որ ելնում է տեղից,

վազում հանկարծակի,

ինչպես կատաղած ցո՜ւլ:

Խաչքարի ձեռքերում

օրորվող բարուրը

իմ ժամանա՜կն է…

Հորիզոնի ճյուղին

ծլվլո՜ւմ է մի բույն:

Հողը լուսանո՜ւմ է

երկնակամարով մանուշակների:

Եվ ձեռքերիս հիշողության մեջ

կայծկլտո՜ւմ են աստղերը:

Ճանապարհն`

աներևույթ ձեռքերում:

Ժամանակը`

քարե վանդակներում:

Արցունքներիս թևերից կախվել

և սուրո՜ւմ են հրեշտակները:

Բարձունքի կարմիր ճի՜չը:

Անհայտի հետագի՛ծը:

Գլորվող կափարի՜չ է

երկինքը գաղափարի:

Աստղի բիբ է բառը:

Տողը` հյուրասենյա՜կ:

Ասելիքի խորքից

վե՜ր են խոյանում

սյուները Լռության:

Անսահմանի չբռնվող                                                                    խորհո՜ւրդը…

Իրականությունը մի կետ է:

Անհայտի մի ե՛զր:

Ճանապարհի լո՜ւյսը:

Շառաչուն արյան թևերի վրա:

Փոթորիկների ճերմակ ճյուղերին:

Ծաղկած քարերի

բուրո՜ղ մանկությունը:

Տեսիլքի զսպանա՛կը:

Իմ գրչի ծայրից

հոսո՜ւմ է ավիշը հարատևության:

Ջնջում եմ իմ դեմքը

ճակատագրի սեղմ

գրատախտակից:

Եվ տառի ձա՜յնն է որսում

փետուրը լռության:

Հասնում եմ դռա՛նը Ոգու

ըմբռնումի նոր լարի վրայով:

Եվ պատրանքների լեռները

փլուզվում են

ճանապարհների զարկերակի՛ վրա:

Քաոսի աչքերը մխրճվում են

տենդի մեջ տողի:

Քարեղեն ճիչ է:

Եվ կարմիր հույս է վարդը`

լուսա՜յգը հայտնության:

Երկնքի թևերում

խորա՜նն է իմ բառի:

Հայելու կրակե ձեռքերով

բացում եմ դեմքը Անհայտի:

Ունայնությա՜ն փոսը:

Իրակա՛ն է շեմը երազի:

Անիրական չէ բո՜ւյրը

հորիզոն-ծաղկի:

Դեմքիս սպին`

աստղի նշա՜ն:

Իսկ իմ հայացքի ավազանում

լողում է մի վա՜րդ:

Եվ կարոտի ճերմակ

աղավնին է իջնում

ոտնահետքերիս ճիչերի վրա…

Թռչունների բիբերը

կարկտահարո՜ւմ են

խեցեփեղկերը մարդկային խղճի:

Եվ բառի հայացքը մի թրծարա՜ն է:

Բուրմունքն, ինչպես

համբուրող շուրթ,

ձևավորո՜ւմ է սենյակները հուշի:

Եվ հավատի ժայռերի միջև

ժայթքում է ժամանակը…

Ես շոշափո՜ւմ եմ

քարտեզը ցավի:

Ապագայի դո՛ւռը:

Բռնում եմ թիթեռները պատրանքի:

Երբ հավատի լույսը

միա՜կ լեզուն է իրերի,

խորհո՜ւրդը լռության:

Եվ գլխատված

արևի ճառագայթները

ճանկռոտո՜ւմ են

ավազը Տենդի:

Գալարանքնե՜րը մութի:

Ես շրջանցում եմ

ոստա՜յնը ճակատագրի:

Քանի՜ կարոտ եմ

պատրանքազերծել,

վառել ճրագը գարունքվող հոնի,

անսահմանության

սահմա՜նն եմ անցել,

ձուլվել տարերքին

բախտ-երգեհոնի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։