Վիպագրության նոր տեսակ. այսպես կարելի է անվանել Արծուիի երկրորդ` «Հնազը Ճահճավան քտա-ից» վեպը: Պատմողը պարզ և անկաշկանդ, ժողովրդական լեզվով է ներկայացնում Հայաստանն անցյալ դարի 70-ականներից մինչև մեր օրերը: Մանրամասն ուսումնասիրած լինելով գավառական-ժողովրդական կենցաղն ու սովորությունները, մտածելակերպը, նաև մայրաքաղաքում ապրողների հոգեբանական առանձնահատկությունները` գրողը հարստացնում է մեծ արձակը նոր ասելիքով:
Այս վեպը պատմության յուրատիպ շղթա է` մեծ ուշադրություն խնդրող, որովհետև այստեղ ոչինչ չի կարելի բաց թողնել: Զարմանահրաշ թեթևությամբ է գրվել այն: Հեղինակը լավ գիտի ոչ միայն ժողովրդական խոսվածքի ողջ բառագանձը, այլև մարդուն, նրա դրսևորումները բոլոր իրադրություններում, կարողանում է վերահսկել հերոսների ճակատագրերը և գտնել նրանց վախճանական հանգրվանները: Ժողովրդի լեզվով այսքան հարազատ և առաջին հայացքից միամիտ խոսվածքն այսպիսի վեպին հետաքրքիր փայլ է տալիս: Գրողը մոտեցել է ժողովրդին, որովհետև անկեղծությունն է դարձրել իր պատումի հիմնաքարը:
Տարածությունն ու ժամանակը բացում են վիպական աշխարհի բոլոր մանրամասները. գավառական քաղաքի խորդուբորդությունները, որտեղ մարդն ինքնուրույն որոշումներ չի կարող կայացնել, որովհետև իր փոխարեն մտածում են ուրիշները, երբ գորշությունն է ավանի ամենագեղեցիկ կողմը: Այդ գորշության մեջ, սակայն, առանձնանում է մեկը` վեպի գլխավոր կերպարը, որի երևութականությո՛ւնը հենց պիտի զգալ տա անարդարը, ծուռն ու անպարկեշտը: Երբեմն արձակում կարելի է իրականության պատրանք տեսնել, որը նույնպես ներազդիչ նշանակություն կարող է ունենալ ընթերցողի վրա: Բայց երբ առանց պատրանքի ճշգրիտ իրականություն է մատուցվում` արվեստի կանոններով, միևնույն ժամանակ խախտում մինչ այդ եղած կարծրատիպերը, արժե խոսել նոր վեպի և նրա բերած մի շարք նորույթների մասին:
Երկար ժամանակ է արդեն, ինչ գեղարվեստական արձակում որոնվում է այն մեկը, որը կարող է բացել ժողովրդի հոգին` համակարծիք չլինելով անգամ սոցիալական և հասարակական շատ իրողությունների հետ: Հնազը` լրիվ անունը` Հնազանդ, ընդհանրապես հնազանդ չէ: Հենց մանկությունից նա ճանաչում է իրեն և ըմբոստանում այն ամենի դեմ, ինչը հարազատ չէ հոգուն: Ընթերցասեր է, ընդունակ, խոհանոցում արհեստավարժ է: Պատահական չէ, որ նրան նկատում է օտար լեզվի ուսուցչուհին` միսս Աֆրիկյանը և հրավիրում իր տուն, որը գտնվում է քաղաքամայր Երևանում, այն էլ` Սարյան փողոցի վրա: Հնազի համար սա մեծ հեղափոխություն էր: Ուսուցչուհու և նրա մոր կերպարներն ուղեցույց են դառնում աղջկա համար: Անցյալ դարերից եկած և ամուր պահած շատ անհասկանալի սովորություններ, վաղուց սպառված և անկենդան` պատրաստ են դուրս մղվելու մարդու կյանքից: Այդ ադաթ-սովորույթ-սովորությունները խոչընդոտում են երջանկությանը, մտածողությանը և առաջ շարժվելու հնարավորությանը: Աղջնակը ճեղքում է հնի միջնորմը, դուրս գալիս անսովոր իրականություն, ապրում կյանքն իր ուզած ձևով: Եվ պարզվում է` ստացվում է: Հնազը անհաղորդ է գավառական կյանքին, բայց աչքաբաց աղջիկը որսում է ամեն նոր և առաջավոր գաղափար: Նորը տեսնելը և զգալը երևում է կարևոր մի պատկերում. «Երբ Հնազն առաջին անգամ տեսավ միսս Աֆրիկյանին, զարմացավ, որ հայը կարող է լինել այդպիսին… Խարտյաշ, բայց չներկած մազեր, կապտականաչ, բայց ո՛չ չախկալ աչքեր, բոյով, բայց ո՛չ խոշոր ոսկոր կամ լոլոզ, նազանքով, բայց ո՛չ ջարդոտվող, որը վարժ է խոսում օտար («բուրժուական») լեզվով, հագնում մեկը մեկից ոճային շորեր ու որի վրայից գալիս է այնպիսի անուշաբուրություն, որ երևի ողջ Հայաստանում չկա երկրորդը, որը նույն այդ օծանելիքն ունենա…»: Ոչ միայն մտածողությամբ, այլև արտաքինով, հագուկապով է նա տարբերվում իր շրջապատից: Սա նոր մարդու խորհրդանիշն է: Այդքան խիստ բնավորությամբ Հնազը, սակայն, պարզվում է, շատ փխրուն հոգի ունի, սիրում է մարդկանց և իր երկիրը: Հայրենասիրությունը խոր արմատներ է գցել նրա կյանքի բոլոր դրվագներում:
Վեպում պատմության դասագրքի պես հետաքրքիր ընթացքի մեջ են երկրում տեղի ունեցող զարգացումները: Ղարաբաղյան շարժում, երկրաշարժ, Սումգայիթ, մեծ փոփոխություններ և տեղաշարժեր: Հնազը որոշում է ուսումը շարունակել հեռու-հեռավոր Լենինգրադում: Նա ճկուն է, կարողանում է հաղթահարել բազում խոչընդոտներ և աստիճանաբար ոչ միայն ճանաչել կյանքն ու մարդուն, այլև հասկանալ նախևառաջ իրեն: Սա է վեպի նոր ասելիքը: Նոր հերոսը «լսող» և «ենթարկվող» չէ: Հենց այս հատկանիշներով պիտի կարողանա իր կերպարով փրկել նոր կյանք մտնող մարդուն:
Վիպական գործողություններում երևում են շատ կերպարներ և բնավորություններ, որոնք պատկերված են այնքան արտահայտիչ, որ նրանցից յուրաքանչյուրը մի նոր վեպի ատաղձ կարող է լինել: Վեպի հյուսվածքում առանձին ճյուղ կարելի է համարել «Րիքթըր ֆաունդեյշըն» գրասենյակը և նրա մթնոլորտը, հետագայում տնօրեն նշանակված Ռաիսայի իրատեսական կերպարը: Վեպի նորույթներից մեկն էլ հենց հայաստանյան իրականության մեջ միջազգային կազմակերպություններում տիրող մթնոլորտը պատկերելն է, անիմաստ, քաոսային պատկերը, որն իր քայքայիչ դերակատարումն է ունենում օրեցօր. «Շուտով պարզվեց, որ Կառլ Գևորգյանի լրատվամիջոցների ծրագիրը նույնպես չեն կտրել, ու ծրագիրն ամբողջությամբ անցավ Ռաիսային: Ամենքին պարզ էր, որ կրճատված աշխատակիցների գործազրկության բուն պատճառը Բերքովիչը չէ… Իր տեղն ավելի քան պնդեցրած Ռաիսկան ինքնակամ որոշեց, որ այլևս փոքր դրամաշնորհներ չեն բաժանի այստեղ-այնտեղ, այլ ողջ տարվան հատկացված դրամաշնորհը` հարյուր հազար դոլարը, կտան մեկ կազմակերպության: Այդ մեկ կազմակերպությունը տարիներ շարունակ եղավ «Մայրաքաղաք» ԶԼՄ կենտրոնը, որը նախորդ տարիներին նույնպիսի հսկայական չափով դրամաշնորհ էր ստանում «Ուեսթ-Իսթ» հիմնադրամից, երբ այնտեղ համադրող էր աշխատում նույն ինքը` Ռաիսկան: Ըստ Լուսոպրեսի` «Մայրաքաղաք» ԶԼՄ կենտրոնի տնօրենը` ներկայանալի տեսքով մի տղամարդ, Ռաիսկայի յարն է կամ առնվազն` է՛ր, այդ պատճառով էլ միայն նրան է հասնում ողջ ՀՀ ԶԼՄ-ների համար նախատեսված հարյուր հազար կանաչը: Իսկ «Մայրաքաղա՞քն» ինչ է անում լրատվամիջոցների զարգացման համար: Հե՛չ, կենտրոնում մի տեղ տարածք են վարձել, տաքսիներով ֆռֆռում են, տարին մի երկու անգամ ծաղկաձորներում սեմինար են անում, բայց ոչ մի խորքային հարց չեն լուծում, ամեն ինչ վերջանում է մի քիչ բլա-բլա-բլայով ու թեյ-սուրճով…»:
Իր ողջ դատարկամտությամբ հանդերձ` նրա տնօրենի` Ռաիսայի կերպարը հավակնում է դառնալ գլխավոր, որովհետև պատկերված է ճշգրիտ, տիպական: Հայատյաց և մարդատյաց այս կինը դառնում է չարության խորհրդանիշ, այնքան ատելի շրջապատի համար, որ մարդիկ հանկարծ հասկանում են, որ անընդհատ նրանից են խոսում: Ռաիսան Հնազի ճիշտ հակապատկերն է: Երկիր քանդողը և կառուցողը` ահա այսպիսի բևեռներում է նրանց պատկերել վիպագիրը: Պաշտոնյա, լեզուներ իմացող, առաջին հայացքից ինքնահաստատված այս կինը խորապես դժբախտ է: Իրարից այնքան տարբեր Հնազը և Ռաիսան նույն միջավայրում: Այս հակադիր կերպարների ցուցադրումը և նրանց հակադրությունների պատկերումը վեպի հաղթաթուղթն է: Իհա՛րկե Հնազը չպիտի ենթարկվեր նրան, ով եկել էր` քանդելու առանց այն էլ ոչ հաստատուն հիմքերի վրա գտնվող մի երկիր, որը գեղեցիկ լեզու և պատմություն ունի: Եվ վերջապես, Հնազը պիտի հեռանար այս «վայրից»: Շուտով նա հայտնվում է ազատության մեջ, որը հատկապես լավ է երևում այս դրվագում. «Հնազը վայելում էր վաստակած ազատությունը, առավոտները երկար էր մնում անկողնում, կարդում էր Բարբարա Քարթլենդի ու այլոց կնավեպեր, ուտում էր մերենգա տորթ ու խմում էր ջին` առանց տոնիկ: «Ինձ պետք ա սթրեսից դուրս գալ»,- արդարանում էր նա` հայելու առաջ բուռը հավաքելով ճարպաշերտիկները: Եթե իմանար, որ ռաիսկայական սթրեսից ազատվելուն կօգնի միս ուտելը և (կամ) քնելն անկապ տղամարդու հետ` հավանաբար այդ քայլերին էլ կգնար… Փառանձեմը` մանկության ընկերուհին, հրավիրում էր իր մոտ` Բրազիլիա, բայց Հնազը գտնում էր, որ այդքան ծախս անելու փոխարեն նույն փողով ինքը հանգիստ կապրի իր տանը… Իրեն համացանցային օվկիանում գտավ նաև Մաղադանոսը` Պետրուշկան, ու հրավիրեց իր մոտ հյուր: Բուլղարիա գնալն, իհարկե, Բրազիլիայից անհամեմատ էժան է, բայց Հնազը այսքան տարի հետո առանձնապես հետաքրքրություն չունի ո՛չ այդ երբեմնի ընկերուհու, ո՛չ էլ նրա երկրի հանդեպ: Երբեմն իրեն բռնեցնում էր այն մտքի վրա, որ մտովի խոսում է Ռաիսայի հետ կամ էլ ամենաուրախ տրամադրության մեջ անգամ մտքում «գրվում է»` «Թաղե՛մ արևդ, Ռաիսկա-կռիսկա»»…
Իսկ դա չարության և նզովքի տարածություն էր, որտեղ չէր կարող մնալ կյանքը սիրող ու հարգող և ոչ մի արարած: Հատկապես յուրատիպ են ընտրված գլուխների վերնագրերը: Նրանցից մեկը կոչվում է «Չարեփոխումներ…»: Այո՛, այդ կինը սոսկ կին չէ, նա իր մեջ ամբողջացնում է Երկիր մոլորակի նենգությունների ու չարիքների կծիկը: Իսկ Հնազը պիտի ապրի և արարի: Դա հաստատելու համար վիպագիրը ընթերցողին անակնկալի է բերում վեպի ամենավերջին մասում նոր մարդու ծննդյան գաղափարով, մարդ, որի ծնունդն արդեն իսկ նախապատրաստվում էր վեպի արագահոս պատումում: Կարծես թե այս վեպը հենց դրա համար է ստեղծված, որպեսզի ազդարարվի մի շատ կարևոր իրողություն: Հայաստան աշխարում նոր մարդիկ են ծնվելու… Եվ նոր Հայաստանն է կերտվելու, այսպիսով:
Վեպի լեզուն այսօրվա Հայաստանի բաց պատկերն է: Գրական հայերեն, ժողովրդական և գավառական ազատ խոսվածք, առօրյա-խոսակցական լեզու, օտար` անգլերեն բառեր և արտահայտություններ, ժարգոնիզմ, չընդունված արտահայտությունների գործածություն, այսինքն` կյանքի իրատեսական պատկեր, որը շատ կենդանի է դարձնում պատումը: Գրողը հայտնում է, նա չի տալիս «դեղամիջոցների» անուններ: Բավական է միայն նրա կողմից այդ ամբողջ խառնաշփոթը տեսնել տալը, որը տիրում է աշխարհում և փոքրիկ Հայաստանում: