Ես չեմ կասկածում, որ, ինչպես մեզ վստահեցնում են մեր երկրի անվտանգության պատասխանատուները, մեր սահմանների պաշտպանությունն իրականացվում է նորագույն սպառազինությամբ, խիստ բարձր մակարդակով, և եթե, Աստված ոչ անի, պահը գա, անհանգստանալու որևէ պատճառ չունենք: Բայց….
Բայց ահա ես էլ կարող եմ վստահեցնել, որ այսօրվա նորագույն զենքերն անգամ շատ քիչ են, եթե հին են անվտանգության հարցերում մեր պատկերացումները: Արդեն վաղուց փոխված են աշխարհի պատերազմների ներսն ու դուրսը, դրանց միայն չնչին մասն է ծավալվում պատերազմական կանոնների «տառին» հավատարիմ` բոլորի աչքի առաջ, պայթյունների արյունոտ տեսարաններով, սկզբով և ավարտով: Իսկ մնացյալն արդեն պետք է կարողանալ տեսնել դիմակների, ժպիտների, սիրալիորեն նվիրվող գումարների կլորավուն թվերի հետևում: Եվ մնացյալին պետք է արդեն միանգամայն նոր մոտեցում, նոր տակտիկա և տեխնիկա մշակել: Բայց քանի որ դա արված չէ, և մենք արդեն ոչ թե կոնկրետ խնդրի, այլ նրա խիստ բարդացած բարդությունների հետ գործ ունենք, հեշտ չի լինելու: Հեշտ չի լինելու, որովհետև այդ պատերազմներն արդեն վաղուց երթում են սահմանների ներսում, մեր իսկ մասնակցությամբ, մեր գիտությամբ թե անգիտությամբ:
Դրանք տարբեր են, բազմազան, և այսօր դրանցից միայն մեկի վրա փորձենք մի փոքր կենտրոնանալ:
Ցավալին այն է, որ երբ նման խնդրի մասին փորձ է արվում բարձրաձայնել, պատրաստի պատասխանը մեկն է` մյուս երկրների մեծամասնությունում էլ նմանատիպ վիճակների փաստարկը, մյուս երկրների էլ «գլուխները նույն պատով տալը»… և, ասացեք, խնդրեմ, մենք ինչով ենք պակաս կամ ավելի:
Մենք ինչով ենք պակաս, որ ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրներում տեղադրված, տեղադրվող բակտերիոլոգիական նորագույն լաբորատորիաների տեր չդառնանք, էլ չասած, որ դրանց հետ էլ միլիոնավոր դոլարների հոսք է սկսվում դեպի…
«2008 թվականին Պենտագոնը Հայաստանում ստեղծել է մոտ տասնյակ բիոլաբորատորիաներ, որոնք աշխատում են ամերիկյան պաշտպանական «Համատեղ բիոլոգիական մասնակցության ծրագրով» (CBEP): Մի կողմից այդ ծրագիրը զարգացնում է վիրուսների հայտնաբերման և արագ ոչնչացման հնարավորություն աշխարհի 25 երկրներում, մյուս կողմից, ինչպես գրել է արդեն EADaily-ն` ծրագրի կուրատորը, բիոլոգիական վտանգի նվազման գործակալությունը (DTRA- ԲՎՆԳ) իրականացնում է բիոլոգիական զենքի օգտագործման և մշակման գաղտնի հետազոտություններ, ինչպես, օրինակ, Վրաստանում»,- գրում է EADaily-ն:
Համաձայն նույն աղբյուրի` մոտ 50 միլիոն դոլար է ծախսվել Հայաստանում վտանգավոր հարուցիչների ուսումնասիրման համար, իսկ դրանց մեջ վտանգավորներից վտանգավորներն են ներառված` սիբիրյան խոց, բրուցելոզ, ժանտախտ, խոզերի աֆրիկյան ժանտախտ, տուլարեմիա… Եվ մեր երկրում ստեղծվել է նման լաբորատորիաների բավականին մեծ ցանց: Լաբորատորիաներից 3-ը` կենտրոնականները, տեղակայված են Երևանում` Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնում, Սննդամթերքի անվտանգության պետծառայությունում և «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Մարզային լաբորատորիաները գործում են Դիլիջանում, Գյումրիում, Մարտունիում, Վանաձորում…
Չնայած բոլոր լաբորատորիաները ենթարկվում են Հայաստանի կառավարական օրգաններին, դրանք գործի է դնում ԲՎՆԳ-ն (DTRA): Եվ բացի հայ մասնագետներից, այնտեղ աշխատում են նաև գիտնականներ, որոնք ներկայացնում են ամերիկյան կապալառուների, ենթակապալառուների, որոնցից ամենագլխավորը CH2M Hill-ն է:
CH2M Hill-ը լաբորատորիաներ է կազմակերպել նաև Վրաստանում, Ուգանդայում, Իրաքում, Աֆղանստանում և Հարավարևելյան Ասիայում: Եվ Վրաստանը, ի տարբերություն ծրագրի մյուս մասնակից երկրների, մասնակցում է նաև «Հայտնված ինֆեկցիայի գլոբալ հսկողության և պատասխանի համակարգ» (GEIS) ռազմական ծրագրին:
Մանրամասների մեջ չմտնեմ, ցանկության դեպքում ինքներդ էլ կգտնեք տարբեր կազմակերպությունների հիերոգլիֆային անվանումների խճճուն թվարկումը, ծախսված և ծախսվող գումարների հսկա թվերը սոցցանցերում և այլ աղբյուրներում: Այստեղ կարևորն այն է, որ դրանք կան, գործում են և կարծես թե դեռ շարունակելու են գործել:
Եվ այդ գործունեության արդյունքում այստեղ կամ այնտեղ հանկարծ հայտնվում է այս կամ այն անհասկանալի հարուցիչը, սկսվում է որևէ գրեթե մարած ինֆեկցիայի բռնկում, մարդիկ են մահանում, հսկայաքանակ կենդանիներ ոչնչացվում: Օրինակ, ԲՎՆԳ-ի ենթակապալառուներից մեկի կայքում 2012 թ. հայտնում են, որ ծրագրի շրջանակներում Հայաստանի երեք լաբորատորիաներում ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման սարքավորումներ տեղադրելուց անմիջապես հետո արձանագրվել է սիբիրյան խոցի բռնկում:
Իսկ երբ 2014 թ. «Վիրուսը և այլ արբովիրուսները Վրաստանում» ծրագրի շրջանակներում սկսեցին հավաքել և հետազոտել նորածինների մոտ գենետիկ փոփոխություններ առաջացնող Զիկա վիրուսը փոխանցող մոծակների տեսակը, այդ մոծակները հանկարծ հայտնվեցին իրենց համար ոչ բնորոշ շրջաններում` Վրաստանում, Կրասնոդարի մարզում, Թուրքիայում, որոշ տվյալների համաձայն, նաև` Հայաստանում: Նման օրինակներ կարելի է շատ թվարկել: Բայց առանց դրանց էլ վաղուց պարզ է, թե ինչու են մանրէներն ու վիրուսներն ասես «խելագարվել» և անվերջ նոր մուտացիաների և փոփոխությունների են ենթարկվում, ասես նպատակ դարձրած` մարդկությանը վերջ տալն ու մոլորակին տեր ու տնօրեն դառնալը:
Բայց ասեմ, որ մեզ անտես այդ էակները օժտված են իրենց գոյատևության համար բավարար «բանականությամբ» և, ի տարբերություն մարդու, որն ասես ամեն բան անում է ինքնաոչնչացման համար, նրանք երբեք չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են, չեն ձգտի մարդկության ոչնչացմանը: Որովհետև մարդու և կենդանու օրգանիզմները նրանց պետք են բազմացման, սերնդաշարունակության համար: Իրենց այդ կարևոր գործն ավարտելուց հետո մանրէներն անցնում են` մեզ անհայտ, իրենց առօրյա բանուգործին: Այդ է պատճառը, որ անգամ ամենամահացու ինֆեկցիաները միշտ ինչ-որ պահի ինքնուրույն սկսել են նահանջել («Տաքսիսային թերապիա» մենագրությունից» Ն. Ն):
Այսօրվանների անհասկանալի վարքի պատճառն այն է, որ նրանց ուղղորդողը մարդկային բանականությունն է, նրա մութ ու դավադիր տրոփը: Փառք Աստծու, որ, այնուամենայնիվ, դեռ վիրուսներն ու բակտերիաներն ամբողջովին չեն ցանկանում հնազանդվել, և դարձյալ ի վերջո այդ բռնկումները մարում են: Չնայած դրա մեջ մեծ դեր ունեն նաև այսօրվա կանխարգելիչ, բուժական բազում միջոցառումները:
Այս տրամաբանական շղթան չի կարող չտանել նաև դեպի այսօրվա չինական կորոնավիրուսը: Այս մեկն էլ կհաղթահարվի, սակայն…
Աշխարհը հերթական անգամ տագնապի մեջ գցած ամեն բռնկումից հետո բոլորը հանգստանում են, խաղաղվում, միամտվում, իսկ լաբորատորիաները շարունակում են գործել, հետազոտել, փորձարկել, կյանք տալ իրենց «նորամանուկներին»: (Փաստեր կան, որ Վրաստանի անվտանգության նախկին նախարարը մեղադրել է Թբիլիսիում Լուգարի կենտրոնին անգամ մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու համար):
Եվ ինչպես չապշես, երբ մեր նախկին իշխանություններն, իրենց բազում մեղքերի մեջ այս սարսափելին ևս ունենալով, դեռ համարձակվում են այլոց հասցեին մեղադրանքներ կարդալ, հոխորտալ, անցյալը մոռանալու կոչեր անել և վերադարձի երազներ փայփայել:
Հայաստանում տասնյակ վտանգավոր լաբորատորիաներն ամեն պահ պայթելու ենթակա ականներ են: Բայց դրանք արդեն կան, և հասկանալի է, որ շատ դժվար է արդեն բազում ստորագրություններով, «առքուվաճառքով» ամրագրվածը սասանել դիրքերից: Միայն թե, չէ՞ որ այլ կերպ ևս անհնարին է:
Մեր երկրի նոր իրականության մեջ բոլորս սովորեցինք այսուհետ հույսով նայել առաջ, նախկին խարդավանքների հինած ոստայնի վերջը երազել: Եվ ահա այս հարցում, կարծում եմ, ամենահնարավոր առաջին քայլն արվել է. վարչապետը ռուսական թերթին տված հարցազրույցում` Ռուսաստանի սահմանին այդքան մոտ վտանգից անհանգիստ թղթակիցներին հայտնել է, որ այդ լաբորատորիաները գտնվում են մեր իշխանության լիակատար հսկողության տակ, չեն օգտագործվի Ռուսաստանի դեմ, և ռուսական մասնագետներն այսուհետև այնտեղ կունենան մուտքի իրավունք:
Բայց, իհարկե, դա բավարար չէ: Որքան էլ տարբեր փաստարկներ բերվեն դրանց անվտանգության վերաբերյալ, ակնհայտ է, որ ազգի շարունակության համար առաջ պետք է գնալ ճանապարհն ականազերծելով միայն: Հասկանալի է նաև այն, որ հարևան Վրաստանում եղած լաբորատորիաները գրեթե նույն վտանգն են ներկայացնում մեզ համար (բայց… գրեթե, քանի որ հեռավորությունը նաև պաշտպանվելու համար անհրաժեշտ ժամանակ է ներառում իր մեջ), կամ, որ եթե դիմացինը որևէ զենք ունի, այն կարելի է «վնասազերծել» դրանից ավելին կամ նույնը ձեռք բերելով:
Միայն թե սա այդ դեպքը չէ:
Այս «զենքը» չափազանց անսովոր է, ու ավելի լավ է «կրակի հետ խաղ չանել»: Եվ հետո, եթե համարենք անգամ, որ «ավելորդ զենքը չի խանգարի», կամ, քանի որ այժմ այդ կրակի հետ տարբեր տեղերում են սկսել «խաղ անել», պետք է լրջորեն զբաղվել դրա դեմ պայքարի միջոցներ որոնելով, միևնույն է, հարկ չկա ողջ երկրով մեկ տասնյակից ավելի լաբորատորիաներ ունենալ, այն էլ այլ երկրի կողմից ներդրված: Մեզ մեկ լաբորատորիան էլ էր բավարար այդ հարուցիչների հետազոտման համար` մեկն ավելի հեշտ է վերահսկել և պահել անվտանգության սահմաններում, եթե, իհարկե, դա միայն մերն է, խիստ գաղտնի տեղում, օտար և անգամ յուրային աչքերից հեռու:
Բայց ահա մենք մեր սահմանների ներսում այնքան հեշտ ենք դրսի երկրներին օժտում այս կամ այն իրավունքով: Հասկանալի է, որ երբեմն կան նաև նրանց կողմից ճնշումներ, ծուղակներ: Բայց պետք է հնարավորինս զերծ մնալ այդ ծուղակների մեջ խճճվելուց, առաջին հերթին չգայթակղվելով դրսից տրամադրվող վարկերով և շռայլ նվիրվող գումարներով, որովհետև հաճախ հենց դրանք են դառնում ամենագետնող թակարդը:
Եվ երբեք պետք չէ մոռանալ, որ դարասկզբին մեր ազգի ոչնչացման ծրագիրը պարզապե՛ս Թուրքիայի սրտով էր, բայց նրանը չէր. նրան միայն որպես գործիք օգտագործեցին այլ ուժեր: Գերմանիան այսօր ներողություն է խնդրում, բայց պետք չէ խաբվել, որովհետև նույն ծրագիրը, նույն ուժերն այսօր էլ կան, և նրանք գործում են ոչ միայն մեր ազգի ու երկրի դեմ, գործում են ողջ մարդկության դեմ:
Այո՛, ԱՄՆ-ը և մյուսները բարի նպատակներով երբեք չեն փայլել, և մեր հողում նրանց ամեն մի քայլը վստահաբար մեր բարօրության համար չի դրվում: Չհաշված այն դեպքերը, երբ շահերի համընկնում է լինում:
Բայց, նորից կրկնեմ, սա այդ դեպքը չէ:
11.02.2020 թ.