Նոր աշխարհ / Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Զգայական տպավորություններ դրսևորող մարմինը նուրբ, օդային գոյակցություններին հիշեցնում է խտացված հիշողությունների քրիստոսային իմպուլսը, որ մարդուն պատկերվում է իբրև հայտնակերպային ամենանշանակալի իրադարձություն:

Հին երկրագնդի վրա ֆիզիկական կյանքն արդեն վաղուց դադարել էր, և մարդկային հոգիները, առատացնելով իրենց ներքին ուժը, հավասարվել էին մարդկային արգասաբեր կենսաճշմարտությանը: Երկրի վրա առաջին ֆիզիկական կյանքն սկսվեց կենդանական աշխարհի վերափոխված արքայությամբ: Այնուհետև ի հայտ եկան չար մարդկանց սերունդները: Եվ ապա բարի մարդկանց երկրային համայնքի հետևորդները` իրբև ավելի բարձր աստիճանի վրա կանգնած մարդկային արքայություն: Բարի մարդկանց արքայության աշխատանքը գլխավորապես նպատակաուղղված էր չար համայնքի հոգիներն ազնվացնելուն այնպես, որ նրանք դեռ կարողանան մուտք գտնել դեպի բուն մարդկային արքայություն: Չարությունը դիտվում էր ծանր հիվանդություն, որին դիմակայելը պահանջում էր մանրակրկիտ, ուշադիր աշխատանք: Երբ առաջինն ի հայտ եկան կենդանիները, նրանք իրենց ազատ ու երջանիկ էին զգում: Վերափոխված կենդանիները սնվում էին միայն Տիեզերքի մաքուր էներգիայով: Սակայն երբ աշխարհ եկան չար մարդիկ, նրանց ազատության վերջը եկավ: Մարդկային հին բնազդով նրանք սկսեցին սեփականաշնորհել կենդանական աշխարհը` նրանց համար կառուցելով ֆերմաներ, գազանանոցներ, սպանդանոցներ: Չար մարդկանց սերունդն` ավելի քան նախկինում, շեշտադրված էր միայն իր անձնական կարիքների առավելագույն բավարարմանը: Կարծես հին երկրագնդի քաոսը վերամարմնավորվել էր նորում` որպես բոլոր անհասանելի տենչերի, ցանկությունների ապաստարան: Անբարոյականությունը, սեռական տարատեսակ հաճույքները դարձել էին հասարակության գերիշխող կացութաձևը: Չկային ընտանիքներ, սիրող զույգեր, երեխաներ: Սերը ետ էր մղվել ամենօրյա հաճույքների մակարդակին: Չարերի աչքերը հանգչում էին հեքիաթի պես դանդաղածոր, մեծազդեցիկ զգացողությունների անհայտ թանգարանում, և նրանց ընդելուզված հոգիները խլացված հնչյունների անառարկելիորեն անհամրելի հայելային գծեր էին դառնում: Այդ հայելային գծերն ընդարձակվում էին դատարկ տարածությունում` ականջ դնելով խորհրդավոր ոլորտներից ազդարարվող արևային քամուց նոր մարդկանց ի հայտ գալու լուրին: Հայելանման գծային հոգիները զարթնում էին երազային քնից, արթնացնում իրենց կատաղած կրքերը` աստեղային ժամերը գամելով Աստծու միայնության մեջ: Հանցավոր արարքները վիրուսի էֆեկտով տարածվում էին կենդանական աշխարհի վրա, և կենդանիները հեռանում էին տիեզերական սննդից ու դառնում մսակեր, բուսակեր: Երբ նոր աշխարհն, արդեն որպես անցյալի ուրվական, հառնում էր անչափելի վայելքների հորձանքներից, բարի մարդկանց սերունդն իջավ երկիր: Չար մարդկանց սերունդն այդ ժամանակ արդեն իրեն երկրի տեր ու տնօրեն էր զգում. նրանք յուրացրել էին գիտատեխնիկական բոլոր հնարավորությունները: Բարի մարդիկ երկրի վրա ի հայտ եկան աննկատ, երբ բովանդակալից վայրկյանները չէին տառապում իդեալական դառնալու բարդույթով, այլ բարիների շնչազարկերով հաստատված ապահովագրվածությամբ անկաշկանդ առաջ էին գնում, և նրանց այլ բան պետք չէր, քան ազատ ժամերին ականջ դնել իրենց շնչազարկերով հուսալիորեն երաշխավորված համրաձայն վայրկյանների սահուն ընթացքին: Բարի մարդկանց սերունդը չուներ անուն-ազգանուններ. նրանք միմյանց զգում էին ներքին ջերմության էներգիաների տարբերությամբ: Նրանք սկզբում երեք հոգուց բաղկացած փոքր պատվիրակություն ուղարկեցին չարերի մոտ` հաշտության բանակցություններ սկսելու: Բայց չարերը, տեսնելով իրենցից որակապես, ֆիզիկապես և հոգեպես վեր կանգնած մարդանց, փորձեցին բռնի տիրանալով նրանց` գերության վերցնել: Սակայն նրանց փորձը` ինչպես երեխայի միամիտ հնարք, տապալվեց: Բարի մարդիկ, օժտված լինելով բացարձակ պայծառատեսությամբ, կարողանում էին կարդալ ցանկացած հպանցիկ միտք: Բարի մարդկանց սերունդը ձերբազատվել էր մերկության ամոթից. նրանք միշտ մերկ էին, չէին կրում հագուստ ու կոշիկներ: Վերջիններս իրենց չափազանց նուրբ, թեթև մարմնաձևերով հիշեցնում էին հրեշտակների նոր սերունդ, որ իրենց թռչող թևերը թողել էին սնահավատների կուռ միասնության մեջ: Բարության անընդհատ վերանորացվող հավասարակշռված ուժն աստիճանաբար ավելի ու ավելի էր սկսում տիրապետել նյութական կոպիտ շահերի վրա, և ժամանակի մութ տեսիլքները հետզհետե հափշտակում էին դրանք` որպես անտրամաբանական շլացում` նյութականով սպառազինված հոգեզրկված մրցավազքի: Բարու առաքյալները, մտնելով չարերի տիրույթ, սկսում էին նրանց հոգիների ազնվացումը: Եվ չարերը շատ դժվարությամբ էին վրիպում բարիների խոսքի ընդարմացող ձայնից, որ իրենց հոգու հատակից չարության, կեղծիքի, դժբախտության ջղագրգիռը բարձրացնում էր վեր` դեպի անխուսափելիորեն անհամրելի աստվածային թմբիրի ամենանուրբ ցայտումները: Չարերի` սպանության, խաբելու, սեռական ոտնձգության բոլոր փորձերը բարի մարդկանց նկատմամբ այնքան կանխատեսելի և հեշտ էին թվում, որ նրանց համար ավելի դժվար էր շնչելը կամ խոսելը, քան դրանց չեզոքացնելը: Բարությունը հոմանիշն էր իմաստության և հոգու վեհության, իսկ չարությունը` ճիշտ հակառակը: Չար մարդկանց բուժման ծրագիրը բարիներն իրականացնում էին անընդհատականության սկզբունքով, և նրանց մեջ անուղղելի չարով պարուրվածները ետ էին մղվում ավելի ցածր մոլորակային հասարակություններ, որտեղ նոր կյանքը հանդես էր գալիս որպես ամենազարհուրելի խոշտանգումների կենսատարածք: Բարիները, որպես իրենց երեխաների` բուժում էին նրանց և բուժվածները մտնում էին իրական մարդկային հասարակություն` իրենց չբուժված ընկերներին ճանապարհելով այլաշխարհային տիրույթներ, ովքեր այնտեղ պիտի առաջնորդ դառնային` ի հակառակ ցնորամտորեն գերագնահատված կանոնների պահպանման:

Երբ չարերը զտվելով դարձան բարի, կենդանական աշխարհը կտրվեց նյութական սննդից, և ժրաջան կախվածության մատրիցաները կուլ գնացին Տիեզերքի քնաբեր էներգիայում: Գիշերային մթության մեջ կատուների գզվռտոցը դադարեց, և մարդիկ իրենց բջիջների անունների հիշողությունը վերականգնելով` առերեսվեցին հոգևոր կյանքի հավերժատեսլությանը: Կենդանիները և մարդիկ միատեղվեցին նույն տեղանքում` որպես սիրո ուժ, որ իմաստության Տիեզերքը փոխարինելու էր Սիրո Տիեզերքով: Սիրո Տիեզերքում ժամանակ սերը հայտնակերպվեց բոլոր երևույթներում: Ամեն շնչավոր այժմ ոչ միայն տեսնում, տարբերում էր առարկայի գույնը, այլև գույնի ներքին զգացողությունն զգալով` պահում էր հոգում:

Քամին փչում էր, ինչպես կտավի նկար դառնալու աղմուկը: Ինչ-որ մի բան, ստվերի անթափանց ճերմակությամբ` պայծառացնում էր դեմքերի ժպիտը, և ամոթը դուրս էր հորդում բանականության շինծու բարոյականությունից: Գերմարդկային ճշմարտությունների շողարձակող մաշկացանցը համընդհանուր օրորոցային էր երգում` այլմոլորակային գերգրգռված ուղեղների անծրագիր կրքերի խաղաղության համար: Այդ օրորոցայինը մեղմում էր այլաշխարհային կորսվածությամբ խաբված սեռական և բռնության կիրքը, որը ջանում էր ուժ ու գիտելիք կուտակել հավասարակշռության բոլոր վիճակներից դուրս:

Հ.Գ. Միակ բանը, որ մարդուն անհրաժեշտ է կյանքում, իրար սեղմված մարդկանց ամբոխների գոլորշիների մեջ նոր աշխարհներ չփնտրելն է, որովհետև մաքուր, իրական լույսի ճառագայթների տարածման համար Աստծու բաց ատամներով քմծիծաղի ազատ տարածություն է անհրաժեշտ, որը մեր սրտամիջուկի անհամարելի աղբյուրների հնչյունների անկաշկանդ ճախրանք է և որն այդքան տենչում է Աստծու կողմից վերջապես հմուտ օդաչուի դիպլոմ ստանալ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։