ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԸ` ԱՐՎԵՍՏԻ ՏԵՍԱԲԱՆ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

 

 

 

 

Նոր գեղարվեստի էությունը Գեղեցիկի  հին` ավանդական հասկացողության, և նոր` ազատ, անհատական ըմբռնման պատերազմն է:

Երվանդ Քոչար

 

Հասմիկ Գուլակյանն այն հրապարակախոսներից է, որի ամենօրյա կյանքը սերտորեն կապվում է ազգային ճակատագրի հետ: Այդպիսիք են նրա` ցարդ հրատարակած 9 գրքերը, և ահա ևս մի գիրք` «Երվանդ Քոչար. հավատամք»: Գուլակյանը խոստովանում է, որ նեղ մասնագիտությամբ արվեստաբան չէ, այլ գիտակ արվեստասեր: Նրա վերլուծական խոհերում երևակվում է հանճարեղ Երվանդ Քոչարը` որպես արվեստի մեծ տեսաբան և համաշխարհային արվեստի եզակի գիտակ: Հրապարակախոսի քննության առարկան «Ես և դուք» ժողովածուում (2007թ.) լույս տեսած հոդվածները, ելույթները և հարցազրույցներն են, որոնք ներկայացնում են արձանագործ նկարչի տարբեր տարիների խոհերը: Այսօր էլ ու հետագայում դրանք չեն կորցնելու իրենց տեսական ու ճանաչողական արժեքը:

Երվանդ Քոչարը, ով դեռ երիտասարդ տարիներին արդեն հայտնի անուն էր Փարիզի արվեստագետների միջավայրում, 1936-ին Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց հետո շատ հարցերում իրեն զգացել է բանտի մեջ: Այս իրողությունները տաղանդավոր ձևով բացահայտել է Վիգեն Իսահակյանն իր «Փարիզ, Քոչար, անցած օրեր» հիանալի գրքում` անմիջական շփումներ ունենալով Մաեստրոյի հետ:

Հասմիկ Գուլակյանի գրքում շատ մտածված ձևով առանձնացված են Քոչարի գնահատականները` տրված Վերածննդի մեծերին` Լեոնարդո դա Վինչիին ու Միքելանջելոյին և XX դարի եվրոպական ու հայ արվեստի ներկայացուցիչներին` Մարտիրոս Սարյան, Բաժբեուկ, Կալենց, Ռուդոլֆ Խաչատրյան և այլք:

Քոչարի «Ես և դուք» ժողովածուն նաև տեսական-ուսուցողական է, նրանում հստակորեն սահմանվում է, թե ինչ է մոնումենտալիզմը, անտիկ արվեստը, Վերածնունդը, որն է տարածական նկարչության իմաստը, ինչու ավելի նոր ժամանակներում առաջացան ավանգարդային տարբեր հոսանքները և այլն:

Ինչպես երևում է գրքից` Քոչարն արձանագործության ու նկարչության բարձրակետ համարել է Միքելանջելոյին: Սա զարմանալի չէ, որովհետև Լեոնարդո դա Վինչին նկարելու ու քանդակելու իր ձիրքը համարում էր տասներորդական շնորհ և իրեն առաջին հերթին համարում էր գիտնական: Նրան են պատկանում ինքնաթիռի, այսօրվա ավտոմեքենայի, այսօրվա ձեռքի ժամացույցի, տանկի և այլ գյուտեր: Նա մարդկանց բացատրում էր, որ պետք է սովորել բնությունից և պահանջում էր. «Բացե՛ք ձեր աչքերը»:

Քոչարը գրում է. «Միքելանջելոն իրենից հետո, լայն  իմաստով, դպրոց չթողեց, քանի որ նրա արվեստը չափից ավելի բարձր էր և խիստ անհատական» (էջ 20): Իսկապես, ովքեր տեսել են Ֆլորենցիայի ակադեմիայում գտնվող աստվածաշնչյան Դավթի արձանը, Վատիկանի պատկերասրահի «Պիետան», կհասկանան, որ գերազանցել նման գլուխգործոցներին ան­հնար է:

Ըստ Քոչարի` գրքում բացատրվում են Երևանի կայարանամերձ հրապարակում և Վարդան Մամիկոնյանի հրապարակում կանգնեցված «Սասունցի Դավիթ» ու «Վարդան Մամիկոնյան» մոնումենտալ արձանները, որոնք մեր մայրաքաղաքի իսկական զարդերն են: Վարդան Մամիկոնյանը նահատակվեց հանուն ազգային անկախության, որին սպառնում էր դավանափոխության սպառնալիքը. դրա համար էլ «հավատի զինվորին` Վարդան Մամիկոնյանին, կերտել է խաչակերպ…» (էջ 24):

Ուշագրավ են Քոչարի գնահատականները` տրված Գյուրջյանին, որին համարում էր բանաստեղծ, արձանագործ. «Գյուրջյանը եղել է Իսպանիայում, ԱՄՆ-ում և այլուր, հարստացրել իր հոգեմտավոր պաշարը: Իսկական «Maitre»-ի կյանք էր վարում, և եվրոպացիներն ու ամերիկացիները երկրպագում էին նրան» (էջ 27): Մարտիրոս Սարյանի արվեստը Քոչարը համարում է արևի դյուցազներգություն. «Նա արևի բանաստեղծ է, և նրա արվեստը կապրի այնքան, որքան կապրի մեր սերը դեպի արևը» (էջ 39):

Հիանալի ձևով է մեկնաբանված Քոչարի այն դրույթը, թե չի կարելի մեծություններին միմյանց հետ համեմատել, որովհետև նրանք  խիստ ինքնատիպ ու յուրօրինակ են:

Քոչարն անդրադարձեր ունի գրքերի նկարազարդումներին. գրել է Արա Բեքարյանի` Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վիպակի նկարազարդումների մասին, որոնք մասամբ որակազրկվել են տպագրական ցածր մակարդակի պատճառով: Նույն ձևով նրա հետաքրքրությունների շրջանակում են եղել թատերական ձևավորումները. գրել է Միքայել Արուտչյանի օպերային ձևավորման մասին` նկատելով. «Պլաստիկ արվեստի լեզվով բացում է պիեսի ներքին բովանդակությունն ու հերոսների կերպարները» (էջ 51):

Ծանոթանալով Քոչար արվեստաբանի տեսական գիտելիքներին` Գուլակյանը ցավով է նշում, թե Քոչարն իր հանճարը լիովին չկարողացավ իրացնել, նա կարող էր սերունդներին թողնել հայ մեծերի քանդակների մի մեծ շարք` Հայկ Նահապետ, Տիգրան Մեծ, Գրիգոր Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Միքայել Նալբանդյան, Հովհաննես Թումանյան, Եղիշե Չարենց:

Համենայնդեպս, պարզ է, որ Քոչարը արվեստի բարձրակետ  համարում էր Միքելանջելոյին, և իր մտքի թռիչքը սլանում էր դեպի նա. «Միքելանջելոն ստեղծեց մկանների ուժի գերիներին շղթայակապ: Ես ստեղծեցի մտքի ու հոգու շղթայակապ գերիներին…» (էջ 41):

Գրքում կան օտար բառերի հայերեն բացատրությունները, Քոչարի որոշ գունավոր գործերը, իսկ գրքի դարձերեսին մեծ արվեստագետի ասույթներն են: Գիրքը խմբագրել ու սրբագրել է Գևորգ Յազըճյանը:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։