Ձագուկը, որ դեռ Մյուրզիկ չէր կոչվել, կարծես գիտեր, որ տիկին Շողիկը խնամակալուհու իներցիոն հոգեվիճակում է, որ շվարած է, որ չգիտի, թե հիմա ում վրա է թափելու իր հոգածությունը, գութն ու գորովը… Դռան տակ հայտնվեց ճիշտ այն օրը, այն ժամին, երբ նա` անձամբ իր համար հեռանկար չտեսնելով, ճգնաժամի մեջ, կարկամած բացեց բակ տանող դուռը: Ուզում էր գնալ, նստել սերկևիլենու տակ` այն նստարանին, որ քառասուն տարի առաջ իր ձեռքերով սարքել էր հայրը, վերլուծել այդ օրերի` մեկը մեկից ցնցող իրադարձությունները, հասկանալ` ավելի շատ ուրախությո՞ւն կա իր մեջ, թե՞ վիշտ: Արսեն հայրիկն ինքն էլ գիտեր, որ իր Շողիկը պատրաստ է դեռ երկար խնամելու իրեն` ինչքան պետք է, դիմանալ իր կամակորություններին` ինչքան կարողանար… Բայց խղճաց պառավող աղջկան ու երեք օր առաջ` գարնանային այն պայծառ օրով` հենց մայիսի 8-ին, իր ծննդյան օրը, երբ Շողիկը նրան որպես նվեր հայտնեց մեր հեղափոխության հաղթանակի լուրը, փակեց ուրախությունից փայլող աչքերը, որոշեց անսպասելի հեռանալ, թեև մտադիր էր 100 տարի ապրել:
Այս տարի, եթե Աստված հաջողի, մայիսի 8-ին Շողիկը կնշի իր Արսեն հայրիկի 90-ամյակը: Գուցե Ավստրալիայից գա քույրը, Լոսից` եղբայրը, գուցե իրենց զավակներն էլ հավաքվեն աշխարհի այսուայն կողմից:
Փոքրիկ կատվաձագին կարծես մեկը խրատել էր, որ տիկին Շողիկի մոտ գորովի ու գութի ավելցուկ պաշար կա: Նրա մեղմ, նշաձև, բաց կանաչ աչքերը ուղիղ տիկին Շողիկի աչքերի խորքն էին նայում ու տեսնում էին, որ սխալ հասցեով չի եկել: Կերակրեց հենց այն կաթնաշիլայով, որ հոր համար երեք օր առաջ էր եփել ու դեռ չէր թափել սառնարանից:
Այն կատվուհու ձագերից էր, որ տարվա մեծ մասը հղի էր` բիրտ անճոռնի հսկա փիսոյից: Այդ այլանդակից պրծում չունի, և երբ տիկին Շողիկը չի հասցնում հատակի փայտով դադարեցնել բիրտ անճոռնիի ցանկասիրական ակտը, որ գոնե իր աչքի առաջ չկատարվի, ստիպված ենթարկվում է նրա բռնություններին: Այս բիրտը, այս անճոռնին, այս տարածքի օլիգարխը մի պահ նայում է Շողիկի վրա այնպես, կարծես ոչ թե Շողիկն է իրեն վերևից նայում` իր հասակի բարձունքից, այլ ինքը` Շողիկին, երբ գետնից ամենաշատը մի երեսուն սանտիմետրով է բարձր: Հետո հանգիստ, պոչը արհամարհանքով, ծանր-ծանր այսուայն կողմ պտտելով իբր հեռանում է, բայց խելքը դեռ ամբողջովին այս կողմն է:
Սակայն, ինչ որ ճիշտն է, ճիշտն է, որպես էգ` ստրկության մեջ գտնվող այս մայրը, կյանքի գնով կարողանում է պաշտպանել իր աշխարհ բերած եռյակից կամ քառյակից գոնե մեկին կամ երկուսին: Հանգստացավ, երբ համոզվեց, որ այս մեկը հուսալի ձեռքերում է: Գալիս էր ստուգելու` ամեն ինչ կարգի՞ն է: Այս ընթացքում սովորություն դարձրեց իր ձագուկից առաջ անցնել, խփշտել կերը: Երբ հասկացավ, որ արածը բանի նման չէ, ու Շողիկից քոթակ է ուտելու, սկսեց գողեգող մոտենալ ամանին: Մյուրզիկը արդեն Մյուրզիկ էր և երբեք չէր խանգարում մորը իր հետ նույն ամանից օգտվելուն: Ի՜նչ բարի էր Մյուրզիկը: Բայց նրա բարության հեքիաթը դեռ նոր էր սկսվում: Մի օր կերամանի մոտ մի պուճուրիկ, գեշ ձագ հայտնվեց: Էլի նույն Ստրկուհի մորից ու Բիրտ-անճոռնիից ծնված սերունդն էր: Ճիշտ և ճիշտ հորն էր նման` սպիտակ, մեծ խալերով: Նախշերից մեկը` հանուն արդարության, զոլավոր էր: Կարծես կտրել էին մոր մորթուց ու կարկատել սրա վրա: Մյուրզիկի` ուտելիք խնդրելու «մյաուն» շատ ազնվական էր: Նա երբեք չէր տրտնջում, չէր պահանջում, եթե տիրուհին իր ուզածը չէր տալիս: Իսկ էս, էս, էս լաչառը իր տհաճ ձայնով խառնվում էր Մյուրզիկի հեզ երգեցողությանը: Դնչին` էլի մի քանի մեծ, գեշ խալ, գլուխը մարմնի համեմատ փոքր: Ներվայնացնում էր:
Մյուրզիկը իր ճաշը կիսում էր Գեշ քույրիկի հետ, լիզում, լպստում էր նրան, մաքրության դասեր էր տալիս, մեծացնում էր մորից էլ լավ: Այսպիսի եղբայր, կատուների վարքն ուսումնասիրողներից դեռ ոչ մեկը չի տեսել: Մինչև Մյուրզիկի անհետանալը` Շողիկը տհաճությամբ է նայել այս Գեշ աղջկան կամ էլ չի նայել, որ չներվայնանա: Բայց հանուն Մյուրզիկի և տեսնելով, թե կատվի մեջ որքան գորով ու սեր կարող է լինել իր հարազատի, արյունակցի հանդեպ, հարգանքով է լցվել ու իրեն տրամադրել նրանից բարոյական դաս առնելու:
Մեղքը ի՞նչ թաքցնի Շողիկը` օվկիանոսից այն կողմ գտնվող եղբոր հետ հենց այս օրերին հեռախոսային վեճի մեջ է: Եղբայրը սովետներն է հիշում` կարծես դրախտն է կարոտում, որտեղ մի անգամ հրաշքով եղել է ու քառասուն երջանիկ տարիներ է անցկացրել այնտեղ. հենց դրախտում էլ դպրոց, համալսարան, բանակ է գնացել, իսկ ինքը հիշում է Արեշի դժոխային ցեխը, դպրոցի հաստափոր ֆիզկուլտուրայի դասատուին, որ մի անգամ ապտակել էր եղբորը և նրան «պատկառանքի ձուկ» էր անվանել: Երբ դեսուդեն` գիտուն մարդկանց հարցուփորձ արեցին, պարզվեց, որ այդպիսի ձուկ չկա աշխարհում: Ընկեր Սարգսյանը երևի պետք է ասեր` «պատկառանքից զուրկ»: Հիշում էր շատ այլ վատ-վատ բաներ, օրական այսուայն կողմ կատարված դանակահարություններ, «գվարդիաներ», ֆինբաժին, որ փողոցի անկյունում երևալով` ամեն անգամ ուշաթափության էր հասցնում իրենց ոսկեձեռ դերձակուհի մայրիկին:
Շողիկը, հանուն հակառակության, չէր հիշում երջանկության այն հազվագյուտ պահերը, որ համընկել էին սովետի հետ: Թեև չի կարող չհիշել իր առաջին, երկրորդ… և վերջին սերերը, որ էլի համընկնում էին սովետի դարաշրջանին: Լուսահոգի ամուսնու նվիրած մատանին, նրա ու երեխաների հետ Գագրայում օդափոխվելը, Գագրայի կվասն ու խաչապուրին և էլի ուրախ օրեր, բայց ոչ` տարիներ…
Եղբայրը մայրական տատին է գովում, բարի խոսքերով հիշում, Շողիկը` հայրական: Շողիկը դեպքեր է հիշեցնում, երբ իրենց մայրական տատը քեռու երեխաներին էր երես տալիս` վեճերը միշտ հօգուտ նրանց էր լուծում: Թեև միշտ էլ բկլիկ է եղել եղբայրը, բայց կարծես չի էլ ուզում հիշել հայրական տատի եփած կերակուրները: Ձեռագործների հարցում երկուսն էլ անզուգական էին: Մի թեթև մրցություն կար նրանց միջև, բայց չէին զլանում մեկմեկու նորարարություններով զարմանալ:
