Հայաստանի գրողների միության 85-ամյա հոբելյանի առիթով Գրականության և արվեստի թանգարանում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և բացվեց ժամանակավոր ցուցադրություն, որը ներկայացնում էր թանգարանի հարուստ ֆոնդերում պահվող` Միության հավաքածուի ուշագրավ նմուշներ: Ցուցադրության մեջ ներկայացված էին Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի, Զ. Եսայանի, Դ. Դեմիրճյանի` Միությանն անդամակցելու ինքնագիր դիմումները, ՀՍՍՀ գրողների միության և Գրական ֆոնդի անդամատոմսեր, տարբեր տարիների խմբանկարներ, 1946 թ. ՀԳՄ 2-րդ համագումարին հրավիրված սփյուռքահայ գրողների ուղերձները և հյուրընկալված գրողների լուսանկարներ, ԳՄ համագումարներին, գրական տասնօրյակներին առնչվող փաստաթղթեր, վավերագրեր, ինչպես նաև` ելույթների տեքստեր, գրքեր, գրողների անձնական իրեր, Դ. Դեմիրճյանի` Կովկասի պաշտպանության և 2-րդ Աշխարհամարտի հաղթանակի համար մեդալները, Ավ. Իսահակյանի, Ալ. Շիրվանզադեի իրերից, Գ. Սարյանի «Քրիզանթեմներ» ժողովածուի համար գրական մրցանակի հավաստագիրը:
Ցուցադրության բացմանը հաջորդող հոբելյանական ցերեկույթին ողջույնի խոսք ասացին Թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը և ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Ցերեկույթը վարում էր թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող, բանաստեղծ Գ. Գալստյանը: Հանդիսությանը ներկա էին գրողներ Լ. Բլբուլյանը, Գ. Դավթյանը, Վ. Արյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Վարդանյանը, Ս. Մկրտչյանը, Նանեն, Մ. Աճեմյանը, Մ. Թաթիկյանը: Ելույթ ունեցողները Միությանն առնչվող հուշերով կարևորեցին ՀԳՄ հոբելյանը: Ցերեկույթի ընթացքում Թանգարանի կողմից պատվոգրեր հանձնվեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, ինչպես նաև` տարվա մեջ իրենց հոբելյանը նշած Լևոն Բլբուլյանին և Վան Արյանին: 70-ամյակի առթիվ Վ. Թաթիկյանի պատվոգիրը նրան փոխանցվեց Մ. Թաթիկյանի միջոցով, իսկ 85-ամյակի առթիվ Ռուբեն Մարուխյանի և 80-ամյակի առթիվ Ալեքսանդր Թոփչյանի պատվոգրերը առայժմ պահվում են թանգարանում:
Ցերեկույթին ներկա գրողներ Գագիկ Դավթյանը և Նանեն իրենց նոր գրքերից օրինակներ նվիրեցին թանգարանի գրադարանին:
Սեփ. լրտ.