Իսահակ Բաբելի բնագրային բացառիկ գրվածքները վայելած ընթերցողը գուցե տարակուսեր. հնարավո՞ր է արդյոք թարգմանել բաբելյան անսովոր ռուսերենը, փոխանցել վառվռուն, ուժավոր, ճշմարիտ, հնչերանգի և իմաստի լայնությամբ ու նրբությամբ զմայլեցնող, ապրումով ու զգայությամբ սահմռկեցնող բաբելյան դարձդարձիկ աշխարհը:
Թարգմանչաց գործը մեծապես կարևորող լուսասեր ազգը բազմիցս է հաստատել թարգմանական արվեստում իր հիմնարար դերը: Ոսկեղենիկ, «ճկուն ու բարբարոս» հայերենն ի զորու է դա անել:
Բաբելին հայերեն ներկայացնելու համար էլ նոր ուժեր և նոր մոտեցումներ էին պետք: Պետք էր հաղթահարել տրորված արահետը և բացել նոր հորիզոններ: Ո՞վ կարող էր խիզախել: Հայ իրականությունում դա քանիցս արել է Արմեն Հովհաննիսյանը` մտավորական, ում ժուռնալիստական, հրապարակախոսական, թարգմանչական գործունեությունը խիզախումների ու նորոգությունների շարք է ու վկայություն: Ի թիվս հսկայածավալ երկերի, նրա թարգմանությամբ են հրատարակվել նաև Բաբելի երկու գրքերը` «Օդեսյան պատմվածքները» (1964 թ.), «Հեծյալ բանակը» (1967 թ.): Զարմանալի չէ, որ ավելի ուշ, երբ Արմեն Հովհաննիսյանը արդեն վաստակյալ ու տիտղոսակիր թարգմանիչ-գործիչ էր, վերստին անդրադարձավ Բաբելի գրքերին, կազմեց «Հատընտիրը» (հիմք ընդունելով 1966 թ. մոսկովյան հրատարակությունը), համալրեց նոր ծանոթագրություններով ու երկերով, օրինակ` «Իմ առաջին հոնորարը» հրաշալի պատմվածքով, որ անձամբ նրան թարգմանելու էր տվել մեծ գրողի այրին` Անտոնինա Պիրոժկովան:
Արմեն Հովհաննիսյանի մահից (2011 թ.) հետո սույն գրքի հրատարակումն ստանձնեց Հեղինե Մելիք-Վրթանեսյանը` նրա այրին, ի մի բերեց թարգմանական բնագիրը և գտավ հովանավոր, ում երախտագիտություն է հայտնում` անհասցե ու անանուն` ըստ նրա ցանկության:
Կազմերեսին գեղանկարիչ Արմեն Աթանյանի վրձնածն է` բաբելյան քաղվածքով, ինչը կենսախինդ Բաբելի մեծ ու բոցկլտուն ներաշխարհից ու ավյունից է բխում: Համապատասխանաբար գրքում զետեղված նկարներն էլ արել է Արմեն Աթանյանը` թարգմանչի բարեկամը:
Բաբելի ողջության օրոք վերջին (1939-ի սկզբին) նրա դիմանկարի հեղինակը նկարիչ Արամ Վանեցյանն է, ում նկարների շարքում հատուկ նշվում է «Բաբելի դիմանկարը», որն էլ զետեղված է կազմի վերջում:
Իսահակ Բաբելը Օդեսայից է, երազել է վերադառնալ Օդեսա: Ըստ այդմ, նրա բազմահազար համաքաղաքացիները դիմել են իշխանություններին` իրենց մեծ հայրենակցին ու համաքաղաքացուն հուշարձան կանգնեցնելու թույլտվության համար: Դրա տեղադրումը նախաձեռնելուց հետո օդեսացիները, «Օդեսացիների համաշխարհային ակումբը» հանգանակություն են ձեռնարկել (բարեգործական համերգների միջոցով) և հուշարձանի նախագծի մրցույթ կազմակերպել: Ընտրվել է մոնումենտալիստ Գեորգի Ֆրանգուլյանի նախագիծը: Հուշարձանը բացվել է 2011 թ. սեպտեմբերի 4-ին Ժուկովսկյան և Ռիշելևյան փողոցների անցման տեղում` այն տան դիմաց, որտեղ ապրել է գրողը: Այս կերպ ողջ աշխարհի օդեսացիները հարգանքի ու սիրո տուրք մատուցեցին իրենց մեծ զավակին, ի չիք արեցին նրա բացակայությունը, նրան վերադարձրին Օդեսա:
Հուշարձանը համալիր է. օդեսյան սալարկ է, աստիճանին նստած է Բաբելը` անհագ հետաքրքրասիրության ու վառվռուն երևակայության աշխարհում վերացած, քիչ դենը` նրա խոտոր ու անհայտ, դաժանորեն ընդհատված կյանքի անիվն է` թերաբաց, կիսասև, վրան գրված` Իսահակ Բաբել: Դրա ուրվապատկերը զետեղված է գրքի կազմի ներսէջերին` ամբողջացնելու գրողի հայերեն ու հայկական գիրքը, ի ցույց դնելու նրա հետմահու կյանքին` հայերի ստեղծագործական մասնակցությունը:
Այս հրատարակությունը` որպես ամփոփում բազմամյա տքնության, հարգանքի տուրք է նրա մաքառուն կյանքին, նրա գրողական ջանքին ու մարդկային սիրուն, ափսոսանք ու կարեկցություն համաշխարհի մեր հրեա աննկուն եղբորը` հայոց կողմից, հատուցումն է այն պայծառ սիրո ու հոգեհանգստյան ցավի դիմաց, որով ափեափ լցված էր նրա աշնանային հոգին և որով թաթախված է նրա գրվածքը: Բաբելի` բանաստեղծական արձակագրի այս գիրքը գալիս է Հայոց աշխարհ որպես մի ստեղծվածք, որը գեղեցիկ է, բարի է: