Հուզականության գունեղ շղարշի ներքո / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նա քեզ կփրկի «ծռված օրերից», «խռով ժամերից», «ամեն վախերից»: Քանի դեռ մայր ունես, դու ապահով ես: Իսկ եթե աշխարհի կարգով կամ Աստծո կամոք այս երկրի վրա այլևս մայր չունես, հիշողությունը միակ փրկությունն է: Փրկության այս ճյուղից պինդ կառչելով ճյուղը չվնասելու, այլ` երկրպագելու զգուշավորությամբ է ահա բացվում Նոնա Պողոսյանի «Կորստի խճաքարեր» արձակ ու չափածո զգացմունքառատ պատումների շարքը:
Հիմա հագել եմ հիշողությունը,//Որ մոռացել էի մի հին դարակում,//Քանի դու կայիր…//Այն միակ, միակ իմ փրկությունն է`//Քեզ ունենալու,//Ճախրելու համար…
Ճախրանքի համար թևեր են պետք`անկաշկանդ, լայն բացված թևեր: Թևաբախում է պետք, որի թափը հրճվանքից է առաջանում: Սակայն հիշողությունը հեռու ու հեռու է տանում հրճվանքից, որովհետև նրա «կանաչ կածանով վազելիս», միևնույն է, հասնել կա` «քարոտ հողաթմբին»: Ճախրելու համար ցավ չի լինելու, իսկ այստեղ ոչ թե ցավ, այլ ցավով ընթացող խաչի ճամփա է.
Ինչ ծա՜նր է հագնել հուշի շապիկը//Ու զսպել ցավը նեղ թևքերի մեջ…
Իսկապես, խաչի ճամփա է`
Քեզ կրել իբրև Անվերջ ճանապարհ,//Բայց ընդմիշտ մնալ Պատրանքի հույսին…
Ցավին պատրանքներով հաղթելու Նոնա Պողոսյանի փորձն ահա դարձել է մայրական սիրո զգացմունքահեղ ձոնագիր, ուր Մայր կոչվող արարածի պատկերագրումը հառնում է իր անեղծ վեհության մեջ.
Իմ մռայլ ու մութ օրերի վրա//Գալիս, իջնում ես իբրև լույսի թև,//Ու ես ծաղկում եմ քո խաղաղությամբ…
Մայրերը հեռանում են մեզանից` թողնելով մեզ իրենց համար նախատեսված խոսքերի ու զգացմունքների հետ, թողնելով մեզ խաչի այդ ճանապարհին: Բանաստեղծուհին փորձում է թեթևացնել այն, որի արդյունքում ստացվում է զավակներին մայրերի հետ կապող անբեկանելի իրողության մասին նրա վկայությունը` հուզականության գեղեցկագույն շղարշի ներքո.
Շյո՜ւղս, շյո՜ւղս, շյո՜ւղս.//Անբույն, անբո՛ւյն եմ…//Սյո՜ւնս, սյո՜ւնս, սյո՜ւնս.//Անտուն, անտո՛ւն եմ…//Շո՜ւնչս, շո՜ւնչս, շո՜ւնչս.//Անհևք, անհև՛ք եմ…//Բա՜ռս, բա՜ռս, բա՜ռս.//Աներգ, անե՛րգ եմ…//Մա՜յրս, մա՜յրս, մա՜յրս.//Ավեր տիեզերք եմ…
Անզորության գիտակցությունից առաջացած հոգու ճիչ, որը սփռվում է օրերի մեջ, ապա վեր բարձրանում` երկնային սահմանները պեղելով խաղաղվելու համար:
Այո՛, տիեզերքն անգամ կարող է փլվել, եթե պակասի զավակներին մայրերի հետ կապող անբեկանելի իրողության մխիթարությունը: Հենց այդ մխիթարությամբ էլ կրկին կյանքի է կոչվում բանաստեղծուհու տողը` սիրելի դարձնելով այն ընթերցողին.
Մամ, ես ամեն օր հուշիկ սանրում եմ//Իմ հիշողության ծամերը թել-թել…//Ու նրանք… Երկարում են…//Անգույն ու անսեր իմ գիշերներին//Մանրիկ հյուսում եմ//Նմանությունները մեր,//Ու նրանք… Նույնանում են…//…Իսկ առավոտյան, երբ արձակում եմ//Հյուսքերը հուշի//Ու փռում անշուք օրվա ուսերին`//Ասես զարդարվում եմ…
Այդպես զարդարված էլ դուրս ենք գալիս փողոց, և ամպեղեն ապահովության շղարշի մեջ ասես, քայլում ենք առավոտվա միջով: Քայլում ենք ապահովությունն զգացողի հպարտությամբ այնքան ժամանակ, որքան երկար ենք անգույն գիշերների մեջ հյուսել մայրերի հետ ունեցած մեր նմանությունները: Այսպես է կարդացել մայրական մեր զգացողությունները և հանձնել թղթին իր գիշերների մեջ Նոնա Պողոսյանը, երբ վստահ է եղել, որ մենք բոլորս խոսում ու հոսում ենք իր հետ` միևնույն ուղղությամբ:
Նոնա Պողոսյանի «Կորստի խճաքարեր» արձակ ու չափածո պատումների շարքը լի է հուզական զգացմունքների առատությամբ, սակայն քեզ չի թողնում լացի ու տխրության ելևէջներում: Բանաստեղծուհին ոչ թե համամարդկային է դարձնում իր սեփական կորստի ցավը, այլ ընթերցողի ուշադրությունը ուղղորդում է համամարդկային նշանակության այն ճշմարտության ոլորտ, որն ամփոփված է հետևյալի մեջ. անկախ երկրի վրա նրան կորցնելու փաստից, բոլորիս է շնորհված մայր ունենալու երջանկությունը: Ու այստեղ է, որ բանաստեղծուհին իր կյանքում այդ երջանկության բացակայության պատճառով պատրաստ է անգամ փրկություն «հայցել» խաբկանքներից.
«…Մամ, խաբկանքները երևի կոչված են փրկելու մեզ` կյանքի ամենադժվարին իրավիճակներում: Դրանք մեր ենթագիտակցության պատրաստած տիկնիկներն են, որ նվիրում ենք ինքներս մեզ` խաբված, բայց ավելի երջանիկ զգալու համար… Դրանք մեզ ուղեկցում են դեպի մեր հոգետարածքի այն հեռավոր սահմանը, որին մեր գիտակցությունը ի զորու չէ հասնել…»:
Մահվան անխուսափելիության գիտակցման աքսիոմը, միևնույն է, թույլ չի տալիս Նոնա Պողոսյանին հաշտվել այն իրողության հետ, որտեղ ինքը դատապարտված է ընդունել անընդունելին, այն է` մահվան բոթը.
«… Որքան էլ, որ չէի հավատում, որ դու հասել ես քո խելակորույս ժամանակի եզրագծին, ուր խորունկներն արդեն բարձրացել են ու երկինքները ցածրացել, որ դա է քո միակ փրկությունը բոլոր վերահաս տառապանքներից, որոնք սպառնում էին գալ ու վերջնականապես լափել քեզ` մինչև վերջին կաթիլը, ու որքան էլ որ չէի հավատում` եկավ նորին գերազանցություն Բոթը… Ու եկավ ամենավերջին սրիկայի պես, ամենաանսպասելի ժամին, ամենաանհավանական օրն ու ամենացուրտ գիշերը…»:
Եվ սա դեռ բոլորը չէ: «Կորստի խճաքարեր»-ը կենդանի շնչառություն առած հայկականություն է` իր ավանդություններով, ընտանեկան ջերմություններով, ժամանակը բնորոշող փաստերով ու վկայություններով, որը պտտվում է ստեղծագործելու շնորհով օժտված անհատի ինքնակենսագրության շուրջը, անշուշտ, զարդարված զգացումների հուզաթաթախ նախշերով:
Ահա իր կորուստը բնորոշող, շարք առ շարք դրված «խճաքարերի» ֆոնին նույն կորուստն ստիպում է խոսել մարդկային ազնվությանն ու հայրենիքին անդավաճան մնալու բարոյահոգեբանական ձեռքբերումների մասին: Եվ դրանք` այդ ձեռքբերումները, մանրիկ ուլունքների նման շարված են նույն թելին` իրենց փայլերը տալով կորստի խճաքարերին.
«…Մինչև հիմա ականջներումս դեռ հնչում են այդ օրվա քո ասմունքի ելևէջները… Որքան ազդեցիկ ու բեմական էր քո ձայնը: Գերմաներենով արտասանած «Ֆաուստը» դեռ երկար տարիներ պիտի պահեի ունկերիս մեջ` տանելով փոթորկուն ու խորդուբորդ օրերի միջով, որ հետո վերադառնայի այն Մեծ Հրաշքին, որ կոչվում է Պոեզիա` կախարդվելով նրա գյոթեական, հայնեական դրսևորումների զգլխիչ հմայքից…»: Զգում ես, որ, իսկապես` «Գեղեցիկն էր պատվո պահակը…», որի շնորհիվ այսօր նույն գեղեցիկը պաշտպանողների շարքում կանգնած պատվո պահակ է նաև Նոնա Պողոսյանը: Նրա ժամանակն այսպես սահելով անցել է «Պիոներ կանչ»-ի, «Շավիղ»-ի, գրական խմբակի, դպրոցական կյանքի ու մանկության խորհրդավորությունների միջով և այդ ամենից դուրս եկել մաքրամաքուր զգացումներով լի լինելու երանությամբ, որովհետև կողքից վազել է, կողքից քայլել, կողքին եղել է անմոռաց մայրը.
Այն օրվանից, երբ դու//Բարձրացար երկինք,//Տարիներ են անցել…//Բայց շփոթահար//Դեռ ամեն քայլիս//Ետ-ետ եմ նայում`//Տեսնելու համար`//Ինձ հետ չե՞ս գալիս,//Հրեշտակ իմ, մայր…
Այս ամենից հետո համոզված ենք, որ ամեն անգամ ետ-ետ նայելիս Նոնա Պողոսյանը թեթևացած շունչ է քաշում, որովհետև յուրաքանչյուրիս տրված է մի հրեշտակ, որ գալիս է մեր ետևից: Մայրերը երբեք մենակ չեն թողնում իրենց զավակներին:
Ահա արձակ ու չափածո գրառումների մի շարք, որտեղ հուզականությունն անգամ մատուցված է գրագիտության չափորոշիչով:
Հուզականության գրագիտություն: Այսինքն` չխճճվել, չմոլորվել, չկորչել ու չկորցնել նաև ընթերցողին` կորստի խճաքարերում, այլ գնահատել սեփական կենսագրությունը` բաց չթողնելով մայրական հայացքն ու նրա ներկայությունը.
Հոգիս թռչում է նրանց ետևից,//Որ վերադարձնի օրերդ հրկեզ//Ու խլի աշնան ծխացող հևքից//Քո կրակները` անծի՜ր, անեզե՜րք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։