Դեռ չի ուզում խոստովանել Շողիկը, բայց իրականում երկուսն էլ լավն էին, հիմնականում հաշտ էին. արդեն իրար մեջ հավասար կիսել էին ներգաղթյալի դաժան օրերի ու տարիների բեռը, իրենց սերը զավակների նկատմամբ, վերապրել էին հին դարդերը` երեսունականներից, քառասունականներից, հիսունականներից:
Հիմա էլ Նիկոլից է կպել. «Էս էսպես չարեց, էն էնպես չարեց»: «Նիկոլին բան չասես,- կատաղում է Շողիկը,- տղամարդ ես, արի, դո՛ւ նրա տեղը կառավարի, տեսնեմ ո՞նց ես կառավարելու»:
Մյուրզիկը քրոջը պահեց, մեծացրեց: Մի օր չի տեսել Շողիկը, որ նրանց անմեղ չարաճճիությունները անպարկեշտ խաղերի վերածվեն: Քրոջ հետ նեղ օրեր անցկացրեց, երբ իրենց տիրուհին երկար ժամանակով բացակայում էր տնից և այնքան տարված էր պապերի ու տատերի Երկիր իր այցելությամբ, որ ոչ մի անգամ չհիշեց ո՛չ Մյուրզիկին, ո՛չ էլ, մանավանդ, Գեշ աղջկան: Բացի այն մի քանի րոպեներից, երբ Վան քաղաքում Վանա կատուների բուծարանում էր:
Մյուրզիկը հաճախ ստիպված էր լինում իր ազնվական վարքուբարքը մի կողմ դնել, կյանքի ու մահվան կռվի մտնել Անճոռնի-բիրտի հետ: Նրանցից ոչ մեկը, ըստ ցեղի օրենքների, ընդունակ չէր և պարտավոր էլ չէր անդրադառնալու, որ հարազատ հայր ու որդի են: Մի անգամ Բիրտ-անճոռնին Մյուրզիկի պոչն էր քրքրել, մի անգամ գեղեցիկ վզի մորթն էր պատառոտել: Բայց վերքերը լավանում էին, Մյուրզիկի աչքերի մեջ նույն հայելանման, ազնիվ, մաքուր հավատն էր մարդու, այսինքն` Շողիկի նկատմամբ: Գեշ աղջիկը պետք է որ արդեն հասունացած լիներ` որպես իգուհի: Արդեն Բիրտ-անճոռնին հոտոտելով գտնում, գալիս էր նրան տիրանալու: Մյուրզիկի ու սրա կռիվներից հետո Շողիկը պատշգամբից խրձերով մազափնջեր էր ավլում: Նայում էր մեծացող ու գիրացող Գեշ աղջկան ու մտածում. «Կարո՞ղ է սրան մեկնումեկը հղիացրել է` Բիրտ-անճոռնին կամ Մյուրզիկը»: Բայց, չէ՛: Ուղղակի լավ ախորժակ ուներ:
Հիմա խորը ա՜խ քաշելով է Շողիկը հիշում Մյուրզիկին: Նա հանկա՛րծ չքացավ: Մինչև վերջերս դեռ Շողիկն ու Գեշ աղջիկը հույս ունեին, թե կվերադառնա: Գեշ աղջիկը ամեն օր գալիս է մլավելով… Կարծես Շողիկից ոչ թե ճաշ է խնդրում, այլ մի ճար, որ վերադարձնի Մյուրզիկին: Մյուրզիկի անհետանալուց հետո առաջվա անճոռնի ձայնով չի մլավում, այլ ներքին մի հուշումով կրկնում է եղբորից սովորած դասերը:
Նա, որ իր աներես հոր կտորն էր մինչև Մյուրզիկի անհետանալը, դարձել է հեզիկ: Շողիկն ու ինքը կարծես արդեն հաշտվել են Մյուրզիկի չլինելու հետ: Չեն ուզում մտածել, թե «ո՜ր սև սարում, ո՜ր անտառում, ո՜ր թփի տակ կորավ մենակ»: Գուցե Գեշ աղջիկը մի բա՞ն գիտի, որ Շողիկին չի կարողանում պատմել: Նա առաջ էլ ամեն ինչ չէր ուտում, ասենք` ձկան հում փորոտիք: Իր փոխարեն Շողիկից թաքուն կհայտնվեն Բիրտ-անճոռնին կամ Ստրկուհին, կխփշտեն: Նա ուտելիքից առավել հիմա Մյուրզիկի կարիքն ունի: Մի ձմեռ նրանք` քույր ու ապերիկ, տաքացել են իրար խտտած: Իսկ այս հետզհետե խստացող ձմռանը ու Մյուրզիկի կարոտին հազիվ է դիմանում Գեշ աղջիկը: Երբ Շողիկը դուրս է գալիս կերակրելու, գոնե մի երկվայրկյան դունչը ներս խցկելով, մինչև Շողիկի «կորի՛ր» ասելը, ագահաբար շնչում է սենյակից եկող ջերմությունը, քսվում է տիրուհու ոտքերին: Իսկ Շողիկը չի՛ կարող, թող Աստված ների, չի՛ կարող նրան ներս թողնել, ոչ էլ շոյել: Նույնիսկ Մյուրզիկին ոչ մի անգամ չի շոյել: Չի կարող: Ի՞նչ անի: Ալերգիա ունի:
Երբեմն նրա փոխարեն Շողիկը հիասթափվում է ինքն իրենից, երբ ներս չի թողնում, այլ քշում է նրան դեպի կերամանը: Իսկ հարևան դատավոր-օլիգարխի պառավ մայրը, ասում են, ինչ իմանաս, տասներկու կատու ու մի շուն է պահում տանը, չորս շուն էլ` բակում, և նրանց համար կերակուր պատրաստողն ուրիշ է, իրենցը` ուրիշ: Չգիտի Շողիկը, որտեղի՞ց իմանա: Սրանց տան պարիսպներն այնքան բարձր են, որ միայն թռչունները կարող են մտնել բակ, եթե դեռ սրանց մուտքը փակելու համար մի բան չեն հորինել: Այս բարձր պարսպի պատերից մեկը նաև Շողիկինն է` ընդհանուր է: Թեև Շողիկից ոչ մի լումա չի պահանջվել էսպիսի մի շքեղ պատ ունենալու համար, բայց ինքը հպարտանում է դրանով, իր ունեցվածքն է համարում, քանի որ թույլ է տվել մտնել իր սահմանը: Իրեն մի պատն էլ բավական է, որ հասկանա, թե ինչեր կտեսներ օլիգարխ պառավը ու ոնց կփքվեր ինքն իր մեջ, կծիծաղեր Շողիկի փոքրիկ պարտեզի, իր տնկած հասարակ ծաղկատեսակների, կանաչու փոքրիկ մարգի վրա: Իսկ Շողիկի ու իր Գեշ աղջկա համար սա դրախտ է: Կարո՞ղ է` Մյուրզիկը ինչ-որ կերպ անցել է պարսպից այն կողմ… Կարո՞ղ է նրան գերի են վերցրել, արդեն հարմարվել է իր վիճակի հետ ու մոռացել է իրենց…
Շողիկը սկսել է հարգել Գեշ աղջկան, Բիրտ-անճոռնիին չենթարկվելու նրա կամքը: Մի քանի անգամ տեսել է, թե իր կենսաբանական հորից խույս տալու համար ի՜նչ ճարպկությամբ է մագլցում թթի ծառը: Իսկ Բիրտ-անճոռնին, քանի որ տռուզ է` խժռում է իր տարածքում գտնվող սրա-նրա բաժինը, երբեմն նույնիսկ սեփական ձագերին, բավարարում է իր կրքերը, որ իգուհու հետ ուզի, երբ չի կարողանում Գեշ աղջկա ետևից հասնել, զարմանում է, թե ո՞նց է` չի ստացվում սրա հախից գալը և ստանալը այն, ինչ իր սեփականած տարածքում է, և ուրեմն, իրենն է:
«Գնամ-տեսնեմ` եկե՞լ է Գեշ աղջիկս: Այսօր չի երևացել»,- հոգոցով դեպի բակի դուռն է գնում Շողիկը: Լույսը չբացված` Գեշ աղջիկը դռան տակ պետք է լիներ: Արդեն երեկոյանում է… Գեշ աղջիկը չկա… Նրա համար իր սիրած երշիկն է գնել Շողիկը: Ի՞նչ է անելու այդ երշիկը, եթե այսօր էլ չգա, վաղն էլ չգա, մյուս օրն էլ… Միայն թե պարսպի մյուս կողմն անցած չլինի…