«Գրանիշ» հրատարակչությունը լույս է ընծայել Գևորգ Թումանյանի հինգերորդ ժողովածուն` «Ունայնիկները»: «Ունայնիկները» ակնհայտ հղվում են հեղինակի նախորդ շարքին` «Գևորիկներին»: «Իկ» և «ուկ» փոքրացուցիչ մասնիկները իմաստակիր միավորներ են, դրանք մի դեպքում նոր ժանրաձևի, ինքնատիպության ցուցիչ են, մյուս կողմից էլ` ամեն ինչ փոքրացնելու, մեծ և ունայն կյանքում աննշան ու չնչին ներկայացնելու միտում ունեն, որ ընդհանուր առմամբ բնորոշ է ամբողջ գրքին: Իմ տպավորությամբ` սա կարծես թե համաբանվում է խաղիկի և տաղիկի հետ: Ընդհանրապես, ժողովրդական խոսքը, տաղիկների և խաղիկների տրամադրությունը հարազատ են Գևորգ Թումանյանի տեքստին, որն արտահայտվում է հակիրճությամբ, ժողովրդական խոսքին բնորոշ լեզվական պարզությամբ ու հակադրություններով: Գրքի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում Հակոբ Մովսեսը հայրենների հետ հպանցիկ աղերսներ նկատեց, ինչն արտահայտվում է, թերևս, բանաստեղծություն կառուցելու ընդհանուր սկզբունքով, այն է` կյանքային, սոցիալական փոքրիկ դրվագը հակադրել կամ համադրել հերոսի ապրումների հետ, որոնք երբեք ուղղակիորեն չեն բառավորվում, մնում են հեգնանքի, ակնարկի մակարդակում: Ընդ որում` բոլորովին էական չէ կյանքի որ դրվագն է ապրումի հիմքը` գերեզմանների կողքով անցնելը, ֆեյսբուքյան պրպտումը թե մրցանակաբաշխության մասնակցելը: Առօրյայի բոլոր դրվագները բանաստեղծելու և բանաստեղծության մասին մտորելու առիթ են` անսեթևեթ ու պարզ, երբեմն այնքան ուղիղ ու դրվագային, որ կարող են չարդարացնել ընթերցողի գեղագիտական ակնկալիքը: Բայց Գևորգ Թումանյանն ունի նաև սրա բացատրությունը`
ես
անթերի բանաստեղծություններ գրող
գրամեքենա չեմ
մեկ-մեկ վրիպում եմ…
Բանաստեղծի համար պարտությունը նախ և առաջ բանաստեղծության պարտությունն է, որ հենց հեղինակի խոսքով` այլևս չի տարբերում բանաստեղծությունը տեքստից: Սա, իհարկե, բանաստեղծական (ըստ ընդունված ընկալումների) խոսքի ճգնաժամն է ազդարարում, որը թերևս վերջին շրջանում բավական ակտուալ դարձած «բանաստեղծությունը տեքստ է» դիսկուրսի ուղիղ արձագանքը կարելի է համարել: Երբեմն հենց բոլոր երևույթները` առանց «այլասրելու», հիպերռեալիստական կերպով իրար կողքի դնելն է դառնում բանաստեղծական ողջ գրոտեսկը, որ արտահայտված է հատկապես «ֆեյսբուքյան կոլաժ», «ժամանակակից բանաստեղծների երախտիքի խոսքերը ժամանակակից ընթերցողներին», «ժամանակակից բանաստեղծների ջղագրգիռ պատասխանները ժամանակակից ընթերցողներին» բանաստեղծություններում: Այս գործերում կիրառված է մեր սոցիալական, տեքստային միջավայր ներխուժած մի հնարք, որ հայտնի է թրոլլինգ անունով: Ասել է թե` իրականության հետ անմիջապես աղերսվող տեքստը մատուցվում է մեզ իբրև ծաղրանմանում: Այս դեպքում տարբերակիչ հատկանիշը մեզ արդեն հայտնի համատեքստն է, որում ասվում է խոսքը, ուստի և ընկալելի է հեղինակի տոնը, որով, օրինակ, շնորհակալական տեքստը տարբերվում է ծաղրանքի ու հեգնանքի ամբողջ չափաբաժնից, որ մատուցում է մեզ Գևորգ Թումանյանը: Տեքստի նկատմամբ հեղինակի ունեցած վերաբերմունքի իմաստով բավական հետաքրքիր են նաև «Ծերունական փնթփնթոցները»: Շարքի նախաբանում հեղինակը նախ ճշգրտում է իր ժամանակը, կարծես հեքիաթի սկզբնական կայուն բանաձևերի պես ընթերցողին հուշում, որ կարդացածը իրական չէ կամ դեռ իրական չէ, որն էլ թույլ չի տալիս մոռացվի հեղինակ-նարատոր նույնականացումը, որովհետև այս գրքի հիմնական հերոսը հենց բանաստեղծն է:
Անգամ «հայկական ժողովրդական բանաստեղծություններ» վերնագրով շարքը, որ ամբողջապես գրված է Շիրակի բարբառով` ժողովրդական խաղիկների ոճով և տրամաբանությամբ, նույն մոտիվը ունի` բանաստեղծելը` որպես բանաստեղծական արարք:
Եվ ընդհանրապես, կարելի է ասել, որ «Ունայնիկները» գիրք է մեկ բանաստեղծության մասին, որտեղ գլխավոր հերոսը բանաստեղծն է:
Բարի ընթերցում:
Բանաստեղծություն` բանաստեղծության մասին / Անի ՀՈՎՆԱՆ
