ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՔԱՋԲԵՐՈՒՆՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 

ՀԳՄ Վայոց ձորի մասնաճյուղի կողմից մարզային գրադարանի միջոցառումների սրահում մարտի 9-ին, մի շարք մտավորականների մասնակցությամբ, կազմակերպվել էր գրող, ազգագրագետ, բանահավաք, մասնագիտությամբ բժիշկ Քաջբերունու (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան) մահվան 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում: Երախտապարտ վայոցձորցիները չեն մոռացել մեծ մտավորականի հիշատակը: Քաջբերունին 1875-1879 թթ. նշանակվել է Շարուր-Դարալագյազի (Վայոց ձոր) գավառական բժիշկ: Գավառում աշխատած տարիների ընթացքում նա զբաղվել է ոչ միայն բժշկությամբ, այլև բծախնդրությամբ ուսումնասիրել է ամբողջ մարզի տարածքում գոյություն ունեցող պատմաճարտարապետական հուշարձանները, որոնցով հարուստ է երկրամասը, միաժամանակ գրի է առել տարածաշրջանի բնակիչների կենցաղավարությունն ու սովորությունները: Վայոց ձորի բնակիչները ռուս-պարսկական պատերազմից հետո, 1828 թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրով տեղափոխվել են նոր բնակավայրեր` իրենց հետ բերելով այնտեղի սովորույթներն ու բարքերը, այդ բոլորը մեծ մտավորականի կողմից գրի է առնվել ու հասցվել մինչև մեր օրերը: Ամբողջ ուսումնասիրությունների գրառումները տպագրվել են նրա «Ճամփորդական նկատողություններ» գրքում:

Քաջբերունին ոչ միայն ազգագրագետ էր, բանահավաք, այլ նաև գրող, նրա «Տեր Սարգիս» և «Սուրբ Գևորգի ղուլը» վեպերը բարձրարժեք գործեր են:

Միջոցառումը, նվիրված ճանաչված մտավորականին, ներկայացրեց և վարում էր արձակագիր Սերգեյ Գասպարյանը: Քաջբերունու ստեղծագործական արժեքների և «Ճամփորդական նկատողություններ» գրքի վերաբերյալ խոսք ասաց աշխարհագրության մասնագետ Նորայր Մկրտչյանը: Մասնագետներն ու ընթերցողները իրենց շնորհակալությունն են հայտնում 2003 թ. գիրքը հրատարակության պատրաստած Ա. Ղազիյանին և Հ. Մելքոնյանին:

Սերյոժա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։