Սեպտեմբերի 25-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Արտեմ Հարությունյանի «Հատընտիր» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բացման խոսքում անդրադառնալով Ա. Հարությունյանի 70-ականների պոեզիային, նշեց, որ այդ թվերին նա բնության, իր ներսի, լռության և ընդհանրապես դժվար բացատրելի մենախոսության բանաստեղծություններ էր գրում: «Այդ պոեզիան արդեն ոտատեղ էր գտել, մտել էր մի դժվարանցանելի թավուտ և տեղ գտնել այնտեղ»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և միաժամանակ փաստեց, որ հոդվածներ էին գրվում` մերժելու այդ պոեզիան, մտածողությունը` իբրև արևմտյան արժեքներ և ազդեցություններ կրող: «Հետագայում արցախյան թեման, պատմությունը` Եղեռնից առաջ և հետո, մտավ նրա բանաստեղծական տիրույթի մեջ, և սիմվոլիկ պատկերները կոշտ ձևակերպումներ ունեցան»,- նկատեց ՀԳՄ նախագահը:
Ըստ Ղուկաս Սիրունյանի, ով նաև վարում էր շնորհանդեսը, Ա. Հարությունյանը առաջին իսկ բանաստեղծությունների մեջ, որտեղ ավելի շատ բնությունն է, անցում է կատարում դեպի մարդը, մարդու հոգևոր վիճակը: «Առաջին գրքից իսկ ձևավորվել է Արտեմ Հարությունյան բանաստեղծը՝ իր ողջ համանվագով, այն ողջ ծավալով, որ հատուկ է նրա գրչին»,- նշեց Ղ. Սիրունյանը:
Գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը, ով նաև գրքի առաջաբանի հեղինակն է, խոստովանեց, որ ինքն է խորհուրդ տվել Ա. Հարությունյանին փորձելու ամբողջացնել իր անցած ճանապարհը` ինչպես սկսեց, ուր հասավ և ինչու, և ինքն էլ հավաքել է այն գործերը, որոնք թույլ են տալիս գրողի մասին քիչ թե շատ ամբողջական կարծիք կազմել: Ա. Թոփչյանը խոսեց Ա. Հարությունյանի պոեզիան որպես «դինջության» պոեզիա բնորոշման դեմ, ընդգծելով, որ Արտեմի պոեզիայում նկատվող անդորրը ոչ թե «դինջության» արտահայտություն է, այլ համերաշխության փնտրտուք աշխարհի, իր ներքին եսի հետ:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանն ընդգծեց գրքի վերնագիր ընտրելու սկզբունքայնությունը, փաստելով, որ հեղինակը բծախնդիր ձևով է ընտրել բոլոր յոթ ժողովածուների վերնագրերը, որոնք ցույց են տալիս նրա ներքին հոգևոր աշխարհի էվոլյուցիան` որպես բանաստեղծ, որպես մարդ և որպես անհատականություն: Պ. Դեմիրճյանը ուշադրություն է դարձրել նաև Ա. Հարությունյանի պատկերամտածողության վրա: «Նա դիտարկում է իր պոեզիան որպես ուղերձ մարդկությանը, և կա հավատ, որ նոր գրված գաղտնի տողով կարող ես փոխել աշխարհը»,- ընդգծեց Պ. Դեմիրճյանը:
Բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկյանը Ա. Հարությունյանի պոեզիան բնորոշեց իբրև ինքնատիպ, արդիական ու ժամանակակից` նրա պոեզիայի զարգացման դինամիկան համեմատելով Արշիլ Գորկու գեղանկարչության հետ: «Նրա պոեզիան ձեռք է բերել արդիականություն ու ինքնատիպություն` դուրս գալով պոետի ներքին աշխարհի սահմաններից»,- ամփոփեց Ն. Լալաբեկյանը:
Բանաստեղծ Արևշատ Ավագյանը գնահատեց և՛ գրականությունից, և՛ կյանքից եկող նրա բոլոր մղումները, որոնք դառնում են ստեղծագործական արժեքավոր գործեր և հարստացնում են մեր պոեզիան: Ա. Ավագյանը նշեց, որ իր խառնվածքի մեջ նա մարմնավորում է այսօր լեզուներ իմացող մտավորականի կերպարը:
Գրականագետ Սուրեն Աբրահամյանը Ա. Հարությունյանի պոեզիայի առանձնահատուկ կողմը համարեց հայտնության, սկզբնավորման գաղափարը, որը հիմքով բանավիճային, երկխոսական լինելով` ունի ներքին կարգավորվածություն: «Արտեմի պոեզիան ներքին անվերջ փախուստների երկխոսություն է, այն ներքին երկխոսություն է` ներքին ինքնաժխտմամբ»,- ասաց նա:
Էդվարդ Խաչիկյանը խոսեց գրողի ասելիքի և խոսքի, մտքի և պատկերի զարմանալի ներդաշնակության մասին:
Արտեմ Հարությունյանը, նշեց, որ գրականությունը ներքին պայքար է, պայքար` դուրս գալու տաղտուկ հոսանքներից, կեղծ պետական ընթացքից, և կարդաց իր բանաստեղծություններից:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