Հայկազ ԽՆԿՈՅԱՆ

 

 

Օրերի միջով

Սերն է ծաղկում իմ մեջ,

Եվ օրերի միջով

Շուշաններ են անցնում:

Ես մի հոգնած ձկնորս,

Դառնում եմ տուն` կարթիս

Ծաղկաթերթեր առած:

Անտես մի ձեռք, ահա,

Ծիրանավառ փառքի

Արշալույսն է բացում:

Եվ հորդում է իմ մեջ

Արևն, ինչպես մի նոր

Շիվ արձակած երազ:

 

Հերովդա

Ո՞վ էր, չգիտեմ, որտեղի՞ց եկած,

Սիրո հրդեհներ վառած իր ներսում,

Կարոտի ցանցը իմ հոգուն նետած`

Տաք հարավներից իմ

ցուրտ հյուսիսում:

Ավազի մատներ` արևի սովոր,

Եվ օրհնություններ ուներ նա կանաչ,

Վառել էր հոգին` տաք ու ոսկևոր,

Նա մոռացության հողմերի առաջ:

Շուրջը ծփում էր մի նոր եղանակ,

Շուրջը գիշեր էր ու ճրագալույց,

Եվ խորքում հրե, իր սրտի տեղակ,

Մի ոսկե խնձոր ճառագում էր դուրս:

Եվ գեղեցիկ էր ինքը առավել,

Գեղեցիկ էին և աչքերը ծով,

Եվ հողմերի դեմ իր սիրտը վառել,

Գնում էր պուրպուր օրերի միջով:

Եկել էր ահա ու ինձ էր կանչում,

Եվ նման չէր նա ուրիշ ոչնչի,

Ծովի խորություն ուներ աչքերում

Եվ ձեռքին ուներ սուրը դահիճի…

 

Հայեր

Երեք բանով ենք տարբեր ուրիշից.

Ծովի կարոտն է ապրում մեր հոգում,

Կռունկի ձայնով մեր ցավն ենք լալիս

Եվ թեժ կրակն ենք անվերջ բորբոքում:

 

Ծով

Ծովը` սիմֆոնիա, ղողանջ առ ղողանջ:

Ունկնդիրները աստղերն են հմա,

և դիրիժորը`

հողմն ահագնած:

Ո՞վ տվեց երկնի մանյակը նրան,

տվեց մենության շշունջը բերկրուն,

Երբ որ աստղերն են խայտում

Ոսկեման իր ծով ընդերքում:

Նա, որ ելնում է ինքն իր ափերից

և շառաչում է մեր երազն ի վեր,

ի՞նչ է տարածը` կարոտի մի ճիչ,

և իր տվածը, –

ճախրանքի թևեր:

Ծովի երազը հավքն է թևավոր:

Ծովը տալիս է համբույր և օրոր:

Բայց հաճախ տրտում

սերենադներ է երգում սիրատենչ:

Ծովն իմ սրտում է:

Ոչ թե ինքն իր մեջ:

 

Կիրակի

Երկնքի լուրթ կամարից

Լույսն է ցողվում խայտալով,

Օրն է բացվում վարդերես.

Կիրակի է, կարմիր ծես:

Թրթռում է մեղեդին

Մեղմ ու խաղաղ` մեր հոգու

Բուրվառներում որպես մոմ.

 

Կիրակի է, կարմիր տոն:

 

Ի՜նչ բույրեր են գերում մեզ

Եվ ողողում մեր սրտի

Ամեն անկյուն ու անձավ.

 

Կիրակի է, կարմիր ցավ:

 

Այն մարգերում ցողապատ,

Այն ջրերում զվարթուն

Կգա՞ս արդյոք դու ինձ հետ.

 

Կիրակի է, կարմիր տենդ:

 

Տեր

Ի՞նչն է անսահման

կամ ինչ` վերջավոր.

 

Օրը ինչ թախիծ

կամ լույս է

բերում.

 

Մի օր կզարթնեմ

ես նինջից

իմ խոր,

 

Որ խայտա հոգիս

քո

տաք

ափերում:

 

***

Գիշերն անցավ անհաղորդ,

Շուրջս մաքուր, խաղաղ օդ,

Բացվիր իմ մեջ քո լույսով,

Վարդածիծաղ առավոտ:

 

Լոտոս

Հեռո՜ւ – հեռու մի երկրում,

Ուր կա մի մեծ օվկիանոս,

Ուր աստղերն են լուռ բերկրում,

Ուր հավքերն են զիլ երգում`

Բողբոջում է մի լոտոս:

 

Ջրերը` հորդ, անեզերք,

Երկինքն ինչպես օթևան,

Ո՞ւմ թևերին որպես հևք,

Ո՞ւմ շուրթերին որպես երգ,

Որպես ծաղիկ հոտևան:

 

Անցա՜ն մահվան կամուրջով

Ինչ ծովահեն ու հերոս

Այնտեղ, ուր լուրթ անուրջով,

Հավերժության լուռ հունչով

Շառաչում է մի լոտոս:

 

Ինքն` անսկիզբ ու անվերջ:

Մենա՜կ: Անծի՜ր: Անհանգչո՜ւն:

Ամեն խոնարհ խոսքի մեջ,

Ամեն հոսքում անընդմեջ

Արտաբերվող մի հնչյուն:

 

Իբրև բախտի մի նվեր

Օրերի մեջ հարահոս`

Վեր հառնումով կարեվեր,

Ժամանակի հոսքն ի վեր

Հառաչում է մի լոտոս:

 

Նա` ոսկևոր մի երազ,

Նա` կյանքից կյանք մի անցում,

Գաղտնիքի պես հանապազ,

Առանց նրա կյանքը այս

Անպատասխան մի հարցում:

 

Շուրջը` երկինքն աստղալից,

Շուրջը` քամի բարբարոս,

Կարոտների խոր ցավից,

Մոռացությա՜ն անձավից

Դեռ կանչում է մի լոտոս:

 

Մեր մեջ

Ողջը` մի անցում…

Ողջը` մեր միջով

աստղերի շքերթ:

Ձգտում է անկանգ

մարգարեների

երթը ամոքիչ:

 

Մեր մեջ է ողջը,

որպես Տրոյա`

պեղված շերտ առ շերտ:

 

Կանչվածնե՜ր ենք մենք

անուն առ անուն,

 

և ուրիշ` ոչինչ …

 

Նա

Ես չգիտեմ` որտեղի՞ց,

Ո՞ւմ հայտնությամբ կամ ձեռքով

Հավերժական մի թախիծ

Անց է կենում իմ միջով:

 

Ի՜նչ գաղտնիքներ անհայտի,

Բողբոջումներ արևկա

Ես եմ նրանց ունկնդիր,

Ես եմ թարգման ու վկա:

 

Սակայն Նա է, ես գիտեմ,

Բացում երկինքն էջ առ էջ,

Նա է վառում տխրադեմ

Սփոփանքի հուրն իմ մեջ:

 

Երբ մենության անձավից,

Ուր ո՛չ հուն կա, ո՛չ սահման,

Ցավն է հորդում`

այդ ցավից

Ճանաչո՜ւմ եմ ես Նրան:

 

Նոյ

Ահա Տերը մեր երկնավոր աջով,

Ահա տապանը մայրենու փայտից,

Եվ տեսնում եմ ես տեսիլքի միջով`

Նոյն իջնում է դեռ սուրբ Արարատից:

 

Նոր – նոր ետ քաշված

ամեն վարագույր`

Ոսկևորվում է փառքով անընտել

Հողը սուրբ, որի էջերին մաքուր

Աստված իր հոգու դրոշմն է դրել:

 

Շողարձակում է ամեն դիմագիծ

Հավիտենության փառքով սրտահույզ,

Եվ Լեռան բացվող երկու ափերից

Փրկարար լույսը ճառագում է դուրս:

 

Տերն օրհնում է մեզ սրբազան աջով:

Փառքը մեծ է դեռ: Սերն` արևավառ:

Եվ Նոյն անցնում է մեր սրտի միջով`

Սրբագործելու

մեր երազն անմար:

 

Կոմիտաս

Կան երգերը մեր անմեռ,

Ու վերքերը քանի կան`

Կոմիտասը փառքն է մեր,

Հավերժության մեր վկան:

 

***

Ինձ փաթաթեցեք աշնան արևով,

Շուրթերիս զանգակ առուներ շարեք,

Վարդերի թովքը հեղեք ապահով,

Ծովերի թասով հոգիս նժարեք:

 

Ես` վարդավառյան հեթանոս մի ծես,

Հառնած եզերքից իմ անապական,

Նվագեցեք ինձ, թե խեցի եմ ես,

Շաղախեք լույսով`

կավ եմ նախնական:

 

Իսկ երբ աստղացանցն իջնի սեթևեթ,

Նետած կարոտներն

իր բուրումնավառ,

Ինձ ճամփու դրեք անձրևների հետ`

Վազան ջրերում հառնելու համար:

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։