Հանդիսություն՝ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 146-այմակին

Սեպտեմբերի 26-ին Դսեղում կազմակերպվել էր հանդիսություն՝ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան 146-րդ տարեդարձին: Հանդիսությունը բացվեց Հովհ. Թումանյանին կերպարավորող՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի բեմականացված խոսքով:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և իր կողմից ողջույնի խոսք ասաց Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը: Ներկաներին ողջույնի խոսքը հղեց հանդիսության հովանավոր և նախաձեռնող, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և իր անունից խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: «Թումանյանը ոչ միայն մեծ բանաստեղծ է, այլև ազգային, հասարակական մեծ գործիչ, ում կերպարն ընդօրինակելի է յուրաքանչյուր արվեստագետի և հայ մարդու համար: Մեզ կյանքում մշտապես պետք է ուղեկցի ոչ միայն նրա խոսքի իմաստնությունը, այլև մարդկային անսահման բարի ժպիտը՝ մղելով ավելի շատ սիրել և սատար կանգնել միմյանց»,- ասաց Մ. Միկոյանը:
Հովհ. Թումանյանի թոռնուհի Իռմա Սաֆրազբեկյանը նշեց, որ քիչ է խոսվում իր պապի ազգային ծավալուն գործունեության մասին՝ հայ ժողովրդի համար եղերական տարիներին, բավարար լուսաբանված չէ նաև Թումանյանի կյանքը՝ որպես ընտանիքի լավ հայր: Հովհ. Թումանյանին նվիրված իրենց բանաստեղծություններն ասմունքեցին Լենա Անթառանյանը և Լիպարիտ Սարգսյանը:
Ելույթ ունեցան «Սիմոն Զավարյան» հ/կ-ի նախագահ, կոմիտասագետ և բժիշկ Գագիկ Շահվերդյանը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս Անահիտ Նահապետյանը:
Հանդիսությունը եզրափակվեց ճոխ համերգով: Տուն-թանգարանի բակում կազմակերպվել էր Հովհ. Թումանյանի՝ տարբեր տարիներին լույս տեսած գրքերի ցուցահանդես-վաճառք:
Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։