Վարդուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

ԸՆԹԱՑՔ
Շեմիս խոնավ շորը չփրկեց.
քայլում եմ քիվերի վրայով,
նախամարդանում ծառերին,
թռչում տանիք` քանդելով ու ջարդելով ալեհավաքները,
որոնց վրա ագռավներ են նստում,
մինչդեռ կերակրում եմ ագռավներին ամեն առավոտ`
զարմանալով, որ նրանց կռռոցն էլ հայերեն է.
տրտնջում են, թե ոտքերը ջարդոտվում են անեծքից…
ինչ-որ մեկն էլ ինձ է անիծել. ագռավ եմ…
ձգտում եմ վեր… ավելի վեր`
ազատվելու անքնությունից…
ու դառնում արևի լուսնոտը…

ԿԱԿԱՉՆԵՐՍ
Լաց չեմ լինում,
որ աչքերիս մեջ բացված ծաղիկները
չխեղդվեն հանկարծ,
արցունքներս դեպ ողնաշարս են հոսում,
որտեղ լողում են դելֆիններն`
իբրև հիշողության համբույրներ…
– Ի՜նչ մեղք են,- շշնջում եմ ես,-
իսկ նրանք բացուխուփ են անում բերանները
երկաթե մկրատների պես
և անզգույշ կտրում սիրո երակը.
ծաղիկները կարմիր են խմում…
հետո… հետո խելահեղությունս
բանականանում է`
և մատներս չեն գտնում գանգուրներդ,
որ ծաղիկներ են,
և հասկանում եմ, որ ոչ ոք չգիտի
սիրո նվիրումն այնպես,
ինչպես արցունքը…

ՀԱՎԱՏԱՄՔ
Դեմքս կառափնարանին է,
ականջս` հավատափրկիչ հավքի թևաբախին`
հավատալու նորից,
թե կշարունակվես իմ մեջ այնպես,
ինչպես մենք մեր զավակների մեջ ենք շարունակվում…
իսկ արցունք հավաքողը լուսաբացին հայտնվեց,
երբ սիրտս լողում էր արդեն ջրի մեջ,
բիբերս էլ մեծանում-փոքրանում էին չորությունից…

Կեղևահան Բառերդ
մերժեցին աշխարհիս կատարելությունը…
բայց նորից ապրում եմ ժպտահունդիդ հետ…

ՀԱՌՆՈՂ ՆԵՐԱՆԿՈւՄ
Ներսիս թռչունը փռվել է հատակիս…
ուր էր, թե թևերը թևերիս մեջ լինեին…
ու այլևս պատից պատ չէի ցատկի,
գլուխկոնծի չէի տա,
չէի ձգվի աջ ու ձախ,
չէի նետվի կրակների մեջ բոցապարով,
որ փյունիկվի թռչունս…
ակացիաների ծաղկման ժամանակն է.
հիշողը բույրն է… սրտատրոփս …
ժամանակի անհեթեթությունից է,
երբ մտածում եմ`
երկարավիզ ընձուղտները
սնվում են ծաղիկներովս…
հանկարծ ու… չհասցնեմ…
իսկ ես ուզում եմ ծաղիկներ նվիրել
անհնարինությունն արդարացնող հորիզոններին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։