Վահան ԱՎԱԳՅԱՆ
***
Սեր ու սրինգ`մեղեդի տխուր…
Զեփյուռն է բերում խոհեր եթերում`
Թախիծս խառնում անուրջներիս մեջ,
Սիրտս դողդոջուն հին սերն է տենչում:
Այսօր կանգնած եմ նոր դռան շեմին`
Դարի նժարած բեռնված լույսով,
Թակում եմ դուռը` կանթեղը ձեռքիս,
Վառվող հոգուս մեջ նոր ծաղկող սիրով:
Կսպասեմ շեմին` լույսը աչքերիս,
Հոգիս կբացեմ զարդալույսի մեջ…
Կընդունի՞ արդյոք, կփարվի՞ սիրով
Իր ջերմ լույսի մեջ սերն իմ արևոտ:
***
Ամպերի ստվերում` Փարվանան չքնաղ,
Արցունքը` խորունկ, ափերը` ակունք…
Ջրերի վրա` տեսիլքներ հրաշք,
Բարձրացան երկինք ամպե-գառնուկներ:
Երկնքում ճախրեց ծիծաղը մանկանց,
Ցայգալույսի մեջ` վարդագույն կապույտ…
Ղողանջների երգ, լույս ու պատարագ,
Աբուլն արթնացավ` վարդալույս գագաթ:
Գառնուկներն-ամպե` վազքով լուսացող,
Իջան լանջերին, հանդին ու արտին…
Մաղեցին ցողը` մարգարիտն անգին,
Հայրենի տունն ու հարազատ այգին:
Միացավ կարոտն հավերժ ու անբիծ
Մայրական շնչում վարդաթերթ ծաղկին,
Գառնուկ-ամպերը` մանուկ ու անմեղ,
Երկնային տեսիլք` լուսե հեքիաթներ:
***
Թևավոր մտքին ոսկե սանձ է պետք,
Երկակի արև, ոսկեթև ձիեր…
Որ տանեն ինձ վեր, լույսը իմ անբիծ,
Կապույտ, ճերմակից ծաղկեմ պատկերներ:
Ոսկեկամարեմ հյուսիս ու հարավ,
Կապույտում` կարոտ ծիածանագույն,
Բարձրանամ երազ արշալույսը իմ,
Սոխակի երգով գարուններ բերեմ:
***
Անուրջի մեջ` հեռու անցյալ,
Ծաղկափոշի, շաղ ու նեկտար…
Ծաղկի բուրմունք ու մեղվի պար`
Հանդիպեցին շուրթերն իրար:
Ալ վարդ բացվեց հոգում, սրտում,
Փայլազարդից բարձրացավ վեր…
Մեղրահացում նեկտար լցվեց,
Դարձավ աղոթք ու լույս հավետ:
***
Անդունդի եզրին` վիշապի դարան,
Ամբոխն է ցնծում` անհոգ, միաբան…
Փայտե կուռքն` հավատք, ոսկե հորթն` իշխան,
Կրկնությունն է դարերի խթան:
Սերն է թևաթափ` Սոդոմ է, Գոմոր,
Դեռ այն ժամանակ, այսօր էլ մեր մեջ…
Շուրջս գազանն է` գայլ, առյուծ, հովազ,
Չունեմ առաջնորդ, չկա փառքի տենչ:
Շինարար հոգիս քավարանիս մեջ,
Վարդը իմ սրտում` վարդաթերթ տաճար,
Ծաղկում է լույսն իմ, ելքս գլորում
Անտարբերության լաբիրինթոսում: