ԳԹ – Ինչպե՞ս ծնվեց Տերյանական օրվա գաղափարը:
ՄՈԼԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ – Սկսեմ մի փոքր հեռվից: 1965 թ. աշնանը Վրաստանի կոմկուսի Կենտկոմի որոշմամբ՝ Բոգդանովկայի շրջանը պետք է ունենար իր թերթը: Ես նշանակվեցի խմբագիր, իսկ թերթը պետք է կոչվեր… «Սոցիալիստական անասնապահություն»: Հիասթափությունս մեծ էր, դիմեցի շրջկոմի առաջին քարտուղար Վարդ Ղազարյանին: Նա հասկացավ ինձ, անմիջապես մեկնեց Թբիլիսի, և հարցը լուծվեց: «Արշալույս» թերթի առաջին համարը լույս տեսավ 1966 թ. հունվարի 1-ին, թերթի ծնունդը ողջունեցին Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, բան. գիտ. դոկտոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ռուս գրականության ինստիտուտի փոխտնօրեն Կամսար Գրիգորյանը: Շրջանում ստեղծագործողներ կային, և թերթին առընթեր ստեղծվեց «Փարվանա» գրական խմբակը: 1967-ի հունիսին իմ մեջ միտք հղացավ անցկացնել պոեզիայի տերյանական օր, առաջարկս ներկայացրի հերթական նիստին, որը գրական խմբակի անդամների կողմից ջերմությամբ ընդունվեց:
ԳԹ – Առաջարկը ընդունվեց: Հաջորդ քայլը ո՞րն էր:
Մ. Ս. – Թերթում տպագրեցինք «Բաց նամակ» շրջանի բնակչությանը: Նամակի տակ ստորագրել էին Գանձայի խորհրդի նախագահ Նորայր Հախվերդյանը, բանաստեղծ Վարդ Ղազարյանը և մեր ակտիվ թղթակից Գևորգ Սերոբյանը: Արձագանքներ եղան տարբեր գյուղերից, դրանք տպագրեցինք, հետո սկսեցինք նախապատրաստվել: Մնում էր որոշել օրը: Հիշեցինք, որ 1905 թ. հուլիսյան նախավերջին կիրակի օրը Ավետիք Իսահակյանը եղել է Գանձայում, Տերյանի հետ բարձրացել է «Ժամին սարը»: Որոշեցինք հենց այդ օրն էլ նշել և ինչպես այն օրերին, Իսահակյանի և Տերյանի ոտնահետքերով բարձրանալ «Ժամին սարը» ուխտավայրը: Հուլիսի 23-ին Բոգդանովկայից մեկնեցինք Գանձա, 20-25 հոգի՝ լրագրողներ և սկսնակ բանաստեղծներ:
ԳԹ – Ովքե՞ր էին այդ օրվա մասնակիցները:
Մ. Ս. – Նախաձեռնության ակտիվ մասնակիցների թիվը կհասներ 30-ի: Այդքան մարդ էլ հավաքվել էր գյուղում, և լայն ժողովրդականության մասին դեռ վաղ էր խոսելը: Բացումը ես արեցի, ելույթ ունեցան մշակույթի բաժնի վարիչ Հմայակ Դուրգարյանը, Վարդ Ղազարյանը, Տերյանին նվիրված բանաստեղծություններ ընթերցվեցին: Հանդեսը եզրափակեց բարձրախոսներից տարածվող Սուրեն Քոչարյանի ձայնը՝ կարդում էր Տերյան: Հետո, ինչպես և որոշել էինք, մեր մեծերի անցած ճանապարհով բարձրացանք 13-րդ դարում կառուցված մատուռը:
Առաջին տարիները միջոցառումն անցկացնում էինք Տերյանի տան բակում: Բայց եկավ այն օրր, երբ բակն այլևս փոքր էր. Տերյանական օրը համաժողովրդական թափ էր ստանում:
ԳԹ – Ե՞րբ Տերյանական օրը տեղայինից վերածվեց հանրապետականի, իսկ հետո՝ միջպետականի:
Մ. Ս. – 1981 թ. Վրաստանի Կենտկոմը հատուկ որոշում ընդունեց տոնակատարությունը մտցնել հանրապետական տոների օրացույցում: Այդ գործում մեծ դեր ունեցավ Ժորա Սնխչյանը. նա շրջկոմի պրոպագանդայի բաժնում էր աշխատում: Տոնը հատկապես լայն ժողովրդականություն ստացավ կուսշրջկոմի առաջին քարտուղար Միխայիլ Մաքսոևի օրոք. նա գիտական կոչում ուներ և անում էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի անվանի մարդիկ իրենց մասնակցությունն ունենան տոնակատարությանը:
ԳԹ – Հայաստանից ովքե՞ր էին գալիս:
Մ. Ս. – Տերյանական օրով կազմակերպիչներս երեք հիմնական խնդիր էինք ուզում լուծել: Հավերժացնել Տերյանի հիշատակը, կապ ստեղծել Հայաստանի և Վրաստանի միջև: Երրորդ խնդիրը ցավոտ հարց էր. երկու հանրապետությունների սահմանակետում դրված պահակակետերը մեծ արգելք էին, հայ գրողները հնարավորություն չունեին այցելել Ջավախք: Նույնիսկ ծնունդով ախալքալաքցի Դեմիրճյանը չէր կարող հատել սահմանը: Խորհրդային իշխանության տարիներին, մինչև Տերյանական օրվա հաստատումը, ոչ մի հայ գրող չի եկել Ջավախք: Ինչպես Ղարաբաղ, այնպես էլ Վրաստան գնալն էր դժվար: Առաջինը այդ «սահմանը» խախտեց Սիլվա Կապուտիկյանը:
ԳԹ – Տերյանական օրերին մասնակցելու համար հայաստանյան առաջին պատվիրակության մասին խոսենք. ո՞ր թվականին էր, ովքե՞ր էին եկել:
Մ. Ս. – 1968 թ.՝ Վարդգես Պետրոսյանը, Մուշեղ Գալշոյանը, Անժիկ Հակոբյանը, Արևշատ Ավագյանը: Դրանից հետո արդեն համագործակցում էինք Հայաստանի և Վրաստանի գրողների միության հետ: Այդ օրերին ուղեփակոցը ինքնըստինքյան վերացավ: Այդ տարիների ընթացքում գրեթե 200 գրող է եկել և՛ Հայաստանից, և՛ Վրաստանից: Հովհաննես Շիրազին չկարողացանք բերել: Նա ասաց. «Կառք բերեք, միայն կառքով կգամ Ջավախք»: Կապուտիկյանը ութ անգամ է մասնակցել Տերյանական օրվան, ու միայն տեսնել էր պետք, թե ինչպես էր նրան ընդունում ժողովուրդը:
ԳԹ – Տերյանական օրերն արդեն ավանդույթ են, Ջավախքի, Վրաստանի, Հայաստանի գրական կյանքի անբեկանելի մասը: Տարիների հեռվից որ նայում եք, որպես հիմնադիր, այդ գաղափարի տեր, տեսնում եք կատարված աշխատանքը, ի՞նչ եք զգում:
Մ. Ս. – Անմոռանալի, գեղեցիկ հուշեր… Ամեն հանդիպումը մի մեծ պատմություն է ինձ համար, այդ հանդիպումներից է ծնվել նաև իմ «Չմոռացվող հանդիպումներ» գիրքը: Ես օրագիր եմ պահում, իսկ պոեզիայի տերյանական օրերի տարեգրությունը Նինա Հարությունյանի հետ հրատարակեցինք:
ԳԹ – Խոսենք Ձեր կյանքի երկու կարևոր էջերի մասին: Առաջինը առնչվում է Վահան Տերյանի տուն-թանգարանին: Տերյանի տան երկու սենյակը փոստատուն էր, իսկ դուք՝ փոստատար. յուրօրինակ սկիզբ Ձեր հետագա գործունեության համար: Ի դեպ, այդտեղ է սկսվել Ձեր ծանոթությունը Գ. Էմինի հետ: Տունն ինչպե՞ս ստացավ թանգարանի կարգավիճակ:
Մ. Ս. – Տունը շատ խարխուլ վիճակում էր, թեև արտաքուստ բարեկարգ տեսք ուներ, 7-8 սենյակ՝ փայտե հատակով, առաստաղով, բայց կտուրը հողածածկ էր՝ երդիկով: Ասեմ, որ այդ երդիկին Գալշոյանը պառկել էր ու նայում էր դեպի ձորը…
Բանակից զորացրվելուց հետո եկա գյուղ, 1955 թ. ձմռանը մասնակցում էի թատերական խմբակի աշխատանքներին: Բեմադրում էինք Մուրացանի «Ռուզանը»: Այդ օրերին էլ իմ մեջ միտք հղացավ դիմել ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ՝ Տերյանի պապենակա տունը թանգարանի վերածելու հարցով: Վաղօրոք տեղի մտավորականների` Վարդ Ղազարյանի, Գևորգ Սերոբյանի հետ տեքստը կազմեցինք, և նամակը բեմից ընթերցեցի: Այն ծափահարություններով ընդունվեց: Խնդրեցի, որ բոլորը ստորագրեն նամակի տակ: Իսկ հաջորդ օրն արդեն հազարից ավելի ստորագրություններով նամակն ուղարկվեց Մոսկվա: Մի քանի ամիս հետո Գանձա եկավ Կենտկոմի աշխատակից, գրող-թարգմանիչ Սահակ Մանվելյանը՝ տեղում խնդիրն ուսումնասիրելու համար: Երկու տարի հետո Կենտկոմը որոշում ընդունեց այդ տանը բացել խրճիթ-ընթերցարան: Սկզբում գրադարան բացեցին, որի տնօրենը դարձավ Տերյանի հորաքրոջ աղջիկը` Արուսյակ Մալխասյանը: Արդեն որոշումը կար, որ թանգարան են դարձնելու, միտինգ եղավ, Մոսկվայից եկել էր Կամսար Գրիգորյանը, և առաջին ցուցանմուշները նա բերեց:
ԳԹ – Ի՞նչ ցուցանմուշներ էին:
Մ. Ս. – Տերյանի լուսանկարների, փաստաթղթերի, Կենտկոմի գործկոմի անդամության տոմսի պատճենները: Թանգարանի տնօրեն նշանակվեց Սերգեյ Հասրաթյանը: Նա եղավ Մոսկվայի, Օրենբուրգի, Երևանի, Թբիլիսիի արխիվներում, հարուստ նյութ բերեց, արդեն անհնար էր այդքանը սենյակում տեղավորել: Շրջանի ղեկավարությունը որոշում ընդունեց 1973 թ. թանգարանի բակում կառուցել ցուցասրահ:
Օգտվելով առիթից՝ պիտի ասեմ, որ թանգարանը ձեռքից ձեռք է անցել, ֆոնդը չի հարստացել, կորուստներ են եղել: Օրինակ, ես թանգարանին նվիրել էի Տերյանի եղբոր` Ջավախեցու «Պատկերներ» գիրքը, որը 1905 թ. Թիֆլիսում էր լույս տեսել: Գնացել եմ` չկա, անհետացել է: Ես շատ հարուստ արխիվ ունեմ` կապված Պոեզիայի օրվա հետ: Հիմա պահում եմ շրջկենտրոնում: Ուզում եմ նվիրել, բայց ի՞նչ ճակատագիր կունենա՝ չգիտեմ: Իսկ ի՞նչ է լինելու Նինա Հարությունյանի հավաքած նյութերի հետ: Տարի առ տարի ձայնագրված են բոլոր ելույթները:
ԳԹ – Ձեր կենսագրության երկրորդ էջը՝ գավառագիտական թանգարանը…
Մ. Ս. – 1962 թ. մայիսին նշանակվեցի գավառագիտական թանգարանի տնօրեն: Բայց ասեմ, որ թանգարան, որպես այդպիսին, գոյություն չուներ: Նախորդ տնօրենը ուտող-խմող վրացի էր: Եղածը մի քանի գործիքներ էին, ուրիշ ոչինչ: Սկսեցի նյութեր հավաքել: Անփորձ էի, դիմեցի բան. գիտ. դոկտոր, ազգագրագետ Վարդ Բդոյանին: Նա ուղարկեց 24 էջանոց ուղեցույց, որ գրել էր իր ձեռքով: Անցա գործի: Շրջանում չկա այնպիսի գյուղ, որտեղ գիշերած չլինեմ, ամենուր արժեքավոր նյութեր, լուսանկարներ էի հավաքում: Հասա այն բանին, որ շրջանային գործկոմը որոշեց 19-րդ դարի ռուսական եկեղեցին տրամադրել թանգարանին, այն դարձրի երկու հարկ: Մեկնեցի Թբիլիսի` խորհուրդ ստանալու: Թանգարանային բաժնի վարիչը կախեթցի հայ էր՝ Քալանթարաշվիլին, որը հայերեն ոչ մի բառ չգիտեր: Ասաց` տղա ջան, ի՞նչ կարող եմ ասել քեզ, նոր է բացվել Զաքարիա Փալիաշվիլու թանգարանը, գնա-տես, օրինակ վերցրու: Գնում եմ թանգարան, նայում եմ, ապակու տակ ի՞նչ տեսնեմ` նոտատետրի վրա հայերեն գրված է. «Սիրելի ազգակցիս` Պալիևին, Ս. Բարխուդարյանից»: Ապշեցի: Հաջորդ այցելության ժամանակ նոտատետրն անհետացել էր…
Երեք տարի աշխատեցի: Թանգարանն ուներ և՛ ցուցադրություն, և՛ հարուստ ֆոնդ: Ինչո՞ւ դուրս եկա, դա էլ հետաքրքիր էր: Մշակույթի նախարարության հետ համաձայնեցինք, որ ցուցադրություն անենք, որից հետո շարունակենք հարստացնել ֆոնդը: Ցուցադրությունը երեք բաժին ուներ: 1964 թվականի մայիսի 1-ին կուսշրջկոմի առաջին քարտուղար Վերժենկոն (պատահական մարդ, ԿԳԲ-ի աշխատող էր), Թամար Լազարաշվիլին, գործկոմի նախագահ Հուսիկ Ղազարյանը, կուլտուրայի բաժնի վարիչ Հմայակ Դուրգարյանը եկան նախապես դիտելու: Վերիենկոն նայեց նկարներին` А кто такой Ваан Терян? Кто этот Демирчян?: Բացատրեցի, որ անվանի հայ գրողներ են: Անցավ պատերազմի թեմային` Վանցյան, Դարբինյան, А разве в Ахалкалакском районе есть герои? Ասացի՝ մենք հերոսներ ունենք, գեներալներ, չորս հազարից ավելի մարդ է զոհվել: Ասում է` այսքան ախալքալաքցի անվանի հայ որտեղի՞ց եք գտել… Եվ հնչեց նրա դատավճիռը՝ թանգարանի բացում տեղի չի ունենա: Կարճ ժամանակ անց դիմում գրեցի…
ԳԹ – Եվս մի հավելում՝ Բոգդանովկայում էլ հիմնադրել եք մարտական փառքի թանգարան: Հիմա պետք է վայելեք վաստակած հանգիստը, բայց հաշվի առնելով Ձեր անհանգիստ բնավորությունն ու եռանդը, պատմեք, ինչո՞վ եք զբաղված:
Մ. Ս. – Մասնակցում եմ Պյատիգորսկի հայկական համայնքի հասարակական կյանքին, «Արմենիստիկա» ակումբի աշխատանքներին, որտեղ համախմբված են բազմաթիվ անվանի գիտնականներ, դասախոսներ: Ինքս էլ կազմակերպում եմ միջոցառումներ դպրոցում, որի տնօրենը և աշակերտների 80 տոկոսը հայեր են: Վերջինը Վահան Տերյանին նվիրված երեկոն էր: