ՀԱՅՐԵՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՏՈՀՄԱԾԱՌԵՐԻ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

 

 

Կգա մի երանելի ժամանակ, երբ հողագնդում ապրող բոլոր մարդիկ այնքան կհասունանան, կդառնան այնքան խելացի ու խելամիտ, որ կգիտակցեն ու կհասկանան, որ բարեբախ- տություն է, որ ապրում են տիեզերական անհուն ու անսահման տարածության մեջ ամբողջացած, մարմնավորված ու հոգեղենացած Երկիր մոլորակում: Երկնային ու երկրային երկու իրականություններից կազմավորվել, իմաստավորվել է Երկիր բառը, որի մեջ մեկտեղվել է նյութական ու հոգեղեն աշխարհների բովանդակությունը: Երկիր մոլորակն անխախտելի էացումն է նյութական ու հոգեղեն աշխարհների:

Երկիր մոլորակում են ծնվել, ապրել ու վերամարմնավորվել նաև երկնային լույսից, սիրուց ու հոգեհոսքերից մարմնավորված, կյանք առած ու երկնային տարերքներից` հողից, ջրից, կրակից ու օդից հղացած մեր նախնիները: Մենք երկնային լույսից սկզբնավորված արարչածին էակներ ենք և պետք է սիրենք, գնահատենք արարչագործությամբ մեզ տրված մեր հայրենի մոլորակը:

«Տիեզերքի սրտխփոցը» գրքում ես գրել եմ աստղաշխարհների, նյութական ու հոգեղեն մթաշխարհների ու մտաշխարհների, մարդկային ներաշխարհների անսահմանափակ ու հուզական, զգայական ապրումների, երազանքների մասին: «Տոհմածառերի երկիրը» իմ բանաստեղծական ժողովածուն ներկայացնում է մեր մարդկային էության և աստվածային հավերժական ու անմահ իրողությունների սիրով ու հավատով փոխկապակցված Երկիր մոլորակը:

Հողագունդը, որ նաև Ջրագունդ և Օդագունդ է, բարեշրջվելով Սիրագունդ ու Հոգեգունդ պետք է դառնա մարդկության համար: Մենք ծնվել ու ապրում ենք Արարչական երկրում: Արարչաստեղծ, բիբլիական Արարատ լեռը որպես խորհրդանիշ ապրում է բոլոր հայերի սրտում, հոգեմտածողության մեջ:

Աստծու որդու պես հալածված ու խաչված հայ ժողովրդի զավակները տեղահանվել, եղեռնազարկվել ու սփռվել են հայրենի մոլորակում: Նրանց երակների մեջ հոսում է հայոց ազգատոհմերի ժառանգական արյունը: Նրանց հոգեբանության, հոգեմտածողության մեջ սերնդեսերունդ շարունակվում են վերարտադրվել Աստվածատուր շնորհները` երգելու, պարելու, նկարելու, գրելու: Կյանքը ստեղծագործական աշխատանքով հարստացնելու, գեղեցկացնելու, ավելի բարետես ու գրավիչ դարձնելու հակումները հայորդիների ու հայուհիների անուրանալի ձիրքերի վկայություններն են:

Հայոց մտածողության մեջ երկիրը հայրենիքն է, հայրենի բնաշխարհը, ծննդավայրը: Մեր բոլորի ծննդավայրը գտնվում է Երկիր մոլորակում: Մենք` հայերս, ինչքան էլ ազգասեր ու հայրենասեր լինենք, մեր հոգեմտածողությամբ մարդասեր ենք ու սիրում ենք աշխարհի բոլոր խաղաղասեր ու արվեստասեր մարդկանց: Հայոց հայրենատներն այն սրբազան օթևաններն են, որտեղ ապրում են հայախոս ընտանիքները, որտեղ հնչում է ոսկեղենիկ հայոց լեզուն, որտեղ թևածում է հայ մշակույթի կենարար շունչը:

«Հայրենատների մոլորակը» բանաստեղծությունների ժողովածուն տրամաբանական շարունակությունն է «Տոհմածառերի երկիր» ժողովածուի: Շատ կցանկանայի, որ երկու գրքերն էլ տեղ գտնեին նրբաճաշակ ու բարձրաճաշակ աշխարհասփյուռ հայ ընթերցողների գրադարակներում ու գրասեղաններին: Համոզված եմ, որ նրանց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր իմ ժողովածուներում ամփոփված բանա­ստեղծական, խոհական ու իմաստասիրական ասելիքը կփոխանցեն իրենց ընկերներին, մտերիմներին, հարազատներին և, ինչու չէ, նաև կփորձեն թարգմանաբար ներկայացնել այլազգի ընթերցողներին: Մոլորակով մեկ պետք է ընդլայնվի հայոց տոհմածառերի երկիրը: Հայրենատները պետք է հայոց լեզվի, հայ մշակույթի լուսավոր ու մարդասիրական շունչը սփռեն ողջ մոլորակում: Հայրենասիրությունն ու մարդասիրությունը պետք է խաղաղ ու համերաշխ գոյատևեն ու հարատևեն Հայրենատների մոլորակում…

Մենք մեր բարձրարժեք մշակույթով կարող ենք նոր շունչ հաղորդել մեր Երկիր մոլորակին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։