– Համակարծի՞ք եք, որ ժամանակակից գրականությունն ամեն օր պարտվում է քաղաքականությանն ու մեդիային:
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ո՜չ: Գրականությունը երբեք չի պարտվում: Այն գոյում է ժամանակի անսպառ կենսաէներգիայից սնվող ոգով: Ցանկացած ժամանակաշրջան բերում է իր գրականությունը, որը, բնականաբար, արտացոլանքն է առկա իրողությունների գեղարվեստական ընկալման: Գրականությունը այսօր ազատ է ու անկանոնիկ իր զարգացման ու դրսևորումների մեջ, ինչն էլ հաճախ դժվարացնում է որոշել գրական ստեղծագործության ժանրային պատկանելությունը: Ժամանակակից գրականության առաջընթացը մշակութային տարբեր ոլորտների սերտաճումով է պայմանավորված: Գրական ժանրը հաճախ տարաբնույթ ժանրերի փոխներթափանցումից առաջացած հիբրիդային տեսակ է, որը համաշունչ է նորագույն մտքի և արագությունների դարին, որտեղ ժամանակը միշտ սղության մեջ է և օդ ու ջրի պես անհրաժեշտ է օպերատիվ ու բազմաբովանդակ տեղեկատվությունը` ժամանակի սրընթաց հոսքը մեկնելու: Այստեղ է, որ առաջնային դերակատարում են ստանում քաղաքականությունն ու մեդիան, բայց թե՛ մեկը և թե՛ մյուսը երբեք չեն կարող, ըստ իս, գրականության մրցակիցը լինել: Պարզաբանեմ` ինչու:
Ի՞նչ է քաղաքականությունը, եթե ոչ, ի վերջո, հացի խնդիր: Ի՞նչ է մեդիան, եթե ոչ` լրատվություն ու տեղեկատվություն: Այս երկուսի գործառույթը կարելի է բնութագրել որպես «կենցաղավարություն», իսկ գրականությունը նման տրամաբանությամբ «կենցաղավարության» հանդիսությունն է` թագադիր գործառույթը, հետևապես ոչ թե այն պարտվածն է այս երկուսի կողքին, այլ փնտրվածը, որովհետև «ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ»: Ցանկացած ժամանակաշրջանում, անկախ զարգացածության աստիճանից, հոգևորը պահանջված է այս կամ այն չափով և համարվում է երես բացող վերադաս անհրաժեշտություն: Ընդհանրապես գրականությունն ունի ոչ միայն թելադրելու, կրթելու, ընդվզելու, այլև թելադրվելու, կրթվելու ունակություն: Այս հակադրություններում էլ ձևավորվում է արդի գրականությունը, որն առաջին պլան է մղում հիբրիդային նոր գրական ժանրեր, որոնցից է Լևոն Ջավախյանի պատմվածք – ակնարկային` ժամանակի հետ հարահոսվող արձակը, որի բովանդակային, տեղեկատվական, մեկնաբանական արժեքը «Ֆուխարայի հալը» գիտցողի իմաստությունից է գալիս, բնականաբար, նրա գրականության ոգեղեն բարձրությանը չեն կարող հասնել, հետևապես և մրցակցել քաղաքականությանն ու մեդիային իրենց կիրառական գործառույթներով: Օրինակները կարելի է շարունակել, բայց ասեմ, թեկուզ առաջին հայացքից կթվա, որ թեմայից շեղվում եմ: Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ռազմիկ Դավոյանը և այլ գրողներ եղան այն գրական սերունդը, որ անմիջապես մասնակից էին պետականաշինության ղեկավարմանը: Հիմա նրանց փոխարինում են լրագրողները, բայց հոգևոր դաշտը, միևնույնն է, մնում է գրողներին: Թեև հաճախ դժվարությամբ են տարբերում գրող խաղացողներին (հաղթողներն ու պարտվողները սրանց մեջ են) իսկական գրողներից, որոնց ամեն մի տողը տրոփում է կյանքով, որտեղ ապրում է գրողն ու ապրեցնում: