Նախ, ո՞վ է Ջերալդը… Ավստրալիայում ապրող մեր հայրենակից, մեր գրողական ընտանիքի անդամ, մշակութաբանության դոկտոր Շմավոն Ազատյանի «Ազգային պատկերասրահ» վիպակի գլխավոր գործող անձն է:
Այսպես, քո մտքերը, Ջերա՛լդ, արվեստի, մանավանդ գեղանկարչության վերաբերյալ չափազանց հակասական են ու իրարամերժ: Մի կողմից մտահոգված լինելով հայկական նկարչության միջազգայնորեն ճանաչված լինելու հարցում՝ դու կտրուկ ու դաժան քննադատության ես ենթարկում նորը, մոդեռնիստականն ու պոստմոդեռնիստականը: Աղբ ես անվանում, չես հաշտվում նորի հետ: Խոսում ես Մատիսի, Սյորայի և այլոց մասին, մոռանալով, որ ժամանակին նրանք էլ են հինը ժխտելով հաստատել իրենցը: Մշակույթն ու արվեստը ուղղորդելու քո մղումով դու ավելի հին ես ու ավելի խորհրդային, քան կարծում ես…
Դու խճճվել ես, Ջերա՛լդ, խճճվել ես նաև անձնական կյանքում: Քաղցրաթթվաշ մի աղջնակի հետ խենթ գիշեր ես անցկացրել, ներկա ես գտնվել ՆՓԱԿ-ի ցուցահանդեսին և կանխազգում ես մի նոր գինառատ ու կրքոտ գիշեր այստեղ, հենց նոր հանդիպած կնոջ հետ: Եվ միաժամանակ մտածում ես քո վաղեմի սիրո՝ Աիդայի մասին: Չէ՞ որ նա քեզ համոզեց ներկա գտնվել այս ցուցահանդեսին: Ո՛չ, Ջերա՛լդ, մի՛ կարծիր, թե կանայք ու ալկոհոլն է պատճառը, որ դու և Աիդան հեռանում եք միմյանցից: Դուք պարզապես գեղագիտական տարբեր, գրեթե հակադիր պատկերացումներ ունեք… Չնայած, կարող էր լինել նաև մի այլ պատճառ: Բանն այն է, որ այն, ինչ սկիզբ ունի, ունի նաև ավարտ:
Իսկ սյուժեն, ներիր, Ջերա՛լդ, դու չես հյուսում: Դա քո կյանքը չէ: Այն ստեղծել է հեղինակը՝ Շմավոն Ազատյանը… Եվ որքան էլ արվեստի մասին խոսքը մի փոքր գերազանցում է չափը, այնուամենայնիվ սա մշակութաբանական հոդված կամ ակնարկ չէ: Պարզապես մի թեթև սյուժեով գրական ստեղծագործություն է, վիպակ, հաջողված ու ինքնատիպ վիպակ: Եվ, ինչպես Վիլյամ Սարոյանն էր ասում՝ թե իր ստեղծած բոլոր կերպարների մեջ ինքը կա, անգամ նկարագրվող առարկաների ու իրերի մեջ է ինքը. այնպես որ այս ամենը նախ և առաջ հեղինակի՝ Ազատյանի ինքնատիպ ներաշխարհի արտացոլումն է: